Տոնինո Գուեռա. «Կյանքի ութ տետր» ժողովածուից

Ծաղկած բալենին
Մի գյուղացի կնոջ մահից հետո կապվեց բալենուն։ Նա ամեն առավոտ գնում էր դրան նայելու և ձեռքով մինչև բունը շոշափում էր։ Օրերից մի օր բալենին հիվանդացավ, և դա պատահեց հենց այն ամսին, երբ գյուղացին էլ ծանր բրոնխիտով անկողնում պառկած էր։ Հետո նա ոտքի կանգնեց և նորից վերադարձավ բալենու մոտ, խոսում և շոշափում էր այն։ Շուտով դրա ճյուղերին հազարարավոր ծաղկաթերթեր հայտնվեցին։
Մի անգամ գյուղացին գնաց շուկա մանգաղ գնելու։ Բայց հանկարծ իր դաշտերը վերադառնալու անհաղթահարելի ցանկություն զգաց, նրան թվում էր, որ բալենին իր կարիքն ունի։ Նա գտավ ծառն ամբողջովին ծաղկած, և այն իրեն ժպտում էր։
Գյուղացին նստեց ծառի տակ՝ մեջքով հենվելով բնին, և հանկարծ նրա վրա սկսեցին թափվել ծաղկող բալենու բոլոր ծաղկաթերթերը։
Զարթուցիչը
Մի աղքատ արաբ առևտրական վաճառքի համար լոկ մի զարթուցիչ ուներ, որը նա ցուցադրում էր իր փոշոտ գորգի վրա։ Նա նկատեց, որ ահա արդեն շատ օրեր է, ինչ մի ծեր կին հետաքրքրվում է իր զարթուցիչով։ Դա այն ցեղերից մեկի բեդվինուհիներից էր, որոնք շարժվում են քամու հետ։
-Ուզո՞ւմ ես այն գնել,- հարցրեց նրան մի անգամ։
-Ինչ արժե՞։
-Էժան է։ Բայց ես չգիտեմ, թե արդյոք այն կվաճառեմ։ Եթե դա էլ կորի, էլ աշխատանք չեմ ունենա։
-Այդժամ ինչո՞ւ ես այն վաճառքի դրել։
-Քանզի դա ինձ կյանքի զգացում է տալիս։ Իսկ քո ինչի՞ն է պետք։ Չե՞ս տեսնում, որ այն անսլաք է։
-Բայց այն տկտկո՞ւմ է։
Վաճառականը զարթուցիչը լարեց և հնչեղ մետաղական տկտկոց լսվեց։ Պառավն աչքերը փակեց և մտածեց, որ գիշերվա մթության մեջ իրեն կարող էր թվալ ասես ինչ-որ այլ մեկի սիրտն է տկտկում մոտակայքում։
Երեք ափսե
Մի գյուղացի, երբ նկատեց, որ կինն իրեն դավաճանել է, կարգադրեց երեք հոգու համար սեղան գցել։ Եվ նրանք ամբողջ կյանքում ուտում էին՝ նայելով իրենց առջևի դատարկ ափսեին։
Ամենագեղեցիկ բանաստեղծությունը
1969 թվականի հուլիսի 14-ին մի գյուղացի բանաստեղծ ճաշից հետո քնեց Տորրե Պեդրերայից ոչ շատ հեռու գտնվող ծովափին։ Երազում տեսավ, որ Դանթեն ուշադրությունը հրավիրեց իր ամենագեղեցիկ բանաստեղծության վրա․
Ես միայնակ եմ,
Հանց ուրիշ ծառի ներսում
աճող ծառը։
Դա բանաստեղծություն էր, որը նա երբեք չի գրել։
Սպիտակ և կապույտ շերտեր
Այդ մարդը վախենում էր դուռը թակողներից, և հեռախոսով զանգողներից, և անգամ հանդիպակաց տան պատուհանից իրեն նայողներից։ Եվ այդժամ նա շտապեց իր տան պատերը այնպես ներկել սպիտակ և կապույտ շերտով, որ իր խալաթի գործվածքը նմանվում էր դրանց։ Երբ նա աստիճանին կասկածելի քայլերի աղմուկ էր լսում, վազում և հագնում էր խալաթը և դեմքը հպում պատին։ Երբեմն նույնիսկ կինը, տուն գալով, փնտրում և չէր կարողանում նրան գտնել։ Նա կանչում էր նրան։ Բայց նա իր շերտավոր խալաթով այնպես էր միաձուլվում պատին, որ սենյակը դատարկ էր թվում։
Նա շատ էր սիրել
Նա շատ էր սիրել իր կյանքի ընթացքում, բայց հիմա ծերացել էր, և էլ ոչնչի հանդեպ որևէ զգացում չէր տածում։ Այդուհանդերձ, դեռ հույս էր փայփայում հանդիպել երկրի մակերեսով շարժվող որևէ մեկին։
Մինչև սիրահարվեց Ասիզի եկեղեցիներից մեկի ճակատին և տեղափոխվեց Ասիզում ապրելու։ Դա ձմռանն էր, և նա բուք ու բորանին հովանոցով ելնում և ամբողջ գիշերներ էր անցկացնում եկեղեցու շուրջը, որ լուսավորվում էր կայծակի չարագուշակ փայլատակումներով։
Հետո եկավ գարունը, և ամեն առավոտ ու երեկո նա ձեռքերով դիպչում էր չոր և տաք քարերին։ Դա հանգիստ, անդավաճան սեր էր, որ ձգվեց մինչև մահը։
Ծաղկած ձմեռը
Մարեկյա գետի ամբողջ հովիտով մեկ խոսում էին այդ մասին։ Սան Լեոյից մինչև Գրադար, Վերուկյոից մինչև Մոնտեբելլո, ամբողջ երկրով, որն ինչ-որ մեկը կցանկանար միջնադարյան տրապեզ կոչել։ Ծերուկներն ասում էին, որ ձմռանն այսպիսի ծաղկում, երբ շուրջն ամեն ինչ փթթել էր, մի անգամ էլ է եղել՝ անցյալ դարի ավարտին։ Լոկ հունվարի կեսն էր, իսկ արևը հողը փշուր-փշուր էր անում։ Բալենիների, խնձորենիների, բոլոր պտղատու ծառերի վրա ծաղիկներ և քաղցած մեղուներ էին։ Քաղաքում, այնտեղ, որտեղ վերջանում էին փողոցները, մարդիկ ծաղկած ծառեր էին տեսնում։ Գործերի մասին խոսելիս, հիշատակելով վաղաժամ գարնան մասին, գյուղացիները վախենում էին ցրտահարարումներից։ Սրճարանում զրուցում էին սպորտի և ծաղիկների մասին։ Ժամանակ առ ժամանակ ելնում էին աթոռներից և գնում այնտեղ, որտեղ վերջանում էին փողոցները՝ նայելու ծաղկող ծառերին։ Ալբերտոն քաղաք էր եկել մայրաքաղաքից, որտեղ ապրում էր արդեն քսան տարի, քանի որ ինքն ու կինը որոշել էին բաժանվել։ Իրականում նրանք բաժանվել էին արդեն տասնչորս տարի առաջ։ Այժմ պետք է հարևան քաղաքի դատավորի մոտ պաշտոնապես արձանագրեին իրենց հարաբերությունները։ Ալբերտոն եկավ շաբաթ օրը, դատավորին նրանք պետք է ներկայանային երկուշաբթի։ Նրանց մեծ տան առաջ այգին ծաղկել էր։ Նա և կինը քայլում էին ծաղկած խնձորենիների և բալենիների տակ, երբեմն բառեր փոխանակելով։ Եվ այդ ծառերը նրանք տնկել էին միասին։ Մյուս օրը, կիրակի, գնացին գետի մոտ, որի ափին բազում ծաղկող ծառեր էին։ Լուռ վերադառնում էին տուն։ Նա գնաց հանգստանալու։ Ալբերտոն մնաց թիկնաթոռին նստած, ձայնասկավառակ էր լսում։ Երեխաներն, արդեն մեծ, գնում են քաղաք։ Կինն արթնանում է ժամը հինգին։ Իրեն թեյ է պատրաստում։ Մինչև ուշ երեկո իրար հետ են մնում։ Վերադառնում է կրտսեր որդին, վառում է լույսը և տեսնում, որ երկուսն էլ նստած են մարող բուխարու մոտ։
