Աֆյանի «Հե՜յ»-ը և վեպի ալքիմիան

Կիսվել:

Հովիկ Աֆյանի նոր գիրքը՝ «Հե՜յ» վեպը վաղուց էի ձեռք բերել, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում կարդալ. ժամանակի սղություն կար: Մի օր, ի վերջո, որոշեցի այդ բանն անել քնելու հաշվին: Գիշերը նստեցի, կարդացի մինչև լուսաբաց, հետո գիքը փակեցի ու քնեցի: Երևի պետք էր ցերեկը կարդալ: Ասում են՝ ժամանակը կարևոր պարագա է, տրամադրություն ու վերաբերմունք է փոխում: Համոզված չեմ, թե այդպես է: Բոլոր դեպքերում գիշերային ընթերցանությանս մի երանգ էլ խառնեցի: Աֆյանին առաջին անգամը չէ, որ կարդում էի: Բայց հենց ձեռքս առա այս գիրքը, որոշեցի, որ Աֆյանին պիտի կարդամ առաջին անգամ: Հենց այդպես էլ որոշեցի՝ ձև կանեմ, թե իբր նախորդները չեն եղել, և սա է առաջին շփումը:

 

Կան գրողներ, որոնք չգիտեն, թե ինչ է գրականությունը: Կան գրողներ, որոնք գիտեն, թե գրականությունն ինչ է (սրանք անհամեմատ քիչ են): Եվ այդ իմացության ու չիմացության գործոնն է մեծապես որոշում, թե ինչ գիրք դուրս կգա ձեռքի տակից: Եթե անպարկեշտորեն անկեղծ լինեմ, ինձ համար առանձնապես կարևոր չէ, թե Աֆյանն ինչ է պատմում: Կարևոր է, թե ինչպես է պատմում այդ անկարևորը, որովհետև եթե դու կարող ես անէականին էականություն հաղորդել, աննշանին տալ նշանակություն և քոնը դարձնել իմը, ուրեմն դու գրող ես: Իսկ քաղցր-մեղցր պատմությունները թող պատմեն ուրիշները՝ նրանք, որոնց շուրթերին դառնահամ չկա, որոնց աչքը տեսնում է, բայց չի նկատում, որոնց համար գրող լինելը կարգավիճակ է, այլ ոչ թե կացություն:

 

Եվ ահա, ես կարդում եմ Աֆյանի գիրքն ու տեսնում եմ, որ նրա համար բառն ավելի կարևոր է, քան նախադասությունը, միտքն ավելի կարևոր է, քան շարադրանքը, հույզը հնչեղության մեջ չէ, լրջությունը կեցվածքի մեջ չէ, և սկիզբը նրա համար չէ, որ գնա դեպի ավարտ, որովհետև վերջինն առաջինի ածանցյալն է: Որովհետև գրողը չի գրում, գրողը ստեղծագործում է:

 

Եվ ահա, ես շարունակում եմ կարդալ ու տեսնում եմ, որ Հովիկ Աֆյանը բանաստեղծ է: Այդ բանաստեղծ Աֆյանը խանգարում է երևանցի արձակագիր Աֆյանին, որովհետև արձակագիրն իր ներսում մի քիչ չարություն պիտի ունենա բառի հանդեպ, մի քիչ կոպիտ պիտի լինի գրիչ բռնելիս ու շոյելու փոխարեն պիտի չարչարի թուղթը: Իսկ Աֆյանը բարի է: Մի խոսքով՝ բանաստեղծ:

 

Եվ ես շարունակում եմ կարդալ պոետ-արձակագիր Աֆյանին, որը դռներ է բացում ու փակում այնպես, որ դու խճճվես միջանցքներում, սակայն երբեք չմոլորվես, քանի որ ամեն բան այսպես թե այնպես պիտի կատարվի ներսում, և ուրեմն դու ամեն պարագայում իր տիրույթում ես մնալու…

 

Աֆյանի վեպի՝ երեք ճյուղերով այդ ծառի ստվերի տակ հանգիստ նստելն անհնար է: Անհանգստությունը վտանգի զգացողությունից չէ, այլ լարումից, ամեն մանրուք նկատելու տենդից, խոսքի համաձուլվածքի մեջ տարաբնույթ նյութերի ինքնուրույնությունը ընդունելու պահանջից:

Շումանն ինձ խանգարում է: Գուցե պատճառն այն է, որ ես ուզում եմ ավելի լավ լսել մյուս ձայները:

