Ձուկը՝ ներքևում

Երրորդ անգամ եմ տեսնում
նույն երազը.
հեծնել եմ հսկա ձկանը,
բացում է թևերը
եւ ճեղքելով բարիկադ-լեռը
վեր է սուրում՝
դեպի լճակը՝
ուր մեռած ծաղիկներ են լողում։
Գույնս գցել եմ վախից,
գրեթե ուշաթափ,
նայում եմ
պատկերների երկրաշարժին,
մտածում՝
ուր որ է կընկնեմ,
բայց նրա պիրկ իրանը
պահում է ինձ, զարմանալիորեն։
Եւ մենք էսպես մնում ենք՝
կախված երկնքի ու
դատարկության միջև,
իսկ լեռը իջնում է ամոթից...
***
Պստիկ իմ հայրենիք,
ինչո՞ւ ես տխրել էսպես,
ժպտա սիրու՜նս,
Սարյանը նոր գարուն է նկարել
քեզ համար,
տեսնո՞ւմ ես,
ջրերդ լույսի պես հորդում են,
իսկ լեռներդ, որ
մեռած երգեր էին դարձել
ահա զարթնում են,
վիթխարի մաժորով…
Դու ելնում ես քարերից,
թմբիրներից մահվան…
Իմ սիրուն, պստիկ հայրենիք,
դու կանգնում ես էլի,
կյանք երգելու համար…
***
Մայրս մաքրում էր
թեփուկները,
փոքրիկ ձուկը
ցատկում էր,
հուսահատ
վերջին ճիգերը
գործադրում,
խնդրեցի թողնել ձկանը,
դուրս հրավիրեց ինձ խոհանոցից։
Երկու տասնամյակ է անցել
նրա խնդրանքով
գնում եմ շուկա ձուկ գնելու.
սիրտս թփրտում է,
վաճառականը բռնել է
հսկա աչքերով իշխանին
պատրաստվում է մուրճով խփել գլխին.
ճչում եմ՝ չփորձե՛ք,
կենդանի տվե՛ք,
ներսիցս տիրական ձայն է թռչում։
Ապշած նայում է դեմքիս,
սրբում եմ աչքերս,
Արագ հասնում եմ զանգվի ափ,
թողնում եմ մեծիկ իշխանին
ու երջանիկ գալիս եմ տուն։
Երազիս՝ ձկներ են թռչում սենյակումս,
իսկ ես անհոգ խաղում եմ
նրանց թեփուկների հետ,
մայրս դանակով մոտենում է,
սառը քրտինքը
ծորում է դեմքիցս,
վեր եմ թռչում,
սիրտս թռչում է.
ինչ-որ բան խլվրտում
կրծքիս տակ,
Ոչ ոք չգիտի, բայց այսօր
պիտի բացեմ իմ գաղտնիքը.
երեսուն տարի է
ես սիրտ չունեմ.
մի ձուկ է սրտիս տակ
թփրտում։
***
Երկու ձուկ գնեցի
Մկոյի խնդրանքով,
ի խորհուրդ՝ սպասվող Ձուկը լեռներում գրքիս,
երկու սիրուն ոսկե ձկնիկներ…
Երեխայի պես հրճվում էի
նրանց նայելիս,
Մկոն կերակրում էր,
իսկ ես փոխում էի ջուրը,
ես՝ որ միշտ պատկերացնում եմ
ապրելու փոխարեն,
նրանց տեսնում էի լեռան վերելքին,
եւ լեռը որ պատկերանում էր ինձ,
հսկա սառույցի պես,
հալվում էր.
նրանք լողում էին...
Բայց երազանքները ծնվում են
մեռնելու համար,
սատկեցին ձկները,
կիսատ թողեցի գիրքս։
Հիմա, երբ
ամեն անգամ
մեքենայով
անցնում եմ խոնավ լեռների մոտով,
աչքերս ճպճպացնում եմ ու
փորձում անջատել երևակայական
հսկա լազերային մոնիտորը.
վիթխարի լեռնաձկները շարժում են
փոթորկուն պոչերը
ու փորձում սողալ վար։
Իմ երկրում ուր ամեն ինչ
հասնում է գետնին
հիմա լեռներ չկան,
ձկներ են, ամենուր
անշունչ ձկներ են,
որ քարացել են
գոլորշիացած
երկնքի տակ։
Վարդան Սմբատյան