Տոնինո Գուեռա. «Կյանքի ութ տետր» ժողովածուից

Երբեք չգիտես, թե ինչից ամեն ինչ կսկսվի։ Նույնիսկ ամենաաննշան իրադարձությունները։ Մի հիասքանչ օր թափառող շունը պոկ չէր գալիս մի մարդուց և հետևում էր նրան ամբողջ այդ օրը, իսկ երեկոյան սողոսկեց նրա տուն։ Գոնե, եթե այդ մարդը հարուստ լիներ, իսկ տունն՝ ավելի մեծ, երեխաներն՝ ավելի քիչ, այդժամ ուրիշ բան․ շանը քեզ պահելն անգամ զվարճալի էլ է։ Շունն ամենևին այդքան էլ տգեղ չէր, քանի որ նրա պայծառ մորթի վրա անկարգորեն կապույտ բծեր էին ցաքուցրված։ Նա, ըստ երևույթին, երկար թափառել էր գործվածքներ ներկողների չաների մոտ։ Մյուս կողմից, այդ մարդն էլ աշխատում էր հին ներկարաններում, որոնք չորանալու համար կախում են բակերում իրենց երկար պաստառները։ Նրա անունը Մուհամեդ է։
Նույնիսկ եթե շունը դուր է գալիս երեխաներին, Մուհամեդը միևնույն է ուզում է ազատվել նրանից։ Եթե չհիշատակենք կերակրի մասին, որը միշտ մեծ հոգս է պատճառում նրան, էլի մեծ խնդիր կա՝ ազատ տեղը երկու խցիկներում։ Հենց դա է նրա կացարանը։ Հաջորդ առավոտ, նա սովորականից շուտ ելնում է, հասնում է մինչև առևտուր անող մարդկանցով եռացող շուկան, որտեղ տեղնուտեղը կորցնում է շանը։ Ցավոք, այդ «տեղնուտեղը» սխալմունք դուրս եկավ, քանի որ փոքր-ինչ անց նա գտնում է շանը տանը։ Այդժամ նա որոշում է այդ օրը թողնել աշխատանքը և ոտքով գնում է դեպի քաղաքի ծայրամաս։ Քայլում է առջևից, շունը վազում է նրա հետևից կամ երբեմն կողքից։ Կանգնում է ստվերում տան, որն այլ շատ տների հետ շրջապատում է արևով ողողված տարածությունը։ Փոքր-ինչ սպասելով քնում է, շունն էլ քնում է կողքին։ Հետո արթնանում է, իսկ շունը չկա։ Հետո կամաց-կամաց նա հեռանում է, խեղճ շանը թողնելով այդ կեղտոտ և խղճուկ ստվերում։ Ազատվելով այդ խնդրից, Մուհամեդը որոշում է քաղաքի կենտրոնում փողոցներով թափառել․ միևնույն է օրը կորսված է։ Բայց այստեղ պետք է ամբողջ ճշմարտությունն ասել։ Նա բնավ մշտական աշխատանք չունի։ Երբեմն նրան լոկ կանչում են ներկած պաստառները կախելու, և, միգուցե, մյուս օրը նորից կկանչեն դրանք հավաքելու։ Եվ ահա այդ անորոշ դրությունն էլ ավելի է արդարացնում նրա անբարյացակամ վերաբերմունքն առ շունը։ Հետո դա այդքան էլ անբարյացակամ վերաբերմունք չէ, նա հո աքացիներով նրան տնից չի քշում կամ քոթակում։ Ընդհակառակը, նա բամզիցս խոսում էր նրա հետ, բացատրելով․ «Լսիր, ես չեմ կարող քեզ պահել այս, այն, և այլ պատճառով»։ Ճիշտն ասած, նրան հաջողվեց շանը համոզել, որ ինքը նրան չի սիրում։ Եվ գուցե թե, այդ պատճառով՝ նրա վճռական հրաժարման, շունն էլ ավելի կապվեց նրան։ Մյուս կողմից, այդպիսի բան հաճախ պատահում է կնոջ և տղամարդու միջև, կամ, եթե ձեզ այսպես ավելի է դուր գալիս, տղամարդու և կնոջ միջև։ Ուղիղ ասենք, սեր էլ կա, սեր էլ։ Ոմանք