Օղու շիշն ինձ խանգարում է: Գուցե պատճառն այն է, որ ես այդ շիշն արդեն տեսել եմ ուրիշ տեղերում:

Պատերազմն ինձ խանգարում է: Գուցե պատճառն այն է, որ ես ուզում եմ իմանալ մյուս՝ Հոր և Ներաշխարհի կռվի մասին…

Բայց Աֆյանի ծառի առաջին ճյուղի սաղարթն այնքան գեղեցիկ է, որ ես շարունակում եմ նստած մնալ, որովհետև այդպիսի սաղարթ ամեն օր չես տեսնի ու այդպիսի ստվեր ամեն օր չի ծածկի քեզ ծեքծեքուն, սեթևեթ, շինծու լույսերից: Այլ լեզվով դրան ասում են գեղարվեստական երկի կառուցվածք, ու եթե այդ լեզվով էլ պիտի հարաբերվեմ, ուրեմն կասեմ, որ Աֆյանը ճարտարապետ է…

 

Կարդում եմ:

Երկրորդ ճյուղը երազի միջից ինձ նետում է գետնին: Գետինը չոր է: Գրողի հորինած գետին է: «Մտքի ծննդաբերություն»: Այն մտքի, որն, ըստ մտահղացման, պիտի տպավորություն գործի: Բայց չի գործում: Փոխարենը տատանվում ու ալիքվում է: Սինուսոիդի նման: Մեկ ելնում է մինչև բարձրակետ՝ քեզ ստիպելով շունչդ պահել, մեկ միանգամից գետին է տապալվում ու շնչելը դարձնում անիմաստ:

 

Ճարտարապետը դարձել է հայեցող: Ասքը դարձել է խրոնոլոգիա, գրականացված կենցաղ: Էսսեիստն է արթնացել, որ ցանկանում է իր հողեղեն մորմոքը տանել ու կցել առաջին ճյուղի գեղեցիկ սաղարթին, բայց սաղարթը բարձրում է, մորմոքը՝ գետնին, ու նրանց միջև տարածությունն է, որտեղ բոլորս անելիք ունենք: Աֆյանն՝ առաջին հերթին, որովհետև նա է որոշել շեշտ դնել շեշտվող բառի վրա…

Դեպքերի ընթացքին չեմ հետևում: Ինչո՞ւ հետևեմ, եթե ես ուրիշ մի բան եմ որոնում այս գրքի էջերում: Հովիկ Աֆյանը խոստացել է, որ կլինի, և ես փնտրում եմ նրա խոստումը: Ջրահարսերը թողնում եմ հեղինակին, ինձ եմ վերցնում ծովի խանդը: Սրճարանում դրված ռոմով լի բաժակը թողնում եմ հեղինակին, ինձ եմ վերցնում փիլիսոփայող հապճեպության իմպրեսիոնիզմը: Գրքի ավարտը վերստին թողնում եմ իրեն և ինձ եմ վերցնում ներշնչանքի անավարտությունը: Արդար բաժանում է: Ճիշտ այնպես, ինչպես լինում է այն ժամանակ, երբ փրկօղակներ ես նետում ջուրը, և հանկարծ պարզվում է, որ դրանք ծովը նետած հինգ նամակների նման վերացարկված ու քմահաճ են: Փրկվիր՝ ինչպես կարող ես և կամ հեռու մնա գրականության հուզակուտակ ջրերից:

 

«Հե՜յ» վեպը տրիպտիխ է: Եռապատկեր: Այստեղ միայն շրջանակն է ընդհանուր: Կտավները տարբեր են: Այլազանությունը համակցելու ճիգ կա, ավարտուն տրամաբանություն ստեղծելու ցանկություն կա: Ողջ էությունը զգացել է ներքին կապը, բայց գործադրումն անթերի չէ: Փոխարենը գրքի առաջին մասը գրական մեծ ձեռքբերում է, հպարտանալու առիթ, որին հաջորդող իմպրովիզներն ու տարաբնույթ զեղումները ևս լինելու իրավունք ունեն:

 

Գրող Հովիկ Աֆյանն իր գործն արել է: Հիմա հերթն ընթերցողինն է: Նա էլ կարող է կանգնել ծովափին ու «Հե՜յ» գոռալ հանուն Հոր և Որդու և վայելչական Գրոց:

 

 

Հովիկ Չարխչյան

Դիտումներ: 326

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։