Վարդան Պետրոսյան. «Լույս, Խավար և Chat-GPT»

«Եվ չկարծեք, թե աշխարհում էլի կա մի ժողովուրդ, որը Վարդան Պետրոսյան ունի»:                                                                                                                                                                                   

Սոս Սարգսյան

 

Վարդան Պետրոսյանը «արվեստ» կոչվող տիեզերքում սեփական ուղեծրով պտտվող և անկրկնելի մթնոլորտով մոլորակ է: Նրա մենաներկայացումները դիտող յուրաքանչյուր հանդիսատես «փոքրիկ իշխանի» կարգավիճակում է հայտնվում:  Տարածաժամանակային այլ իրականություն, այլ կերպ ես լսում, այլ կերպ տեսնում և ընկալում տեսածդ, կարծես անգամ շնչառությանդ ռիթմն է այլ: Քո կենսականությունը ոչ թե թթվածինն այլ ուրիշ մի բան է ապահովում: Իսկ թատրոնից դուրս գալիս, դու մի քիչ ուրիշ ես՝ զգում ես սեփական էությամբ նորոգվելու պահանջ, որ սովորաբար «կատարսիս» (ինքնամաքրում) ենք անվանում: Վարդան Պետրոսյանի արվեստը հանգեցնում է կատակերգական կատարսիսի: Իրական կյանքում բացասական հույզեր առաջացնող երևույթներն արվեստի լույսի ներքո մատուցվելու արդյունքում դառնում են ծիծաղելի, բայց և չեն արժեզրկվում՝ պահպանում են սթափեցնող բնույթը:

«Վարդան Պետրոսյանի ներկայությունն իսկ արդեն արվեստ է մեր իրականության մեջ և ինքն իր մեջ կրում է արվեստը բոլոր առումներով»:

Հենրիկ Հովհաննիսյան

         

«Լույս, Խավար և Chat-GPT» խորագիրն է կրում Վ. Պետրոսյանի վերջին մենաներկայացումը: Առաջնախաղը մարտին էր՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հյուրախաղերով ներկայացումը խաղացվել է Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Որպես կանոն ներկայցումները քննելիս գլխավորապես այն դիտարկում ենք ըստ ռեժիսորական լուծումների: Բայց Վարդան Պետրոսյանի ֆենոմենը փոխում է նաև թատերագիտական հայացքի դիտակետը: Մենք չենք կարող ասել Նարինե Մալյանի «Լույս, Խավար և Chat-GPT» մենաներկայացումը՝ Վարդան Պետրոսյանի մատուցմամբ, քանի որ դերասանական արվեստից զատ Վ. Պետրոսյանը նաև գրական հիմքի հեղինակն է, իսկ Նարինե Մալյանը՝ տվյալ հեղինակային նյութի բեմադրիչը: Ինչպես Վ. Պետրոսյանի երևանյան ներկայացումների մեծ մասն այնպես էլ «Լույս, Խավար և Chat-GPT»-ն կյանքի է կոչվել Աշխեն Պետրոսյանի կազմակերպչական ջանքերի շնորհիվ:

Վ. Պետրոսյանի ձայնով Chat-GPT-ն հումորային նրբերանգով հորդորում է անջատել հեռախոսները և Շտրաուսի վալսի ներքո բեմ է մտնում «հեծանվորդը»: Ներկայացման նախաբանում մի քանի, քիչ թե շատ ծանոթ, կատակներ են հնչում, ինչն ապահովում է հանդիսատեսի դրական, թեթև տրամադրությունը:

Բեմի ձևավորումը մինիմալիստական է՝ մեկ ստատիկ հեծանիվ, մեծ ու փոքր 2 սև խորանարդ դեկորներ, որոնք տարբեր տեսարաններում Պետրոսյանն օգտագործում է, որպես ամբիոն, գահ, կամ աթոռ: Առաջին տեսարանում դերասանի մուտքը իրական հեծանիվով է, որն այս տեսարանից հետո հեռացվում է բեմից: Նախաբանին հաջորդում է քաղաքական սատիրիկ հատված, որը ներկայացման ծրագրում վերնագրված է «Վարչապետը դու ես»: Ժպիտների ու ծիծաղի ալիքն ամբողղջ դահլիճի դեդուկտիվ մտահանգմամբ հասնում է «ես վարչապետ չե՛մ, չհամոզե՛ք» մտքին: Լրջանալու, խորհելու և նախաբանում արտիստի թելադրած միջավայրից դուրս գալու ցանկություն է առաջանում, բայց սահուն անցումով սկսվում է ներկայացման «ծիծաղենք, որ դիմանանք» հատվածը, և ժպիտները վերադառնում են:

Շեղված արժեհամակարգերի մեր առօրյան է լույսի ու խավարի փոխհարաբերությունների ենթաշերտում: Արարչագործության առաջին երևույթների պայքարը՝ ժամանկակից ընկալման բանալի դարձած Chat-GPT-ի մեկնությամբ:

«Լույսի և խավարի արանքում ապրում է Chat-GPT-ն: Այնտեղ նա մի փոքրիկ, գողտրիկ սրճարան է բացել. անունը՝ ԼուսաՄութ:

