Վիշապը

Նա ապրում էր անել խորունկ քարանձավի մուժում, հենց ժեռուտ լեռան սրտում, ուր ողջ նրա սնունդը բաղկացած էր չղջիկներից, առնետներից և մեկ էլ բորբոսից։ Երբեմն, ճիշտ է, քարանձավ էին մտնում շթաքարեր որոնողները, ճարպիկ ճանապարհորդները՝ և դա համեղ էր։ Հաճելի էր նաև հիշել այնտեղ արդարադատությունից փրկվել ջանացող ավազակին և երկու շներին, որ մի անգամ թողել էին այնտեղ, որպեսզի ստուգեին՝ արդյոք դա միջանցիկ ճանապարհ չի ողջ լեռնային արահետով։ Բնությունը շուրջբոլորը վայրի էր, ժայռերի վրա դեսուդեն փռված էր ծակոտկեն ձյունը, պաղ թնդյունով որոտում էին ջրվեժները։ Նա ձվից դուրս էր եկել մի հազար տարի առաջ, և, միգուցե, այն պատճառով, որ դա փոքր-ինչ հանկարծակի էր պատահել, վիթխարի ձուն մի մրրկալից գիշեր ճեղքել էր կայծակի հարվածը՝ վիշապը ելել էր վախլուկ եւ հիմարավուն։ Բացի այդ, նրա վրա սաստիկ ազդել էր մոր մահը․․․ Նա վաղուց սարսափ էր տարածում մերձակա գյուղերի վրա, հուր էր խորխում, արքան բարկանում էր, նրա որջի մոտ մշտապես վազվզում էին ասպետները, որոնց նա, ընկույզների պես, ջարդոտում էր։ Բայց մի անգամ, երբ, կուլ տալով ճարպոտ արքայական խոհարարին, նա ննջեց արևից տաքացած ժայռի վրա, նրան մոտ սուրաց երկաթյա զրահով մեծն Գենոնը, արծաթե ցանցի տակ սևաթույր ձիով։ Խեղճը քնատ ծառս եղավ, բռնկվելով կանաչ ու կարմիր սապատների խարույկներով, և ասպետը, վրա հասնելով, խրեց սրընթաց գեղարդը նրա ողորկ, սպիտակ կուրծքը՝ նա տապալվեց, և տեղնուտեղը վարդագույն վերքից կողքանց ելավ գեր խոհարարն իր վիթխարի, ծխացող սիրտը թևատակին։
Ջահել վիշապն այդ ամենը տեսնում էր, ժայռի ետևում թաքնված, և այդ ժամանակից ի վեր չէր կարողանում առանց սարսռալու մտածել ասպետների մասին։ Նա հեռացավ քարանձավի խորքը, ուրկից ոչ մի տեղ աչք չէր ածում։ Այդպես անցավ տասը դար՝ քսան վիշապային տարի։
Եվ հանկարծ նա սկսեց անասելի կարոտել․․․ Բանն այն է, որ ոչ թարմ քարանձավային սնունդը դաժանագույն ստամոքսային տագնապներ էր հարուցում, զզվելի ղռղռոց ու ցավ։ Ինը տարի նա որոշում և տասներորդ տարում որոշեց։ Դանդաղ ու զգույշ, ժողվելով ու բացելով պոչի օղակները, նա ելավ իր անձավից։
Եվ մեկից զգաց՝ գարուն է։ Սև ժայռերը, լվացված նորերս պատահած տեղատարափից, շողշողում էին, լեռնային գետակի հեղեղում եռում էր արևը, օդում որսամիս էր բուրում։ Եվ վիշապը, այրվող ռունգները լայնացնելով, սկսեց հարթավայր իջնել։ Ընդ որում նրա, ինչպես ջրաշուշան, ողորկ, ճերմակ փորը համարյա դիպչում էր հողին, ուռած կանաչ կողերի վրա ցցվում էին բոսորագույն կապտուկները, և ամուր թեփուկը վերածվում էր մեջքի վրա սրածայր հրդեհի՝ առ պոչի մոտ փոքրացող կրկնակի շիկակարմիր ողնաշարը։ Գլուխը ողորկ էր, կանաչավուն, հրե լորձունքի պղպջակները կախվում էին վարի շուրթից, փափուկ և գորտնկավոր՝ և վիթխարի թեփուկավոր թաթերը խորունկ հետքեր էին թողնում, աստղակերպ փոսեր։ Իջնելով հովիտ, առաջինը, որ նա տեսավ, ապառաժոտ լանջերով վազող գնացքն էր։ Վիշապը սկզբում ուրախացավ, գնացքը բարեկամի տեղ ընդունելով, ում հետ կարելի է խաղալ, բացի այդ նա մտածեց, որ շողշողուն տեսքից ամուր եղջերահետքի տակ փափուկ միս է թաքնված։ Այդու նա ընկավ դրա ետևից, խուլ եւ տամուկ ոտնաթաթերով շրմփացնելով, բայց այն է ուզում էր հափռել վերջին վագոնը, երբ գնացքը թռավ թունելի մեջ։ Վիշապը կանգ առավ, գլուխը խոթեց սև որջի մեջ, ուր գնացել էր ավարը․ անցնել անհնար էր։ Նա մի երկու անգամ փռշտաց առ խորություն, գլուխը ներս քաշեց և, ետևի թաթերի վրա նստելով, սկսեց սպասել՝ մեկ էլ տեսար կրկին դուրս վազի։ Որոշ ժամանակ սպասելուց հետո, նա գլուխը թափահարեց և առաջ անցավ։ Այդ պահին սև որջից դուրս թռավ գնացքը, խորամանկ շողաց ապակիներով և թաքնվեց շրջադարձի ետևում։ Վիշապը նեղացած նայեց ուսի կողմից և, պոչը խողովակի պես ցցելով, շարունակեց իր ճամփան։ Մթնում էր։ Դաշտերի վրա լողում էր մշուշը։ Աժդահա գազանին կենդանի լեռան վրա, տեսել էին տուն դարձող գյուղացիներն ու, ապշելով, քարացել էին՝ իսկ, մայթով սուրացող փոքրիկ ավտոմեքենայի անվադողերը մեկեն չորսն էլ պայթել էին, և, թռչկոտալով այն ընկավ ջրանցքը։ Բայց վիշապը հար գնում ու գնում էր, ոչինչ չնկատելով․ հեռվից ձգվում էր կենտրոնացած մարդկային ամբոխների տաք հոտը՝ և դե այնտեղ էլ նա ձգտում էր։ Եվ ահա գիշերային երկնքի ընդարձակ կապույտի վրա նրա առաջ հառնեցին մեծ գործարանային քաղաքը հսկող սև գործարանային խողովակները։
Այդ քաղաքի գլխավոր անձինք երկուսն էին՝ «Հրաշք» ծխախոտային ֆիրմաների տերերը։ Նրանց միջև վաղեմի թշնամություն էր բռնկվել, որի մասին կարելի էր մի ողջ էպիկական պոեմ գրել։ Նրանք ամեն ինչում մրցակցում էին՝ գովազդների խայտաբղետության, դրանց տարածման վարժաձևերի, գների, աշխատավորների հանդեպ վերաբերմունքի՝ բայց ոչ ոք չէր կարող որոշակիորեն ասել, թե ում կողմում է գերակշռությունը։ Այդ նշանակալից գիշերը «Հրաշք» ֆիրմայի սեփականատերը մինչև կեսգիշեր մնաց իր գրասենյակում։ Կողքին՝ սեղանի վրա փռված էին նոր, հենց նոր տպագրված գովազդները, որոնք լուսաբացին բեռնակիրները պիտի փակցնեին քաղաքով մեկ։
Հանկարծ լռության մեջ զանգը թռչկոտաց, և մի քանի ակնթարթ անց մտավ մի վտիտ դժգույն մարդ աջ այտի վրա ուղտափշի պես գորտնուկով։ Ֆաբրիկանտը նրան ճանաչում էր՝ դա, ծայրամասում, «Հրաշք» ֆիրմայի կառուցած, օրինակելի պանդոկի տնօրենն էր։
-Ժամը երկուսն է, ընկեր։ Ձեր այցը կարող եմ արդարացնել միայն չլսված կարևորության իրադարձությամբ։
-Այդպես էլ կա, - ասաց պանդոկապանը հանգիստ ձայնով, թեև նրա գորտնուկը թրթռում էր։ Եվ նա հետևյալը պատմեց․
Նա պանդոկից դուրս էր ուղեկցում, լուլ խմած հինգ հին աշխատողների։ Ելնելով փողոց, նրանք, հավանաբար, տեսան ինչ-որ բավական հետաքրքրական մի բան, քանզի բոլորը ծիծաղեցին։
Օ՜հ, - թնդած նրանցից մեկի ձայնը։ - Ես, երևի թե շատ եմ խմել, եթե հարթմնի տեսնում եմ հիդրա հակա․․․
Նա չհասցրեց վերջացնել։ Սարսափելի, ծանր աղմուկ հորդեց, ինչ-որ մեկը ճչաց, պանդոկապանը դուրս նայեց։ Հրեշը, փայլկտող խավարում, ինչպես թաց լեռ, կլլում էր, հիդրամռութը ետ գցած, ինչ-որ խոշոր բան, ինչից նրա ճերմակավուն վիզն ուռչում էր երփներփող ելունդներով․ կուլ տալով, նա թուքը կլլեց, ողջ մարմնով տատանվեց և փափուկ իջավ փողոցի մեջտեղում։
-Ես կարծում եմ նա ննջեց, - խոսքն ավարտեց պանդոկապանը, մատով կանգնեցնելով թրթռացող գորտնուկը։ Ֆաբրիկանտը ելավ։ Խանդավառ ոսկե կրակով ցայտեցին ամուր պլոմբները։ Կենդանի վիշապի հայտնվելը նրա մեջ, բացի կրքոտ ցանկությունից, ոչ մի այլ զգացողություն չծնեց, որով նա ամեն բանում ղեկավարվում էր՝ հաղթել թշնամական ֆիրմային։
-Էվրիկա, - բացականչեց նա։ - Ահա թե ինչ, թանկագին ընկեր, արդյոք էլի վկաներ կա՞ն։
-Չեմ կարծում, -պատասխանում էր պանդոկապանը։ - Բոլորը քնած էին, և ես որոշեցի ոչ մեկին չարթնացնել և ուղիղ ձեզ մոտ եկա։ Ի խուսափումն տագնապի։
Ֆաբրիկանտը դրեց գլխարկը։
-Հիանալի է։ Վերցրեք ահա՛ սա, - չէ, ոչ ողջ կույտը, - մի երեսուն-քառասուն թերթ․ եւ ահա այս բանկան վերցրեք, դե, - վրձինը նույնպես։
-Այսպես։ Հիմա ինձ տարեք։
Նրանք ելան ի մթին գիշեր և շուտով հասան մի խաղաղ փողոց, որի ծայրին, ըստ պանդոկապանի խոսքերի, պառկած էր հրեշը։ Մենավոր դեղին լապտերի լույսի ներքո նրանք սկզբում տեսան մայթի մեջտեղում գլխիվայր կանգնած ոստիկանին։ Հետագայում պարզվեց, որ իր գիշերային հսկողական շրջագայությունը կատարելիս, նա դեմ առավ վիշապին և այնպես վախեցավ, որ շրջվեց ու քարացավ։ Ֆաբրիկանտը, հաղթանդամ և ուժեղ մի մարդ, ինչպես գորիլա, նրան ուղիղ դրեց և դեմ տվեց լապտերասյանը․ այնուհետև մոտեցավ վիշապին։ Վիշապը քնած էր, դե և զարմանալի չի։ Նրա կլլած անձինք մինչև ուղնուծուծը գինով էին ներծծված եւ հյութեղ պայթեցին նրա երախում։ Անոթի հարբածությունը նրա գլխին տվեց, և, երանելի ժպտալով, նա իջեցրեց կոպերի ժապավենները։ Նա պառկած էր փորի վրա, առջևի թաթերը ծալած, և լապտերի լույսը փրցնում էր նրա կրկնակի սապատների շողշողուն աղեղները։