առաջին իսկ մերժումից նահանջում են, մյուսներն ընդհակառակը՝ պնդում, քանզի զգացումները թույլ չեն տալիս նրանց իրենց համար ավելի նսեմացուցիչ որոշում կայացնել։ Եվ հավատում են, ըստ որում, որ մյուսը, հնարավոր է, կզիջի իրենց թախանձանքներին։ Մենք չգիտենք, թե այս երկու պատճառներից որը նորից շանը Մուհամեդի տուն բերեց։ Ընտանիքը սեղանի շուրջ էր, երբ դռան կասկածելի քերոցը ստիպեց ինչ-որ մեկին մոտենալ և բացել այն։ Ահա և ես։ Մուհամեդը ուտելը դադարեցրեց։
Մյուս առավոտ նա հեծնում է էշը և քաղաքից դուրս գալիս։ Շունը, կապույտ բծերով կեղտոտված, հետևում է նրան։ Մուհամեդը ժամանակ առ ժամանակ շրջվում և ասում է նրան․ «Եվ հենց ինչու ես դու գլուխդ մտցրել, որ ես քեզ պետք է պահեմ։ Ես քեզ քաղաքում ուրիշ տեր գտնելու հնարավորություն տվեցի, իսկ դու շարունակ վերադառնում և զզվեցնում էիր ինձ։ Իսկ հիմա ես ինքս չգիտեմ, թե որտեղ քեզ թողնեմ։ Գուցե քեզ գրողի ծոցն ուղարկեմ և վերջ»։ Եվ գնում ու գնում են անապատով։ Երբեմն Մուհամեդը կանգնում է, փռում իր գորգը և խորանում աղոթքի մեջ։ Հասնում են փոքր գյուղ, որտեղ տների շուրջը ազատորեն արածում են կենդանիներ, որոնք թափառում են այդ ամայի վայրում՝ գրեթե կանաչի երես չտեսած։ Մուհամեդը որոշում է այդտեղ կանգ առնել։ Մյուս կողմից, նրանք արդեն երկու օր ճանապարհին են։ Եվ այդ ճանապարհորդության ընթացքում շունը մի անգամ չէ, որ օգնեց նրան, հատկապես երբ քամու պոռթկումը թռցրեց նրա վրայից չալման և արագ տանում էր ավազների վրայով։
Եվ այստեղ, վերջապես, կարծես թե, բանը գլուխ է գալիս, քանի որ շունը, թեև Մուհամեդին տեսադաշտից բաց չի թողնում, հաճույքով խաղում է ոչխարների հետ և անգամ օգնում է հովվին երեկոյան նրանց հոտն ի մի բերել։ Բայց մի անգամ շունը չափազանց վստահեց և որոշեց հոտի հետ բլրի վրայի հեռավոր արոտավայր ուղևորվել։ Մուհամեդը օգտվեց դրանից, որպեսզի լքի շանը և վերադառնա մեծ քաղաք՝ իր ընտանիքի մոտ։ Այս անգամ խնդիրը լուծված էր։
Անցավ մի քանի օր։ Անհայտ է, թե որ պահից դա սկսվեց, բայց մարդու ընտել պահվածքում հար ավելի ու ավելի սկսեցին հայտնվել նոր ժեստեր և շարժումներ, որոնք նա նախկինում չուներ։ Հիմա, օրինակ, ամեն անգամ փողոցում նա շրջվում էր։ Ինչո՞ւ։ Ո՞ւմ էր ցանկանում իր մեջքի հետևում տեսնել։ Եվ տանը, հատկապես ճաշի ժամանակ, ուշադիր էր դռան հետևի աղմուկներին։ Երբեմն ելնում էր դուռը բացելու, ասես ինչ-որ մեկը թակում կամ քերում էր։ Ի վերջո, դուռը բաց էր թողնում, և գդալը քարանում էր ձեռքում, և նա լուռ հետևում էր, թե ինչպես էր արևով ողողված ճանապարհով անցնող ստվերն աճում իր տան դռան առաջ։ Մի խոսքով, բոլորը սկսեցին նկատել, որ նա սպասում է շան վերադարձին։ Մուհամեդը ելնում էր քաղաքի ամենաբարձր սանդղավանդները, որպեսզի բարձրից ավելի լավ զննի բոլոր փողոցներն ու հրապարակները, վերադառնում էր այն վայրերը, որտեղ նախկինում շանը թողել էր քաղաքում։ Գնում էր ծայրամասի հենց այն հրապարակը, որտեղ նրանք իրար հետ քնում էին։ Նորից հեծնում էշը և ճանապարհ է ընկնում։ Երկու օրից գալիս է գյուղը, որտեղ ոչխարներ էին։ Խոսում է հովվի հետ, որը բացատրում է նրան, որ շունն իսկույն փախել է նրա հետևից։ Բայց ո՞ւր։ Հովիվը ցույց է տալիս այն կողմ, որտեղ անապատում ավերակներ են երևում։ Մուհամեդը ուղևորվում է առ դրանք։ Այստեղ մի պառավ է նստած, որը նուռ է ծծում և ցույց է տալիս նրան, որ շունն էլ ավելի հեռու է փախել։ Մուհամեդը ճանապարհ է ընկնում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա կորչում շիկացած անապատի մեջտեղում, որտեղ ոչ տներ կան, ոչ ծառեր, լոկ ավազ և մենություն։ Այդժամ կապույտ շունը, հոգնած և փոշոտված, գտավ քաղաքը և հենց այն հոտերը, որոնք բերեցին նրան Մուհամեդի տան մոտ։ Նա մտնում է, և ընտանիքը ուրախությամբ ընդունում է նրան, քանզի բոլորը հասկանում են, որ եթե շունը վերադարձավ, հնարավոր է, կվերադառնա և տերը։
***
Պայծառ աչքերով երկու տարօրինակ անձ
Սան Մարկոյի հրապարակում աղավնիներին կերակրող մի ֆրանսիացու մոտ՝ գրեթե քառասնամյա, թղթե տոպրակում սիմինդրի հատիկները վերջացան։ Նրան մոտեցան երկու տարօրինակ անձ, որոնց տարիքն անհնար էր որոշել։ Նրանց կարելի էր 30-ից 60 տարեկանի տեղ դնել։ Նրանք լայն և թռչող շորերով էին, որոնք պարուրում էին վտիտ մարմինների օդը։ Այս երկուսը նրան տոպրակով սերմնահատիկ առաջարկեցին, և նա խոնարհաբար ընդունեց դրանք, առանց թեկուզ ժեստով ակնարկելու աղավնագորգի ծայրին կանգնած մանրավաճառին։ Այդ հանդիպումը տարօրինակ էր, քանզի նրան չհաջողվեց մոռանալ այդ երկու անծանոթի պայծառ աչքերն ամբողջ օգոստոսին, ինչ նա Վենետիկում էր։
Հոկտեմբերին նա պատահական հայտնվեց Բուրգ-ան-Բրեզեում։ Դա տխուր օր էր։ Նա փակվեց դատարկ հյուրանոցի սենյակում և պատուհանից նայում էր մշուշոտ երեկոյին, որ թաքցնում էր վանքի ճակատը փողոցի մյուս կողմում։ Հետո նրա աչքերը ներքևում հյուրանոցին մոտեցող երկու ստվեր զանազանեցին, և նա որսաց նրանց պայծառ հայացքը մինչև այդտեղ մտնելը։ Երևում է նրանց սենյակ էր պետք։ Նա սպասում էր, որ մի քանի վայրկյանից կթակեն դուռը, կամ դռնապանը հեռախոսով կզանգի, զգուշացնելով, որ ինչ-որ մեկին հարկ է իր հետ խոսել։ Դա հենց այն երկու անծանոթներն էին, որոնց նա հանդիպել էր Վենետիկում, և հիմա ևս մի անգամ հանդիպեց Բուրգ-ան-Բրեզի այս դատարկ հյուրանոցում։ Զգում էր, որ նրանք կարող էին իրեն լուր, հնարավոր է, ինչ-որ բանի մասին տրտում նախազգուշացում բերել։ Ելավ սենյակից, իջավ սրահ, բայց այդպես էլ չտեսավ նրանց ոչ այդ երեկո, ոչ էլ մյուս օրը։ Հարցրեց դռանապանին, թե ի միջի այլոց արդյոք երկու համեստ տեսքով անձ չեն գիշերել։ Եվ նա, գրանցամատյանում ստուգելով, ասաց, որ այս գիշեր, բացի նրանից, լոկ մի տիկին է եղել։ Ինչպես երևում է, երկու անծանոթները ներքևում մոտեցել են հյուրանոցին և հետո մայթի երկայնությամբ աննկատ հեռացել։
