Երկինքը փուլ եկավ, մի կտոր էլ ընկավ մեր պոչին
Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի տարեդարձի օրն է՝ արդեն 91-րդը: Այդ առիթով «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում մի հատված Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու, թարգմանչուհի Կարինե Մեսրոպյանի օրագրային գրառումներից, որոնք արվել են Հրանտ Մաթևոսյանի հետ աշխատանքային տարբեր տարիներին՝ մեծ գրողի՝ Հայաստանի գրողների միության նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից (1996-2001):
***
24 մարտի, երեքշաբթի, 1998 թ.
Այսօր ասաց՝ պետք է գնա Վեհափառի՝ Գարեգին Առաջինի մոտ, Չարենցի՝ մեր[1] կազմած «Ընտիր երկեր»-ն էր տանելու և շտապում էր. գրություն պետք է գրեր: Դրանք (մյուսը, որ հավանաբար տանն էր գրել, Հովհաննես Թումանյանի թանգարանի անունից էր) հետո կարդացի, երբ մեքենագրվելուց հետո տվեց ձեռագրերը[2]՝ «Սա էլ քո գրականության թանգարանի համար»:
«Սբ. Էջմիածին, Ամենայն Հայոց Հայրապետին.
Վեհափառ.
երկինքը փուլ եկավ, մի կտոր էլ ընկավ մեր պոչին, բայց հուսամ՝ միայն գրողներիս երկինքը և միայն գրողներիս պոչին, -մնացյալը Հայոց իր նախկին շքեղությամբ ու բարձրությամբ լման է և ղողանջում է Վեհիդ վստահ ու անբասիր օրհնանքի մեջ: Միով բանիվ՝ ինչ լավ է որ այս մեծ անցուդարձից հետո ձիավորը դարձյալ Դուք եք և հետիոտնը դարձյալ մենք, և ուրեմն հետիոտնի հնազանդությամբ հեծյալիդ ոտքն ենք գալիս խնդրանքով՝ օգնեք վերսկսել «Գրական թերթի» հրատարակությունը, ինչը գուցեև կարևոր ներկայություն չէր մեր երեկվա կյանքում, բայց և բացակայությունն է տհաճ մի վիհի բացահայտման պատճառ դառնում:
Օգնեք սքողելու այդ տհաճությունը:
Գրչեղբայրդ և հոգևոր հոտիդ քօշը (քաւշը)
Հրանտ Մաթևոսյան 24 մարտ 1998»:
***
Մյուս գրությունը՝
«Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վեհափառ Տեր.
Այս ձմեռ իր լրումն առավ մեծ Հովհ. Թումանյանի մահվան 75 տարին. հանրապետության հույժ քաղաքականացված մթնոլորտը միջոց չտվեց մեր այդ ողջերից ամենաողջի պայծառ ու խորունկ կերպարի պատշաճ ոգեկոչության:
Հայցելով Վեհիդ՝ գիտնականիդ և պոետիդ ներողամտությունը, քանզի Ձեզ չէ որ պետք է հիշեցնել թե ինչի է արժանի Թումանյանի հիշատակը, ուզում ենք խոնարհաբար հարցնել՝ սրբ. Էջմիածինը վայե՞լ չի համարի պատարագով պսակելու իր թագավորության թերևս ամենաարժանավոր իշխանին:
Հպատակի հնազանդությամբ և կանխավ շնորհակալությամբ
Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրինություն»:
Կարինե Մեսրոպյան
[1] Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ Հրանտ Մաթևոսյանը տպագրության պատրաստեց մեծ բանաստեղծի «Ընտիր երկեր»-ը, որի աշխատանքներին մասնակցեց նաև տողերիս հեղինակը: Այն հրատարակեց «Նաիրի»-ն 1997 թ.:
[2] Հրանտ Մաթևոսյանի հետ աշխատանքային տարիների ընթացքում իր՝ հավաքածս ձեռագրերը հանձնվել են գրողի ընտանիքին: