Ոչ Հերակլիտոսյան ճանապարհով

2025 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային՝ «իր համոզիչ և մարգարեական ստեղծագործության համար, որն ապոկալիպտիկ սարսափի մեջ անգամ վերահաստատում է արվեստի ուժը»։

Միջազգային լրատվամիջոցներում Ապոկալիպսիսի տարեգիր որակումը ստացած գրողն ասում է, որ ցանկանում էր սահմանափակվել ընդամենը մի գրքով, բայց նրա ստեղծագործությունը միանգամայն այլ ընթացք ունեցավ: 2015 թվականին միջազգային Բուքերյան մրցանակի արժանացած  Կրասնահորկայը չափազանց գրավիչ էր նաև կինոյի համար: Նրա գրականությունը չսպառվող թեմա էր հունգարական հեղինակային կինոյի մեծ վարպետ Բելա Տարրի համար, որը նրա սցենարով 5 ֆիլմ է նկարահանել:

«ArtCollage»-ի ընթերցողներին առաջարկում ենք կարդալ մի քանի գործ Կրասնահորկայի «Աշխարհը շարունակվում է» ժողովածուից՝ Լյուսիլ Ջանինյանի թարգմանությամբ:

 

Ոչ Հերակլիտոսյան ճանապարհով

Հիշողությունը մոռանալու արվեստն է։

Այն իրականության հետ ոչ մի կապ չունի, իրականությունը նրան չի գրավում, այն բացարձակապես ոչ մի էական կապ չունի այդ անարտահայտելի, անվերջ բարդացող գոյականի հետ, որ իրականությունն է՝ այնպես և այն չափով, որքանով մենք ինքներս երբեք չենք կարող հասնել այն կետին, որտեղ գոնե մի ակնթարթ կարողանանք տեսնել այդ աննկարագրելի, անվերջանալի բարդությունը (քանզի իրականությունն ու այն տեսնելը նույն բանն են), այսպիսով, հիշողն անցնում է նույն ճանապարհը՝ գնալով դեպի անցյալ՝ այն կետը, որը պատրաստվում է վերհիշել, ինչպիսին էր այն ժամանակ, երբ այդ անցյալը ներկա էր․ և այդպիսով բացահայտվում է, որ իրականության հետ երբեք կապ չի եղել, քանզի, անկախ այն բանից՝ հիշողությունն առաջ է բերում սարսափ թե գեղեցկություն, հիշողը միշտ գործում է՝ ելնելով այն պատկերի էությունից, որը պատրաստվում է վերհիշել, մի էություն, որ իրականություն չունի, և նույնիսկ պատճառն այն չէ, որ սխալներ կան այդ ընթացքում, քանի որ նա չի ձախողում իրականությունը հիշել սխալվելու պատճառով, այլ որովհետև ամենաբարդը մարդը գլուխ է բերում ամենաանփույթ և կամայական ձևով՝ անվերջ պարզեցնելով անսահման բարդը՝ հասնելով ինչ-որ իրական կետի, որի նկատմամբ, այդուհանդերձ, որոշակի հեռավորություն կա. ահա թե ինչպես է հիշողությունը դառնում քաղցր, այսպես է հիշողությունը դառնում շլացուցիչ, և այսպես է հիշողությունը դառնում սրտակեղեք ու հմայիչ, որովհետև դու կանգնած ես անսահման և աներևակայելի բարդության մեջ, կանգնած՝ լիովին ապշած, անօգնական, անճարակ ու մոլորված՝ ձեռքիդ բռնած հիշողության անսահման պարզությունը և, իհարկե, նաև մելամաղձության կործանարար քնքշությունը, քանի որ զգում ես, որ դու  ձեռքիդ մեջ բռնել ես հիշողությունը, մինչդեռ դրա իրականությունը գտնվում է ինչ-որ տեղ՝ սառնասիրտ, սթափ, սառցե հեռավորության մեջ։

 

***

Այստեղից ոչինչ հարկավոր չէ

Ես ամեն ինչ կթողնեի այստեղ՝ ձորերն ու բլուրները, արահետներն ու այգիներից լսվող դայլայլները, կթողնեի այստեղ մորուքավոր մարագները և քահանաներին, երկինքը և երկիրը, գարունն ու աշունը, կթողնեի այստեղ ելքի բոլոր ուղիները, խոհանոցում անցկացրած երեկոները, վերջին սիրահարված հայացքը և դեպի քաղաք տանող բոլոր այն ուղղությունները, որոնք ստիպում են դողալ, ես այստեղ կթողնեի երկրի վրա իջնող խիտ մթնշաղը, ձգողականությունը, հույսը, կախարդանքն ու հանգստությունը, այստեղ կթողնեի սիրելիներին ու մտերիմներին, ամեն ինչ, որ ինձ հուզում էր, ամեն ինչ, որ ինձ ցնցում էր, ամեն ինչ, որ ինձ հմայում ու բարձրացնում էր, ես այստեղ կթողնեի ազնիվը, բարեսիրտը, հաճելին ու դիվային գեղեցիկը, ես այստեղ կթողնեի բողբոջող ծիլը, ամեն ծնունդ ու գոյություն, ես այստեղ կթողնեի կախարդանքը, հանելուկը, հեռավորությունները, անսպառ հավերժությունների հարբեցողությունը, քանզի այստեղ կթողնեի այս երկիրը և այս աստղերը, որովհետև ոչինչ չէի վերցնի ինձ հետ, որովհետև ես գիտեմ գալիքը, և ինձ այստեղից ոչինչ հարկավոր չէ:

 

***

Ինչ հրաշալի կլիներ

Ինչ հրաշալի կլիներ, եթե կարողանայինք աշխարհն ավարտել դասախոսությունների շարքով՝ կազմակերպված հեռացող աշխարհի մի որևէ անկյունում և ընդհանուր վերնագրով՝ «Տարածքի տեսության դասախոսությունների շարք»։
Այնտեղ մեկը մյուսի հետևից՝ ինչպես կրկեսային արենայում, տարբեր երկրների դասախոսներ կխոսեին «տարածքի տեսությունից»՝ ֆիզիկոս, ապա արվեստաբան, բանաստեղծ, աշխարհագրագետ, կենսաբան, երաժշտագետ, ճարտարապետ, փիլիսոփա, անարխիստ, մաթեմատիկոս, աստղագետ և այլն։
Եվ այդտեղ՝ անփոփոխ ու մշտական լսարանի առաջ, հենց այդ ֆիզիկոսը, այդ արվեստաբանը, այդ նույն բանաստեղծը, աշխարհագրագետը, կենսաբանը, երաժշտագետը, ճարտարապետը, փիլիսոփան, անարխիստը, մաթեմատիկոսը, աստղագետը և մյուսները՝ յուրաքանչյուրն իր տեսանկյունից, կներկայացնեին իրենց մտքերը տարածքի մասին՝ մտապահելով դասախոսությունների շարքի ընդհանուր վերնագիրը՝ «Տարածք գոյություն չունի», նրանք կնշեին այս վերնագրի և թեմայի միջև եղած յուրօրինակ կապը․ նրանք կխոսեին այդ մասին՝ մոտենալով թեմային իր ոլորտի՝ բանաստեղծության, երաժշտության, մաթեմատիկայի, ճարտարապետության, կերպարվեստի, աշխարհագրության, կենսաբանության, պոետիկայի և ֆիզիկայի, փիլիսոփայության, անարխիայի տեսանկյունից՝ պատմելով, թե ինչ են մտածում իրենք ու որն է իրենց առաջարկը մեզ:
Եվ այս ամենը՝ մեկ համապարփակ պնդման ներքո, որը ժխտում է թեմայի՝ այսինքն՝ տարածքի գոյությունը։

Սակայն հակասությունը միայն երևույթ է․ այս դասախոսությունների շարքը նույնքան արդարացիորեն (թեպետ դառը ձևով) կարող էր կոչվել նաև «Ամեն ինչ տարածք է», ինչպես իր իրական վերնագիրը՝ «Տարածք գոյություն չունի», որովհետև դասախոսները կխոսեին՝ դիտարկելով տիեզերքը, ու կասեին, որ տարածքն իրականում գոյություն ունի։ Նրանք կխոսեին այդ հարցի կարևորության մասին՝ այսինքն՝ արդյո՞ք մարդկային տեսանկյան անժխտելի սահմանափակությունը կարող է մեզ հասցնել ծանրակշիռ, թեկուզ չապացուցվող այն պնդմանը (և ըստ այլ, ոչ մարդկային հնարավոր տեսանկյան), թե տարածք չկա, կասեին՝ կներեք, այսպես են իրերը դասավորվել, սակայն, այնուամենայնիվ, մեզ համար՝ անկախ նրանից, թե ուր ենք նայում, մենք տեսնում ենք փլված ու կանգուն տարածքներ, տարածք տարածքի վրա՝ ամենուր։

Որովհետև մենք հասել ենք մի կետի, որտեղ կախարդական ձևով փակված մարդկային տեսանկյան նեղ սահմաններում, երբ մոտենում ենք հոգևոր տառապանքի պատահական ավարտին, ստիպված ենք գալ եզրակացության, որ այս կախարդական սահմաններից անդին մենք այլևս ոչինչ չունենք, ոչինչ, նույնիսկ գոյության որևէ ձև չենք պնդում, այլ միայն՝ խոստումը, որ գուցե ինչ-որ մի տարածքում՝ ամենախորը գեղեցկության ու քայքայման մեջ, մեզ գուցե հաջողվի գոնե ակնթարթորեն տեսնել ինչ-որ բան, մի որևէ բան, որ  առնչություն կունենա մեզ հետ:

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի