Յոթձորիմերան (Նախաբան)

Մեսրոպ Հարությունյանը հրատարակության է պատրաստել հերթական գիրքը՝ «Յոթձորիմերան» ժողովածուն, որի պատմվածքների մեծ մասը 2023-2024 թվականներին հրապարակվել է մեր՝ «ArtCollage» կայքում։ Իսկ թե ինչու է ժողովածուն կոչվում «Յոթձորիմերան», հեղինակը բացատրում է նախաբանում։

 

***

Փոքր քաղաքներն ունեն հրաշալի մի առավելություն. բոլորը բոլորին ճանաչում են, հարգում, սիրում կամ ատում, հարևանություն անում, կողք-կողքի հաշտ ապրում կամ, ընդհակառակը՝ կռվում, և բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ՝ յոթ պորտից սկսած։

Այդպիսի քաղաքում կարևոր չէ՝ դու լրագրող ես, ինժեներ, ուսուցիչ, փողոց մաքրող, կոլխոզնիկ, խանութպան, շրջկոմի քարտուղար, քաղաքապետ, ոստիկան… Դու դու ես, դու մարդ ես, դու դեմք ես. Վոլոդյան ես, Մարտիկն ես, Ռուբիկն ես, Գերասիմն ես, Վարոսն ես, Սուրիկն ես, Մելսն ես, Լյովան ես, Յուրիկն ես, Թևոսն ես, Էդիկն ես, Բարդուղն ես, Ասլանյանն ես, Հայրապետյանն ես, Միրզոյանն ես, ընկեր Վերժինե Գրիգորյանն ես, ընկեր Լաուրա Խաչատրյանն ես, ընկեր Էվելինա Ադամյանն ես, ընկեր Պայծառ Համբարձումյանն ես, Սամվելն ես, Վաչոն ես, Ընձակն ես, Կառլենն ես, Հացի Լիդան ես, Շրջկոոպի Վաղոն ես, Կինոյի Մայիսն ես…

Բոլորը քեզ հենց էդպես են ճանաչում:

Եվ երբ 1990 թվականին Այդին Մորիկյանի հրավերով «Հայաստանի Հանրապետություն» թերթում աշխատելու համար պիտի Երևան տեղափոխվեի, վախենալով էի գալիս, որովհետև Երևանում ես արդեն Հարությունյան Վոլոդյայի և Գրիգորյան Վերժինեի տղա Մեսրոպը չէի լինելու, այլ՝ միլիոն մարդուց մեկը. քայլելու էի փողոցով և ամեն քայլափոխի չէի ասելու. «Բարլուս, ո՞նց եք, հինչ կա՞-չկա, է՜», կողքս մեքենա չէր կանգնելու. «Հո՞ւր ես գնում, նստի տանեմ…»։ Ամեն երեկո ընկերներիս հետ չէի կանգնելու Բազարին ու... «Պա հինչ անե՞նք, չգնա՞նք...»։ Գնալու տեղ միշտ էլ կգտնվեր. «Տանը մի քիչ միս կա բաստուրմա դրած, վերցնենք, Սիմոնի (Եղոյի, Արամի) ավտոյով բարձրանանք Լիճքվազի անտառներում խորովենք»,- կասեր Հարութը, և երեկոն պատրաստ էր։ Լավ երեկոյի համար կար Անուշավանաց Սամոյի բարը և, իհարկե, կինոն...

 

***

Հռոմը, ասում են (ես չեմ տեսել, չեմ կարող պնդել), յոթ բլրի վրա է կառուցված։

Իսկ Մեղրին՝ իմ փոքր քաղաքը, յոթ ձորի մեջ է։ Վեց ձոր Մեծ թաղում է, յոթերորդն էլ Փոքր թաղն է։ Պատմությունները, որ հավաքված են այս գրքում, մերվել են յոթ ձորերում, այսինքն՝ ՅՈԹՁՈՐԻՄԵՐԱՆ են…

 

***

Ամեն ձոր իր կերպարն ուներ, անկրկնելի կերպարը՝ Բաթումին և Ուլըբըն, Ուլըբըի ախպեր Ջամբուլատ Ղևոնդը, Շևիաց Ժորան ու Մալևեցի Սամսոնը, Նշանպերիկ Ագոն ու Ակիդա Ժորան, Նաբի Ազատն ու Դարվիշ Գրիշը, Պապաշաց Դոֆալը…

…Դոֆալն, օրինակ, ինչ գործ ասես չէր արել՝ ավտո քշելուց մինչև անգամ միլիցիա, բայց ամեն տեղից էլ հարբեցողության համար դուրս էին արել: Դե, հարբեցող էր, նրանցից, որ ասում են կյանքում մի անգամ են խմել, մնացած ամբողջ ժամանակ «պախմել» է... Չէ՛, իհարկե, մեկ-մեկ օյաղ էլ էր լինում: Էդ ժամանակ մռայլ, անտանելի մարդ էր, բայց հենց որևէ հարևանի տանը մի երկու բաժակ գցում էր՝ տրամադրությունը դառնում էր միլիոն: Դոֆալը արբանյակային կապով առաջին հեռախոսի «գյուտարարն» էր... Տան հեռախոսի խոսափողը լարով պոկել էր, լարը դրել ծոցը՝ խոսափողը ականջին Բազարով ֆռֆռում էր.

-Դոֆա՛լ, հի՞նչ ես անում...

-Մի՛ խանգարի, Ջիգյա՛ր Ախպեր, Կրեմլի հետ եմ խոսում... Ա, չես, է, իմանում, սա սպուտնիկով հեռախոս ա՝ ուղիղ կապ Կրեմլի հետ... Հա՛, Բրեժնև ջան... Ջիգյար Ախպե՞ր, ո՞նց ես, հինչ կա-չկա՞, Դոֆալն ա, Ջիգյա՛ր Ախպեր, Պապաշաց Դոֆալը՝ Դիմկան: Ջիգյա՛ր Ախպեր, էդ օլիմպիադան պրծնի, արի մի-մի բաժակ բան խմենք է՜...

…Շարունակեմ. Խմուկ Սերին ու Կիճին, Կրտոփի Մարտիկն ու Տռոտող Եղիշեն, Թևանաց Ալյոշը, Մորուք Արտոն, Ուբին…

Ուբիի մասին էլ պիտի պատմեմ. Ուբին բանվոր էր Կոմունալում։ Իսկական, պրոֆեսիոնալ բանվոր։ Գալիս էր գործի, փոխվում, հագնում «Սովետական Հայաստան» թերթի մեջ փաթաթած ու հետը բերած բանվորական շորերը, որ ոչ մի բանով չէին տարբերվում փոխած շորերից։ Մի ավտո ցեմենտ էր դատարկում, կամ մի ամբողջ օր ցեխ էր անում, վարպետին ցեխ ու քար մատակարարում, բայց շորերը մի գրամ անգամ չէին փոշոտվում կամ ցեխոտվում։ Երեկոյան էս աշխատանքային մաքուր շորերը հանում էր, էլի փաթաթում «Սովետական Հայաստան» թերթով, էն մյուս մաքուր շորերը հագնում, փաթեթը դնում թևի տակ ու գնում տուն։

Վերջապես՝ Վալոդիկն ու իր կինը՝ Անոն, Համոզը, Համոզաց Հովիկն ու Ալինան, Մոսին, Մոսիաց Ալյոշն ու Արտոն, Ջուլիկն ու Աֆոյաց Սոսոն, Կուկլա Արևհատն ու Հարկի Պառավը, Զազին ու կոլխոզի հավապահ Աշին, որ ցանկացած մեկի բարևին պատասխանում էր. «օրդե՛ր, օրդե՛ր, օրդե՛ր…», որովհետև իր կարծիքով իրեն բարևում էին միայն կոլխոզի հավանոցից հավ առնելու համար, և օրդեր էր ուզում, որ հավ տա։ Բայց էսպես անուններ տալով էս նախաբանը չեմ ավարտի, որովհետև պիտի ստիպված թվարկեմ բոլոր չորս-հինգ հազար մարդուն։ Չէ՞ որ արդեն ասացի՝ փոքր քաղաքի մեծ առավելությունը հենց էն է, որ յուրաքանչյուրն անհատականություն է։ Հիշվող, ճանաչելի անհատականություն։

Ահա թե ինչու մենք՝ փոքր քաղաքի մեծ մարդիկս, բոլորս անխտիր՝ լրագրող, թե պոետ, բանվոր, կոլխոզնիկ թե ուսուցիչ, մեծ քաղաքում նեղվում ենք...

Երևի որովհետև փոքր քաղաքում դու ծնված օրվանից ես Մեսրոպը, Հարութը կամ Վաչը…

Մեծ քաղաքում դա ընդամենը քո անունն է...

 

Մեսրոպ Հարությունյան