Ժամանակի Երկաթագիրը

Մարդիկ ունեն հավաքական հիշողություն։ Եվ կան առանձին մարդիկ, ովքեր իրենք են դառնում հավաքական հիշողություն։ Հրանտ Մաթևոսյանը համաշխարհային մշակույթում հենց այն եզակի անհատականություններից է, որոնց ներքին բովանդակությունը կազմվում է առանձնահատուկ խղճմտանք ունեցող մարդկանց հոգու մասնիկներից: Ու համաշխարհային գրականության ինստիտուտը դեռ երկար ու քրտնաջան, պատառիկ առ պատառիկ կհավաքի ու կարծարծի մեծ գրողի ստեղծագործությունները։ Ամեն անգամ մենք տոնի պես այն հերթական անգամ կբացահայտենք, կլսեցնենք, միտքը կիմաստավորենք:

Մաթևոսյանն այնքան անկեղծ էր սիրում կյանքը, որ թվում էր՝ կյանքը միշտ փոխադարձությամբ էր պատասխանելու նրան։ Սակայն ինքը հավերժից էր, և հենց այդ պատճառով էր իրեն վտարանդի զգում ներկայում: Նրա ներքին հանգրվանը մշտական երկխոսության մեջ էր փոփոխվող աշխարհի հետ: Անհանգիստ գրողը, «բաց նյարդերով» մարդն անվերջ կամրջում է ներկան հավերժին ու զգուշացնում, զգուշացնում, զգուշացնում: Եվ նրա խոսքը գրողի կենդանի ներկայությունն է մշակույթում. գրի կենսունակությունը հաղթում է ամեն ինչ՝ ժամանակը, տարածքը, ձևը։ Ըստ էության, նրա Ծմակուտից մինչև հրապարակախոսություններ չկա «չմարսված կենսագրության» և ոչ մի հետք։ Ամենը վերցված է փորձից, բայց նաև իմաստունի բնազդից ու մարգարեի շնորհից։ Մաթևոսյանը դեռ ճանապարհի սկզբում հնարք է մտածում, որ պետք է երևակայությունը գրել որպես իրականություն, իսկ իրականությունը՝ որպես երևակայություն։ Սա է բարձր գրականության վերծանման բանալին։ Եվ արդեն շփոթում ես՝ որտեղ է հորինվածքը, և որտեղ է իրականում ինչ-որ բան պատահել։ Մի բան է հաստատ՝ գրված է, ուրեմն այդպես է։ Դրանք պարզապես երկու իրականություններ են։

Այս ընկալման մեջ նա այն եզակիներից է, այն հանճարը, ով դարձավ մարդկային հանրույթների հավաքական խիղճը, այն հզորը՝ ում սիրտն այդ հավաքական շտեմարանն է։ Այդ խղճի լեզուն առավել ամբողջական է արտահայտվում նրա հրապարակախոսական խոսքում. «Հիմա մենք ենք մեր և՛ իշխողը, և՛ հպատակը… մեծ վկան ու պարգևը ինքը հայոց մեր տունն է լինելու և մեծ մեղադրողը մեզ՝ այդ տան թերին»։ Այստեղ տունը բարոյական չափանիշ է։ «Տուն ենք բարձրացնում, որ երևալու է աշխարհի բոլոր ծագերից… անանուններիս՝ ինքնություն և անտերներիս տիրություն»։ Եվ այս պատկերացումն անխուսափելիորեն հանգեցնում է հայրենիքի գաղափարին, որը ոչ թե զգացմունք է՝ պահանջ։ «Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»,- ասում է գրողը: Ուստի նրա համար Հայրենիքի նվաստությունը ներկա պահին կատարված դավաճանություն է, իսկ հավատը՝ մշտական քննություն։ «Մենք հավիտենական հավատաքննության մեջ ենք… մեր մահից հետո մեր գործն է հավիտենական քննության տակ»։ Եվ այս ուղեծիրը ամբողջական է՝ հայրենիքից մինչև գրականություն: Այս նույն պատասխանատվության դաշտում է գրականության արարման նրա ըմբռնումը։ «Գրականությունը կարոտ է… եղածի և չեղածի, լինելիքի և անհնարինի կարոտը»։ Պատահական չէ, որ Մաթևոսյանի Գրականությունը մշտապես ընդդիմադիր է կյանքի նկատմամբ: Հենց այդ պատճառով է նա որոնում  մոնումենտալ մարդուն՝ այն մեկին ով պահել է անաղարտ վիճակը։ «Չկա գյուղագրություն կամ քաղաքագրություն. կա միայն մարդկային հայացք բնությանն ու աշխարհին»։ Տիեզերքից նայողի հայացքն է, որի վերջնական հանգրվանը ժամանակն է՝ ապրած, լցված ժամանակը։

«ԱՅՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է… մեր ժամանակի վրա մենք մեր երկաթագիրն ենք թողնելու՝ այստեղ ապրել ենք մենք»։ Այդպես է. Մաթևոսյանի համար Ժամանակը գոյություն ունի այնքանով, որքանով լցված է մարդկային ներկայությամբ։ Եվ իր  գրականությունը դառնում է այդ ներկայության գրանցումը։ Հենց դրա համար է նրա խոսքը դառնում դատ, հիշեցում։ Նրա գրականությունը մեզ պատասխանատվություն է պարտադրում: Մեզ վերադարձնում մեզ։ Եվ այստեղ ավարտ չկա։ Կա միայն մի հաստատում, որը կրկնվում է ամեն անգամ, երբ վերադառնում ենք նրա լեզվին․ այստեղ ապրել ենք մենք։ Ու քանի այդպես է, թող ների մեզ Մեծը՝ ԱՅՍՏԵՂ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ:

 

Լիլիթ Հակոբյան