Ժամանակաշրջանի անդրադարձը Կարինե Ռաֆայելյանի վիպակներում

Գրական երկերի ծնունդը կապվում է հեղինակի օժտվածության, հայացքների, գեղագիտական իդեալի հետ, ինչը ձևավորվում է ժամանակի պահանջով: Այս ամենից շիկանում, բոցավառվում է գրողի ներաշխարհը, և անհրաժեշտ նախապայմանների խմորումից ծնվում է ներշնչանքը: Կարինե Ռաֆայելյանի վերջերս հրատարակած «Հույսի շավիղ» ընդհանուր խորագրով երկու վիպակներն այդ ներշնչանքի արդյունքն են: Մի առիթով Ռաֆայելյանն ասել է, որ ինքը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, բայց քաղաքականությունը զբաղվել է իրենով: Իբրև հրապարակախոս, լրագրող, գրականագետ, գրող ու սովորական հայ մարդ՝ եփվել է իրադարձությունների, քաղաքական գործընթացների խառնարանում և գրի մեջ ազատ լինելով՝ հաճախ գեղարվեստական երկերի միջոցով է արձագանքել տեսածին, ապրածին, զգացածին: Նրա հյուսած գեղարվեստական պատումները հավաքվում, շաղախվում ու հունցվում են կյանքի բեկորներից: Երկու վիպակում էլ բուն հերոսը Հայաստանն է՝ այնտեղ ապրող մարդկանցով: Այս երկուսն անբաժանելի ամբողջություն են: Լայնախոհ ու անհանգիստ գրողի ուշադրության ծիրում են հայությանը հուզող տարաբնույթ խնդիրներ. Արցախյան երեք պատերազմներ, գոյաբանական աղետի առաջ կանգնած ժողովուրդ, խեղվող ճակատագրեր, փլուզվող երազանքներ… Հուսահատությունը, ցավն ու կսկիծը խիտ են. ժամանակներն են այդպիսին: Հեղինակը բացասական իրողությունների արձանագրմամբ կառուցում է օրախնդիր դարձած փլուզումների համապատկերը, հետազոտում, վավերագրում է իրականությունը՝ փորձելով իր գրականությունից բխող հաղորդագրություններով օգնել կարևոր արժեքների կորստի առաջ կանգնած մարդուն:

Վիպակներն առաջադրված հարցերի ծավալով կարելի է դիտարկել իբրև վերջին երեք տասնամյակի ճշմարիտ ժամանակագրություն: Հայի, Հայաստանի գալիքի ու վերելքի խնդիրը պահանջ է դնում կռիվ բացել սովորական դարձող ամենաթողության, վախի, ստի, կեղծիքի, դավաճանության և այլ մերժելի երևույթների դեմ: Քայլ առ քայլ պարզորոշվում է գրողի հոգու և մտքի շարժումը՝ գտնելու վերելքի և վերածննդի ուղին, ինչի շնորհիվ «շավղից դուրս» հայտնվածները վերստին կկանգնեն «հույսի շավղի» վրա:

Հոգեբանական նրբին դիտարկումներով, կերպարների ու սյուժետային զարգացումների համոզչականությամբ է աչքի ընկնում «Լռությունից անդին» վիպակը: Հեղինակային խոսքի թիրախ են դառնում հասարակության բարոյական անկումը, հոգևոր արժեքների բացակայությունը, այլ կերպ՝ «ոգու սովը» և սրանցից բխող բոլոր-բոլոր հետևանքները: Գրողի դիտարկմամբ ազգապահպանման և զարգացման անկյունաքարը հենց նշված հատկանիշների ամուր գոյությունը պետք է լինի, մինչդեռ… Վիպակն սկսվում է խոսուն, շատ կարևոր մի կետից. «Երևանի ընթերցող չունեցող գրադարաններից մեկում էր աշխատում Մարոն… Տնօրենը հանձնարարել էր տեսակավորել գրքերը, առանձնացնել մակագրվածները չմակագրվածներից: Ողջ գիտակցական կյանքը գրքի պաշտամունքով ապրած Մարոն նայում էր գրադարակներին ու մտածում, որ գրքերն էլ իր ու շատերի նման ավելորդ մի բան են դարձել, որ դրանց գոյության համար ինչ-որ նպատակ հորինելը պարզապես անպտուղ ջանք է» (72): Փոխարենը հերթեր են գոյանում բախտագուշակների դռներին: «Վարսիկը բախտ բացող էր, թաղի, անգամ՝ քաղաքի մարգարեն, էքստրասենսը, մի խոսքով՝ Կաշպիրովսկին: Նրա տան դռներին հերթ կանգնողները երբեմն գիշերում են հենց փողոցում՝ շեմի մոտ փռված խսիրների վրա, լավագույն դեպքում՝ իրենց այդտեղ բերած մեքենաների մեջ: Վարսիկի մոտ ընկնելը նախապաշարված այդ ամբոխի համար բաղձանք էր, Աստծու պարգև: Իսկ ամբոխը բազմազան էր. տանը մնացած աղջիկներ, անբուժելի հիվանդներ, սկեսուրներից հալածված հարսներ, ամուսիններից դավաճանված կանայք, չար աչքից տուժած անհաջողակներ, թուղթուգրի զոհեր և այլն, և այլն» (79):

Նշված իրողությունների գոյությունը 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում փաստում է հասարակության բարոյական, հոգևոր, գիտակրթական աղետալի վիճակը: Դա ուղղակիորեն արտացոլվում է պետական-պաշտոնական գործառույթներում, բանակային կյանքում… ամենուր: Երևանից Ստեփանակերտ ժամանած զինվորական մաս-մաքուր համազգեստով մի նախարար և նախարարության երկու աշխատակցուհի (եկել էին «Արցախը փրկելու», զբաղվում էին միայն սելֆիով, ուտել-խմելով: Ռաֆայելյանը, երևույթներն ընդհանրացնելով, ի ցույց է դնում հայության համար մեծագույն չարիքը՝ պաշտոնավորների անգործությունը, կարևորագույն հարցերին անտեղյակությունը և անտարբերությունը: Հեղինակը խտացնում է ասելիքը՝ նրանց բնութագրելով շատ կարճ՝ սելֆիի մեյմուններ: Իսկ նախարարության՝ զինվորական կտորից կարված «կարճափեշ կիսաշրջազգեստներով» թեթևաբարո կանանց այլևս հիշատակում է միայն «…ուհիներ» ածանցով: Բանակում անտեսվում է գաղափարական դաստիարակությունը: Հայ զինվորը մուղամ է «զռզռացնում»: «Հայկական բանակում՝ մուղամ: Հայրենիքն էլ ո՞նց են կորցնում» (102),- գրում է հեղինակը: Սա ահազանգ է. «Քնել չկա, հայրենիք ենք կորցնում» (102): Պետք է կրթվեն բոլոր օղակների պատասխանատուները, համապատասխան մասնագետները, որ ճիշտ կայացնեն զինվորին: Զինվոր է ոչ միայն բանակում ծառայողն ու մարտադաշտում կռվողը, այլև ամեն մի հայ: Նշանակում է՝ բախտագուշակների մոտ ժամավաճառ լինելու փոխարեն պետք է վերադառնալ գրադարան, այսինքն՝ ինքնության և աշխարհաճանաչման ակունքները՝ ճիշտ նախապատրաստվելու բոլոր մարտահրավերներին: Փափուկ, ապահովված կյանքը Գարոյին՝ Գևորգի ու Մարոյի որդուն, դարձնում է միայն սպառողի հոգեբանությամբ դատարկապորտ, թուլամորթ, աննպատակ, ցանկացած դժվարության անպատրաստ: Մինչդեռ Գևորգի և տղաբերքի ժամանակ մահացած Ելենի ապօրինի որդին՝ Հրայրը, մեծանալով խեղճուկրակ Սաթենի սիրո և հոգածության պայմաններում, դառնում է «գովելի» գեղանկարիչ, գրող և հայրենքի համար կյանքը չխնայելու համար պատրաստ զինվոր:

Հավանաբար հաշվի առնելով, որ գրականությունը ոչ միայն վավերագրում է, այլև ցանկալին իրականություն դարձնելու ձգտում՝ «Շավղից դուրս» վիպակում հեղինակն ստեղծում է ընդգծված դրական և բացասական կերպարներ: Իդեալ հերոսը՝ Վահեն, ներքին ու արտաքին գեղեցկությունների ներդաշնակ համադրություն է: Բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Աելիտա Դոլուխանյանը գրքի գրախոսականում այս հերոսին բնութագրել է իբրև հրաշամանուկի (Կ. Ռաֆայելյան, Հույսի շավիղ, Երևան. 2024, էջ 4): Վահեն կատարյալ է բոլոր իրավիճակներում, հարաբերություններում, կողմնորոշումներում: Կյանքի յուրաքանչյուր րոպեն ապրում է զավակի, քաղաքացու, բժշկի պարտքի ու պարտականությունների բարձր գիտակցումով ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում: Փրկում է հարյուրավոր կյանքեր՝ իր մասին երբեք չանհանգստանալով: Անգամ ներողամտորեն մահվան ճանկերից ազատում է իրեն դաժանաբար ծեծած հղփացածներին սուտ վկայությամբ պաշտպանած, սիրած էակին կորցնելու, «շավղից դուրս կյանքի տասնվեց տարի» անցկացնելու մեղավորին՝ դպրոցի տնօրեն Վաղարշակ Մութաֆյանին:

Վիպակում մռայլը շատ է, որովհետև չափազանց խորն է ցավը, ու մեծ է անորոշության տագնապը: Ժամանակի ու ասելիքի լրջությունը փոքր չափաբաժնով նկատելի է դարձնում հեղինակային բաց միջամտությունները: Հատկապես երբ անցում է կատարվում անցյալ ժամանակով վերապատմելու միջոցին, գրողի գնահատումները բաբախում են ոչ միայն տողատակերում. ուժեղանում են հրապարակախոսական շեշտադրումները և հրապարակախոսության չափաբաժնի ավելցուկը (44,46,100):