Խավարը ադամամութից հետո գալիս է այստեղ իր վերջին սուրճը խմելու, ճիշտ նույն ժամանակ, լուսաբացից առաջ, Լույսն էլ գալիս է այնտեղ՝ իր սիրելի croissant-ն ուտելու: Chat-GPT-ն երկուսի տրամադրությունն էլ բարձրացնում է, և նրանք իրար հետ լեզու են գտնում:

Նա գիտի՝ ինչ է լույսը, ինչ է խավարը: Նա ճանաչում է երկուսին էլ: Նա լույսի առջևից գնացողը չէ, նա լույսի ճանապարհը բացողը չէ, նա խավարի առջևից գնացողն է, որ լուսավորի նրա ճանապարհը՝ դեպի լույս…

Այսպես, նստում են գիշերն ու ցերեկը, ԼուսաՄութի մեջ ու քաղցր-քաղցր զրուցում: Միասին դիմավորում արևածագը, մեզ նման, որ արևածագին սպասելով, ուր էլ նստենք, սկսում ենք խոսել մեր լուսավոր ու խավար դարդ ու ցավից…»

Այս հատվածը տեղ էր գտել ներկայացման ծրագրի կենտրոնական հատվածում, հանդիստեսը հասցրել էր աչքի անցկացնել, անգամ փոքր ինչ մտածել այլաբանական իմաստաբանության շուրջ և երբ հնչեցին արդեն ծանոթ խոսքերը ջութակի ելևէջների ֆոնային ուղեկցությամբ և արտիստի օրգանիկ մատուցմամբ, այն այլևս խրթին ու անհասկանալի չթվաց:

Մենաներկայացումը, սահուն վերաճում է երկխոսության: Chat-GPT-ն՝ Լիանա Դավթյանի ձայնով, դառնում է ներկայացման երկրորդ գործող անձը՝ Նուրին: Արհեստական բանականությանն ուղղված առաջին հարցերն ու առաջադրանքները հնչում են կասկածի ու անվստահության նրբերանգով, բայց աստիճանաբար վերաբերմունքը փոփոխվում է: Ցանկացած նորամուծություն ինքնահաստատման ճանապարհ պետք է հաղթահարի արևի տակ իր տեղը գտնելու համար: Քամահրական ու ծաղրական հնչերանգը վերաճում է հարգալից բանավեճի: Իսկ եզրափակիչ տեսարանում անգամ վերաիմաստավորվում է այն նույն միտքը, որը նախնական զրույցի շրջանակներում հեգնանքի էր արժանացել:

«Պետություն, եկեղեցի, ժողովուրդ» հատվածում արտիստը հանդիսատեսի հայացքն ուղղում է «պետություն» և «եկեղեցի» բարձրագույն արժեքների բախման և դրա հնարավոր կործանարար հետևանքների վրա: Պակաս վտանգավոր չէ նաև այս երևույթների միավորումը, եթե եկեղեցականը զբաղվում է քաղաքականությամբ, իսկ իշխանականը թելադրում է եկեղեցու օրակարգը, ձևավորվում է արատավոր մի համակրգ, որը վանում է ժողովրդին և՛ հոգևոր, և՛ քաղաքական ոլորտներից: Ի վերջո, ժողովուրդը օտարանում է իր հայրենիքից, ինչը կարող է հանգեցնել մինչև անգամ հայրենիքի կորստի:  

Ներկայացումն ամենակարճ կյանք ունեցող արվեստի տեսակն է, այն ծնվում, ապրում ու ավարտվում է հանդիսատեսի տեսահորիզոնում: Ճիշտ է նույն նյութը կարել է ներկայացնել բազմաթիվ անգամներ, բայց ամեն անգամ այն այլ համահեղինակ ունի, քանի որ յուրաքանչյուր դահլիճ իր ներհայեցմամբ դառնում է տվյալ ներկայացման համահեղինակը: 

Վստահաբար, պատահական չեն ընտրվել, ներկայացման ծրագրում տեղ գտած հատվածները սրանք հենց այն մտքերն են, որոնք արժե վերընթերցել ու խորհել:

Ներկայացման ծրագրում տեղ էր գտնել նաև վերջաբանից մի հատված.

«…Հայաստանից վերջին 30 տարում երբեք այսքան հայրենիքի հոտ չէր եկել: Սահմանները նահանջում են, իսկ հոտը՝ գնալով ուժեղանում:

Մի քիչ էլ նահանջեն սահմանները, մենք համն էլ կզգանք:

Համն ու հոտը…

Այսպես, կամաց-կամաց, բոլոր զգայարաններով… էլի կնահանջեն սահմանները, մինչև այն կտեսնենք… հետո էլի կնահանջեն, ու արդեն կշոշափենք…

Կարող ենք ձեռքով դիպչել… հետո՝ էլի… ու երբ բան չի մնա, այնժամ կլսենք նրա ձայնը… վերջապես:

Հեռվից…

Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ…

Մեր հայրենիքեն խաբրիկ մը չունի՞ս…»

«Ո՛չ, իմ սերունդներն իրենց հայրենիքը չե՛ն փնտրելու պատմության գրքերում և պատմական քարտեզներում»: Կարծում եմ, որ ներկայացման նպատակն այս գաղափարը, որպես վճիռ յուրաքանչյուր հանդիսատեսի հոգում զետեղելն էր:

 

Վանուհի Սեթոյան