«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը»

Պատկերասրահն իրագործեց Ժանսեմին տված խոստումը
Ֆրանսիական գրաֆիկայի մեծ վարպետի 120 ստեղծագործությունները միավորած ցուցադրական հայեցակարգի առանցքում Ժանսեմի անսովոր հայացքն է՝ վերածված գեղարվեստական պատկերաշարերի, ժանսեմյան գեղագիտության ու կերպարների զարմանալի բազմազանության:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցահանդեսն առանձնահատուկ է ոչ միայն պատկերասրահի այս տարվա ցուցադրությունների ծրագրում, այլև մի նախագիծ է, որի իրականացմանը այստեղ սպասել են երկու տասնամյակից ավելի: Դեռ քսան տարի առաջ՝ 2005-ին, Ժանսեմն իր 400 աշխատանքները նվիրաբերեց հայրենիքին, որոնք, բնականաբար, համալրեցին երկրի գլխավոր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուները:
Ավելի ուշ նկարիչը Հայոց Ցեղասպանության թեմային նվիրված ևս 34 կտավ նվիրաբերեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ տարբեր տարիների ընթացքում հայրենիքին նվիրած ստեղծագործությունների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 500 աշխատանքի:
Եվ չնայած նախորդ դարի 60-ականներից սկսած՝ ազգային զարթոնքի տարիներից վեր, նա պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում, բայց պատկերասրահում նկարչի վերջին նվիրատվությունների ցուցադրության ծրագիրը վերածվել է իսկական Ոդիսականի: Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը փաստում է՝ վերջապես պատկերասրահը իրագործում է քսան տարի առաջ Ժանսեմին տված խոստումը, թեև՝ մասամբ. «2005-ին Ժանսեմին խոստացանք, որ այս ցուցադրությունը տեղի կունենա նրա կենդանության օրոք: Ցավալիորեն, տարբեր՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այն իրագործել չհաջողվեց: Հիշում եմ՝ ամեն տարի մեր ծրագրերում հայտնվում էր նույն խորագիրը՝ «Ժանսեմի վերջին նվիրատվությունների ցուցադրություն»: Վերջապես քսան տարի անց կազմակերպվեց այս ամփոփ ցուցադրությունը և մենք կատարեցինք մեր խոստումը»:
Ստեղծագործական իր ուրույն ճանապարհի ընթացքում Ժանսեմը պահպանել է հավատարմությունը սոցիալական արվեստի սկզբունքներին և գեղագիտական ու օրգանական ամուր կապերով կապված է ֆրանսիահայ գրաֆիկ նկարիչների ավագ սերնդի՝ Էդգար Շահինի, Տիգրան Փոլատի և Հերան Շաբանի գաղափարաբանությանը: Իր գործերի սոցիալական սուր շեշտադրումներով Ժանսեմը հարում է հետպատերազմական համաեվրոպական արվեստի կարևոր ուղղություններից մեկին՝ միզերաբիլիզմին։ Նրա տարբեր գրաֆիկական շարքերում լուսանցքային մարդիկ՝ խոցելի խմբերի անտեսանելի հերոսները՝ անօթևանները, մերժվածները, չքավորները, մարմնավաճառներն ու թշվառները վերածվում են անհետացող մի վերհուշի, որը նա դրոշմում է իր գծապատկերներում:
Ցուցադրական հայեցակարգում ընդգրկված տարբեր շարքերի հերոսները՝ պարուհիները, բնորդուհիները քարացել են հոգնատանջ ապրումների ակնթարթներում, իսկ օրինակ «Դիմակահանդես» շարքում տոնահանդեսների հերոսներն օժտված են խանդավառ տոնականությամբ:
Հայոց ցեղասպանությունը վերապրած Սեմերջյանների ընտանիքն իր երկրորդ հայրենիքը գտավ Ֆրանսիայում, 1931-ին նրանք բնակություն հաստատեցին Փարիզում: Ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդ լինելու իրողությունն իր կնիքն է դրել Ժանսեմի գեղարվեստական մտածողության ու ամբողջ ստեղծագործության վրա: Եվ նա ֆրանսիահայ մյուս մեծ հայոդիների՝ Միսաք Մանուշյանի, Շարլ Ազնավուրի նման հավասարապես արժանապատվորեն եղավ իր երկու հայրենիքների զավակը: Ժանսեմը ներգաղթյալների ընտանիքից հասավ երկրի ամենամեծ բարձունքներին և արժանացավ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանին:
Թերևս մեծ նկարչի վերելքի այս դժվարին ճանապարհն է ոգեշնչում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայ արվեստասերներին ուղղված ողջույնի իր խոսքում դեսպան Դըկոտինյին խոսեց հայկական ստեղծարար սկզբի երկու խոհրդանիշների մասին. «Կան մարդիկ, որոնց կյանքի ուղին գեղագիտական է և հոգևոր: Նման մարդկանցից են Կոմիտասը և Ժանսեմը: Լինելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա ապրել է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում՝ ծայրահեղ աղքատության մեջ: Այդ արվարձանում այժմ նրա արվեստանոցն է: Ժանսեմը նկարել սովորել է փողոցներում՝ արձանագրելով այն, ինչ տեսնում է: Կրթություն ստանալով Մոնպառնասի ակադեմիայում, ապա՝ Փարիզի գեղարվեստի բարձրագույն դպրոցում՝ նա գտավ իր հատուկ ոճն ու գունապնակը: Նրա կտավներում հաճախ են հանդիպում կորացած մարդիկ, որոնց դեմքին դրոշմված են վիշտն ու ցավը: Ժանսեմը Ֆրանսիայում գտավ իր գեղարվեստական հայրենիքը. լինելով Ֆրանսիայի սփյուռքի զավակ՝ նա Ֆրանսիայում գտավ հայրենիք և ապրելով Ֆրանսիայում՝ Հայաստանը միշտ պահեց իր սրտում»:
Նունե Ալեքսանյան