-Սանդուղք դրեք, - ասաց ֆաբրիկանտը պանդոկապանին։ - Ես ինքս կփակցնեմ։
Եվ, չփութալով, ընտրելով հարթ տեղերը հրեշի լպրծուն, կանաչ կողերի վրա, նա սկսեց վրձինը քսել նրա թեփուկավոր մաշկի վրա և դրանց սեղմել գովազդների ընդարձակ թերթերը։ Բոլոր թերթերն օգտագործելով, նա նշանակալից սեղմեց խիզախ պանդոկապանի ձեռքը և, սիգարը ծամծմելով, իր տուն դարձավ։
Վրա հասավ առավոտը, հիասքանչ, գարնանային առավոտը, մեղմացած բաց մանուշակագույն փառով։ Եվ հանկարծ փողոցներում զվարթ հուզված աղմուկ բարձրացավ, զրնգացին դռները, լուամուտափեղկերը, մարդիկ դուրս թափվեցին, խառնվելով նրանց, որոնք ծիծաղում ու ինչ-որ տեղ էին սլանում։ Այնտեղ, հույլ թփթփացնելով ասֆալտի վրա, ընթանում էր վիշապը, լիովին ինչպես կենդանի, գունագեղ գովազդներով փակցված։ Դրանցից մեկը նույնիսկ փակչել էր նրա հարթ գլխագագաթին։ «Ծխեք միայն «Հրաշք», - ցնծում էին գովազդների կապույտ և վառ կարմիր տառերը։ «Ով իմ ծխախոտները չի ծխում՝ հիմար է»։ «Հրաշք» ծխախոտը օդը մեղրի է վերածում։ «Հրաշք», -«Հրաշք», «Հրաշք»։
-Իսկապես՝ հրաշք է՝ ծիծաղում էր ամբոխը։ - Եվ այդ ինչպես է սարքված՝ մեքենան, թե՞ մարդիկ։ Վիշապն ակամա գինարբուքից հետո իրեն նողկալի էր զգում։ Այդ գարշելի գինուց հետո նրա սիրտը հիմա խառնում էր, ողջ մարմնում թուլություն էր զգում, և նախաճաշի մասին մտածելու բան էլ չկար։ Բացի այդ նրան հիմար սաստիկ ամոթ էր համակել, առաջին անգամ ամբոխի մեջ ընկած էակի տանջալից վեհերոտությունը։ Անկեղծ ասած, նա շատ էր ուզում վերադառնալ իր մոտ՝ քարանձավ, բայց դա շատ ավելի ամոթ կլիներ, - և այդ պատճառով նա շարունակում էր մռայլ ընթանալ քաղաքով։ Մի քանի մարդ պլակատները մեջքներին նրան պահպանում էին հետաքրքրասերներից՝ տղեկներից, որ ձգտում էին նրա սպիտակ փորի տակն անցնել, բարձրանալ բարձր ողնաշարի վրա, մռութին դիպչել։ Երաժշտություն էր հնչում, բոլոր պատուհաններից նայում էին մարդիկ, վիշապի ետքից շարան-շարան գնում էին ավտոմեքենաները, դրանցից մեկում նստած էր, փռվելով, ֆաբրիկանտը՝ օրվա հերոսը։
Վիշապը քայլում էր, ոչ մեկին չնայելով, շվարած այն անհասկանալի զվարթությունից, որ նա հարուցում էր։ Իսկ լուսավոր գրասենյակում, մամուռի պես փափուկ գորգի վրայով ետ ու առաջ էր քայլում, բռունցքները սեղմելով, մյուս ֆաբրիկանտը՝ «Մեծ սաղավարտ» ֆիրմայի սեփականատերը։ Բաց պատուհանի մոտ, նայելով երթին, կանգնած էր նրա ընկերուհին`փոքրիկ լարախաղացուհին։
-Դա վրդովիչ է, - գոռում էր ֆաբրիկանտը՝ աչքերի տակ թարշամած մաշկի թխակապույտ պարկերով, տարեց ճաղատ մարդը։ -Ոստիկանությունը պիտի դադարեցներ էսպիսի այլանդակությունը․․․ Եվ ե՞րբ նա հասցրեց այդ խրտվիլակը սարքել։
-Ռալֆ, - հանկարծ բացականչեց լարախաղացուհին, ծափ զարկելով։ - Ես գիտեմ, թե դու ինչ պիտի անես։ Մեր կրկեսում «Մրցախաղ» համար է ընթանում, և ահա․․․
Նա կրակոտ շշնջոցով, չռելով մոտեցրած տիկնիկային աչքերը, պատմեց նրան իր ծրագիրը։ Ֆաբրիկանտը շողաց։ Ակնթարթ անց նա արդեն խոսում էր հեռախոսով կրկեսի տնօրենի հետ։
-Այսպես, - ասաց ֆաբրիկանտը, լսափողը վայր դնելով։ - Դե խրտվիլակը փչած ռեզինից է։ Տեսնենք, ինչ կմնա դրանից, եթե մի լավ բոթես․․․
Այդ ընթացքում վիշապն անցավ կամրջով, շուկայի կողքով, գոթական տաճարի կողքով, նրա մեջ ամենատհաճ հիշողություններն արթնացնելով, այնուհետև գլխավոր ծառուղիով, և անցնում էր լայն հրապարակով, երբ, ամբոխը հատելով, նրան հանդիման հայտնվեց ասպետը։ Ասպետը երկաթյա զրահով էր, վար բերած երեսկալով, սաղավարտի վրա սգո փետուրով, և նրա ձին ծանր էր, սևաթույր, արծաթյա ցանցով։ Զինակիրները՝ դրանիկների պես հագնված կանայք՝ քայլում էին կողքով՝ գեղանկարչորեն, ձեռքի հետ արված դրոշների վրա կեցած էր՝ «Մեծ սաղավարտ», «Ծխեք միայն «Մեծ սաղավարտ», «Մեծ սաղավարտը» բոլորին հաղթում է։ Ասպետ պատկերող կրկեսային ձիավարժը, ասպանդակներով խթանեց ձիուն և տեգն ավելի ուժեղ սեղմեց։ Բայց ձին չգիտես ինչու սկսեց ետ-ետ գնալ, փրփուր էր ցայտում, և հանկարծ ծառս եղավ և ծանր նստեց ետևի ոտքերի վրա։ Ասպետը փռվեց ասֆալտին, այնպես դրմփալով, ասես պատուհանից դուրս էին նետել ողջ խոհանոցային սպասքը։ Բայց վիշապն այդ չէր տեսնում։ Ասպետի առաջին շարժման ժամանակ նա հանկարծ կանգ առավ, հետո սրընթաց շրջվեց, ընդ որում պոչի հարվածով տապալեց, պատշգամբում կանգնած, երկու հետաքրքրասեր պառվուկների, - և, տրորելով ցրիվ եկած մարդկանց, փախուստի դիմեց։ Մի շնչով նա քաղաքից դուրս փախավ, սուրաց դաշտերով, մագլցեց ապառաժոտ լանջերով, ներս թռչելով իր անհատակ քարանձավը։ Այնտեղ նա երեսնիվայր փռվեց, թաթերը ծալելով և ցույց տալով մթին սյուներին իր ողորկ, ճերմակ, թրթռացող փորը, խոր շունչ քաշեց և, զարմացած աչքերը փակելով՝ մահացավ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդան Ֆերեշեթյանի