Վալոդիկն իր արժեքը գիտեր

«Փոքր քաղաքի մեծ մարդիկ» շարքից

Շրջանային «Արաքս» թերթի ջահել լրագրողը հանձնարարություն էր ստացել առավոտ շուտ՝ ժամը 5-ին, լինել կոլխոզի գրասենյակի մոտ, կոլխոզնիկների հետ բարձրանալ նախկին Արևիկ գյուղ, որի տեղում հիմա խոտհարք էր, և ռեպորտաժ պատրաստել խոտհնձից։

Լույսը նոր-նոր էր բացվում։ Լրագրողն իր սովորության համաձայն 15 րոպե շուտ արդեն կոլխոզի գրասենյակի մոտ էր։ Մարդ չկար։ Շենքում միայն նախագահի սենյակի լույսն էր վառվում։ Մեկ էլ մուտքի մոտ կոլխոզի բեռնատարն էր կանգնած։ Դրանով պիտի գնային Արևիկ։

Քիչ հետո եկավ կոլխոզի կուսկազմակերպության քարտուղարը՝ քնատ ու հոգնած դեմքով. նախորդ օրը տղերքով «լվացք էին արել»։ Նախագահը դուրս եկավ ու սկսեց գոռգոռալ նրա վրա, թեպետ կուսքարտուղարը, հաստատ, մեղք չուներ։

-Շտե՞ղ են, արա, էդ «դալբայոբները», հեսա արևը կբարձրանա…

Քիչ-քիչ սկսեցին մոտենալ նաև կոլխոզնիկները՝ գերանդիները ուսներին. մեկը ձև անելով, թե շտապում է, մեկը՝ ծխախոտը ատամների տակ, հանգիստ քայլելով, մեկը՝ կոշիկի քուղերն արձակած՝ իբր էնպես եմ շտապել, չեմ հասցրել կապել…

Նախագահը բոլորին դիմավորում էր համարյա նույն բառերով.

-Տնաշեննե՛ր, առավոտ քշերով կոխում եք, էլ հանել չկա, արա, որ ժամանակին գաք…

Ջահել լրագրողը փորձում էր չլսել նախագահի բարկացած խոսքերը։ Նրան ուրիշ ձայն էր հետաքրքրում։

Փողոցից համաչափ խշշոցներ էին լսվում։

Փոքր քաղաքի մեծ մարդկանցից երկուսը՝ Վալոդիկն ու իր կինը՝ Անոն էին. մեկը բանկի, մյուսը՝ ավանային սովետի գրասենյակի կողմից ցախավելներով մաքրում էին Բուլվարին հարակից փողոցները։

Հետո էդպես ավլելով մեկը գործը շարունակելու էր Մելիք-Օհանջանյանով մինչև Քարակերտ, մյուսը՝ Գործարանայինով մինչև Կառուցողների փողոց։

Ամեն առավոտ գործի շտապող մարդիկ քայլում էին քաղաքի մաքուր փողոցներով, որովհետև Վալոդիկն ու Անոն ամառ-ձմեռ, գարուն-աշուն լուսաբացից մաքրում էին։

«Իսկական ակնարկի կամ սիրուն պատմվածքի թեմա է»,- մտածեց ջահել լրագրողը, որը ոչ խոտ հնձել էր սիրում, ոչ էլ էդ մասին նյութեր գրել։ Նա Վալոդիկի ու Անոյի աշխատանքը գիտեր, բայց առիթ չէր ունեցել տեսնելու, որ նրանց օրը սկսվում է էդ ժամից։

«Բա նրանք ե՞րբ են քնում»,- մտածեց լրագրողը. Գործարանայինից հետո էլ Անոն անցնում էր Սահմանապահների փողոցը մաքրելուն՝ մինչև Չորրորդ բրիգադի դարպասները, որտեղից նրա գործը շարունակում էր Համոզաց Ալինան։

Իսկ Վալոդիկը կեսօրից հետո աղբատարի վարորդ Հուսեյնի մեքենայով շրջում էր թաղերով՝ տներից աղբը հավաքելու։

-Զիբիլները բերեեեեեք, -հնչում էր Վալոդիկի զիլ ձայնը, երբ դեռ աղբատարը նոր էր իջած լինում Մրգանուշ փողոցի Տրդհատաց տան մոտի 45 աստիճան թեքությամբ յոխշը և արդեն կանգ էր առնում Բորիկաց այգու պատի տակ։

Թաղի բոլոր տներից մարդիկ դույլերը ձեռքներին դուրս էին գալիս, ներքևից փոխանցում թափքում նստած Վալոդիկին։ Նա դույլը դատարկում էր, ապա վերադարձնում տիրոջը։

Կարճահասակ մարդ էր Վալոդիկը. հասակը հազիվ մեկ ու երեսուն լիներ։ Մի աչքը մյուսից փոքր էր՝ կարծես միշտ կկոցած էր։ Աջ ձեռքի ցուցամատը միշտ ցցված էր։ Էդ մատը տնկած՝ համարյա դիմացինի աչքը խոթելով էլ խոսում էր։  

Ջահել լրագրողը, հեռվից տեսնելով Վալոդիկի ցախավելի պոչի հետևից ցցված ցուցամատը, ժպտաց, որովհետև իր աջ ձեռքի ցուցամատն էլ մինչև 8-9 տարեկան էդպես էր եղել. կարագի քոռ դանակով ջիլը կտրել էր ու վախից մատը ցից էր պահում։ Ամենից ծիծաղելին թեյը խառնելուց էր՝ գդալը աջ ձեռքին բռնած՝ ցուցամատը առաջ պարզած էր խառնում։ Եվ էդ մատին տնեցիներն ու դասարանցիները հենց «Վալոդիկի մատ» էին ասում։

Վալոդիկը սրախոս էր, ի տարբերություն կնոջ՝ Անոյի, որը լուռ իր գործն էր անում, համենայն դեպս դրսերում չէր խոսում։ Լավ զավակներ ունեին, որոնք մեծացան, ամեն մեկն իր տունուտեղը դրեց, իր գործն ունեցավ։

…Մինչ կոլխոզի նախագահը շան լափ էր թափում հերթական ուշացողի գլխին, երիտասարդ լրագրողը, Վալոդիկի ու Անոյի աշխատանքին հետևելով, հիշողության մեջ, իբրև կինոյի հրաշալի կադր, թարմացնում էր իր մանկությունից մի դրվագ, որ 1960-ականներին էր եղել:

Շրջկոմի շենքի տեղում՝ փոսի մեջ, հին շուկան էր՝ Շահի առվի վրա կառուցված փայտաշեն խանութաշարով։ Խանութներից մեկն էլ հացինն էր։ Ինքը ութ կամ ինը տարեկան էր: Մանկության ընկերոջ՝ Հրաչի հետ հացը առել էին ու աստիճաններով բարձրացել Բուլվարի կողմ, որ տուն վերադառնան...  

Բուլվարում աղմուկ էր, ու Վալոդիկի ձայնը հասավ ականջներին... Վալոդիկը, հավանաբար նաև մի քիչ խմած էր, ամենավերջին խոսքերով ուշունց էր տալիս: Օրվա վերջ էր, և ահագին ժողովուրդ կար՝ գործից դուրս եկած մարդիկ, որ տուն էին շտապում, բայց թամաշա էին տեսել, կանգնել ու նայում էին։ Էդտեղ էին նաև միլպետը, դատախազը և դատավորը, որոնք, հավանաբար, միացել էին աշխատաքից հետո ինչ-որ տեղ գնալու համար:

Թե սրանք դիտողություն էին արել Վալոդիկին, թե ուրիշ բան էր եղել, ոչ ոք էդպես էլ չիմացավ, բայց Վալոդիկը հենց նրանց էր ուշունց տալիս՝ ցից մատը տնկելով մերթ միլպետի, մերթ դատախազի, մերթ դատավորի ուղղությամբ։ Ու էնպիսի բառերով, որ 8-9 տարեկան երկու տղաները, թեպետ առաջին անգամ էին լսում, հասկանում էին, որ փիս ուշունցներ են։

Ու ամեն ուշունցից հետո Վալոդիկը կրկնում էր.

-Դե բռնեք էէէէէ, բռնեք էէէէէ, բռնեք տարեք՝ տասնհինգ սուտկա տվեք, նստացրեք... Կուտեք…, -ու նորից՝ մի ամբողջ շարք հայտնի ու անհայտ ուշունցներ էր տալիս՝ առարկայացնելով այն, ինչը «ուտացնում էր», - ... Կուտեք՝ կնստացնեք... Երկու օր նստացնեք՝ սաղ Մեղրին քաքի մեջ կկորի...

Ինքն իր արժեքը գիտեր և գիտեր, որ դա գիտեն նաև միլպետը, դատախազն ու դատավորը ու չեն համարձակվի իրեն նստեցնել...

 

***

Լրագրողն ինքն իրեն դեռ ժպտում էր էս հուշից, երբ լսվեց կոլխոզի նախագահի հերթական բարկացած գոռոցը՝ ամենավերջինը ժամանած կոլխոզնիկի վրա.

-Արա՜, անպայման ա՞ տեղաշորից վեր կենալուց կնկանդ վրայով անցնես…  

 

Մեսրոպ Հարությունյան