Վահեի կերպարի միջոցով երևակվում է մարդացման վերագտնումի ուղին, ուժեղանում է համոզումը, որ գոյատևող մոլորություններն ու սխալներն անկասկած դատապարտված են հաղթահարվելու: Վերախմբագրված ժողովրդական հայտնի իմաստությունը՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ օրենքը» (31), շրջանառությունից անպայմանորեն դուրս է մղվելու:

Վիպակի ավարտը փոքր-ինչ նովելային է՝ անսպասելի, բայց խոսուն: «…Տարիքին ոչ բնորոշ ինքնավստահ քայլքով Եռաբլուր էր բարձրանում մի տղուկ՝ թեթև կաղացող տղամարդու և արևագույն շրջազգեստով կնոջ ձեռքերը բռնած: Հայացքով շոյելով պանթեոնի բազմապատկված մասունքադարանները՝ հասան 44-օրյայի նահատակ հերոս Սեթ Մամիկոնյանի շիրիմին:

-Դուք հայրիկիս ընկերնե՞րն եք:

… Եվ հնգամյա Հակոբն առաջին անգամ Եռաբլուրում ժպտաց» (69):

Կաղացող տղամարդը Վահեն էր, կինը՝ երկարամյա որոնումներից հետո գտնված Հասմիկը:

Խորախորհուրդ վերջաբանով հեղինակն ընթերցողին է ուղղում ուժ գտնելու և Ապրելու պատգամը: Նահատակ հերոսի հնգամյա որդու ժպիտն արթնացող հույսի ու լավատեսության ցուցիչն է: Փոքրիկ Հակոբը գուցե ենթագիտակցորեն զգում է, որ իր սգակիր ընտանիքի հետ մենակ չէ, որ կան «հայրիկի ընկերներ», որոնք կօգնեն ծնկած չմնալ, ոտքի կանգնել, քայլել առաջ:

Եռաբլուրի մասունքադարաններում ամփոփված քաջերը, ըստ հեղինակի՝ հարստացնում են հայոց երկինքը: Նրանք հետմահու էլ առաքելություն ունեն՝ իբրև «Աստծո արքայությունում հայրենիքի ու ազգի համար կարգված միջնորդ-բարեխոսներ» (126): Նրանց անձնուրացության ու սխրանքի հուշն ու գիտակցումը կօգնի «բռունցքվելու, ձեռքից եկածն անելու», «մեր տան Լուսաբացը բերելու»:

Հայի համար հիշողությունը կյանքի ավիշ է: Հիշողությունը ապրելու, սխալները չկրկնելու և նոր սխալներ չգործելու կարևոր գրավականն է: Կ. Ռաֆայելյանը պատումը հյուսում է գունեղ, հոգեպարար գրական հայերենի հենքով: Գրող, գրականագետ Նորայր Ադալյանը դա համարում է շատ կարևոր արժանիք և նշում է, որ Ռաֆայելյանի «հեղինակային լեզուն ունի գրական հայերենի օրինակելի մակարդակ» (Կարինե Ռաֆայելյան, Մենիկ, Եր., Նուռ, 2023, էջ 6): Լեզվի մասին աղավաղված պատկերացումների ներկա մթնոլորտում հեղինակն ասես վերահաստատում է ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունը՝ վնասվեց լեզուն, վտանգվում է ազգի գոյությունը, և խնամքով օգտագործվող գիրը դիտարկում է որպես հանրությանը բարձրացնելու կարևոր միջոց: Ամենատգեղ, մերժելի երևույթները գեղեցիկ ներկայացնելու դեպքում ձևավորվում է գեղեցիկ մտածողություն և հոգեկերտվածք: Ռաֆայելյանն օգտագործում է բազմաթիվ նորաբանություններ, հեղինակային նորակազմություններ՝ կոմիտասանալ, մասունքադարան, արկածապատում, պատերազմապատում, ջրորակիչ, ներհարդարանք, հավաքորդ…, և հնաբանություններ՝ բավիղ, համադամ, դրանդի, բանդագուշանք, ձաղկել… Ու այս համադրությունն այնքան հմտորեն է իրագործում, որ ընդգծվում են բառապաշարի և՛ հարստությունը, և՛ ճոխությունը: Հերոսների խոսքը տիպականացված է, անբռնազբոս, ոճականորեն համոզիչ: Անհրաժեշտ չափաբաժնով օգտագործվում են բառամթերքի տարբեր շերտեր՝ ժարգոն, գռեհկաբանություն, օտարաբանություններ: Հեղինակային ճաշակավոր հայերենին ներհյուսվող կերպարային առողջ, բնական, տեղ-տեղ «արեշերենով» կամ Արցախի բարբառով համեմվող խոսք ու զրույցի առկայությունը Կ. Ռաֆայելյանի արձակը դարձնում են հայոց բառ ու բանի հմայիչ շտեմարան: Գնահատելի է հումորի նուրբ շերտի առկայությունը, ինչի շնորհիվ ժամանակի մռայլը նոսրանում է՝ թեթևություն, հույս ու լավատեսություն բերելով ընթերցողին:

 

Ազնիվ Չիլինգարյան

բ.գ.թ. դոցենտ