Ամռանը ֆրանսիացին ուղևորվեց Կարիբյան ծով և սկզբից քառամոտոր, հետո փոքր ինքնաթիռի, և վերջապես, նավի վրա երկարատև ճամփորդությունից հետո հասավ ընկերների տուն, որոնք ընդունեցին նրան նշանի մատանու մեծության կղզյակում։ Նա մնաց այնտեղ տասնհինգ օր, արևառվում և տարաշխարհիկ մրգեր էր ուտում։ Նորից նստեց նավը, որպեսզի հասնի կղզին, որտեղ օդանավակայանն էր։ Նա միայնակ կանգնած էր թռիչքուղում՝ քամու տակ, որը դրա վրայից օդ էր հանում մանր կարմիր ավազը։ Սպասում էր ինքնաթիռին, զգում մոխրի և նախորդ օրվա անձրևից օդում տարածված մարած կրակի հոտը։ Մտածում էր, որ ինքը միակ ուղևորն է, սակայն, տեսավ ամառային դաշտի կողմից մոտեցող երկու տարօրինակ անծանոթի, որոնց արդեն հանդիպել էր Վենետիկում և Բուրգ-ան-Բրեզում։ Քամին տարուբերում էր նրանց շորերը, և, թվում էր, նրանք թռչում էին առ նա, գրեթե չհպվելով գետնին։
***
Հանդիպում Լիկանում
Առավոտյան վեցին ես սկսեցի հետևել ծեր կնոջը, որը ջրում էր խոտը ծաղիկների շուրջը։ Ես ուզում էի սեղմել նրա ձեռքը, որպեսզի արտահայտեմ քնքշությունս, տեսնելով, թե ինչպես է նա աշխատում, չնայած իր պատկառելի տարիքին։ Նա խնդրում է, որպեսզի ես կռանամ նրան լսելու։ Նա պայծառ աչքեր և արևառ խորշոմապատ դեմք ունի։ Ասում է ինձ շշուկով․
-Հիշիր, մեզնից հետո, էլ մենք չենք լինի։
***
Սպասում
Նա այնքան էր սիրահարված, որ տնից դուրս չէր գալիս և նստում էր հենց դռան առաջ, որպեսզի անմիջապես գրկի նրան՝ հենց նա դռան զանգը տա և ասի, որ սիրում է իրեն։
Բայց կինը չէր զանգում, իսկ նա ծերանում էր։ Մի անգամ ինչ-որ մեկը կամացուկ դուռը թակեց, և նա վախեցավ ու փախավ պահարանի hետևում թաքնվելու։
***
Ծերության լռությունը և մանկության ձայները
Ցանկություններիս տարածությունը հար ավելի նեղանում է, շրջապատելով տունը։ Եվ այդժամ հիշում եմ մի պառավի լեռան իր տնակում, որը սպասում էր, թե երբ լուսինը կլողա իր պատուհանի միջնադարյան ճեղքի մոտով։
Լռությունը դառնում է ծերության կերակուրը։
Պենաբիլլիի փոքր արվեստանոցս արդեն գրեթե մայրցամաք է։ Տարիներով լցվել է աշխարհով մեկ գնված իրերով։ Քարեր, ժանգոտած իրերի ողկույզներ, որոնք գնալով դժվարացնում են պատուհանին մոտենալս, որպեսզի տեսնեմ հովիտը, երբ ձյուն է տեղում, և լեռները ճերմակում են։
Ամեն անգամ, երբ անելանելիորեն տրտում է, ինձ հարկ է աղքատությունը, ինձ հարկ է զգալ փտած ծառի հոտը կամ ժամանակից շուտ գաղտնի քաղված պտուղների տտպահամը։ Պատկերացնում եմ ինձ ցախատանը նստած կամ կարտոֆիլի լեռը հսկող։ Ինչ հիասքանչ է տրվել հեռու գնալուն, հետևելով հոտին։ Մեկ ես ընթանում եմ սալարկված ճանապարհով, մեկ՝ բերանս մեկնում անձրևի կաթող կաթիլներին։
