«44 աստիճանի վրա» կամ դարձ ի շրջանս յուր
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խաղացանկում պարբերաբար ներկայացվող «44 աստիճանի վրա» բեմադրությունը ՝ Զոհրապ Բեկ-Գասպարենցի բեմադրությամբ հերթական անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ կարծես ընդգծելով խորհրդանշական կապը պիեսի բովանդակության և հիշատակության օրվա միջև: Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսը, որի հիմքում Տիգրան Հայրապետյանի պատմվածքն է, ներկայացնում է մեզ դատարկվող հայաստանյան գյուղի ճակատագիրը, որը խաչվում է պիեսի կենտրոնական հերոսների՝ Ամերիկայից հայրենադարձած և այդ գյուղի վերջին բնակիչների թվին պատկանող Մգրոյի և Սիրանույշի ճակատագրի հետ: Մեղվաբուծությամբ զբաղվող և համագյուղացիներին մեղրով ապահովող Մգրոն, որի ընտանիքը, թվում է, բաղկացած է ոչ միայն իր կնոջից, այլև հարազատ գյուղի յուրաքանչյուր բնակչից, ձգտում է մշտապես ապրել հայրենիքում, չնայած կնոջ փորձերին՝ համոզելու ամուսնուն վերադառնալ Սան Ֆրանցիսկո: Արտագաղթը դատարկում է հայրենիքը, հայրենիքի հետ միաժամանակ՝ պարբերաբար դատարկվում է համագյուղացիներից բաղկացած Մգրոյի ընտանիքը: Սակայն ինքը՝ Մգրոն, կապված է հայրենի հողի հետ, և չնայած լիաթոք ապրելու համար խոչընդոտ հանդիսացող պայմաններին՝ նա մտադիր չէ լքել իր բնօրրանը, որի մասին ասում է. «Լավ, վատ՝ մերը՝ մերն է»: Հայրենի երկրի առանձնահատկությունը, այդտեղ ապրելու առավելությունը Մգրոն բացատրում է 44 աստիճանի վրա գտնվող և միայն իրենց գյուղից երևացող աստղի առկայությամբ: Այդ աստղը, որը Մգրոն հայտնաբերել է լուսարձակի միջոցով, վերջինիս համար ծառայում է իբրև ճիշտ և սխալ ճանապարհների ուղեցույց: Սխալը՝ դեպի օտարություն տանող ճանապարհն է, ճիշտը՝ դեպի հայրենիք բերող ճանապարհը: Բոլորը հեռանում են, այդ թվում նաև Մգրոյի հարևան և մտերիմ ընկեր Կարապետը, որի մեկնումը ծանրագույն հարված է դառնում Մգրոյի համար: Արդեն պատրաստ նույնպես լքելու իր բնակավայրը՝ Մգրոն վերջին պահին պատճառ է գտնում մնալու հայրենիքում: Չարտագաղթելու շարժառիթը Մգրոյի մոտ վերադարձող մեղուն է, որը, կարծես, դառնում է վերածնվող հայրենիքի, կյանքի շարունակականության խորհրդանիշը:
Հայ արվեստում, մասնավորապես գրականությունում, արտագաղթի թեման միշտ եղել է ամենաարծարծվածներից մեկը, և չափազանցություն չի լինի ասել՝ ամենաարդիականներից: Հարյուրամյակներ շարունակ պետականության և ինքնության պահպանման համար կռիվ տվող Հայաստանը զուգահեռաբար կռիվ է տվել նաև մարդաքանակի պահպանման համար, քանզի առանց բնակիչների չի կարող լինել ո՛չ երկիր, ո՛չ էլ պետություն: Արտագաղթը, ավաղ, հայ ժողովրդի ճակատագրի մշտական ուղեկիցն է եղել, և, թերևս, հենց դա է խոցելի ու զգայուն դարձնում այդ թեման մեր մշակույթում: Եվ հենց դրանով էլ պայմանավորված է թեմայի մշտական արդիականությունը:
Արտագաղթի և հայրենադարձության մասին կարծիքները միշտ տարբեր են և հաճախ բանավեճերի առիթ են դառնում: Ապրել և կայանալ օտարության մեջ, լինել հայրենիքից հեռու, բայց նյութապես ապահով, կամ ապրել հայրենիքում, բավարարվել եղածով, մտահոգվել վաղվա օրվա համար, բայց լինել մոտ սեփական արմատներին. այս դիլեման թվում է անլուծելի՝ կարծիքների և շարժառիթների բազմազանության պատճառով: «44 աստիճանի վրա» ներկայացման հերոսներն ունեն իրենց ուրույն պատկերացումներն այդ խնդրի վերաբերյալ, և նրանցից յուրաքանչյուրի դրդապատճառը՝ հայրենիքը լքելու կամ չլքելու, թվում է հիմնավոր: Սիրանույշի համար հայրենիքն այնտեղ է, որտեղ մարդիկ են. նրա հարազատները, նրա սիրելի մայրիկը, որի հետ նա պարբերաբար երևակայական զրույցներ է ունենում: Թեպետ Սիրանույշը մտափոխվում է մեղվի վերադարձից հետո և ավետում գարնան զարթոնքն ու նոր կյանքի մեկնարկը, բայց, այնուհանդերձ, պիեսի գրեթե ողջ ընթացքում մենք տեսնում ենք նրա հեղձուցիչ կարոտն առ անցյալը, երբ մարդաթափ լինող գյուղի փոխարեն նա ապրում էր աշխատանքի լայն հնարավորություններ ընձեռող մարդաշատ քաղաքում, հարազատներով շրջապատված: Սիրանույշի կարոտախտի յուրօրինակ խորհրդանիշն է գյուղի հարևանությամբ ամեն առավոտ սուրացող գնացքը, որի ձայնը նրան հիշեցնում է հեռավորության վրա գտնվող իր հարազատներին, որոնց մոտ նա, կարծես, ամեն առավոտ պատրաստվում է վերադառնալ, բայց մոր հետ երևակայական զրույցից զատ ոչինչ չի ձեռնարկում:

Ինչ վերաբերում է Կարապետին, ապա նրա համար հայրենիքը ոչ թե մայր հողի մասին սրտառուչ և պաթետիկ խոսքերն են, այլ առաջին հերթին մարդու ապրելավայրը, որը չի սահմանափակվում լոկ երկրի սահմաններով: Կարապետը պատրաստ է ամենուրեք աշխատել և ստեղծել իր նոր հայրենիքը, նոր հողի վրա, քանզի հինը, ինչպես ինքն է ասում, նախկին ուժը չունի: Լինելով գործի մարդ՝ Կարապետը, ինչպես յուրաքանչյուր աշխատավոր, ցանկանում է տեսնել իր աշխատանքի արդյունքը: Նորոգելով հայրենիքը լքած համագյուղացիների տները՝ Կարապետը, իբրև աշխատանքի վարձատրություն, ուտում է Մգրոյի կողմից հեռացածներին ուղարկված մեղրը. հեռացածներին, որոնք, ըստ Մգրոյի ակնկալիքի, պիտի վերադառնային և համտեսելով հայրենի մեղրը՝ այլևս չմտածեին օտարության մեջ ապրելու մասին: Ե՛վ Կարապետը, և՛ Մգրոն, Սիրանույշի բնորոշմամբ, արտագաղթելու փոխարեն նորոգում ու նոր շունչ են պարգևում ամայացող հայրենիքին, որն, ասես, իր վերջին հևոցներն է արձակում: Էությամբ երազող Մգրոյի պարագայում դա հայրենիքի հանդեպ անհատույց սիրո դրսևորումն է, որը, սակայն չի կիսում ի բնե գործնական Կարապետը: Վերջինս, թեպետ մեծ վարձատրություն չի ակնկալում իր աշխատանքի դիմաց, բայց կարևորում է ապրելու համար յուրաքանչյուրին տրված ժամանակը, որը նա չի ցանկանում սպառել անպտուղ աշխատանք կատարելով դատարկված գյուղում: Այդ է պատճառը, որ մինչև վերջին պահը չլքելով Մգրոյին ու Սիրանույշին (թվում է, թե հենց նրանց համար էր այդքան ժամանակ մնացել գյուղում)՝ նա, այնուամենայնիվ, խորին ցավով հեռանում է՝ հուսախաբ անելով թե՛ առաջինին, թե՛ երկրորդին:

Անդրադառնալով Մգրոյին և հայրենիքի մասին վերջինիս պատկերացումներին՝ պետք է ընդգծել, որ հայրենի երկրում մշտապես ապրելու և համագյուղացիներին էլ այդ քայլին դրդելու տենչը նրա պարագայում հասնում է մանկական խանդավառության: Բոլոր ժամանակներում արտագաղթի հիմնական դրդապատճառներից մեկը՝ աշխատանքի բացակայության խնդիրը, Մգրոն բացատրում է մարդկանց անճարակությամբ՝ պնդելով, որ աշխատանք փնտրելու փոխարեն նրանք մեղքը բարդում են արտաքին հանգամանքների վրա: Ի պատասխան Սիրանույշի այն հարցին, թե ինչպես մարդիկ աշխատանք գտնեն, երբ այն բացարձակապես չկա, Մգրոն համեմատություն է անցկացնում մարդկանց ու մեղուների միջև: Նրա համոզմամբ՝ եթե մեղուները գյուղի տարածքում նեկտար են հավաքում միայն երիցուկից և բավարարվում ծաղկի այդ տեսակով, չնայած կուզեին նեկտար ստանալ նաև մանուշակից, վարդից, շուշանից և նարգիզից, ապա այդ նույն տրամաբանությամբ՝ մարդիկ էլ պետք է բավարարվեն եղածով և, բողոքելու փոխարեն, որևէ օգտակար աշխատանք կատարեն ի բարօրություն հայրենիքի: Այստեղ էլ դրսևորվում է Մգրոյի մանկական դյուրահավատությունը. նա համոզված է, որ համագյուղացիներն ընդունակ են հանուն հայրենիքի, ի սեր հայրենի գյուղի զոհաբերել սեփական բարեկեցությունը: Նա նման է հասունացած, բայց ներքուստ երեխա մնացած մեկին, որը հավատացած է, թե շրջապատում բոլորն իր պես են մտածում կամ պետք է իր պես մտածեն: Նույնիսկ կարելի է ասել, որ նա մի փոքր կտրված է իրականությունից և, ասես, չի ցանկանում տեսնել ակնհայտը՝ գյուղը դատարկվում է: Չի ցանկանում ընդունել անհերքելին, որ հեռացածներն այլևս չեն վերադառնալու: Նրա՝ երևակայական իրականության մեջ ապրելն ու հայրենիքն առանց վերապահումների իդեալականացնելը, գուցե, պայմանավորված է ԱՄՆ-ում երկար տարիներ անցկացնելու և հայրենադարձությունից հետո սեփական երկրում առկա խնդիրներն օբյեկտիվորեն չգնահատելու հանգամանքով: Միայն Կարապետի հեռանալուց հետո է Մգրոն, կարծես, դուրս գալիս իր մտացածին աշխարհից և ընկալելով իրավիճակի անելանելիությունն ու տրվելով վայրկենական հուսահատությանը՝ որոշում կնոջ հետ միասին հետևել Կարապետի օրինակին: 44 աստիճանի վրա գտնվող աստղ-ուղեցույցը չի սխալվում՝ ցույց տալով հայրենիք բերող ճշմարիտ ճանապարհը, որով մեղուն Մգրոյի մոտ է վերադառնում և վերջինիս էլ վերադարձնում այն գիտակցմանը, որ հայրենի երկրից զատ տուն չկա...

