Թե ինչ պատահեց, երբ Ժակ Բրելը եկավ Երևան

Լարված դիմախաղ, ձգված մատներ, մարմնի անհանգիստ, բայց արտահայտիչ շարժումներ: Երգիչը գրեթե չէր հեռանում միկրոֆոնից, մի երգին հաջորդում էր մյուսը, իսկ ծափահարություններ չկային, դահլիճը տարակուսած էր: Այդ անտարբերությունն ապտակի նման հասնում էր կատարողին, նա ոտքից գլուխ ջուր էր: Կասկածամիտ դահլիճն ընկել էր անորոշ սպասման գիրկը: Հետո հազիվ ծափահարեց, միայն հյուրընկալող կողմի բարեկրթության կանոններից ելնելով: Բայց երբ հնչեց «Ինձ մի լքիր» երգը, դահլիճը ոչ միայն պայթեց, այլև գոռաց. «Բի՜ս»:
1965-ի հոկտեմբերն էր: Երևանում ելույթ էր ունենում աշխարհահռչակ բելգիացի ֆրանսալեզու շանսոնյե, բանաստեղծ ու դերասան Ժակ Բրելը: Այն ժամանակ, սակայն, Խորհրդային Միությունում քչերն էին պատկերացնում`ով էր Բրելը, հատուկենտ մարդիկ էին ծանոթ նրա արվեստին: Բացի այդ` խորհրդային ընկալումներում Բրել հեղինակ-կատարողի երգերը նույնացվում էին սիրողական արվեստի հետ: Եվ այնքան էլ զարմանալի չէ, որ երևանյան բեմում խզված ձայնով օտարազգի արտիստը, որը ֆրանսերեն երգում էր սիրո ու կարոտի մասին, գոնե սկզբում արժանացավ դահլիճի սառն արձագանքին: Բրելի բանաստեղծական աշխարհը բարդ էր, նրա երգի արտահայտչամիջոցները չէին համապատասխանում մեր հանդիսատեսի` էստրադային ժանրի ճաշակին, իսկ ֆլամանդացու զգացողությամբ լեզուն հաճախ խորթ էր նույնիսկ այն հանդիսատեսին, որը տիրապետում էր ֆրանսերենին. «Առաջին կարգերում նստած մարդիկ տեսան, ինչպես է քրտնում Բրելը... Նրա հուժկու առոգանությունը թքի ցայտերը հասցնում էր մինչև երկրորդ, երրորդ կարգերը, ոմանք փոխեցին իրենց տեղը... Եվ երբ դահլիճում որոտաց «Ամստերդամ»-ը, ֆրանսիական շանսոնի ամենահեղափոխական գերերգը, մարդիկ հասկացան Բրելի քրտինքը. դա նավաստու քրտինք էր, խառնված օվկիանոսի աղի ջրի հետ ու մրրիկներից չորացող: Նրա հուժկու, մետաղե ձայնը նավերին բախվող հողմի ճռինչ էր: Նա քաղքենիացող արևմտյան հասարակությանը հակադրում էր նավաստիներին, որոնք երբեք չեն փոխվի, քանզի չի փոխվի տարերքը»,- ավելի ուշ`1999-ին, հիշելով Բրելի երևանյան համերգը, գրեց «Գրական թերթը»:
Բրելը գործիքային անսամբլի նվագակցությամբ Երևանում` Հայֆիլհարմոնիայի բեմում, հանդես եկավ հոկտեմբերի սկզբին: «Ժողովրդական կոլորիտով օժտված նրա երգերը երեկ մեծ հետաքրքրություն առաջացրին երաժշտասերների շրջանում: «Փարիզ». այսպես է կոչվում լիրիկական այն երգը, որով Բրելը սկսում է երգացանկը... Ունկնդիրը կարծես տեղափոխվում է Փարիզ, տեսնում լիրիկական մթնշաղով պարուրված Սան-Լուին, քայլում Մոնմարտրով... Մեծ վարպետությամբ է կատարում Բրելը «Մի թողնիր ինձ» երգը: Ժ.Բրելը շատ է սիրում Ֆրանսիան, նրա ժողովրդին, նրա բնությունը: Այդ բոլորը նա հաղորդեց երևանյան ունկնդրին»-իր հերթին գրեց «Երեկոյան Երևան» թերթը:
1960-ականների կեսերին Բրելի այցը Խորհրդային Միություն պայմանավորված էր, այսպես կոչված, խրուշչովյան ձնհալով`ժամանակահատված, երբ երկաթե վարագույրը փոքր-ինչ բացվեց, և Խորհրդային Միության նկատմամբ քիչ թե շատ լոյալ վերաբերմունք ունեցող օտարազգի արվեստագետներին թույլ տրվեց այցելել ու ելույթներ ունենալ այստեղ: Քաղաքների ցանկում, որտեղ Բրելը պետք է այցելեր հյուրախաղերով, Երևանի ներառումը պատահական չէր, հաշվի էր առնվել կարևոր մի հանգամանք: Ինչպես հայտնի է, Երկրորդ աշխարհամարտից հետո` Մեծ հայրենադարձության տարիներին, Հայաստանում բնակություն էին հաստատել մեծ թվով ֆրանսահայեր, իսկ դա հենց այն լսարանն էր, որը գոնե մասամբ գիտեր Բրելին և կարող էր քիչ թե շատ հասկանալ նրա արվեստը: Բացի այդ` Բրելն ինքն էր մտցրել Երևանի անունը սովետական հյուրախաղերի մեջ. նա ցանկացել էր լինել Ազնավուրի հայրենիքում, սիրվել այնտեղ ու հասկացվել այնտեղի հանդիսատեսի կողմից: Եվ որքան մեծ էր Բրելի զարմանքը, երբ Հայաստանում նրան տվել էին իր կյանքի ամենատարօրինակ հարցը`ինչ կարծիք ունի Ազնավուրն իր մասին: Չէ՞ որ նրա պատասխանով պետք է ձևավորվեր հայ հանդիսատեսի կարծիքը Ժակ Բրել արտիստի մասին: Մի կողմից, այո´, մեր հայրենակիցներն արտիստի համար անհարմար իրավիճակ էին ստեղծել, մյուս կողմից էլ կարելի է հասկանալ, որ նրանց չափանիշը պետք է հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը լիներ: Ի դեպ, Բրելի այցից ընդամենը մեկ տարի առաջ նույն ինքը`Ազնավուրը, առաջին անգամ ժամանել էր Հայաստան: Հենց այդ օրերին էր, որ հայաստանցիներն էլ ավելի ճանաչեցին իրենց տաղանդավոր հայրենակցին, որը հեռավոր Ֆրանսիայում բարձունքներ էր նվաճել: Ի դեպ, հարցին, թե կա՞ երգիչ, որին նախանձում է, Բրելը պատասխանել էր. «Ազնավուրը. նա երգելիս չի քրտնում»:
«Սովետական արվեստ» ամսագիրն էլ Բրելի համերգից հետո նրա մասին պատմելիս երգչի անվան կողքին հիշատակել էր նաև Ազնավուրի անունը. «Նրա յուրաքանչյուր երգ ընդհանրացված կերպար է, մերկացնում է, ծաղրում, ակտիվ գործողության կոչում: Դրա մեջ է Ժակ Բրելի արվեստի իմաստը, քաղաքացիական նշանակությունը: Եվ հենց այդ է պատճառը, որ բելգիացի հարուստ արդյունաբերողի որդին, կիթառը թևատակին, գրպանը դատարկ հեռանալով հայրական տանից, այդքան արագ ճանաչում և ժողովրդականություն ձեռք բերեց Փարիզում։ Փարիզում՝ հռչակավոր շանսոնյեներ Շարլ Տրենեի, Էդիտ Պիաֆի, Իվ Մոնտանի, Շառլ Ազնավուրի քաղաքում, ուր ճանաչման հասնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական ձայն և սեփական խնդիրներ արվեստում: Իսկ այդ ամենը, տեսանք, լսեցինք ու համոզվեցինք, ունի´Ժակ Բրելը»։
Ի դեպ, այդ նույն տարում, նույն օրերին Երևանում համերգով հանդես եկավ նաև Իտալիայից ժամանած լիբանանահայ օպերային երգիչ Տիգրան Ժամկոչյանը: Եվ եթե Բրելի այցի, նրա կատարումների մասին այդ օրերի մամուլը բավական համեստ, երբեմն նույնիսկ հպանցիկ անդրադարձեր է կատարել, ապա Ժամկոչյանի նկատմամբ ուշադրությունն անհամեմատ մեծ էր. նրա այցը Հայաստան ներկայացվեց որպես իսկական իրադարձություն, իսկ համերգը`մի մեծ տոն: Եվ որքան էլ ժամանակին Սովետական Հայաստանում ոմանք գովեստի խոսքեր հնչեցրին Բրելի հասցեին, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Բրելի հայաստանյան այցի իրական կարևորությունը տրվեց տարիներ անց միայն, երբ նա արդեն համաշխարհային փառք էր վայելում` թե´որպես բանաստեղծ, թե´որպես հեղինակ-կատարող: Հենց այդ համբավն էր, որ, այսպես ասած, պարտադրեց վերանայելու նրա նկատմամբ վերաբերմունքը, և այն մարդիկ, որոնք 1965-ին բախտ էին ունեցել Երևանում տեսնել և լսել Բրելին, շատ ավելի ուշ սկսեցին գունազարդված և երբեմն նաև ուռճացված երանգներով վերապատմել տարիներ առաջ կատարվածը:
Աննա Բաբաջանյան


