Կանաչ բանաստեղծություն

Վարիացիա պոետի համար

Հրաչյա Սարուխանին

 

Մութը քանդում է պատանքը,
բացիր կոպերս,
բացիր,
լավ չէ՞ մեռնել
քանի շանս կա,
քան ապրել
հանց տխուր
մի կապիկ...
Նարինջ են թքում
Աստվածները,
լույսը մտրակն է բացում,
նստում եմ փլվող տանիքին,
ստվերները                                                                                                              

հոգիս են լափում։
Մութը բացել է                                                                                                

պատանքը,
փակիր աչքերս,
փակիր,
սերը սուտ է,
հիմար մի պատրանք է,
հագիր                                                                                                                   

մահ-վարտիքդ
Հագի՛ր։
 

***

Գտնված դրախտ

Հողմերի միջով,
ծովերի
միջով,
ելումիջով
օրեր-դողերի                                                                                                      

սահում է քամին՝
փշրելով թևերը
խավարի,
կտրում է հորիզոնը
և պառկում
բերկրության ավազներին։
Ծառերը բացում են չորացած ստինքները,
սպասում են ջրի շոյանքին,
հետո խշշում է կանաչը՝
մինչ իրիկուն։
Սա հարատև սիրերգություն է,
ունիսոն:

Ես փակում եմ շունչն Աստծո,
բացում եմ քնկոտ աչքերս․
ինձ հերիք է
դրախտը մարդու:

 

***     

Դու էլ

կգնաս շուտով

տխրություն՝

իմ հավատարիմ ընկեր.

կգնաս,

ինչպես բոլոր սիրելիներն են

գնում,

ոտնաթաթերի վրա քայելով

կփակես դուռն ամոթի...

կգնաս,

որ իմաստավորվես՝

այլոց սրտում,

որ դառնաս հնչյուն,

պատկեր, վերհուշ

ու սովորեցնես

անտիուտոպիկ ճշմարտություններն

աշխարհիկ.

ապրել սակավ բառերով,

լինել բիրտ ու անպատրանք,

մարդ-կենդանի։

Կսովորեցնես,

ապրել ցավն

առանց սենտիմենտի։

Դու կգնաս

եւ կտանեն

իմ հոգնած մարմինը

արևի հայելու միջով

ու կիջեցնեն հողին։

Անջուր նավակն իմ կլողա՜

այնքան

մինչ ջրեր բխեն Դեր Զորից...

 

*** 

Ծաղիկներ առա՝

արևածաղիկներ, վառվռուն։

Մատներս փշաքաղվում են հիմա

հպվելիս,

ասես փաղաքուշ՝ ծաղկած

արևներ եմ գնել

ծեր կնոջից։

Նա  տվեց ինձ վերջին փունջը,

բարալիկ կնճիռները

թոշնած ժպիտ նկարեցին դեմքին,

աչքերը մշուշվում էին

խոսելիս,

դողացող մատներով

հաշվեց կոպեկներն ու

գոհ խոթեց

մաշված բաճկոնի գրպանը։

Ողջ ճանապարհին,

դողալով քայլում էի՝

զարմանում.

արեւի սկավառակը

պտտվում էր վերեւում՝

ճեմում

մեռնող ձյուների մեջ,

անասելի ցուրտ էր.

մատներս կապտեցին,

շրջվեցի ու ետ դառա

նույն տեղը.

նա չկար...

Ինչ ափսոս,

մոռացա ասել.

վերջին անգամ

ծաղիկ եմ գնում

մարդավարի մեռնելու համար:

 

*** 

Մարդը սրբեց քրտինքը,

հողը խուլ տնքաց,

մորթված հսկան կլանեց

օդի վերջին վակումը,

ու ցողեց,

ծառը  կանաչ արյուն ցողեց։

 

*** 

Կանաչ

կանաչ ծովե՜ր,

ձայներ՝

թիք-թաք

թիք-թաք

անձրեւ,

անձեւ երկինք,

եւ մեղեդի

եւ ճոճք,

եւ արդ

շտապող ձեռքեր,

որ հասնում են լույսին,

մութի մեծ աչքեր քնատ,

ոռնոց

թե՞ խինդ:

Կանաչ,

կանաչ ծովեր,

եւ մերկ երկինք

պարզկա,

գոց երկու

անշունչ մարմին,

ոչ սե՛ր,

ոչ մահ

(չ)կա...

 

Վարդան Սմբատյան