Զավեն Սարգսյան. մարդ, ով լուսանկարում էր հոգին

Զավեն Սարգսյանը հայկական լուսանկարչության այն եզակի դեմքերից էր, ում ստեղծագործական ուղին համախմբում էր վավերագրական մոտեցումները, գեղարվեստական նրբանկատությունն ու մշակութային հիշողության պահպանման անսասան նվիրվածությունը։ Նրա լուսանկարները՝ համահունչ իր ինքնակատարելագործվող բնավորությանը, խոսուն լռությամբ վերափոխում են պահը պատկերի, իսկ պատկերը՝ ապրումի։
Երբեմն լուսանկարները հազարավոր պերճախոս բառերից խոսուն են: Ակնթարթը, որն անմահանում է տեսախցիկի միջոցով, դառնում է հավերժություն, ապրում որպես հիշողություն՝ լցվելով վավերագրողի հոգու ջերմությամբ: Զավեն Սարգսյանը հենց այդպիսինն էր՝ լուսանկարիչ, ում ֆոտոախցիկը ոչ թե փաստագրում, այլ ստեղծագործում էր:
Նրա վավերագրած պատկերները վաղուց հատել են լուսանկարչության արվեստի համար սահմանված կանոններն ու վերածվել կյանքի յուրօրինակ փիլիսոփայության։ Լուսանկարչի ֆոտոխցիկը դիտում էր ոչ միայն առարկան, այլև մարդու ներաշխարհը, կադրի հետևում թաքնված լռությունն ու խոստովանությունը։ Մոտեցումն ասես լուսանկարչի չէր, ով ցանկանում էր փաստագրել իրականությունը, այլ գրողի, ով փորձում էր ակնթարթը վերածել պատկերավոր բանաստեղծության։
Լուսանկարչության հանդեպ սերը Զավեն Սարգսյանի մոտ դրսևորվել է դեռ դպրոցական տարիներից ու դարձել կենսակերպ: Նրա պոլիտեխնիկական կրթությունը երկրորդ պլան չմղեց արվեստի հանդեպ անմնացորդ սերը, ընդհակառակն օգնեց ճիշտ տեսնել ու մեկնաբանել պատկերները ու ինչպես ինքն է ասել՝ մարդը պետք է ունենա տեխնիկական կրթություն: Դա օգնում է ճիշտ ընկալել արվեստը: Լուսանկարչությանը զուգահեռ նրա տարերքն էր նաև երաժշտությունը, ինչի արդյունքում ստեղծվեց «Երազողները» ռոք-խումբը, որը հարստացրեց ու խտացրեց նրա առանց այն էլ հարուստ ու հետաքրքիր կյանքի գունապնակը, բայց երաժշտության հանդեպ սերը չհաղթեց լուսանկարչի ամենատես աչքին:
Զավեն Սարգսյանի լուսանկարչական ուղին սկսվեց խորհրդային տարիներին՝ ժամանակաշրջան, երբ պատկերներն ակնթարթորեն վիրտուալ տիրույթում հայտնվելու ու «թափառելու» հնարավորություն չունեին։ Դրանց արժեքը չափվում էր ոչ թե «հաճախ դիտվածությամբ» ու «ակամա հավանումներով», այլ ներքին լարվածությամբ և արտահայտչականությամբ։
Զավեն Սարգսյանը կարողացավ սեփական ոճը ձևավորել՝ միահյուսելով լուսանկարչական հստակությունն ու գեղարվեստական սիմվոլիկան։ Նրա առաջին լուսանկարները պատկերում էին քաղաքային կենցաղը՝ երևանյան բակեր, քաղաքի բնակիչներ, լռող դռներ ու պատուհաններ։ Սակայն հենց այդ լուռ կադրերում էլ սկսեց հնչել Զավենին բնորոշ լեզուն՝ զուսպ, սակայն անչափ ուժեղ, հանգիստ ու խորքային։ Ժամանակի հետ նա դարձավ վարպետ պատմող, ով ի զորու էր մի կադրով ամբողջ դարաշրջան պատկերել։ Նա լուսանկարեց ոչ միայն մարդկանց, այլև նրանց բացակայությունը, քաղաքների և ճակատագրերի մաշվածությունը։ Նրա ստեղծագործության մեջ զգացվում է գերակշռող սև-սպիտակի դրամատիզմը՝ իբրև հիշողության լեզու։ Նրա օբյեկտիվում հայտնվեցին մեծանուն արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց լուսանկարչի ամենատես աչքը անմահացնում էր ամենահուզական պահերին՝ անկեղծ ու անմիջական, զերծ մասնագիտական ու պաշտոնական դրսևորումներից ու ձևերից:
Հայկական ճարտարապետության հուշարձաններն անմահացնելը նրա տարերքն էր: Անգիր գիտեր նույնիսկ հեռավոր ու շատ հաճախ մարդկանց կողմից մոռացված մի գյուղում ծվարած կիսաքանդ եկեղեցիների ու խաչքարերի մասին: Նրա համար հայրենիքն ամբողջանում էր կիսաքանդ եկեղեցիների պատերի ու սրբատաշ քարերի մեջ, բաց դաշտում քամիներին դիմակայող մենավոր ծառերի ստվերում, ճամփեզրին դրված քարի ու դրա վրա նստած ծերունու հոգսաշատ հայացի ու բարկ արևի տակ կիսամերկ խաղացող երեխաների աղմուկի մեջ: Հայկական վանքերը, քանդված եկեղեցիները, գյուղական լանդշաֆտները նրա լուսանկարներում վերածվում էին ներաշխարհի խորհրդանիշների։ Հաճախ օգտագործելով բնական լույսը՝ նրան հաջողվում էր հաղորդել նյութի հյուսվածքը, օդում կախված խոնավությունը և քարերի մեջ նստած հիշողությունը։ Հայկական ճարտարապետության գոհարները բացահայտելու, դրանց հետ անմիջական շփվելու ու հոգեհարազատ զրույցներ տանելու մեծ ցանկության շնորհիվ Զավենը բազմիցս եղավ Արևմտյան Հայաստանում, Արցախում, Նախիջևանում, լուսանկարեց այդ վայրերը տարվա բոլոր եղանակներին, հնարավոր բոլոր անկյուններից, զգաց ու վերապրեց պատմական հայրենիքի կորստի ցավն ու վերագտնելու հույսը:
Բացի լուսանկարչական գործունեությունից, Զավեն Սարգսյանն անգնահատելի ներդրում ունեցավ հայկական մշակույթի պահպանման գործում։ Նա հիմնադրեց և մինչև կյանքի վերջ ղեկավարեց Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ այն դարձնելով ոչ միայն արվեստի կենտրոն, այլև մշակութային երկխոսության եզակի հարթակ։ Նրա շնորհիվ Փարաջանովի արվեստը նորից սկսեց խոսել՝ նոր սերնդին հասկանալի ու հոգեհարազատ լեզվով։
Զավեն Սարգսյանը նաև ուսուցիչ էր՝ ոչ միայն դասախոսական իմաստով, այլ նաև աշխարհընկալման օրինակով։ Նա սովորեցնում էր տեսնել ու գնահատել գեղեցիկը, լսել լռությունը, նկատել մանրուքներում թաքնված մեծ պատմությունները։
Այսօր, երբ նա այլևս մեզ հետ չէ, նրա մասին ջերմ հիշողությունները, նրա թողած հոգևոր և նյութական ժառանգությունը շարունակում են մնալ կենդանի հիշողության կրողներ՝ հավերժ պահելով ոչ միայն տեսարանները, այլև այն հայացքը, որով դրանք պատկերվել են։ Զավեն Սարգսյանի արվեստը հայ լուսանկարչության խորհրդանիշներից է՝ բովանդակային խտությամբ, գեղարվեստական արժանապատվությամբ և մարդկային խոր ներկայությամբ։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուչարյան
Լուսանկարներ՝
1. Գլխավոր լուսանկար- Զավեն Սարգսյան
2. Ձախից Աջ կանգնած են՝ Զավեն Սարգսյանը, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը և նկարիչ Հակոբ հակոբյանը, 1978թ.
3. Շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ՝ Ս. Փարաջանովի թանգարանում, լուսանկարը՝ Զավեն Սարգսյանի արխիվից, 2001թ.
4. Արարատը գառնիից- լուսանկարը Զ. Սարգսյանի


