Ոստիկանական ռադիո

Ինձ մնում է միայն կրկնել այն, ինչն արձանագրել եմ` ես նրա սիրելին չեմ եղել: Առավելագույնը եղել եմ իր վստահելին, եթե կա նման բան: Մեր, այսպես կոչված, գաղտնապահությունը, սահմանափակվում էր մասնագիտական հարցերով: Այսինքն` ես ավելի շատ բան սովորեցի պրոֆեսոր դը Գրոտից, քան, օրինակ, օրիորդ Մանթեյից, որին, ինչպես ինձ, թույլ տվեցին օգտվել Կասլերի թանգարանից ճիշտ այնպես, ինչպես ես` Վալրաֆ-Ռիխարտցի թանգարանից, քանի որ երկուսս էլ պետք է ավարտեինք մեր ուսումն Ամստերդամում`նկարների վերականգնման վեցամսյա դասընթացով:
Պրոֆեսոր դը Գրոտն ամերիկյան միջազգային հեղինակություն էր: Եվ նրա բոլոր աշակերտները, ներառյալ`օրիորդ Մանթեյը, որն ասում էր, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է զգում, երախտագիտության զգացում են տածում ուսուցչի նկատմամբ: Միայն երկու անգամ եմ կարողացել օգնել պրոֆեսոր դը Գրոտին` իր անձնական արվեստանոցում նկարի հիմքի ներկը հեռացնելիս, հակառակ դեպքում, ինչպես դոկտոր Յոնկը հաստատեց, նրանք միասին աշխատել են նկարների վերականգնման մեծ սրահում: Այնուամենայնիվ, փաստ է, որ իր բոլոր ուսանողներից պրոֆեսոր դը Գրոտն ինձ իր հետ տարավ միայն այն ժամանակ, երբ նրա սարքը հաղորդեց մոտակա քաղաքում բռնկված հրդեհի մասին: Հուրախություն ինձ, այդ էքսկուրսիաներին ոչ միշտ են ինձ տարել` կտրելով աշխատանքից, որին ես հետաքրքրությամբ եմ մասնակցում: Իմ համադասարանցիները կարող են վկայել, թե որքան է ինձ զայրացրել ֆավորիտ լինելը. իհարկե, դրա համար չէր կարելի բարկանալ պրոֆեսոր դը Գրոտի վրա:
Ինչպես հայտնի է, մեր ուսուցիչն աշխատելիս անընդհատ լսում էր ոստիկանական ռադիոն: Այս տարօրինակության մասին ինձ արդեն պատմել էին Քյոլնում: Նրանք այնտեղ ասում էին`աշխատասեր է, բայց` էքսցենտրիկ: Ճանապարհատրանսպորտային պատահարները, շաբաթ օրերին ծեծկռտուքները, նույնիսկ ներխուժումները ոսկերչական խանութներ, երբեք չեն ստիպել պրոֆեսոր դը Գրոտին վեր նայել, լավագույն դեպքում նա դրանք արժանացրել է հեգնական մեկնաբանությունների, որոնց վրա մենք բոլորս ծիծաղում ենք. մշտապես լինելով լեզվական աղցանի մեջ, որին մենք բոլորս սովոր էինք, դոկտոր Յոնկը գիտեր, թե ինչպես ծաղրեր նրան, իսկ տանիքում բռնկված հրդեհը պրոֆեսոր դը Գրոտին չէր կարող հետ պահել իր ծանր աշխատանքից: Ես դեռ տեսնում եմ, որ նա ձեռքը մտցնում է իր բաճկոնի գրպանը եւ գրեթե տղայական ձեւով զրնգացնում իր մեքենայի բանալիները. «Կգա՞ք ինձ հետ, միսս Շիմմելփֆենգ»:
Ընդամենը կես տարվա ընթացքում ես տեսա չորս խոշոր հրդեհ` երկուսը` «Heeren Gracht»-ում, մեկը`«Dirnen»-ում` հին եկեղեցու մոտ եւ մեկը` «Waterloo Plein»-ում, գումարած մոտ երկու տասնյակ միջին աստիճանի հրդեհներ եւ փոքր միջադեպեր, քանի որ Ամստերդամում հաճախ են հրդեհներ լինում: Պրոֆեսոր դը Գրոտը սառնասրտորեն եւ հանգիստ հետեւում էր հրդեհներին, հաճախ մի քիչ հիասթափված, բայց միշտ նույն գիտական հետաքրքրասիրությամբ, ինչպես որ ճանաչում էի նրան դեռեւս վերականգնման սրահի աշխատանքից: Սա պետք է խոստովանեմ, եւ, ցանկության դեպքում, նշեմ արձանագրություններում. այս հրդեհները հաճախ, իմ կամքին հակառակ, ինձ անհանգստացրել են, նույնիսկ` հուզել, այնպես որ` հաճախ եմ անհիմն կասկածներ ունեցել, որ պրոֆեսոր դը Գրոտն այս խաղն ինձ հետ խաղում է որոշակի նպատակով: Ուզում եմ ընդգծել, որ դա բացառվում է: Ես, միայն ես եմ ձախողվել: Ես զգում էի անհասանելի եւ անդիմադրելի գիտական ամեն մի կարգի պակասությունը: Պրոֆեսոր դը Գրոտն իր համարյա զվարթ հանդարտությամբ կարող էր օրինակ լինել ինձ համար. նա հիմնականում լռում էր, երբ հրդեհները մարում էին: Եվ երբ նա խոսում էր, խոսքը վերաբերում էր իր սիրելի նկարչին`Թըրներին, հատկապես 1835թ. հրդեհներին, խորհրդարանի կամ Հռոմի հրդեհները պատկերող նրա նկարներին. այն նկարը, որը Թըրները նկարել է, ոգեշնչվել է խորհրդարանի հրդեհից, որը տեսել է սեփական աչքերով: Բնական է, որ ես համաձայնեցի միայն ու միայն այն պատճառով, որ պրոֆեսոր դը Գրոտը սիրալիր կերպով անցյալ տարվա մայիսին ինձ հրավիրել էր Լոնդոն` եռօրյա էքսկուրսիայի: Մենք առավոտից մինչեւ երեկո մնացինք Թաթ պատկերասրահում: Թըրների հայտնի նկարազարդումների գրքում մենք գտանք վերոնշյալ խորհրդարանի հրդեհը, որը մի քանի անգամ պատկերվել էր` ինքնաբուխ եւ հավերժական: Եթե հիմա ասեմ, որ իմ ուսուցիչը` պրոֆեսոր դը Գրոտը, այս կարճ, եւ, հավանաբար, երկուսիս համար էլ երջանիկ ժամանակահատվածում, ավելի է մտերմացել ինձ հետ, կարող եմ միայն հույս տածել, որ այս հայտարարությունը չի բորբոքի այն կասկածները, որոնք բարձրագույն դատարանը դեռեւս պատրաստ է պահպանել:
Ես չգիտեի, որ պրոֆեսոր դը Գրոտը տանը նույնպես ոստիկանական ռադիո էր լսում: Նա հազվադեպ էր խոսում հայրենիքի մասին եւ երբեք դա չէր անում Լոնդոնում: Երկու անգամ`անցյալ տարվա հունիսին եւ հուլիսի սկզբին, կիրակի օրերին, կնոջ խնդրանքով ինձ հրավիրեցին նրա տուն` ճաշի: Չնայած տիկին դը Գրոտն ինձ վրա ամաչկոտ, նույնիսկ անհանգիստ տպավորություն թողեց, հոգնած ու հյուծված տեսք ուներ, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ այդ տարօրինակ ոստիկանական ռադիոն, որն արդեն սովորական էր դարձել մեզ`ուսանողներիս համար, քայքայել էր նրա առողջությունը, քանի որ պրոֆեսոր դը Գրոտը, ինչին ես հավատում եմ, մինչ ինքը քնած է եղել, ողջ գիշեր սարքը թողել է ամբողջ ձայնով միացված, չնայած նրա կինը քիչ էր քնում: Պատմում էին նաեւ, ինչպես ես հենց նոր իմացա, որ միայն հրդեհի մասին հաղորդագրությունները նրան կարթնացնեին անմիջապես, ավելին` նա ստիպել էր կնոջը, հաճախ նրա կամքին հակառակ, հագնվել եւ ուղեկցել իրեն հրդեհի վայր: Թեեւ պետք է դատապարտեմ այս անզգուշությունը, պետք է նաեւ ընդգծեմ, որ միայն մասնագիտական, այսինքն`գիտական շահերը, առաջին հերթին`Թըրների նշած ուսումնասիրությունները պրոֆեսոր դը Գրոտին մղեցին այս անսովոր վարքագծին:
Այսօր, երբ արդեն գիտեմ, թե ինչպես է իմ ուսուցիչը` պրոֆեսոր Հենկ դը Գրոտը, ստիպված եղել այրվելու իր սեփական տանը, երբ պետք է ենթադրեմ, որ նա հրդեհի մասին հաղորդագրությունն իր տնից լսել է դեռեւս ռադիոյով խոսելիս, երբ անընդհատ պատկերացնում եմ, թե ինչպես է նա փորձել փրկել իրեն եւ իր ձեռագրերը նեղ, երկհարկանի տան վերեւի հարկում գտնվող ննջասենյակից, որն, ինչպես քաղաքային տների մեծ մասը, այրվեց ներքեւից վերեւ, այսօր, երբ չեմ կարող ազատ արձակել պրոֆեսոր դը Գրոտին, որը մեղադրվում է սպանության եւ դիտավորյալ հրկիզման համար, հիշում եմ նրա կրկնվող եւ լիովին անկապ դիտողությունն ընթրիքի ժամանակ. «Դու նորից մատներդ կայրես…». հիմա եւ այսուհետև ես ինձ նախատում եմ, որ չեմ փորձել ազդել ուսուցչիս վրա, թեեւ ես երբեք, ինչպես պնդում են, նրա սիրելին չեմ եղել նույնիսկ Լոնդոնում`Թըրների եռօրյա էքսկուրսիայի ժամանակ:
Ավելին, իմ ալիբին հստակ ցույց է տալիս, որ հրդեհի գիշերը ես կինոթատրոն եմ գնացել իմ գործընկերուհու`օրիորդ Մանթեի հետ`ուշացած ներկայացում դիտելու:
1968
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի