Զինվորն ու փիղը. Մեծ հայրենականը Կեսայանցի հայացքով

Հայրենական մեծ պատերազմի տարիներն ու դրանց հետ կապված պատմական շրջադարձային իրադարձությունները եղել ու շարունակում են մնալ խորհրդային և հետխորհրդային կինոյում ամենից շատն արծարծված թեմաները, որոնք կշարունակեն պահպանել արդիականությունը, քանզի ընդմիշտ կպահպանվի մեծ հաղթանակի մասին հիշողությունը: Արվեստը մեզ օգնում է վերապրել ու հիշել անցածը, իսկ կինոն՝ որպես ժամանակի հավերժացում, անցյալն ապրեցնում է ներկայում: Մայիսի 9-ի առթիվ ավելորդ չի լինի վերհիշել ու թվել Երկրորդ աշխարհամարտի թեմային առնչվող ու համաշխարհային դասական կինեմատոգրաֆի գանձարանը համալրած խորհրդային հռչակավոր կինոֆիլմերը, որոնցից կարելի է առանձնացնել՝ «Թռչում են կռունկները» (ռեժ. Միխայիլ Կալատոզով, 1957թ.), «Բալլադ զինվորի մասին» (ռեժ. Գրիգորի Չուխրայ, 1959թ.), «Մարդու ճակատագիրը» (ռեժ. Սերգեյ Բոնդարչուկ, 1959թ.), «Իվանի մանկությունը» (ռեժ. Անդրեյ Տարկովսկի, 1962թ.), «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» (ռեժ. Ստանիսլավ Ռոստոցկի, 1972թ.), «Գնա և նայիր» (ռեժ. Էլեմ Կլիմով, 1985թ.) ֆիլմերը: Պատերազմական իրականության ճշմարիտ վերարտադրմամբ և գեղարվեստական-պատկերային նորարարական լուծումներով են աչքի ընկնում վերոնշյալ ֆիլմերը, որոնց շարքին կարելի է դասել նաև այլ ուշագրավ կինոնկարներ...

Խորհրդային շրջանի հայ կինոն նույնպես զուրկ չէ այնպիսի երևելի ֆիլմերից, որոնցում առկա է Հայրենական մեծ պատերազմի թեման: Հիշենք, թեկուզ, «Հին օրերի երգը» (ռեժ. Ալբերտ Մկրտչյան, 1982թ.) ու «Բարև, ես եմ»-ը (ռեժ. Ֆրունզե Դովլաթյան, 1965թ.): Մենք կանդրադառնանք հայկական կինեմատոգրաֆի բացառիկ ֆիլմերից մեկին, որում Երկրորդ աշխարհամարտը ոչ միայն հիշատակվում է և ծառայում որպես գործողությունների ֆոն, այլ հենց ռազմական թատերաբեմում են ծավալվում իրադարձությունները: Չնայած պատերազմի առկայությանը ֆիլմում՝ վերջինս իր տրամադրությամբ հակապատերազմական է ու ներկայացնում է մարդկային չափազանց հուզիչ մի պատմություն, որը համեմված է կատակերգական տարրերով: Խոսքը Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը» (1977) ֆիլմի մասին է: Դեռևս խորհրդային տարիներին այս կինոնկարը սիրել ու ջերմությամբ էր ընդունել հայ հանդիսատեսը, և, չնայած դրան, պատերազմական թեմային կիսահումորով մոտենալն ու մարտիկների հերոսական պայքարի փոխարեն զինվորի և փղի արկածներն առաջնային պլան բերելը պատճառ էր դարձել, որ ֆիլմը քննադատության արժանանար «Կոմունիստ» թերթի համարներից մեկում: Դա էլ իր հերթին նպաստել էր, որ Գեղարվեստական ֆիլմերի համամիութենական փառատոնի մոսկովյան հանձնաժողովը, հաշվի առնելով պաշտոնական լրատվամիջոցում արված քննադատական նկատառումները, կինոնկարը չարժանացնի ոչ մի ուշադրության[1]։ Թեպետ Մհեր Մկրտչյանն այս ֆիլմում կատարած դերի համար արժանանում է «Լավագույն դերակատարում» մրցանակին, այնուամենայնիվ, բուն կինոնկարն՝ իր գեղարվեստական բոլոր արժանիքներով հանդերձ, անաչառ քննադատության դեպքում չէր մնա ստվերում...