Երկուշաբթի, առավոտյան տասին, իրավապաշտպանի ուղեկցությամբ նստում են դատավորի սեղանի առաջ։ Դատարանի շենքում լիուլի ժողովուրդ է տևական դատավարության պատճառով, որն անորակ երշիկ վաճառողների գործով արդեն տասը օր լարվածության մեջ է պահում քաղաքը։ Դատավորը գրում և բարձրաձայն կրկնում է գրածը։ Կինը լռում է։ Ալբերտոն հագուստի և դեղերի հետ կապված ինչ-որ բան է ճշտում։ Վերադառնում են տուն։ Ուտում, նորից զբոսնում են, որպեսզի մի անգամ էլ նայեն ծաղկած ծառերին։ Եվ դատարանում նույնպես խոսում էին այս տարօրինակ անակնկալ գարնան մասին։
Ալբերտոն վաղ առավոտյան մեկնում է։ Նրա կինը դեռ իր սենյակում է։ Երբ նա ելնում է փողոց, տեսնում է, որ բոլոր ծաղիկները թափվել են։ Նա լսել է, որ գիշերն անձրևել է և ուժեղ քամի է փչել։ Օդը սառել է։ Կանչում է կնոջը, որպեսզի ասի, որ ծաղիկները թափվել են։ Նա նայում է պատուհանից և տեսնում, որ շուրջն ամեն ինչ սպիտակել է, ասես ձյուն է եկել։ Իջնում է։ Խալաթով շվարած թափառում է այգում, տրորելով խոտը ծածկած ծաղկաթերթերը։ Կողքով շներ են գնում, չհաչելով և տոն չստեղծելով։ Նրան ավելի շատ դառնացնում են թափված ծաղիկները, քան այն, ինչ կատարվել է իրենց միջև։ Իսկ գուցե երկուսն էլ։ Շտապելով նրան երջանիկ ճանապարհ է ցանկանում, և այդ ճանապարհը ամբողջ մնացյալ կյանքի համար էր։
Ընկած փետուրը
Տիկինը միայնակ էր և բնակվում էր կատուների հետ՝ մարդկանց չթողնելով իր կյանք։ Ամեն գիշեր քնից առաջ, նա իր կողքին՝ թախտին մեկ գիրք, մեկ ինչ-որ իր կամ նամակ էր դնում, որպեսզի երազում տեսնի այն, ինչ սիրել էր։ Մի անգամ նա բարձերից մեկի վրա փետուր դրեց, որը նրան մի ժամանակ նվիրել էր երիտասարդ սիրեցյալը։ Եվ երազում տեսավ, որ այդ պատանին սպանում էր իրեն։
Գերին
Մի երիտասարդ, որը գերի էր եղել Գերմանիայում, պատերազմի ավարտից երկու տարի անց ցանկացավ վերադառնալ Բոնն, որպեսզի ախորժանք ապրի պարտված գերմանացիների տառապանքից։ Լուսաբացին հյուրանոցի պատուհանից գոհունակ նայում էր այդ քաղաքի ամայի ավերակներին։ Մինչև հեռվում չերևաց փոքր փողային նվագախումբը, որը պարզորոշ, կատարյալ ձայներով հստակ ռազմական մարշ էր հրամցնում։ Որտեղից էր այն հայտնվում և ուր էր գնում։ Երաժիշտների պահվածքում զգացվում էր ամեն ինչ նորից սկսելու ցանկությունը և գերմանացի ժողովրդի չավարտվող համառութունը։
Եվ պատանին հեկեկաց։
Երրորդություն
Մի մարդու մի անգամ ասացին, որ նա ծառ է։ Վախեցած, նա վազեց իրեն հայելու մեջ նայելու և տեսավ, որ ինքը դոդոշ է։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը