Եթե կա ոճիր, պիտի լինի նաև պատիժ․․․
Այսօր Աղասի Այվազյանի ծննդյան օրն է. մեծ մտավորականը կդառնար 101 տարեկան: «Ուրիշի կյանքը» և «Զանգվածեղ Տարոնը» նովելներն Աղասի Այվազյանի անտիպներից են, որոնք 2007-ին, իր մահից շաբաթներ առաջ էր ինձ հանձնել մեծ գրողը։ Զգալով ժամանակի սղությունը նա կամենում էր, որ իր վերջին գործերը տպագրվեին «Հայոց Աշխարհ» օրաթերթում, որտեղ այդ տարիներին աշխատում էի։ Այստեղ էին տպագրվել երևելի հայի հետ բազմաթիվ զրույցներս, որոնք 2013-ին, առանձնաբար ներկայացրեցի ընթերցողին՝ «Հայաստան» հրատարակչության հետ մեծ սիրով կազմելով ու ձևավորելով «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ»՝ գիրքը։ Իսկ 2025 թվականին Աղասի Այվազյանի 100-ամյա հոբելյանի առթիվ գրքի վերահրատարակված տարբերակում մեր զրույցների հետ ամփոփել եմ նաև նրա՝ որպես պատգամ ինձ հանձնած՝ վերջին երկու նովելը։
Եթե կա ոճիր, պիտի լինի նաև պատիժ․․․
Ինչ խոսք, Ռասկոլնիկով չէ Աղասի Այվազյանի «Ուրիշի կյանքը» նովելի բանաստեղծ-հերոսը, որի գործած ոճիրը որպես փորձաքար սկսվեց ու փորձանք դարձավ։ Այն մի բանաստեղծության դիպվածի, ըստ էության՝ գրագողության հետևանք էր, ամենասարսափելի հետևանքը․․․
Ինտրիգն ի սկզբանե է հյուսվում, քանզի յուրաքանչյուրի համար էլ դժվար ընկալելի է, թե՝ ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն ազատությունից զրկել և կամավոր բանտ գնալ։ Այստեղ, թերևս, մենք գործ ունենք ինքնախարազանման, ինքնադատաստանի, կամ՝ ինչպես կատարվածը մեզ փոխանցող Մշտաբնակն է ասում՝ «մեղայականի» հետ։ Որը, կամավոր բանտն ընտրածի համոզմամբ՝ նրա միակ «հոգեփրկությունն» էր․․․
Մեղավորի չարչարանաց ուղին որքան էլ որակական տարբերություններ ունենա, իմաստաբանական հարթության մեջ հերթականություն ունի՝ մինչև չգա, չլինի ապաշխարելը, մեղքի համար զղջալը, ինքնախարազանումը, մեղայականով ինքն իրեն անցկացնելը, յուրովսանն իր պատիժը սահմանելը, հոգին չի թեթևանալու։ Ինքնադատաստանը կարևոր է, այն պիտի լինի։
Ապաշխարությունը եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է․ այն մեղք գործածի համար մշտական անհրաժեշտություն է: Սուրբ հայրերն ապաշխարությունը բաժանում են 3 մասի՝ զղջում, խոստովանություն և հատուցում: Աղասի Այվազյանը քայլ առ քայլ իր հերոսին անցկացնում է հանցանք գործածի՝ հանցագործի հոգեբանական բոլոր փուլերով․ գալիս է մի փուլ, երբ վերջինս հասկանում է, որ ստեղծագործությունը նույնպես կյանք ունի և այս դեպքում՝ այն պատկանում է ուրիշին։
Հատվածական փառքին հաջորդող հետոյական տառապանքի պարունակներով անցնող՝ մարդասպանի վերածված մարդուն ոտքերն ինքնակամ են տանում բանտ․ նա արդեն հասկացել էր, թե ի՜նչ հոգեմաշություն է ուրիշի կյանքն ապրելը․․․
․․․Այն, որ Աղասի Այվազյանն իր գրական կերպարներին հոգեբանորեն շերտատելով՝ կարողանում է՝ ներթափանցել նրանցից յուրաքանչյուրի հոգու խորքը՝ բացապարզելով մարդկային էության գաղտնիքները, վեհից մինչև՝ ամենաստորակարգը, իր հոգեվերլուծական արձակի բաղադրելին է։ Կուլմինացիան այս դեպքում՝ ինքնակամ արդարադատությանը հանձնվելու փաստն է։
Պատմվածքում ուրիշի ստեղծագործությունը գողանալու մոտիվն այդ ուրիշի կյանքը գողանալուն, այն է՝ մարդ սպանելուն է հավասարեցված։ Իրականում հեղինակը երկու արարքները նույնացրել է, քանզի ըստ նրա՝ ստեղծագործ մարդու ստեղծածը, նրա մասնիկն է, նա ինքն է։ Ստեղծագործողն իր անհատականության կնիքն է դնում սեփական ստեղծագործության վրա։ Այս համատեքստում բավական ուշագրավ է ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Օգյուստ Ռենուարի խոսքը։ Երբ նրան հարցրել են՝ ո՞րն է ավելի կարևոր արվեստում՝ «ինչպեսը» -ը, թե՞ «ինչ»-ը։ Կարևոր է, թե՝ «ո՞վ» է՝ պատասխանել է նա։
Մյուս կողմից՝ ինքնակեղեքմանը չդիմանալով՝ իր կամքով բանտ գնացողի և նրան ապրումակցողների մոտիվն է ուշագրավ։ Վերջիններս ակնհայտորեն գործած հանցանքի համար ինքնակամ պատիժն ընտրողին մխիթարողի, նրա խոստովանանքը լսողի դերում են, քանզի այլ տարբերակ բանտի պայմաններում՝ չկա։ Աղասի Այվազյանի նովելում հանձինս զղջացող մարդասպանի գործ ունենք բարդ հոգեվիճակի, զգացական ծանր ապրումի հետ, որն ունի նաև՝ ապրումակցողներ։ Վերջիններիս, իր բանտակիցներին է հենց խոստովանում նա․ «Իսկ գիտե՞ք՝ ի՜նչ հոգեմաշություն է ուրիշի կյանքն ապրելը․․․ Միայն հիմա, այստեղ՝ ես ե՛ս եմ․․․ Ես մարդասպան եմ, Աստված մարդասպան է ստեղծում»։
Իր մահից քիչ առաջ Մաեստրո Աղասի Այվազյանն ինձ մի պատմություն պատմեց, չցանկանալով, որ ձայնագրեմ, ավելին, չցանկանալով, որ գրեմ այդ մասին։ Ես ուղղակի լսեցի և մեկ անգամ էլ կրկնեցի՝ «գուցե, ամեն դեպքում, թո՞ւյլ տաք, որ ձայնագրեմ»։ Ո՛չ, ասաց՝ մի ստեղծագործող մեկ այլ ստեղծագործողի ստեղծածը չի կարող յուրացնել, այլապես՝ նա ստեղծագործող չէ․․․Իսկ եթե չէ՝ չէ․․․ Ուրեմն, ես ինչ գործ ունեմ նրա հետ։
Ինքնակենսագրական դրվագ, որը, չէր կարող անցնել-գնալ, իր ազդեցությունը թողնելու էր․․․ Աղասի Այվազյանը, գույները խտացնելով, բայց նաև՝ հոգեվերլուծողի իր բնույթին հատուկ՝ պիտի տաներ, ինքնակամ բանտ հասցներ ուրիշի կյանքը գողացած՝ իր հերոսին։ Կ ա - մ ա- վ ո՛ ր։ Հակառակը՝ նրա համար անընդունելի էր․․․
Անահիտ Եսայան
Աղասի Այվազյան․ Ուրիշի կյանքը
Երբեք չէի մտածի, որ մի օր կարող եմ հայտնվել բանտում։ Ճակատագրի հեգնանքը ինձ էլ հասավ։ Չգիտեմ՝ արածս հանցա՞նք անվանեմ, թե՞ զանցանք․․․ Իմ կարծիքով զանցանք էր, դատարանի որոշմամբ՝ հանցանք։ Մի խոսքով ինձ հանցավոր համարեցին, և հիմա գտնվում եմ բանտախցում․․․ Բայց այս պատմության մեջ ես չեմ կարևորը․․․ Իմ մասին չէ, որ ուզում եմ պատմել․․․Իմ անձը հոգեբանորեն քիչ է հետաքրքիր․ ես սովորական մշտաբնակներից եմ, որոնցով լցված են շուկաները, հիմնարկներն ու բանտախցերը․․․ Հետաքրքիրը բանտախցիս երկրորդ բնակիչն է, որը, իմ կարծիքով բացառիկ երևութանք է, անմարսելի ինձ համար։ Ես տքնաջան փորձում էի հասկանալ նրա մեղայականի, կամ, իր ասելով, հոգեփրկության հանգամանքը։ Նա բանտի միակ կալանավորն էր, որն իր ոտքով, իր համառ ցանկությամբ էր մուտք գործել բանտ։ Արի ու հասկացիր․․․ Նա ոչ միայն չէր թաքցնում իր ոճրագործությունը, այլև ճիգ թափելով համոզում էր բոլորին՝ և՛ դատարանում, և՛ մեզ, որ պատիժը իր համար փրկություն է․․․ Նրան քննել էր քրեաբժշկական հանձնաժողովը և եզրակացրել, որ հոգեկան խանգարում չունի։ Նա սեփական անձի դատախազն էր եղել, իսկ քննիչը ավելի դատապաշտպանի դերում է մնացել։ Ահա այսպիսի տարիմաստություն․․․ Հիմա պատմեմ նրա գլխին եկածը, որպեսզի ինքներդ փորձեք հասկանալ, եթե, իհարկե, մարդկային ուղեղի կանոնավորությունը թույլ տա ներխուժել նման օտարակերպությանը։ Եվ ավելի լավ կլինի, որ նա ինքը պատմի իր մասին, ինչ պատմեց մեզ։ Ճիշտը այդ ձևն է, քանզի ես կարող եմ իմ անըմբռնելիության պատճառով աղավաղել եղելության ճշգրտությունը, թեկուզ իմ առոգանությամբ կասկածի տակ դնել ապրումների հավաստիությունը, եթե նա գոյություն ունի։ Արդ, խոսքը տալիս եմ նրան․
«Իմ անու՞նը․․․ Ի՞նչ կարևոր է․․․ Թեպետ եղավ ժամանակ, երբ անունս հոլովվում էր․․․Սկսեմ սկզբից․․․Փոքր տարիքում ոտանավորներ էի գրում․․․ Էլի շատերն էին նույն անում․․․ Բայց ես հատուկ նշանակություն էի տալիս իմ արածին։ Մնացածների համար դա անցողիկ զբաղմունք էր, նրանք տարբեր շատ հնարավորություններ ու կրքեր ունեին․․․ Իմ միակ հնարավորությունն ու կիրքը ոտանավորն էր։ Ուրիշ շնորհք Աստված ինձ չէր տվել․․․ Այդպես ոտանավորով մեծացա․․․ Ընդունվեցի և ավարտեցի համալսարանի բանասիրական մասնաճյուղը՝ բանաստեղծ դառնալու նպատակով․․․ Չգիտեմ՝ ի՞նչն էր ինձ գայթակղում՝ բանաստեղծի հռչա՞կը, հավերժանալու մարմա՞ջը, թուլությանս հերոսության տեսք տալու միջո՞ցը․․․ Ես ուշ գիտակցեցի, որ երկչոտ եմ, կամազուրկ․․․ Իսկ փառասիրությանս ինքնահաստատման միակ ճանապարհը ընտրել էր բանաստեղծությունը․․․Կոչումը մնացել էր հետևում․․․ Քրտնաչարչար գիշերները արդյունավոտ չէին․․․ Ասում են՝ աշխատանքն է ստեղծագործության հիմքում․․․ Ո՛չ և ո՛չ․․․ Աշխատանքը ինձ ոչինչ չտվեց․․․ Բանաստեղծություններս ուղարկում էի տարբեր խմբագրություններ, որտեղից կամ պատասխան չէի ստանում, կամ մերժում էին արմատապես․․․ Ասեմ նաև, որ հայերենից անցա ռուսերենի, որովհետև ռուսերենի մասշտաբը մեծ է և, ծիծաղելի՜ է, փառքը համաշխարհային ընդգրկում ունի․․․ Իհարկե, այժմ ծիծաղում եմ․․․ Բայց այն ժամանակվա իմ ագահակամք ընթացքը հանգրվան չուներ, շարժվում էր առանց արգելակների, գրգռվում էր և շարժումն ավելի ահագնացնում, գրգիռը գրգիռ էր աճեցնում, և գրգիռը վերջ չուներ․․․
Կա սեռական գրգիռ, որի կիզակետը կործանման է տանում, մահացու է նրա գագաթը և, իմ դեպքում, բանաստեղծի հռչակի գրգիռն էր, որն իր կիզակետում նույնպես տանում էր կործանման․․․ և տարավ։
Հուզախառությանս վիճակում սեփական բանաստեղծություններս ինձ դուր էին գալիս և զարմանում էի՝ ինչո՞ւ չեն ընդունում մյուսները․․․ Ինչո՞ւ․․․
Ետ գնալով ասեմ՝ իմ համակուրսեցի օրիորդի բանաստեղծությունները շռայլորեն լույս էին տեսնում տարբեր պարբերականներում․․․ Ի՞նչն էր պատճառը։ Նա կին է, գեղեցիկ է, միջոցներն են ուղի հարթում․․․ Ես ի՞նչ միջոց ունեմ․․․ Ո՛չ մի․․․ Իմ տմույն մռութով, հարաբերվելու անշնորհքությամբ, ո՞ր դուռը կարող եմ բացել․․․ Ժամանակները իմ օգտին չեն, տաղանդը այսօր անտեսվում է․․․ Ուրիշ հատկություններ են հարկավոր․․․ Ես չունեմ այդ հատկությունները․․․ Տաղանդն է իմ միակ ունեցվածքը․․․ Հը՜մ․․․ Ես այդպես էի մտածում․․․ Համոզված էի․․․ Սոցիալիստական ռեալիզմ ասվածը պարզապես վարչականության արգասիքն է․․․ Գրական այդ ուղղությունը ես կկոչեի ադմինիստրատիվիզմ․․․ Ու ես դուրս էի այդ «իզմ»-ից՝ կենսաբանական ինչ-ինչ հատկությունների բացակայության պատճառով անհամարձակ եմ․․․ Հենց անհամարձակությունս էլ բերեց բանտ։ Պատմե՞մ՝ ինչպես․․․ Արդեն ասացի՝ մեր մասնաճյուղի շրջանավարտ օրիորդի բանաստեղծությունները տպագրում էին։ Միակ սխրանքս, եթե այսպես կարելի է անվանել իմ մտերմությունը նրա հետ, կործանմանս սկիզբը եղավ։ Տեսեք՝ փոխհարաբերությանս եզակի հնարավորության դրսևորումը․․․ Այն էլ ոչ թե իմ նախաձեռնությամբ, այլ օրիորդի մարդամոտության, բարության շնորհիվ․․․
Մենք հանդիպեցինք Գելենջիկ ամառանոցում։ Նա կարդում էր իր անտիպ բանաստեղծությունները․․․ Ծովափին բացի ինձնից ուրիշ հարմար մարդ չկար։ Հետո նա իր տետրը տվեց ինձ կարդալու՝ շռայլ էր, ոգևորված․․․ Չգիտեմ՝ ո՞ր սատանան էր հուշարարը, ես նրա մի բանաստեղծությունը, որն իմ համոզմամբ, իմիցս լավը չէր, իմ ազգանունով ուղարկեցի Մոսկվայի թերթերից մեկի խմբագրություն՝ ստուգելու համար՝ տեսնեմ ազգանո՞ւնս է պատճառը։
Արարքս պիտի որ սովետական բարոյականության բացահայտման միջոց լիներ։ Ես նենգամտությամբ սպասում էի անուշադրության կամ, լավագույն դեպքում, ստերեոտիպ մերժումով պատասխանի։ Անսպասելին առջևում էր․․․ Շատ արագ ազգանունս հայտնվեց թերթում․․․ Սկզբում ուրախացա, ապա զարթխումը ներբակեց ինձ այնպիսի հզորությամբ, որ ես կորցրի իրականության շոշափելիությունը, ամեն ինչ մշուշապատվեց, սևը իր ճիրանների մեջ առավ էությունս․․․ Ես այլևս չկայի․․․ Ես ոչինչ չունեի․․․ Մնացի իմ թերարժեքության բարդույթի գրկում։
Մի քանի օր օրիորդը տեղյակ չէր կատարվածին․․․ Եվ մի առավոտ նա ժպտաշուրթ մոտեցավ ինձ և ասաց․ «Դու լավ բանաստեղծություն ես գրել․․․ Կեցցես․․․ Շնորհավորում եմ․․․»։ Նրա ժպիտը ենթարկյալ ուներ, սարսափեցնող սպառնալիք։ Ի՞նչ ասեի՝ որ փորձել էի ուզում, որ իմանալ էի ուզում, թե ինչո՞ւ ինձ չեն տպագրում․․․ Բայց բերանս չբացվեց․․․ Բերանս ինձանից ավելի պարկեշտ գտնվեց․․․ Ինձանից ավելի ծանրակշիռ վարվեց․․․
Ես ոչ միայն մերկ էի ծովափին, ես մերկ էի նաև ամբողջ իմ եղելությամբ․․․ Տագնապը համակեց ինձ․․․ Այսօր կամ վաղը ցուցահանվելու է իմ խայտառակությունը․․․ Ոչինչ չունեմ այլևս․․․ Կորցնում եմ միակ բանը, որը հողն էր իմ խղճուկ գոյության։ Մի քանի օրից բանաստեղծ օրիորդը կվերադառնա ամառանոցից և․․․ Այդ «և»-ը տկար պարանոցիս վրա իջնող կացինն էր։ Հոգեվարքի խուճապը մի կապուկի մեջ հավաքեց -կենտրոնացրեց վախս, թուլությունս, կամազրկությունս, անշնորհքությունս, իսկ դրանք միասին մի կապուկի մեջ անասելի ուժ ունեն, խենթության հասնող լկտիություն և վճռականություն»։
Նա լռեց, որովհետև խոսքը մնաց կոկորդում, խոսքը չանգռոտում էր ձայնալարերը, դուրս գալ էր փորձում, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթահարել ջիլերի պատնեշը։ Նա նայեց մեզ, լաց եղավ առանց ամաչելու, սրբեց արցունքները, նորից մեզ նայեց, տեսնելով մեր համերաշխ պահվածքը՝ շարունակեց․
«Երբ օրիորդը խորացավ ծովում, ես հետևեցի նրան և, հարմար պահ որսալով․․․ քաշեցի նրա ոտքից․․․ Ափից բավականին հեռու էինք, մարդկանց տեսողությանը՝ անհասանելի․․․ Եթե նույնիսկ երևային մեր մարմինները, ապա որևէ քրեիքուր հետևություն անհնար էր անել։
Օրիորդ բանաստեղծի թաղմանը ես ներկա էի։ Որից հետո երկար ժամանակ կտրվել էի շրջապատից, փակվել էի տանը․․․ հավանգի մեջ անընդհատ ծեծվող վախս իր սահմաններից դուրս էր եկել և այլևս լրբացել էր․․․ Իսկ լիրբ վախը անընդունակ է հսկել իր գործողությունները․․․ Մի քանի ամիս անց, հիմարությանս ասեմ, թե՝ խենթությանս մղումով․․․ ավելի ճիշտ կլինի ասել՝ տարօրինակ մի հիվանդության հորդորով ես տպագրության հանձնեցի բանաստեղծուհու անտիպ գործերը․․․ Իմ ստորագրությամբ․․․ Գիրքը լույս տեսավ․․․ Հաջողությունը մեծ էր․․․ Ես, թերևս հոգեբանական աննախընթաց, զարմանալի դրսևորումով, երջանկություն զգացի․․․ Զարմանալին այն չէր, որ շրջապատն էր ինձ ընդունում որպես տաղանդավոր բանաստեղծի, այլ այն, որ ինքս էի ընդունում ինձ ուրիշի գործերով։ Ես կամաց-կամաց երջանկացա, կարծես գտա իմ տեղը լինելության մեջ, իրականացրի իմ կոչումը։ Գիրքը դարձավ երևույթ։ Հոդվածներ գրվեցին և սպասում էին նոր գրքի․․․ Բայց նոր գիրք գրելու համար ես պիտի ընդօրինակեի օրիորդի ոճը, վերարտադրեի նրա հուզումնալից աշխարհը, նրա կանացի թրթիռը․․․ Երկրորդ գիրքը՝արդեն իմ սեփական բանաստեղծությունների ժողովածուն՝ ամբողջովին նմանակված առաջին գրքի ամեն ինչին, հաջողություն չբերեց։ Նորից խոսում էին առաջին գրքի մասին և ընդգծում էին նրա զգացական նրբությունը, որը տղամարդու դեպքում դիտվում է առաջին անգամ։ Ընդարմության մեջ էր իմ ներգոյը։ Գովասանքները ինձ էին ուղղված, սակայն դիպչում էին անձիս ու տեղնուտեղը հեռանում, ցնդում․․․ Եվ թվում էր նրանք հասցեն գիտեն ու գնում են այդ հասցեով․․․
Հետզհետե ես լրիվ նույնացա բանաստեղծությունների հեղինակի հետ․․․ Ես նա՛ էի․․․ Իմ մեջ կանացի հոգեբանություն էին փնտրում․․․ Գնահատանքը վերաբերում էր այդ թաքնված էությանը և ես մնում էի դատարկության մեջ․․․ Ես չկայի՛․․․
Ես ապրում էի ուրիշի կյանքով․․․ Եւ ի՞նչ է փառք ասածը․․․ Եթե դու չկաս, քո էությունը չի ապրում, ո՞ւմ է պետք օդապարիկի նման հեռվում երերածուփ փառքը․․․ Եւ հանկարծ զգացի, որ փառքը ըմբոշխնում է գրքի իսկական հեղինակը՝ երիտասարդ բանաստեղծուհին․․․ Ես աշխատում եմ նրա հռչակի վրա․․․ Նա՛ է հոգեկիրը, իրապես ապրողը, ես՝ մարմնավորս, գոյություն չունեմ․․․ Բանաստեղծությունները կյանք ունեն, և նա պատկանում է ուրիշին․․․ Ե՛ս եմ ծովում խեղդվել․․․ Ու հիմա իմ կաղապարվածքն է կենում․․․ Նրանում ուրիշն է հավերժանում․․․ Եւ նրա կյանքը շարունակվելու է կաղապարվածքիս վերջից հետո էլ․․․
Իսկ գիտե՞ք ինչ հոգեմաշություն է ուրիշի կյանքն ապրելը․․․ Ես այդպես էլ չկարողացա որևէ կերպ զգալ էությանս գոյությունը․․․ Միայն հիմա, այստեղ ես ե՛ս եմ․․․ Ինչ որ կամ․․․ Իսկակա՛նն եմ՝ երկչոտ, սնամիտ, թուլամորթ, կամազուրկ և փառասեր․․․»։
-Ի՞նչ ես ասում,- չհամաձայնեցինք մենք՝ բանտախցի նրա ընկերները։
-Դու խիզախություն ունեցար ինքդ քեզ գտնել․․․ Դա ոչ բոլորին է տրված․․․ Ի՜նչ փույթ, թե բանաստեղծ չես․․․ Դու կաս, ինչպես որ կաս․․․ Հասկանո՞ւմ ես՝ դու կա՛ս․․․ Դու ինքդ բանաստեղծություն ես․․․ Աստծո ստեղծագործությունը․․․ Իսկ Աստված ուղղում է մեր սխալները․․․
«Ես մարդասպան եմ,-արտաբերեց նա և լաց եղավ։ Աստված մարդասպան է ստեղծում․․․»։
Մենք նեղն ընկանք, այլևս չգիտեինք ինչ ձևով մխիթարենք նրան․․․ Իսկ բանտի պայմաններում միայն մխիթարանք է պետք․․․ Անգամ՝ մարդասպանին։
Նրա լացը ուժեղանում էր, իսկ ես ու մյուս ընկերս երկու կողմից թմփթմփացնում էինք նրա ուսին։