Ուլյա

Ֆանտաստիկական պատմվածք

Մի ժամանակ աշխարհում հիասքանչ երեխա էր ապրում: Հիմա նրան մոռացել են բոլորը, և ինչ էր նրա անունը՝ նույնպես մոռացել են։ Ոչ ոք նրան չի հիշում՝ ոչ անունը նրա, ոչ դեմքը։ Միայն տատիկս էր հիշում այդ հիասքանչ երեխային, և պատմում էր ինձ նրա մասին, ինչպիսին էր նա։

Տատիկս ասաց, որ երեխայի անունը Ուլյա էր, և նա աղջիկ էր։ Բոլորը, որ տեսնում էին Ուլյային, իրենց սրտում խղճմիտ ցավ էին զգում, քանզի Ուլյան նուրբ դեմքով ու բարի էր, բայց ոչ յուրաքանչյուրը, որ նայում էր նրան, արդար ու բարի էր։

Նա մեծ վճիտ աչքեր ուներ, և ամեն մարդ տեսնում էր, որ դրանց խորքում՝ ամենահատակին, ամենաէականն է, ամենասիրելին աշխարհում, և յուրաքանչյուրն ուզում էր թափանցել Ուլյայի աչքերի մեջ և դրանց խորքում տեսնել իր համար ամենաէականն ու երջանիկը։ Բայց Ուլյան թարթում էր, և ուստի ոչ ոք չէր հասցնում նկատել այն, ինչ նրա վճիտ աչքերի խորքում էր։ Իսկ երբ մարդիկ նորից նայում էին Ուլյայի աչքերին և որոշներն արդեն սկսում էին հասկանալ այն, ինչ այնտեղ տեսնում են, Ուլյան կրկին թարթում էր, և անհնար էր մինչև վերջ իմանալ՝ ինչ էր երևում նրա աչքերի հատակին։

Մի մարդ հասցրեց, սակայն, նայել մինչև Ուլյայի աչքերի ամենախորքն ու տեսնել՝ ինչ էր այնտեղ։ Այդ մարդու անունը Դեմյան էր, նա ապրում էր բերքառատ տարիներին հացը գյուղացիներից էժան գնելով, իսկ սովի տարիներին այն վաճառելով, և  միշտ կուշտ ու հարուստ էր։ Դեմյանը նրա աչքերի հեռավոր խորքում տեսավ ինքն իրեն, և ոչ այնպիսին, ինչպիսին բոլորին թվում էր, այլ այնպիսին, ինչպիսին էր նա իրապես՝ անհագ երախով ու վայրագ հայացքով, Ուլյայի դեմքն ակներև արտահայտում էր Դեմյանի թաքնված հոգին։ Եվ Դեմյանն, իրեն տեսնելուն պես, դրանից հետո հեռացավ այնտեղից, որտեղ ապրում էր, և ոչ ոք նրա մասին երկար ոչինչ չէր լսել, և արդեն սկսում էին նրան մոռանալ։

Ուլյայի աչքերում արտացոլվում էր միայն իսկական ճշմարտությունը։ Եթե դաժան մարդը գեղեցիկ դեմք ու ճոխ հագուստ ուներ՝ Ուլյայի աչքերում այլանդակ էր և զարդերի փոխարեն խոցերով ծածկված։

Իսկ Ուլյան ինքը չգիտեր, որ իր աչքերում արտացոլվում էր ճշմարտությունը։ Նա դեռ փոքր էր և անգիտակից։ Իսկ մյուսները չէին հասցնում իրենց տեսնել նրա աչքերում, բայց յուրաքանչյուրը զմայլվում էր Ուլյայով և մտածում, որ ապրելը լավ է, եթե նա կա աշհարհում։

Ուլյան չգիտեր իր հարազատ մորն ու հարազատ հորը։ Նրան գտել էին ամռանը ճանապարհի ջրհորի սոճու տակ։ Նա այդժամ դեռ մի քանի շաբաթական էր, պառկած էր գետնին՝ փաթաթված տաք գլխաշորի մեջ, և լուռ նայում էր երկնքին մեծ աչքերով, որոնցում փոխվում էր գույնը՝ դրանք մեկ գորշ էին, մեկ՝ կապույտ, մեկ՝ լրիվ մուգ։

Բարի մարդիկ երեխային վերցրին, իսկ մի անզավակ գյուղական ընտանիք նրան իր դուստր կոչեց, և նրան Ուլյա անվանեցին։ Եվ իր ամբողջ վաղ մանկական կյանքն Ուլյան անցկացրեց խրճիթում՝ խորթ ծնողների մոտ։

Երբ նա քնում էր՝ աչքերը կիսափակ էին և ասես նայում էր դրանցով։ Իսկ առավոտյան կողմ, երբ լուսանում էր դրսում, Ուլյայի կիսաբաց աչքերում արտացոլվում էր ամենը, ինչ երևում էր խրճիթի պատուհանից այն կողմ։ Նա քնում էր աթոռին, և դեմքը նրա լուսավորում էր վաղ օրը։ Պատուհանից անդին աճող ուռենու ճյուղերը, առաջին մեղմ արևապայծառ ամպերը, և սուրացող թռչունները՝ այդ ամենը մի անգամ արտաքուստ էր, իսկ երկրորդ անգամ՝ շողում էր Ուլյայի աչքերի խորքում, բայց Ուլյայի մեջ ամպերը, և թռչունները, և ուռենու տերևները ավելի գեղեցիկ, պայծառ ու բերկրալի էին, քան տեսնում էին բոլոր մարդիկ։

Խորթ ծնողներն այնքան էին սիրում Ուլյային, որ առ նա անձկությունից ամեն գիշեր արթնանում էին։ Նրանք վերնաթախտից ելնում, մոտենում էին Ուլյային և երկար նայում մթության մեջ քնած օտար աղջկան, որն իրենց հարազատ աղջկանից ավելի սիրելի էր դարձել։ Նրանց թվում էր, որ լույսը ճառագում է նրա կիսափակ աչքերից, և խղճուկ խրճիթում լավ էր այդժամ, ինչպես տոնական օրը, երբ երիտասարդ էին։  

-Ուլյան, հավանաբար, շուտով կմահանա,- կամաց ասում էր մայրը։

-Լռիր, դժբախտություն մի կանչիր,- ասում էր հայրը։ -Ինչո՞ւ պետք է մանկահասակ մահանա։

-Այդպիսիք երկար չեն ապրում, - նորից ասում էր մայրը։ - Նրա աչուկները քնի մեջ չեն փակվում․ նրանց գյուղում հավատալիք կար, որ երեխաները, որոնց աչքերը չեն փակվում քնի մեջ, վաղ են մահանում։

Քանիցս մայրն ուզում էր իր ձեռքերով կոպերն իջեցնել Ուլյայի աչքերին, բայց հայրը չէր  թողնում դրանց դիպչել, որպեսզի չվախեցնի։ Ցերեկը, երբ Ուլյան անկյունում լաթերով խաղում էր կամ ջուրը կավե թասից լցնում երկաթե գավաթը, հայրն այդժամ էլ զգուշանում էր դիպչել աղջկան, ասես վախենալով վնասել նրա փոքր մարմինը։

Շիկահեր վարսերն աճում էին Ուլյայի գլխին և գանգուրվում, ասես քամին էր մտել դրանց մեջ և հանգչել։ Իսկ Ուլյայի փափուկ դեմքը և քնի մեջ, ինչպես արթմնի, ուշադիր նայում էր ինչ-որ տեղ և մտահոգ էր։ Հորն ու մորը թվում էր այդժամ, որ Ուլյան ուզում է հարցնել իրենց իրեն տանջող ինչ-որ բանի մասին, և չի կարողանում, քանի որ ունակ չէ խոսելու։

Հայրը Ուլյայի մոտ բժիշկ-բուժակի կանչեց։ Միգուցե, մտածում էր հայրը, նա ինչ-որ ցավ ունի, և բժիշկը կօգնի նրան։ Բժիշկը լսեց Ուլյայի շնաչառությունն ու ասաց, որ ամեն ինչ կանցնի՝ երբ մեծանա։

-Իսկ ինչո՞ւ է նա բոլորին սիրելի,- հարցրեց հայրը բժշկին։ -Լավ կլիներ ավելի վատը լիներ։