Ամփոփելով պիեսի երեք հերոսների մասին վերն ասվածը՝ այժմ արդեն կարող ենք եզրակացնել, թե ինչ ասել է՝ ապրել հայրենիքում, ինչ ասել է՝ լինել մոտ սեփական արմատներին և լինել հայրենանվիրյալ: Թերևս, դա կարելի է բնորոշել իբրև անշահախնդիր սիրո մի դրսևորում, որը կարիք չունի բացատրության: Հայրենիքում ապրելու կամավոր ընտրությունը նույնքան առեղծվածային է, որքան և այն հարցը, թե ինչու է մարդը ծնունդով այս կամ այն երկրից, ինչու է հենց տվյալ արմատի կրողը, այլ ոչ թե մեկ ուրիշ: Հայրենի ակունքներին վերադառնալու ձգտումը բխում է մարդու հուզական ներաշխարհից, քանզի հայրենասիրություն ասվածն իրապես կապված է մարդու զգայական ապրումների և հուզականության հետ: Էլ ո՞վ, եթե ոչ երազողներն են կերտում իրենց երազած հայրենիքը: Էլ ո՞վ, եթե ոչ նվիրյալներն են, որ հայրենիքում ապրելու սխրանքն են գործում: Երբ հայրենիքը խոր ճգնաժամ է ապրում, հայրենասիրությունն է մեծագույն սխրանքը:
Անդրադառնալով «44 աստիճանի վրա» ներկայացման դերակատարներ Տաթևիկ Ղազարյանի (Սիրանույշ), Կարեն Խաչատրյանի (Կարապետ) և Վարշամ Գևորգյանի (Մգրո) կերպավորումներին՝ պետք է արդարացիորեն նշել, որ հայ թատրոնի այս երեք անվանի դերասանները, երկար տարիներ հանդես գալով տվյալ դերերում, զարգացրել, մինչև անգամ կատարելության են հասցրել իրենց հերոսների կերպարային հատկանիշները: Հերիք է միայն հիշել, թե զգացմունքային ինչպիսի անկեղծությամբ և անմիջականությամբ է Տաթևիկ Ղազարյանի մարմնավորած Սիրանույշը փոխում գեղջկական կոշիկները կանացի բարձրակրունկներով, երբ առավոտյան գնացքի սուրալու ժամանակ պատրաստվում է հերթական երևակայական զրույցն ունենալ մոր հետ: Կամ հիշենք, թեկուզ, Վարշամ Գևորգյանի մարմնավորած Մգրոյի եթերային, զվարթ տրամադրությամբ պայմանավորված անմեղ չարաճճիությունները. դրանցից մեկի ժամանակ նա այնքան է միացնում-անջատում Կարապետի փոխած լամպը, որ այն նախորդի պես փչանում է: Հիշատակման է արժանի նաև դերասանների վարժ արևմտահայերեն խոսքը, որն ավելի քան համոզիչ է իր բնականությամբ և անմիջականությամբ: Թերևս, միակ նկատառումը, որը հազիվ թե կարելի է համարել խնդրահարույց, դերասանների տարիքն է: Ըստ պիեսի՝ ակնհայտ է, որ հերոսներն ավելի երիտասարդ տարիքի են, քան նրանց մարմնավորած դերակատարները: Սակայն պետք է հաշվի առնել՝ այս պիեսի թատերական կյանքն այնքան երկարատև է եղել, որ վերոնշյալ դերասանները մինչ այժմ էլ համահունչ են մնացել իրենց մարմնավորած կերպարներին: Ամենայն հարգանքով հայ թատրոնի մյուս դերասանների հանդեպ՝ սա այն բացառիկ դեպքերից է, երբ իրապես կարող ենք արձանագրել՝ այս դերասաններն իրենց դերերում անփոխարինելի են:

Ի ամփոփումն արձանագրենք, որ թատրոնի խաղացանկում հաստատուն տեղ զբաղեցրած այս պիեսը հետագայում էլ չի կորցնի իր արդիականությունը, և դա՝ շնորհիվ ոչ միայն իր գեղարվեստական արժանիքների, այլև ի հաշիվ բուն թեմայի չնվազող հրատապության։ Թերևս, յուրաքանչյուր հայ ունի 44 աստիճանի վրա գտնվող իր ուղեցույց աստղը, որը հուշում է ճիշտ ընտրությունն ու ճանապարհը։ Եվ նրանք, ովքեր զգում և գիտակցում են այդ ուղենիշն իրենց կյանքում, անխուսափելիորեն վերադառնում են սկզբնակետին, որտեղ մեր հավաքական արմատներն են։
Արամ Դովլաթյան
Դիտումներ: 23
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։