Ինձ մեռնել չկա, մի անգամ արդեն մեռել եմ

Հատված «Հողանցում» անավարտ վեպից

Տասնչորս տարեկան էր Ֆաթիման, երբ սիրահարվեց իրենց գյուղի սիրուն Հայկազին։ Ամուսնացան, չորս որդի ունեցան, գյուղից տեղափոխվեցին Կարս, ապա տուն-տեղ թողած՝ հասան Խորհրդային Հայաստան: Գարեգինն առաջինը հեռացավ հայրական տանից, սովորեց շինարարական տեխնիկումում, աշխատանքի անցավ գավառական քաղաքի երկաթգծի կայարանում: Ֆաթիման ու Հայկազը շատ հպարտ էին իրենց որդով, հարսանացուներ էին փնտրում ամենալավ ընտանիքներում: Ավա՜ղ, Հայկազը չապրեց մինչև Գարեգինի ամուսնությունը։

Ընտանիքն սկզբում դժգոհ էր Գարեգինի ընտրությունից: Պատճառն Անգինը չէր, այլ նրա հոր արհամարհական պահվածքը։ Բայց հետագայում ամեն առիթով փառք էին տալիս Աստծուն, որ իրենց տղային հալալ կաթնակեր աղջիկ է հանդիպել, մանավանդ որ նրանց միությունը նախասահմանված է եղել երկնքում՝ Սուրբ Սարգսի գիշերը։  

 

***

2020-ի 44-օրյա պատերազմից անցել էր կես տարի: Հրայրը ողջ գիշեր նկարել էր Սաթենի հանրակացարանային սենյակի՝ արվեստանոցի վերածված նեղլիկ խորշում: Առավոտյան Սաթենը գնացել էր շուկա, իսկ Հրայրը հագուստով քնած էր բազկաթոռին: Սենյակի դուռը թակեցին: Նա դժվարությամբ բացեց ուռած կոպերն ու կիսաքնի մեջ երերալով՝ մոտեցավ դռանը:

Մուտքի առջև կանգնած էր չորուկ, անժպիտ մի կին:

-Ֆաթիման տանը չի՞,- հարցեց՝ կասկածանքով զննելով Հրայրին:

-Ի՞նչ Ֆաթիմա,- զարմացավ Հրայրը:

-Էս տանն ապրող պառավը: Միայնակ թոշակառու: Թե՞ արդեն մեռել ա:

-Լսեք, էստեղ ո՛չ Ֆաթիմա կա, ո՛չ էլ թե՝ մեռնի: Ու ընդհանրապես, վերջին երեսուներկու տարում էս տանը ոչ ոք չի մահացել: Սխալ հասցեով եք եկել:

-Դու ո՞վ ես, ի՞նչ գործ ունես էստեղ, ի՞նչ գիտես՝ ով ա մեռել, ով չի մեռել,- վրա տվեց սոցապի աշխատողը: 

-Գիտեմ, որովհետև էդ երեսուներկու տարուց քսանինը ես ապրում եմ էստեղ, դրանից առաջ էլ հորաքույրս է ապրել: Կարծում եմ՝ բավարարեցի Ձեր հետաքրքրասիրությունը, եկեք ավարտենք հարցաքննությունը:

-Մի րոպե՜… հարցաքննությունը նոր ա սկսվում: Ուրեմն, դու էս տանն ես ապրո՞ւմ: Հորքուրիդ անունն ի՞նչ ա:

-Սաթեն, հետո՞:

-Սաթենի պասպորտը կարա՞ս ցույց տաս:

-Դուրս գնացեք ու ինձ հանգիստ թողեք: Հորաքրոջս էլ: Թե չէ կարող եք խնդիրներ ունենալ։

-Ե՞ս խնդիրներ կունենամ: Տես, թե ինչ խնդիրներ եք ունենալու դու ու հորքուրդ: Տանը քո նման բոյ-բուսաթով, կերած-խմած տղա ունի, բայց պետության վզին նստած՝ միայնակության նպաստ ա ստանում: Սպասի, տես, թե ինչ եմ բերելու դրա գլխին: Կոպեկ-կոպեկ հետ կտաք բյուջեից ապօրինաբար կերած փողերը:

Էդ պահին հանրակացարանի նեղլիկ միջանցքում երևաց Սաթենը՝ շուկայի բարիքներով բեռնված:

-Ըհը՜, էս էլ քո չճանաչած Ֆաթիման: Ա՛յ կնիկ, էս ո՞նց կբացատրես: Էս տղեն ո՞վ ա: Լավ էլ շուստրի ա, ուզում էր ինձ ֆռռացնել. էստեղ ոչ մի Ֆաթիմա չկա, ես էդ տեսակ մարդ չեմ ճանաչում: Էս ի՜նչ հակապետական խաղեր եք տալիս:  

Մինչ Հրայրը Սաթենի ձեռքից կվերցներ բեռներն ու կտաներ խոհանոց, սոցապի կատարածուն, ձայնը գլուխը գցած, ճղճղում էր պետության վնասարարների ահեղ դատաստանից։ Սաթենը փորձում էր հանգստացնել նրան, բացատրել՝ ինչն-ինչոց է, բայց սա արդեն հագել էր երկիրը փրկող հերոսամարտիկի պատմուճանն ու լծվել օրինախախտների տույժ-տուգանքները չափագրելու սրբազան գործին։   

Հրայրը, տեսնելով էդ անտակտի առաջ խեղճացած Սաթենին, դուրս եկավ ափերից։  

-Հեռացեք մեր տանից: Այլևս չհամարձակվեք անհանգստացնել հորաքրոջս։ Եթե հարցեր կունենան Ձեր հիմնարկությունում, թող ուղարկեն ավելի դաստիարակված մեկին,- գոռաց ու չրխկացրեց դուռը:

Միջանցքում դեռ երկար լսվում էր սոցապականի ծղրտոց-ճղճղոցը, որը հանդիսատեսի չգոյությունից հետզհետե առավել հուսահատ ու անկիրք էր դառնում։  

-Սաթե՞ն, էս ի՞նչ թեմա է: Մեր տանն ուրիշ մա՞րդ կա գրանցված: Ֆաթիման ո՞վ է:

-Ե՛ս եմ, ե՛ս: Էդ իմ իսկական անունն է, բալես, որ կպել փաստաթղթերիս, պոկ չի գալիս: Իմ դժբախտություններից մեկն էլ էդ է:

Գարեգինն իր երկու աղջիկների ծնվելուց էլ ցանկացել էր նրանց տալ մոր անունը։ Մայրը կրուկ դեմ էր եղել: Բայց երբ ծնվել էր Սաթենը, նա առանց քննարկումների դստերը կոչել էր Ֆաթիմա։ Մայրը վրդովվել-զայրացել էր․ ինքը միշտ դժգոհ է եղել իր թուրքական անունից, հիմա էլ թո՞ռը պիտի ամաչի էդ անունի պատճառով:

-Իմ թոռան Սաթեն կը կանչեք: Չէլնիմ-չիմանամ Ֆաթիմա անուն տաք իսա տան մեջ: Ես իդա անուն իմ խետ կը տանիմ գերեզման ու կը կորսնցում,- ասել էր անառարկելի տոնով։

Եվ ջնջնվել էր տատի ոչ հայկական անունը Սաթենի կենսագրությունից։ Բայց երբ գնացել էր դպրոց, նրան հիշեցրել էին իր փաստաթղթային անվան մասին: Էդպես էլ ապրում էր․ տանը, հարազատների շրջապատում Սաթեն էր, դպրոցում՝ Ֆաթիմա:

Ութերորդ դասարանում երկու օր բացակայած է լինում դպրոցից: Էն ժամանակ գավառական քաղաքում հեռախոսը հազվագյուտ բան էր, մարդիկ միմյանցից տեղեկություն էին իմանում՝ անձամբ հանդիպելով, իրար տուն գնալով: Ուսուցչուհու հանձնարարությամբ դասընկերուհին գալիս է՝ իմանալու Սաթենի բացակայության պատճառը։ Դարպասի մոտ տեսնում է Անգինին ու հարցնում․

-Ֆաթիման տա՞ն է:

-Չէ՛, աղջի՛կս, Ֆաթիման մահացել է,- տարօրինակ հանդարտությամբ պատասխանում է Անգինը:

-Ինչպե՞ս, ինչի՞ց է մահացել,- փղձկոցի միջից կմկմում է դասընկերուհին։

-Դե՜, երկար ժամանակ հիվանդ էր, արդեն լրիվ հյուծվել էր,- բացատրում է Անգինն ու փորձում հանգստացնել այլայլված աղջկան։

«Ի՜նչ փափուկ սիրտ ունի էս մի մատ երեխեն, էս ո՜նց ազդվեց»,- ինքն իր մեջ զարմանում է Անգինը, կոտրված ժպիտով հրաժեշտ տալիս ու մտնում տուն։   

«Մահացե՞լ է, երկար ժամանակ հիվա՞նդ էր, հյուծվե՞լ էր․․․ էդ ինչպե՞ս․․․ Անգին ծյոծյան էլ ոնց որ խելքը թռցրած լինի, ի՜նչ հանգիստ է խոսում․․․»։ Էս մտածումների մեջ հասնում է դպրոց, հայտնում դաժան բոթը:

Առավոտյան՝ դասերը չսկսկված, ուսուցիչներն ու համադասարանցիները հավաքվում են, Սաթենենց դասասենյակում կապում սև ժապավեններ, Սաթենի նստարանին դնում զույգ թվով ծաղիկներ, գրատախտակին փակցնում նրա լուսանկարը՝ տակը ծննդյան ու մահվան տարեթվերով:

Երբ բոլորը լացակումած նայելիս են լինում լուսանկարից իրենց ժպտացող աղջկան, բացվում է դուռը, և ներս է մտնում Ֆաթիմա տատի մահվան պատճառով երեք օր դպրոցից բացակայած Սաթենը:

 

***

Հրայրի քրքիջը տարածվել էր հանրակացարանով մեկ։ 44-օրյայի դժոխքից հետո էսպես լիաթոք ծիծաղած չկար։

-Սաթե՜ն, էս լրիվ կինո է, դու էլ՝ իսկական Բուբլիկով․․․

-Հա՛, բա՛, կինոյի աստղ հորքուր ունես։

-Ա՛ստղս, հանկարծ չմեռնես, ինձ անտեր չթողնես էս աշխարհում։ Ու սա հրաման է։ Այսուհետ մենակ էդպես կմեռնես։ Մեռնելու այլ տարբերակ չի ընդունվում։

-Ինձ մեռնել չկա, մի անգամ արդեն մեռել եմ, ոնց իմացար։ Համ էլ, քեզ չպսակած՝ ո՞ւր եմ մեռնում։ Գևորգս էլ էր շատ մտածում, հա հարցնում էր՝ ընկերուհի չունի՞, ինչի՞ չի ամուսնանում։

-Սաթե՛ն, ես քո տղեն եմ, քեզ նման տանն եմ մնալու,- ծիծաղի միջից դառը ժպտաց Հրայրն ու ամուր գրկեց հորաքրոջ վտիտ ուսերը։

 

Կարինե Ռաֆայելյան