Ես հարստություն չեմ փնտրում, քանզի այն երբեք չի կարող սփոփել ինձ։ Ես այն չունեի, երբ երեխա էի, ուստիև այն չի կարող ինձ պատկանել։ Միակ բանը, որին տիրում ես հավետ՝ այն բաներն են, որ ունեցել ես մանուկ հասակում։ Մենք արդեն եղել ենք Դրախտում։ Եվ հաճախ, համենայնդեպս ես, վերադառնում եմ այնտեղ, երբ մտնում եմ հիշողության բավիղները, որտեղ ապրում է մանկությունս:
***
Աշխարհի նախագո լույսը
Լոկ մի անգամ կարող է այդպիսի բան քեզ հետ պատահել՝ դիմավորել նախագո լույսը, տեսնել հենց այն լույսը, որ եղել է աշխարհաստեղծման ընթացքում։ Այժմ արդեն այն ունակ չէ լուսավորելու եւ, թվում է, որ ծնվում է փոշու մեջ, նստելով դրա վրա կամ հողի կեղտոտ կեղանքի և խոտի ցածր ցողունների վրա։ Սակայն այդ լույսը թույլ է տալիս տեսնել հնամենի ծառի ճեղքերը եւ վերադարձնում է ոգին լքված, բարձիթողի տների պատերին, օժտում է առեղծվածային ուրվագծերով՝ վերածելով իր տոտիկների խառնաշփոթում փակչած մահացած բզեզի գաղտնիքի։
Մի վանական Կաստելդելչիից ասում է, որ այդ ճառագումը, որ տեսել է տիեզերքի ծնունդը, վերջնականապես չի մարել։ Այն կարելի է գտնել լքված վայրերում, և հենց այնտեղ այդ լույսը շարունակում է ապրել, անգամ եթե կորցրել է իր պայծառությունն ու մշուշվել և գունատվել է։
Եվ իսկապես, երեկոյան գալիս է պահը, երբ արևը մայր է մտնում և հին քաղաքի ավերակները վերածվում են օդում սավառնող էջերի, որ արտացոլում են լուսաբծերը նրբերանգների աննկատ, չնչին տարբերությամբ, և, թվում է, որ վրա է հասնում լույսի այդ աղոտ արտացոլանքների պայքարը գիշերվա մոխրափոշու հետ, որը փորձում է վերացնել դրանք։ Լույսի այդ թեթև սարդոստայնը՝ պատերից պոկված, օդ է բարձրանում, որպեսզի վերածվի գիշերվա։ Ես Մուլինաչո լքված միջնադարյան քաղաքում էի, ուր եկա խիստ անհանգիստ գիշերից հետո։ Ներշնչում էի չորության մգլահոտը, որ բարձրանում էր խոր անցքերից։ Հարցնում էի ինձ, թե ինչու էր մեջս քնքշություն առաջանում առ Ռուսաստանը, այնժամ երբ Իտալիայում ինձ զգում էի գրեթե վտարման մեջ։ Մարեկիա գետի հովտում, իմ առաջ, ստվեր փռվեց, որը տարածվում էր, ներկլանելով մշուշոտ լույսը։ Դրա շնորհիվ լոկ թեթևակի նշմարվում էին թփուտների և բարձր կաղնիների ուրվագծերը։ Մինչև այն պահը, քանի դեռ ջրի աղմուկը գետաքարերի միջև չօգնեց լռությանը ձայն ստանալ։ Ես չէի ուզում լքել երևակայական ճամփորդությունս, որտեղ ռուսական լայնարձակությունները պատված են ձյան ժանյակներով։ Անսպասելիորեն տեսա, բայց այնպես, ասես դա ինձ մոտ էր գալիս հիշողությունից, կամ ինձ հափշտակած հեռավոր աշխարհից, նկատեցի օդում սավառնող լուսացոլքերը, հինավուրց ժանյակների սարդոստայնները։ Դրանք ընկնում էին վայրի խոտի, առջևիս միայնակ պատի վրա։ Ես կարող էի դրա վրա զանազանել անհարթությունները եւ անհավասար ճեղքերը։ Թեթևակի մշուշապատ, գրեթե թափանցիկ լույսը միանգամից չէր թողնում ինձ տեսնել, վերջապես, այդ լքված պատի իրական գույնը՝ փայլատ վարդագույն, որ ընդունված է անտիկ կոչել։
***
Երբեք ուղղակիորեն
Նա երբեք նրան հաճոյախոսություն չէր անում։ Ընդհակառակը, ընդգծում էր իր անտարբերությունը։ Սակայն ամեն անգամ, երբ նրա կինը, անգամ կարճ ժամանակով, դուրս էր գալիս սենյակից, ցանկացած սենյակից, նրան թախծի պես ինչ-որ բան էր տիրում։ Անհնար էր չնայել նրան առանց անսպասելիորեն համակած քնքշության, այնժամ երբ աղջիկը, շրջվելով, չէր կարող նրան տեսնել։ Երբեմն, ճիշտ է հազվադեպ, այն զգացումը, որն ունենում ես, երբ ինչ-որ մեկը գաղտուկ հետևում է քեզ, նրա կնոջն էլ ստիպում էր հանկարծակի շրջվել, բայց նրան հաջողվում էր աչքերը կողք տանել, իսկույն վրդովմունք ցուցաբերելով։ Նույնիսկ անկողնում, ընտել սիրային գգվանքները պատրաստված չէին ցանկությամբ լի բառերով կամ հայացքներով։ Նա սկսեց տան պատերում պակասող քնքշության և հաճոյախոսությունների պահանջ զգալ, և գտավ իրավաբանի, որը լցրեց իրեն բառերով, որոնք, սակայն, երբեք չէին բերում իրական վերջնական մտերմության, քանզի երկուսն էլ խիստ զբաղված էին թախծագորով հայացքներով և անսահման հիացմունքի մասին երկար զրույցներով։
***
Մահմեդականը Սիցիլիայում
Հիսուն տարեկանում նրան արդեն հետապնդում էր միտքն առ այն, որ մարմնական հաճույքների համար լոկ քսան տարի է մնացել և ոչ ավելի։ Հետո ակամա կգա հաշտեցումը։ Սակայն դեռ այդ քսան տարին առջևում էր և այդու միտքն իսկական հուսահատություն ձեռք չէր բերում։ Ճիշտ է, այստեղ ուրիշ հարց էր ծագում, թե ով կլինի նրա վերջին կինը։ Մի հիասքանչ օր նա որոշում է վստահել այդ վայրերում հայտնի ձեռնագուշակին։ Գուշակը նայեց նրա ձեռքի գծերին և դրանցով կարդաց, որ նրա վերջին կինն այժմ ընդամենը մի տարեկան է և ապրում է Գվադալկվիվիրայի ափերին՝ իր արաբական ընտանիքում։ Ինքը մահմեդականն ապրում էր քաղաքում՝ Պալերմոյի ամիրապետության տարածքում։ Այդ ժամանակվանից նա սկսեց հաճախ այցելել գուշակին, և սա պատմում էր նրան Աբիլայիի կյանքի մասին։ Նա ամբողջ այս քսան տարին հետևում էր աղջկա մեծանալուն, ամեն ամիս գուշակին վճարելով, և միևնույն ժամանակ հոգում էր ընտանիքի մասին և շարունակում կանոնավոր զուգակցումները։ Երբ իր համար էլ ղողանջեց հենց այդ յոթանասունամյակը, աղջիկը, որն հիմա քսան տարեկան էր, ամուսնացավ։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես իրեն կհաջողվի հանդիպել Աբիլայիին եւ ինչը կստիպի նրանցից մեկին հազարավոր կիլոմետրեր անցնել իրենց բաժանող ցամաքով եւ ջրով։ Մինչեւ մի անգամ գուշակը չասաց, որ Աբիլային նավով ուղևորվել է իր առաջին