Ֆիլմի հերոսը, որին մարմնավորում է Մհեր Մկրտչյանը, զինվոր Արմենակն է, որը գեներալի հրամանն է ստանում՝ ռազմաճակատում հանգամանքների բերումով հայտնված փղին հասցնել Երևան: Բեռլին հասնելու իր եռանդագին ձգտումը մի կողմ թողած՝ հուսալքված Արմենակը ստանձնում է այդ հրամանի կատարումը, և այդտեղից էլ սկսվում է նրա ու փղի «ոդիսականը»: Գնացքը, որով ուղևորվում են Արմենակն ու փիղը, ենթարկվում է թշնամու հարձակմանը, ինչի հետևանքով նրանք մնում են ճանապարհի կեսին և ստիպված լինում հաջորդող կիլոմետրերը հաղթահարել ոտքով: Զայրացած Արմենակը մի պահ ուզում է կրակել, սպանել իր հույսին թողնված կենդանուն, բայց հասկանում է, որ չի կարող իրեն նման բան թույլ տալ. խիղճը չի ների: Մյուս կողմից էլ, ասես ճակատագրի հեգնանքով, նրան հանդիպում է դեպի Բեռլին գնացող հայկական դիվիզիան, և չնայած իր հայրենակիցների նկատմամբ Արմենակի հիացմունքին՝ վերջինս վերստին հուսահատվում է, քանզի գիտակցում է, որ տեղ չի ունենալու նրանց շարքերում:

Մինչ Արմենակն ու փիղը երկար տարածություն հաղթահարելով մուտք են գործում Խորհրդային Միություն, մենք տեսնում ենք, թե ինչպես է մարդու և կենդանու միջև հետզհետե ձևավորվում առանձնահատուկ մի կապ, որը հիմնված է պատմողի ու լսողի դերաբաշխման վրա. Արմենակն ամբողջ ընթացքում խոսում է կամ, ավելի ճիշտ կլինի ասել, երկխոսում է փղի հետ, իսկ կենդանին, կարծես, հասկանում է՝ ունկնդրելով ուղեկցի ամեն մի խոսքը և արտահայտելով իր պատասխանը կնճիթի շարժումով: «Да не подлизывайся»,- ասում է Արմենակը, երբ փիղը կնճիթը մոտեցնում է նրան: Փղի հետ կապվածությունն Արմենակին ստիպում է հոգալ հատկապես նրա սննդի ապահովումը՝ շատակեր կենդանու համար պարբերաբար խոտ հայթայթելով: Կենդանու շատակերությունն Արմենակին հիշեցնում է իր հարևան Գաբուշին, որը նույնպես շատակեր էր, և որի անունով էլ նա կոչում է փղին: Արմենակը պատմում է, որ երբ ինքն ու Գաբուշը միմյանց միջև կիսել են այգին, հարևանն իրեն է վերցրել մեծ հողակտորը, իսկ Արմենակին թողել փոքրը: Նա նաև հիշում է, թե ինչպես է Գաբուշը խուսափել ռազմաճակատ գնալուց, որովհետև ոտքի մի մատը բացակայում էր: Եվ որքան մեծ է լինում Արմենակի ոգևորությունը, բայց միաժամանակ նաև վհատությունը, երբ տեսնում է գնացքով Բեռլին ուղևորվող հարևան Գաբուշին (Արմեն Խոստիկյան): Նա վհատվում է, քանի որ ինքը մարտնչել է չորս տարի, իսկ «Բեռլինը գրավելու է Գաբուշը»:

Արմենակի կյանքը, ինչպես նաև պատերազմ երևույթի մասին նրա մտորումները, թվում է, փղի հայտնվելուց հետո զգալի փոփոխություն են կրում: Արմենակն ու փիղն առհասարակ որոշ նմանություններ ունեն. երկուսն էլ միայնակ են, չունեն հարազատներ, ընկերներ, և գուցե հենց այդ պատճառով էլ ճակատագիրը միավորել է նրանց: Երկուսն էլ, կարծես, ճակատագրի բերումով հայտնվել են պատերազմական թատերաբեմում, ռազմական «գազանանոցում»: Արմենակին ժամանակ էր հարկավոր, որպեսզի գիտակցի պատերազմների աբսուրդայնությունն ու անհեթեթությունը: Պատերազմը նույնքան աբսուրդային է, որքան փիղը ռազմաճակատում...

Մի պահ թվում է, թե փղի հայտնվելը մոռացության է մատնում պատերազմը: Դա վառ կերպով ընդգծվում է այն տեսարանում, որտեղ խորհրդային զինվորն ու գերմանացի զինվորը կողք-կողքի կանգնած նայում են փղի ուղղությամբ՝ կարծես իրենք ոչ թե թշնամիներ են, այլ «գազանանոցի» այցելուներ, որոնք մեկտեղ տեսնում են ինչ-որ կենդանու: Հետո նրանք հիշում են, որ թշնամիներ են ու կրակում են միմյանց վրա:

Հետաքրքրական է նաև գերմանուհու կերպարը, որին Արմենակը հանդիպում է քաղաքի տներից մեկի փլատակների մոտ: Թեպետ այդ կինն ամուսնուն կորցրել էր պատերազմում և հիասթափվել ֆաշիստական իշխանություններից, որին, դատելով իր մոտ պահվող Հիտլերի լուսանկարից, նախկինում աջակցել է, այնուամենայնիվ, նա Արմենակի հետ չի հատում երկրի սահմանը, այլ մնում է իր հայրենիքում: Ֆաշիզմն անկում էր ապրելու, բայց Գերմանիան մնալու էր: Գերմանուհին մնում է ոչ թե ֆաշիստական Գերմանիայում, այլ Գերմանիայում: Նրա կերպարում իրապես դրսևորվում է վառ հայրենասիրություն:

Ֆիլմում տեսնում ենք Հայրենական մեծ պատերազմի ավարտը, որն ուղեկցվում է մի խորհրդանշական դրվագով, որտեղ Գաբուշ փիղն ուտում է Արմենակի պիլոտկան (զինվորական գլխարկը): Այդկերպ կարծես փիղն էլ է մասնակցություն ունենում պատերազմի ավարտին և հասկացնում, որ Արմենակն այլևս կարիք չունի զինվոր լինելու: Մյուս կողմից՝ զինվորի գլխարկի բացակայությունը խորհրդային գյուղերից մեկի ոստիկանության շրջանում կասկած է առաջացնում, իսկ գյուղացիներն առհասարակ ենթադրում են, որ Արմենակը գերմանական լրտես է: Չնայած դրան՝ վերջում ոստիկանությունը ջերմորեն ճանապարհում է Արմենակին ու փղին: Վերջիններս գնացքով ուղևորվում են Երևան՝ իրենց մոտ ունենալով խոտի մեծ պաշար:

Ֆինալային տեսարանում Արմենակը գնացքից ուրախ բացականչություններ է անում փղի և, ընդհանուր առմամբ, կենդանիների կարևորության մասին: Չէ՞ որ կենդանու կյանքը նույնպես կյանք է, որն իր մեջ ամփոփում է մի ամբողջ աշխարհ: Պատերազմում կործանվում են կյանքեր, ճակատագրեր, բայց գեթ մի կյանքի, թեկուզև կենդանու, փրկությունը մի ամբողջ մարդկության փրկությունն է: Հենց Արմենակի փիղն է, որ կենդանաբանական այգում երեխաներին ծիծաղ, ուրախություն է պարգևելու, այսինքն պարգևելու է կյանք: Միշտ էլ կյանքի միջոցով է ի հայտ գալիս բուն Կյանքը...

Որքան էլ անհավատալի թվա, բայց ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որի մասին, կինոնկարի ստեղծումից երեք տարի առաջ, Կեսայանցը կարդացել է երևանյան թերթերից մեկում, այնուհետև սցենարի է վերածել կինոսցենարիստ Էդուարդ Ակոպովի հետ: Շատ տեղին է կինոգետ Սիրանույշ Գալստյանի այն պնդումը, որ եթե ամերիկյան կինոռեժիսորներից որևէ մեկն իմանար այս պատմության մասին, ապա դրա հիման վրա, անկասկած, բլոկբաստեր կնկարահաներ[2]: Հայ իրականությունն իրապես լեցուն է ուշագրավ պատմություններով, որոնցից շատերն, ավա՜ղ, մինչև օրս մնում են չէկրանավորված:

                                                                                                                 

Արամ Դովլաթյան

 

[1] Հայաստանի հանրային ռադիո․ Լուսինե Մանուկյան, Զինվորը, փիղն ու Դմիտրի Կեսայանցը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները», 29․02․2024, (https://hy.armradio.am/archives/554594), հասանելի է՝ 08․05․2025։

[2] Նույն տեղում։

... ...