Սարդարապատի զանգերը

Հայաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում հայ ժողովրդի բարեկամ, լիտվացի մեծ պոետ Էդուարդաս Մեժելայտիսի բանաստեղծությունները՝ նվիրված Սարդարապատին ու հայ ժողովրդին:

 

***

Սարդարապատի զանգերը

 

Ողբերգության պես ու սուրբ հավատի

Զանգերն են հնչում Սարդարապատի:

Ասես մարդկային արցունքները ջինջ

Խտացել այստեղ, դարձել են պղինձ:

Խտացել այստեղ, փոխվել են երգի

Ժամանակի մեջ ու տիեզերքի:

Ողբերգության պես ու սուրբ հավատի

Զանգերն են հնչում Սարդարապատի:

Արարատ լեռան հայացքի տակ ծեր

Բիրտ յաթաղանն էր վայրի շառաչում...

Բայց բարբարոսը, ո՛չ, չէր հասկացել,

Որ վերքերից են վարդերը աճում:

Մի բուռ հայ մնաց և ահեղ մի ցավ,

Մի բուռ հայ մնաց և ոխ մի շաչուն...

Բայց մարդասպանը, ո՛չ, չհասկացավ,

Որ վերքերից են վարդերը աճում:

Եվ արնոտ հողում Սարդարապատի

Բռնկվեց կռվի վարդը սրբազան...

Եվ դահիճներն այն նենգ ու տմարդի

Զարմանքով հանկարծ այդ վարդը տեսան...

Տեսան վարդն ահեղ ու սարսափելի,

Որ արցունքից ու բոցից էր աճում...

Եվ նա, ով մահն էր բերում հայերի,

Ինքը գալարվեց մահվան սև մահճում:

Ազգասպանության ահավոր հնձից

Փրկվեց արնաքամ մի բուռ հայություն,

Արարատ լեռան զորավոր շնչից

Նա ոգի առավ, առավ հարություն:

Ես անիծում եմ եղեռն ու նախճիր,

Ես անիծում եմ գործերը մահվան,

Փառաբանում եմ այս վարդերը հիր

Եվ այս զանգերը վերածնության...

Զանգերն են զնգում

Սարդարապատի...

Պղնձե զանգը

Նման է վարդի...

Սև գործերի դեմ՝

Լուսավոր զանգեր...

Հանգեր են ասես,

Երգի,

Հավատի,

Հարության հանգեր...

Սարդարապատում

Հնչում են զանգեր...

 

***

Քարը

 

Անպարտելի ու կուռ եմ ես,

Նման եմ ես բանաստեղծի,

Հեռու ինձնից, ամուր եմ ես,

Ոչ մի կայծակ ինձ չի եղծի: 

Իմ մարմինը, օ՜, ծանր է շատ,

Եվ անպարփակ է իմ հոգին,

Ոչ մի որոտ ու ոչ մի շանթ

Ինձ իմ տեղից, ո՛չ, չի պոկի:

Ինձ չեք կարող տեղից հանել,

Զուր մի պարզեք ձեր ձեռքն այդպես,

Դե, փորձեցեք մեկնաբանել,

Թե ով եմ ես...

Ես այն հայկական քարն եմ, որ հրե

Մագմայի մեջ է իր ծնունդն առել

Եվ հրաբուխի շեկ խառնարանով

Շպրտվել է դուրս` տաք ու արնածոր,

Որպես ահավոր մարտի նահատակ

(Մարտն այդ ահավոր ինձ վիճակված էր

Ի ըսկզբանե): Սակայն ինձ լվաց

Արտասուքի անձրևը մաքուր,

Ու բարուր դարձավ ինձ ամպն այն ճերմակ,

Որ ծնունդ առավ երկնքի մեջ սև,

Սատանի պես սև այն երկնքի մեջ,

Ուր ասես հոտ կար դիակիզության,

Մարդկային մարմնի ճենճեր կար ու ծուխ...

Սկիզբն այդպես էր: Եվ հետո, հետո

Ես իմ մանկական աչքերը բացի

Եվ իմ հայացքով բանաստեղծական

Տեսա արևի ծագումը շքեղ...

Երկնի ջնարկած կապույտ սափորից

Հոսում էր մի տաք, վարդագույն գինի,

Եվ մարմինս ի վեր, մողեսի նման,

Վազն էր մագլցում: Նրա ճյուղերից

Կախ էին ընկնում սաթե ողկույզներ,

Եվ հատիկները այդ ողկույզների

Այնքան ողորկված ու շողուն էին,

Ասես վարպետի ոսկե ձեռքերով

Հենց նոր արարված բառեր էին սուրբ...

Եվ հնչում էին այդ ողկույզները

Բանաստեղծության քառյակների պես,

Ու իմ քարեղեն ողջ մարմինն ի վար

Հոսում էր գինու անուշ մեղեդին...

Քաղցր էր սկիզբը... Եվ սակայն հանկարծ

Խուլ դղրդացին երկինք ու երկիր,

Եվ իմ վրայով, գլխիս վրայով

Պատմության ահեղ անիվներն անցան,

Բայց ես քար էի

Ու չդողացի...

Օձեղեն նետեր իմ դեմ սլացան,

Բայց ես քար էի

Ու չդողացի...

Եվ դամասկոսյան պողպատը անգութ

Շառաչեց վրաս, մարմինս հատեց,

Բայց ես քար էի

Ու չդողացի...

Եվ վրիժառու անխիղճ բառերի

Արճճե պարսը ինձ շրջապատեց,

Բայց ես քար էի

Ու չդողացի...

Ես քարե արյուն թքեցի դեմքիդ,

Մա՛հ, ոսկրոտ ստրուկ...

Չդողաց, այո, նոյյան քարը կուռ:

Փշրված ընկան

Նիզակներ ու սուր...

Ապրեց ու կապրի

Իմ անունը սուրբ:

Անկարող եղան

Պողպատ ու արճիճ

Իմ քարի և իմ

Երազի դեմ ջինջ:

Մաքառեց անքուն

Իմ կամքը քարե,

Դարեր մաքառեց,

Որ ապրի դարեր...

Ինձ վրա կախվեց ցեղասպանության

Յաթաղանն ահեղ: Եվ տառապանքը

Վագրի ժանիքով ու մագիլներով

Բզկտեց անվերջ մարմինն իմ քարե,

Որ զուգել էի երազանքներից

Բիլ ծաղիկներով... Յաթաղանն ահեղ

Հատեց իմ մարմնի կեսից ավելին:

Հատեց, ջըլատեց,

որ դարձնի փոշի,

ցըրի ամայի

Անապատներում...

Եվ գնում էին քարավանները`

Առած մասունքներն իմ կիսված մարմնի

Եվ իմ սուրբ արյան: Եվ մարդասպանը

Իմ այդ սուրբ արյամբ ոռոգեց առատ

Անապատները և ոսկորներս

Անապատների հողմերին տվեց,

Որ կրծեն իրենց բիրտ ժանիքներով:

Եվ այս աշխարհի չորս քամիները

Իմ բեկորները չորս կողմեր տարան,

Ցիր ու ցան արին արար աշխարհում

դարձըրին սփյուռք...

Ես, որ քար էի,

Արյունոտվեցի,

Խաղացի մի դեր, որ ողջ աշխարհում

Դեռ չէր վիճակվել խաղալ ոչ մեկին:

Եվ հեղինակն այդ սև ողբերգության

Հանճարեղ էր, քան Չինգիզխանն ինքը...

Եվ հեղինակն այդ սև ողբերգության,

Որի անունն է «ցեղասպանություն»,

Սուպեր դահիճն էր,

Եվ նույն ժամանակ

Սուպերճորտն էր նա իր նյութած մահվան...

Եվ թող դարեդար անիծված լինի...

Եվ ես մնացի այդպես արյունոտ,

Եվ ես մնացի այդպես բզկտված,

Եվ ես մնացի այդպես ցիրուցան,

Սակայն մնացի,

Սակայն մնացի...

Ձայնով մայրերի ու մանուկների,

Սերմնացանների, բանաստեղծների,

Ես անիծեցի ցեղասպաններին,

Ես ատամներս սեղմեցի ամուր,

Ամուր, շատ ամուր ու դարձա ամուր,

Առավել ամուր, քան էի առաջ:

Եվ իմ քնարի քաղցր մեղեդին

Վերածվեց քարե ահեղ մեղեդու,

Ու երգում եմ ես.

Քար է ոգիս

Ու կամքս՝ քար,

Պիտի ապրեմ

Ես դարեդար...

Ողջ աշխարհում քիչ կան պատեր,

Որ նմանվեն ոգուս պատին,

Ես հույսով եմ նայում անվերջ

Իմ սրբազան Արարատին:

Թեև բախտն իմ շատ էր դաժան,

Բայց մնացել եմ ես անեղծ.

Քանզի քար եմ ես անսասան,

Քանզի քար եմ և բանաստեղծ...

 

Էդուարդաս Մեժելայտիս