ուխտագնացությանը Մեքքա։ Այդժամ ծերուկը, նախքան Եգիպտոս հասնելը, հասավ Պալերմո, քանզի այդ նավահանգստում Իսպանիայից լողալով եկած արաբական նավեր էին։ Փնտրում էր Աբիլայիին Պալերմոյի ծովածոցը լցրած նավերի կուտակման մեջ։ Տեսավ նրան, երբ սա փնտրում էր ամուսնուն, որն իջել էր ցամաք Մեքքա ճամփորդությունն ու իր օրինական կնոջը թողնելու ակնհայտ մտադրությամբ։ Հետո նա նորից հանդիպեց նրան Հարատաս-Սակուալիբ մարդաշատ թաղամասում, նավահանգստի կողքի շուկայում, որտեղ Իբն-Սիկվաբ մզկիթի մոտ անուշաբույր յուղեր էին վաճառում։
Ծերուկը հենվեց պատին եւ մտքով ընկավ։ Նա այսպես էր մտածում․
-Եթե նա գտնի ամուսնուն, նրանք իսկույն կհեռանան, և ես նրան այլեւս չեմ տեսնի։ Եթե նա նրան չգտնի, ապա կմնա և կշարունակի փնտրտուքը։ Այդժամ ծերուկը նստում է քարին։ Ասում է․
-Ես ինքս նրան կգտնեմ, այդ ամուսնուն, և կսպանեմ նրան։ Չէ, ավելի լավ է աղջկան օգնություն առաջարկեմ, բայց ինչիս է պետք նրա շնորհակությունը, արդյոք դա կօգնի։ Թեև, կարող եմ ուժով նրան տիրանալ։
Ծերուկը դեռ նստած էր քարին, երբ նրա կողքով անցավ Աբիլային եւ կանգ առավ։ Նա երիտասարդ է, գեղեցիկ եւ նուրբ։ Կինը դիմում է նրան․
-Կապուտաչյա տղամարդու եմ փնտրում։ Ամուսինս է՝ բարձրահասակ և ուժեղ։ Օգնիր ինձ։
Աշխարհը դողաց։ Նրա ձայնը ցածր, թավ եւ ծերունական էր, ինչպես իր կնոջ ձայնը։ Ձայնը՝ շատ տարիներ առաջ մարած։
Ծերուկը լռում էր, պատասխանելու ուժ չունենալով։ Նա նայում ու նայում է նրան, և սկսում է արտասվել։ Կինը փութով քրքրում է գրպանները և նրան ողորմություն տալիս։
-Սա խուլ աղքատ է,- ասում է հեռանալիս։
Ծերուկը զննում է ափի վրայի մետաղադրամը։ Այն իրեն մարած արև է թվում։
Եվ հասկացավ, վերջապես, որ իր ճակատագիրը հանդիպումն էր ստվերի հետ։
***
Ռուս պարուհին
Մի ռուս պարուհի, որ արդեն 70-ն անց էր՝ պարուսույց էր դպրոցում: Մի անգամ նրան հետապնդեց մի անծանոթ երիտասարդ, որը ցնցվել էր նրա սլացիկ կազմվածքից:
Պարուհին վազքով տուն նետվեց, որպեսզի երիտասարդը չհասներ իրեն: Շնչակտուր դուռը կողպեց: Փոքր աղջիկը հարցրեց, թե ինչ է պատահել:
-Աներեւակայելի է,- պատասխանեց ծեր պարուհին,- ինչ-որ պատանի սկսեց ինձ հետապնդել, բայց ես չէի ուզում, որ նա տեսներ իմ դեմքը եւ խաբվեր իր ակնկալիքներում: Նայիր պատուհանից, գուցե նա դեռ այնտե՞ղ է՝ մայթեզրին:
Աղջիկը մոտեցավ պատուհանին եւ դրսում տեսավ մի ծերունու, որ կանգնած էր՝ գլուխը վեր ցցած:
***
Հազը
Տունս այնքան բարձր է,
Որ լսելի է Աստծո հազը։
***
Թիթեռ
Գոհ, ուրախ իսկապես գոհ
Եղել եմ ես կյանքում բազմիցս։
Բայց երջանկություն զգացի առաջին անգամ
Երբ Գերմանիայում ինձ ազատեցին
Գերությունից, և ես կրկին կարող էի
Թիթեռին նայել
Առանց նրան ուտելու
Որևէ ցանկության։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը