«Թէատրոն». նոր իրողություն հայաստանյան թատերական կյանքում

«Պիկսել»՝ փշրելով իրականի և երևակայականի սահմանագծերը

Հոկտեմբերի վերջին շաբաթն ու նոյեմբերի առաջին օրերը հայաստանյան  մշակութային անցուդարձում նշանավորվեցին նոր նախաձեռնությամբ. առաջին անգամ մեզանում անցկացվեց «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որն այլևս մեր թատերական կյանքի իրողությունն է: «Թէատրոն»-ի գաղափարը տարիներ շարունակ փայփայել ու այն իրականացնելու մասին երազել է ֆրանսիական «Սաթէ-աթղը» թատերական միության հիմնադիր, «Թէատրոն»-ի համահիմնադիր Սաթէ Խաչատրյանը: Եվ  այսօր, մոտ մեկ տասնամյակ անց նոր թատերական փառատոնն իրականացվում  է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և Հայաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Ստեղծարար մթնոլորտով հագեցած տասը փառատոնային օր՝ բացառիկ պարային ներկայացումներ, աշխատարաններ, վարպետության դասեր և ոչ միայն Երևանում, այլև Կապանում, Գորիսում, Գավառում: Կապանի դրամատիկականի հետ իրականացվեց դրամատուրգիական ռեզիդենցիա, որը վարում էր ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը, դրամատուրգիական նման մի նախագիծ էլ՝ «Գրել թատրոնի համար» խորագրով  իրականացվեց Գավառի Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ Ժընըվիև Դամասի մասնակցությամբ: Ընդհանրապես «Թէատրոն»-ի առանցքում երեք հիմնական բաղադրիչներ են՝ պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։

«Թէատրոն»-ը Հայաստան է բերել մեծ թվով ֆրանկոֆոն արտիստների, դրամատուրգների և ֆրանսիացի շատ հայտնի  պարուսույցներ Մուրադ Մերզուկիին, Յոան Բուրժուային և Կադեր Ատուին իրենց հռչակավոր և աղմկահարույց ներկայացումներով՝ «Պիկսել», «Կախման կետին մոտենալու փորձեր. Մոտեցում 1. Հակադրություն, Մոտեցում 17. Բացում» և «PRELUDE»:

Մուրադ Մերզուկին, որն այսօր համաեվրոպական ճանչում է վայելում իր պարային բարձրաճաշակ էսթետիկայով ու ինքնօրինակ մտահղացումներով  հայտնի պարային ներկայացումներով, հայ արվեստասերին արդեն ծանոթ է  2024-ին Երևանում ներկայացված «Նռան գույնը» ֆանտաստիկ բեմադրությամբ, որը նվիրած էր պոետիկ կինոյի հրաշագործի՝ Փարաջանովի 100-ամյակին: Ավելի ուշ նա Ազգային պատկերասրահում ներկայացավ Երվանդ Քոչարին նվիրված «Քոչար 360» նախագծով: Եվ այժմ Մերզուկին Երևան է վերադարձել իր «Պիկսել» ներկայացումով, որով էլ «Սունդուկյան» թատրոնի բեմում մեկարկեց «Թէատրոն» փառատոնը:

«Պիքսել» պարային ներկայացումը Մերզուկիի ամենահայտնի  ստեղծագործություններից է, որը սկսած 2014 թվականից արդեն մեկ տասնամյակից ավելի շրջագայում է ամբողջ աշխարհով և մեծ ճանաչում է վայելում։ Մերզուկիի խորեոգրաֆիայի հիմքում անսովոր բեմադրական հնարքներ են՝ պարարվեստի և ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների զուգորդումներ, տեխնոլոգիաների և արվեստի զարմանալի երկխոսություն՝ հիմնված հիփ-հոփի, բեմական պատկերների ու թվային պրոյեկցիաների համադրության վրա:

Ամբողջ ներկայացման ընթացքում պարախումբը հայտնվում է տարբեր տարածական միջավայրերում, որոնք լեցուն են տեսողական խաբկանքներով և փշրում են իրականի և երևակայականի սահմանագծերը, պոետիկ լուծումներով ընգծելով բեմադրության կարևոր ուղերձները: «Պիկսել»-ի հաջողության գրավականներից մեկն էլ Արմանդ Ամարի երաժշտությունն է, որը սնուցում է բեմադրողի խորեոգրաֆիան և ամբողջ ընթացքում արտիստներին առանձնահատուկ ռիթմ ու էներգիա է թելադրում:

Կադեր Բելմոքթարը, որը ոչ միայն «Պիկսել»-ի պարախմբի արտիստներից է, այլև Մերզուկիի օգնականը, փաստում է՝ Մուրադի համար շատ կարևոր է տարբեր գեղագիտական համակարգերի հանդիպումը. «Մուրադի համար ամենակարևորը հանդիպումներն են՝ հանդիպումն առհասարակ իբրև եզրույթ, իբրև երևույթ, իբրև փիլիսոփայություն իսկապես Մուրադի ստեղծագործությունների կիզակետում են և դրանք են, որ սնում են նրա գործերը։ Երբ Մուրադ Մերզուկին որևէ ներկայացում է բեմադրում, նա չի պատմում որևէ կոնկրետ պատմություն, այլ թողնում է, որ հանդիսատեսն իր սեփական պատմությունը գտնի՝ երկխոսելով  ստեղծագործության հետ, որն ինքը կդիտի բեմի վրա։ Մեր պարողների առաքելությունը Մուրադի ստեղծած բեմական պատրանքը կենդանի դարձնելն է: Քանի որ ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում, օրինակ՝ մենք կարող ենք այս ներկայացումը դիտելիս ինքներս մեզ հարցնել թե որտեղ է մարդ արարածի տեղն այս ամբողջ խառնաշփոթում»:

Նինա Վան Դեր Պիլը «Պիկսել»-ի պարախմբի միակ կին անդամն է, կրկեսի արտիստ է և «Պիկսել»-ի թիմին միացել է չորս տարի առաջ։ Մերզուկիի հետ  համագործակցության մեջ հատկապես բարձր է գնահատում այն ստեղծագործական ազատությունը, որ տալիս է հայտնի պարուսույցն իր արտիստներին. «Մուրադի ամբողջ հմայքը հենց այն է, որ նա մեզ տալիս է ազատ ստեղծագործելու հնարավորություն: Որպես արտիստ ունեմ իմ ամբողջական, արտիստական գիծը և ես իմ գեղագիտական և գեղարվեստական առաջարկների մեջ լիովին ազատ եմ»։

«Պիկսել»-ի երևանյան նորամուտը «Թէատրոն»-ի համահիմնադիր Սաթէ Խաչատրյանը չափազանց կարևոր փորձառություն է համարում. «Ինձ համար շատ կարևոր էր այս ներկայացումը Հայաստան բերելը՝ ցույց տալու համար, թե ինչպես մշակույթը, արվեստը և պարը կարող են իրար հետ երկխոսել։ Մեր երկրի համար, որը հավակնում է աշխարհում առաջատարներից մեկը դառնալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, կարծում եմ, շատ կարևոր է այս փորձառությունը թե՛ պատկան մարմինների, թե՛ հանդիսատեսի, թե՛ արվեստագետների համար, հասկանալու համար, թե ինչպես կարելի է ժամանակակից մեթոդները և արվեստը միահյուսել միմյանց հետ և դնել երկխոսության մեջ։ Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի և կստեղծվի մի հարթակ, որտեղ կլինեն նորանոր համագործակցություններ և հնարավոր կլինի հյուրընկալել ծանրակշիռ արտիստների, իսկ հետագայում մեր արտիստները կկարողանան մեկնել արտերկիր ու մեր գործընկեր երկրների հետ ստեղծել նորանոր համագործակցություններ»։

 

Նունե Ալեքսանյան

 

 

 

... ... ...