-Սա բնության խաղ է,- պատասխանեց բժիշկը։

Հայրն ու մայրը վիրավորվեցին։

-Ի՞նչ խաղ,- ասացին նրանք։ -Նա ախր ողջ է, ոչ թե խաղալիք։

Մյուսները նախկինի պես ջանում էին նայել Ուլյայի աչքերին, որպեսզի տեսնեն այնտեղ՝ ինչպիսին են իրապես։ Միգուցե, ինչ-որ մեկը տեսել էլ է ինքն իրեն, միայն թե այդ մասին չէր խոսում, այլ ասում էր բոլորին, որ չի հասցրել տեսնել, քանզի Ուլյան թարթել է։

Բոլորն իմացան, որ Ուլյայի աչքերը փոխում էին իրենց գույնը։ Եթե նա բարի բանի էր նայում՝ երկնքին, թիթեռին, կովին, ծաղկին, անցնող չքավոր պապիկին, նրա աչքերը շողում էին թափանցալույսով, իսկ եթե նայում էր նրան, ինչի մեջ չարիք էր թաքնված, նրա աչքերը մթնում և ակնակույր էին դառնում։ Միայն Ուլյայի աչքերի ամենախորքում, դրանց ամենամեջտեղում, մշտապես միատեսակ պայծառ լույս էր, և դրանում արտացոլվում էր ճշմարտությունը այն մարդու կամ իրի մասին, որին նայում էր․ ոչ այն, որ արտաքուստ բոլորին թվում է, այլ այն, որ գաղտնաբար թաքնված է ներսում և անտեսանելի է։ 

Երբ Ուլյան երկու տարեկան դարձավ, նա սկսեց խոսել, և խոսում էր մաքուր, բայց հազվադեպ, և քիչ բառեր գիտեր․․․ Նա դաշտում և գյուղական փողոցում տեսնում էր այն, ինչ բոլորին տեսանելի ու հասկանալի է։ Սակայն Ուլյան միշտ զարմանում էր իր տեսածից, իսկ երբեմն վախից գոռում ու լացում էր, ցույց տալով այն, ինչին նայում էր։

-Ի՞նչ է քեզ հետ կատարվում, ի՞նչ, Ուլյենկա, -հարցնում էր նրան հայրն  ու ձեռքն առնում, չհասկանալով՝ ինչից է Ուլյան տագնապում։ -Ի՞նչ ես այդպես ինձ նայում։

-Այնտեղ նախիրը դեպի բակ է գնում, իսկ այստեղ՝ ես քեզ հետ եմ։

Ուլյան ահով նայում էր հորը, ասես նա իրեն օտար էր, և երբեք չի տեսել նրան։ Վախով իջնում էր գետնին և փախչում հորից։ Միևնույն կերպ վախենում էր մորից և թաքնվում նրանից։

Հանգիստ Ուլյան լինում էր լոկ մթության մեջ, որտեղ նրա աչքերը ոչինչ չէին տեսնում։ Առավոտյան արթնանանալով՝ նա իսկույն ուզում էր փախչել տնից։ Եվ գնում էր մութ խրձանոց կամ դաշտ, որտեղ ձորակում ավազե անձավ էր, և այդտեղ նստում էր կիսախավարում՝ մինչև հայրն ու մայրը գտնում էին իրեն։ Իսկ երբ հայրը կամ մայրը նրան ձեռքն էին առնում, սեղմում իրենց և համբուրում աչքերը, Ուլյան վախից լացում էր և ամբողջովին դողում, ասես իրեն բռնել էին գայլերը, ոչ թե փաղաքշում էին ծնողները։

Եթե Ուլյան տեսնում էր խոտի վերևում ճախրող երկչոտ թիթեռնիկի՝ ճիչով մի կողմ էր փախչում նրանից, դեռ երկար խփվում էր նրա ահաբեկ սիրտը։ Իսկ ամենաշատը Ուլյան վախենում էր մի պառավից, տատիկիցս, որն այնքան ծեր էր, որ նրան մյուս բոլոր պառավներն էլ էին տատիկ կոչում։ Տատիկս հազվադեպ էր գալիս խրճիթ, որտեղ ապրում էր Ուլյան։ Իսկ գալուց՝ միշտ աղջկան նվեր սպիտակ ալյուրից բլիթ, կամ շաքարակտոր, կամ թաթպաններ էր բերում, որոնք ամբողջ քառասուն օր գործում էր, կամ էլի ինչ-որ բան, որ պետք է Ուլյային։ Ծեր տատիկս ասում էր, որ արդեն կմահանար, չէ որ իր ժամն եկել է, բայց հիմա չի կարող մահանալ․ Ուլյային հիշելուն պես՝ իր տկար սիրտը նորից շնչում և բաբախում է երիտասարդի սրտի պես, շնչում առ Ուլյան սիրուց, առ նա կարեկցանքից և բերկրանքից։

Իսկ Ուլյան, տեսնելով տատիկիս, իսկույն սկսում էր լացել, իր մթնած աչքերը նրանից չէր կտրում և վախից դողում էր։

-Նա ճիշտ չի տեսնում,- ասում էր տատիկս։ -Բարու մեջ չարն է տեսնում, իսկ չարի մեջ՝ բարին:

-Իսկ ինչո՞ւ է նրա աչքերում ամբողջ իսկական ճշմարտությունը երևում,- հարցնում էր հայրը։

-Քանի որ,- նորից ասաց ծեր տատիկս,- հենց նրանում ամբողջ ճշմարտությունը ճառագում է, իսկ հենց ինքը լույսը չի հասկանում, և իրեն ամեն ինչ հակառակն է թվում։ Նրա կյանքը կույրից էլ ծանր է։ Թող որ նա կույր լիներ։

-Գուցեև ճիշտ է տատիկս ասում, - մտածեց այդժամ հայրը։ -Վատը Ուլյան լավ է տեսնում, իսկ բարին՝ այլանդակ։

Ծաղիկներ Ուլյան չէր սիրում, դրանց երբեք չէր դիպչում, իսկ, փեշի մեջ գետնից սև աղբ հավաքելով, գնում էր մութ տեղ ու այնտեղ միայնակ խաղում՝ աղբը ձեռքերով քչփորելով և աչքերը փակելով։ Նա ընկերություն չէր անում գյուղում ապրող այլ երեխաների հետ և նրանցից փախչում էր տուն։

-Վախենում եմ,- բղավում էր Ուլյան։ -Նրանք վախենալու են։

Այդժամ մայրը Ուլյայի գլուխը սեղմում էր իր կրծքին, ասես ուզում էր թաքցնել երեխային և հանգստացնել նրան իր սրտում։ Իսկ երեխաները գյուղում երես առած չէին, բարի, մաքրադեմ, նրանք ձգվում էին առ Ուլյան և ժպտում նրան։ Մայրը չէր հասկանում՝ ինչից է Ուլյան վախենում և ինչ վախենալու բան են աշխարհում տեսնում նրա սքանչելի խեղճ աչքերը։ 

-Մի վախեցիր, Ուլյենկա,- ասում էր մայրը,- ոչնչից մի վախեցիր, չէ որ ես քեզ հետ եմ։

Ուլյան, նայելով մորը, նորից գոռում էր․

-Վախենում եմ։

-Ու՞մից ես վախենում, ես եմ։

-Ես քեզնից վախենում եմ, դու վախենալու ես,- ասում էր Ուլյան և փակում աչքերը, որպեսզի չտեսնի մորը։

Ոչ ոք չգիտեր՝ ինչ է տեսնում Ուլյան, իսկ հենց ինքը վախից ասել չէր կարողանում։ Գյուղում ևս մի աղջիկ էր մեծանում, նա չորս տարեկան էր և անունը Գրուշա էր։ Միայն նրա հետ սկսեց խաղալ Ուլյան և սիրեց նրան։ Գրուշան երկարադեմ էր․ դրա համար նրան «զամբիկի գլխիկ» էին կոչել, և բնավորությամբ բարկացկոտ, անգամ սեփական հորն ու մորը չէր սիրում և խոստանում էր, որ շուտով կփախչի տնից հեռու-հեռու և երբեք չի վերադառնա, քանզի այդտեղ վատ է, իսկ այնտեղ՝ լավ։

Ուլյան ձեռքերով շոշափում էր Գրուշայի դեմքն ու ասում նրան, որ գեղեցիկ է։ Ուլյայի աչքերը նայում էին Գրուշայի քինոտ, խոժոռ դեմքին զմայլանքով, ասես Ուլյան իր առջև գեղեցկադեմ բարի սիրող ընկերուհու էր տեսնում։ Իսկ Գրուշան մի անգամ հանկարծակի նայեց Ուլյայի աչքերին և հասցրեց տեսնել դրանցում ինքն իրեն ինչպիսին իրականում էր։ Նա վախից գոռաց և փախավ տուն։ Դրանից հետո Գրուշան ավելի բարեսիրտ դարձավ և չէր բարկանում ծնողների վրա, որ տանը վատ է։ Իսկ երբ ուզում էր չար լինել, հիշում էր իր սարսափելի կերպարը Ուլյայի աչքերում, վախենում էր ինքն իրենից և խելոք ու հեզ դառնում։

Թեպետ և տխրում էր Ուլյան ծաղիկներն ու մարդկանց բարի դեմքերը սարսափելի տեսնելուց, բայց, բոլոր փոքրիկների պես, հաց էր ուտում, կաթ խմում և մեծանում։ Իսկ կյանքն արագ է ընթանում, և շուտով Ուլյան նախ հինգ, հետո վեց ու յոթ տարեկան դարձավ։

Այդժամ նրանց գյուղ վերադարձավ այն գեղջուկ Դեմյանը, որ վաղուց հեռացել էր՝ անհայտ է ուր։ Նա վերադարձավ աղքատ ու հասարակ, սկսեց բոլոր մարդկանց պես հող փորել և հետո մինչև ծերություն բարի ապրեց։ Նա նույնիսկ ուզում էր Ուլյային որդեգրել և տանել իր տուն,  քանի որ ծեր ու միայնակ էր, բայց Ուլյայի խորթ ծնողները իրենց համաձայնությունը չտվեցին։ Նրանք իրենք Ուլյային տուն բերելուց հետո առանց նրա չէին կարողանում ապրել։

Հինգ տարեկանից Ուլյան դադարեց գոռալ ու վախից փախչել, նա լոկ տրտմում էր իր առաջ բարի ու հիասքանչ հոգի տեսնելիս, լիներ դա ծեր տատիկս կամ այլ հեզաբարո մարդ, և հաճախ լացում էր։ Սակայն նախկինի պես նրա մեծ աչքերի խորքում շողում էր ճշմարիտ կերպարը նրա, ում նայում էր։ Բայց հենց ինքը ճշմարտությունը չէր տեսնում, այլ տեսնում էր սուտը։ Եվ, ասես զարմանքի մեջ քարացած, զննում էին ամբողջ աշխարհը նրա դյուրահավատ, տրտում աչքերը՝ տեսածը չհասկանալով։

Երբ Ուլյան յոթ տարեկան դարձավ, խորթ ծնողներն ասացին նրան՝ նրա ինչն են, և այն, որ Ուլյայի հարազատ հայրն ու մայրն անհայտ է որտեղ են ապրում, և անհայտ է՝ ողջ են, թե՝ ոչ։ Խորթ ծնողներն ասացին դա խելամտորեն։ Նրանք ուզում էին, որ աղջիկը ճշմարտությունն իմանա իրենցից, այլ ոչ թե ուրիշներից, օտարները երբևէ կասեն նրան այդ մասին, բայց վատ ձևով և ցավ կպատճառեն երեխայի հոգուն։

-Իսկ նրանք նույնպես վախենալո՞ւ են, -հարցրեց Ուլյան իր հարազատ ծնողների մասին։

-Չէ, վախենալու չեն, - ասաց խորթ հայրը։ -Նրանք են քեզ լույս աշխարհ բերել, նրանցից սիրելի ոչ ոք չունես։

-Դու սխալ ես տեսնում, աղջիկ, - հառաչեց խորթ մայրը։ -Աչքերդ փչացած են։

Դրանից հետո Ուլյայի կյանքն էլ ավելի տրտմեց։ Ամառ էր, և Ուլյան մտածում էր, որ աշնան կողմ կհեռանա տնից, որպեսզի հանդիպի աշխարհում իրեն լքած հարազատ հորն ու մորը։

Եվ այդ ամառը դեռ չանցած՝ գյուղ եկավ մի տարեց գեղջկուհի՝ տրեխավոր ու հացի մախաղն ուսերի հետևում։ Երևում էր, որ նա եկել է հեռվից և ուժասպառվել։ Նա նստեց ճանապարհի ջրհորի մոտ, որի կողքին հին սոճի էր աճում, նայեց ծառին, հետո ելավ ու շոշափեց հողը սոճու շուրջը, ասես ինչ-որ բան էր փնտրում, վաղուց թողնված ու մոռացված։ Ոտնամանները փոխելով, կինը մոտեցավ խրճիթին, որտեղ ապրում էր Դեմյանը, ու նստեց հողանստարանին։

Որևէ անցորդ չկար, մարդիկ աշխատում էին դաշտում, և օտարուհին երկար նստել էր միայնակ։ Հետո բակերից մեկից աղջիկ ելավ։ Նա տեսավ օտար կնոջն ու մոտեցավ նրան։

-Դու վախենալու չես,- ասաց մեծ մաքուր լույսով շողացող աչքերով աղջիկը։

Օտարուհին նայեց աղջկան, ձեռքն առավ, հետո գրկեց նրան ու սեղմեց իրեն։ Աղջիկը չվախեցավ և չճչաց։ Այդժամ կինը համբուրեց երեխայի մի աչքը ու մյուսը, իսկ ինքն արտասվեց․ Ուլյայի մեջ նա ճանաչեց իր աղջկան՝ նրա աչքերից, վզի խալից, ամբողջ մարմնից ու իր դողացող սրտից։ 

-Երիտասարդ էի ես, հիմար, մարդկանց մեջ քեզ թողեցի,- ասաց կինը։ -Հետևիցդ եմ այժմ եկել։

Ուլյան սեղմվեց կնոջ փափկաջերմ կրծքին ու ննջեց։

-Ես քո մայրն եմ,- ասաց կինը և նորից համբուրեց Ուլյայի կիսափակ աչքերը։

Մոր համբույրը բուժեց Ուլյայի աչքերը, և այդ օրվանից նա սկսեց տեսնել արևապայծառ սպիտակ լույսը նույնքան սովորական, որքան բոլոր մյուսները։ Նա հանդարտ նայում էր առաջ իր գորշ ,վճիտ աչքերով և ոչ ոքից չէր վախենում։ Նա ճիշտ էր տեսնում․ հիասքանչն ու բարին, որ կա աշխարհում, նրան հիմա սարսափելի ու այլանդակ չէր թվում, իսկ չարն ու դաժանը՝ հիասաքանչ, ինչպես առանց հարազատ մոր էր։

Սակայն Ուլյայի աչքերի խորքում այդ ժամանակվանից ոչինչ չէր երևում՝ ճշմարտության գաղտնի կերպարն անհետացավ։ Ուլյան դառնություն չզգաց, որ ճշմարտությունն այլևս չի ճառաքում իր աչքերում, իսկ հարազատ մայրը ևս չտրտմեց՝ դա իմանալով։

-Մարդկանց պետք չէ ճշմարտությունը տեսնել, - ասաց մայրը,- նրանք իրենք այն գիտեն, իսկ ով չգիտի՝ տեսնի էլ՝ մեկ է, չի հավատա։

Այդ ժամանակ ծեր տատիկս մահացավ և էլ ոչինչ չկարողացավ պատմել ինձ Ուլյայի մասին։ Բայց շատ ժամանակ անց ես ինքս մի անգամ տեսա Ուլյային։ Նա գեղեցիկ աղջիկ էր դարձել, այնքան գեղեցիկ, որ ավելի լավն էր, քան հարկ է մարդկանց, և այդու մարդիկ զմայլվում էին նրանով, բայց սիրտը նրանց անտարբեր էր մնում նրա հանդեպ։

 

                                                                  

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի