Ալեքսանդր Աբդուլով. «Ես ապրում եմ ապագայում»

Կիսվել:

Մայիսի 29-ը խորհրդային կինոյի և թատրոնի մեծ Արտիստ Ալեքսանդր Աբդուլովի ծննդյան օրն է. մի դերասան, որը համաժողովրդական սեր ու ճանաչում էր  վայելում Խորհրդային Միության ամբողջ տարածքում: Մեր ընթերցողներին ենք   ներկայացնում Վեստա Բորովիկովայի հարցազրույցը դերասանի հետ, որը հրապարակվել է նրա տարեդարձի առիթով: 

 

***

Այս հարցազրույցն արվել է այն ժամանակ, երբ Ալեքսանդր Աբդուլովը պատրաստվում էր իր նոր ֆիլմի նկարահանումներին։ Ալեքսանդր Գավրիլովիչը մեկնել էր ծով, որտեղ սկսվում էին նկարահանումները... Եվ բժիշկները հայտնեցին իրենց սարսափելի ախտորոշումը։ Աբդուլովը չէր հանձնվում: Նա պատրաստ էր պայքարել իրեն բնորոշ խիզախությամբ։ Նա մտադիր էր շարունակել իր նախագծերը, սիրելի թատրոնի բեմ դուրս գալ Կոչկարևի դերում՝ «Ամուսնության» մեջ: Եվ անգամ այս հարցազրույցը նա կարդացել և ուղղումներ է արել, երբ արդեն հիվանդանոցում էր։

 

Վեստա Բորովիկովա -Դուք պատրաստվում եք ֆիլմ նկարահանել Տոլստոյի «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» վեպի հիման վրա։ Կարծում եք, այսօր արդիակա՞ն են համաշխարհային տիրապետության մասին երազանքները:

 

Ալեքսանդր Աբդուլով -Այո: Կարծում եմ դրանք շատ արդիական են։ Սցենարը վեպի հիման վրա այնպես է գրվել, որ ամբողջ գործողությունը տեղափոխվել է մեր օրեր։ Գլխավոր հերոսին ես կխաղամ։ Այդ մարդն ինձ հետաքրքրեց իր կերպարանափոխությամբ։ Նա ցանկանում էր լինել աշխարհի ամենահարուստը: Եվ, սկսելով որպես նորմալ գիտնական, որը, սակայն, զուրկ է ցանկացած պատրանքներից, վերջում վերածվում է հրեշի։ Իշխանությունն է նրան դարձնում այդպիսին:

 

Վ.Բ. -Դա անխուսափելի է, թե Ձեր հերոսի անհատական ​​դեպքն է։

 

Ա.Ա. -Կարծում եմ, որ իշխանությունը դեռ ոչ ոքի թույլ չի տվել բարի մարդ մնալ։ Պատմությունից ես չգիտեմ մեկին, որը հասնելով իշխանության, կամենա ինքնակամ հրաժարվել դրանից, օրինակ՝ մենաստան գնա կամ պարզապես մասնավոր  կյանքով ապրի:

 

Վ.Բ. ի հռոմեական կայսր կար...

 

Ա.Ա. -Նա միակն էր։ Եվ հստակ ապացույցներ էլ չկան։

 

Վ.Բ. -Տաղանդն արվեստում էլ է իշխանություն տալիս՝ մարդկային սրտերի և մտքերի վրա: Նման իշխանությունը հրեշ դառնալու գայթակղություն չէ՞։

 

Ա.Ա. -Գայթակղություն Է: Արդյոք Հիտլերը՝ կրթությամբ նկարիչ, ապաշնո՞րհ էր։

 

Վ.Բ. -Ձեր կարծիքով՝ նրանց, որոնք այսօր երազում են համաշխարհային տիրապետության մասին, սպասվում է նույն ձախողումը, ինչ Գարինի՞ն։

 

Ա.Ա. -Հայտնի չէ: Իմ վերջաբանում ոչ մի ձախողում չկա:

 

Վ.Բ. -Օրերս վարձույթ մտավ «Ուրախ թաղում» ֆիլմը՝ նկարահանված Լյուդմիլա Ուլիցկայայի պատմության հիման վրա։ Այնտեղ Ձեզ գլխավոր դեր է տրված։ Ձեր հերոսն, իր կնասիրությամբ դուրս լինելով ուղղափառ բարոյականությունից, շատ կանանց է երջանկացնում։ Նրանք բոլորը ծաղկում են նրա կողքին՝ յուրաքանչյուրը բացահայտելով իր անհատականության լավագույն գծերը: Ի՞նչ եք կարծում, բարոյականությունից դուրս հումանիզմ հնարավո՞ր է:

 

Ա.Ա. -Իմ հերոսը ապրելու հնարավորություն է տալիս շատ մարդկանց։ Նա իր ամբողջ կյանքը հավաքել է իր շուրջը։ Նա հոգ է տանում բոլորի մասին: Ո՞վ հստակ գիտի՝ ինչ է բարոյականությունը: Ո՞վ է դա մտածել:

 

Վ.Բ. -Իմաստունները:

 

Ա.Ա. -Իսկ նրանցից առաջ ուրիշ իմաստուններ էին, որոնք այլ բարոյականություն էին հնարել:

 

Վ.Բ. -Հանկարծ հիշեցի բարոյականությունից հեռու Ձեր հերոսին՝ Կորովևին «Վարպետն ու Մարգարիտան» գրքից։ Նրա ղեկավար Վոլանդը հետևելով ստալինյան Մոսկվային նկատում է. «Մարդիկ՝ մարդիկ են, միայն թե նախկինները գրեթե չեն մնացել»։ Ասացեք, եթե Վոլանդը հայտնվեր այսօրվա Մոսկվայում, «նախկին» մարդկանց կգտնե՞ր այնտեղ՝ Նրանց, որոնք դեռ 20 տարի առաջ կերտում էին կոմունիստական ​​լուսավոր ապագան։

 

Ա.Ա. -Կարծում եմ՝ ոչ. Նրանք այլևս գոյություն չունեն: Մենք ապրում ենք այլ աշխարհում, և ինչ-որ բան փոխվում է մեր մեջ։

 

Վ.Բ. -Դուք այժմ ավարտում եք Սուրբ Ծննդյան պատմությունը, որը մենք կտեսնենք Նոր տարուն ընդառաջ:

 

Ա.Ա-Այո, դա պատմություն է այն մասին, թե ինչ է պատահում բոլորիս հետ: Երբ մտածում ես. «Տե՛ր Աստված, հիմա փակեի աչքերս, և ամեն ինչ փոխվեր: Կինս հեռացավ, և ես էլ գնայի ինչ-որ տեղ և հանդիպեի իմ սիրուն ... », երաժշտությունը գրում է Անդրյուշա Մակարևիչը, իմ վաղեմի բարեկամը, որին ես շատ քնքուշ եմ վերաբերվում: Ես շատ ուրախ եմ դրա համար։

 

Վ.Բ. -Եթե Ձեզ երկրորդ հնարավորություն տրվեր, կկրկնեի՞ք Ձեր կյանքը։

 

Ա.Ա. -Չգիտեմ: Ես կանգնած էի հեքիաթից մի քարի մոտ, որի վրա գրված է. «Աջ  գնաս, ձախ գնաս...», և ես դրա միջով չանցա:

 

Վ.Բ. -Իսկ այնտեղ ի՞նչ կար:

 

Ա.Ա. -Առանձնապես ոչինչ. Սիրո պատմություն, մարդկանց պատմություն։ Պարզվեց որ այդ ամենն այնքան էլ կարևոր չէ կյանքում։ Փողը, եթե դա միլիոններ են, թույլ չի տալիս մարդկանց հանգիստ քնել։ Չնայած հրաշալի բան է միլիոն ունենալը։ Բայց երբ պետք չէ վախենալ դրա համար։ Կա, ուրեմն՝ կա:

 

Վ.Բ. -Այդպես լինո՞ւմ է:

 

Ա.Ա. -Չգիտեմ: Ես միլիոն չեմ ունեցել։ Բայց ես կուզենայի, որ այդպես լիներ։

 

Վ.Բ. -Դուք պետք է հրաժարվեիք այդ միլիոնը ստանալու հնարավորությունից, որպեսզի չկեղտոտվե՞ք։

 

Ա.Ա. -Այդպես էլ է եղել։

 

Վ.Բ. -Չե՞ք ափսոսում:

 

Ա.Ա. -Բացարձակապես չեմ ափսոսում:

 

Վ.Բ. -Իսկ այն իրավիճակները, երբ Դուք այդ նույն պատճառով հրաժարվում էիք գումարից, երբ դա ձեզ ծայրահեղ անհրաժեշտ էր:

 

Ա.Ա. -Եվ դա էլ է եղել:

 

Վ.Բ. -Տաղանդի համար դժվա՞ր է ճկուն լինել, շփվել աշխարհի հետ:

 

Ա.Ա. -Իսկ ես ջանում եմ չշփվել աշխարհի հետ, կամ հնարավորինս քիչ շփվել: Որովհետև այնտեղ պետք է ստել, խաղալ, իսկ ես չեմ ուզում դա անել:

 

Վ.Բ. -Այդ դեպքում ինչպե՞ս եք գումար գտնում ձեր ֆիլմերի համար:

 

Ա.Ա. -Այս ամբողջ շաղախի մեջ կան լավ, նորմալ մարդիկ։ Որոնք խիղճ ունեն, թատրոնին, կինոյին օգնելու ցանկություն:

 

Վ.Բ. -Լավ: Իսկ եթե դուք սկսեիք ոչ այն ժամանակ, և ոչ այնտեղ, այլ հիմա և այստեղ, և տաղանդի իրացման մուտքը կեղտի հետ փոխզիջման միջոցով կլիներ:

 

Ա.Ա. -Չեմ կարծում, որ կգնայի դրան:

 

Վ.Բ. -Եվ կհրաժարվեի՞ք մասնագիտությունից։

 

Ա.Ա. -Ոչ: Որովհետև իմ մասնագիտությունը հնարավոր չէ գնել։ Առանց տաղանդի կընդունեն թատրոն, բայց բեմ չեն թողնի:

 

Վ.Բ. -Թատրոնի հետ պարզ է. Կինոյում ամեն ինչ ավելի բարդ է։ Մի երկու տարի առաջ պարզ չէր, թե ում մոտ է փողը... իսկ Հիմա՞:

 

Ա.Ա. -Փրփուրը մաքրվում է :Ավելի լավ սցենարներ են։ Սովորեցին սերիալներ նկարել։ Չեք կարող միանգամից Ty-154 գործարկել: Նախ պետք է երկու թևը ստեղծել:

 

Վ.Բ. -Եթե այսպես շարունակվի, ապա ապագայում մենք կվերադառնանք հրաշալի խորհրդային կինեմատոգրաֆի՞ն:

 

Ա.Ա. -Ես ոչ մի տեղ չեմ ուզում վերադառնալ: Այո, սովետական ​​կինոյում շատ հրաշալի ֆիլմեր կային։ Եվ պետք է հիշենք, որ մենք դա ունեինք։ Ես երբեք չեմ մոռանա Չերկասովին, Լեոնովին. Բայց վերդառնալու կարիք չկա։ Մենք պետք է առաջ գնանք:

 

Վ.Բ. -Դուք ապրում եք ապագայո՞ւմ:

 

Ա.Ա. -Այո: Ես ապրում եմ ապագայում՝ խոնարհվելով անցյալի առջև։ Ինչի համար մենք  պետք է ներողություն խնդրենք Վրաստանից կամ Էստոնիայից: Այսքան տարի կերակրել ենք, հիմա էլ պիտի ներողություն խնդրե՞նք։ Բավական է արդեն  ներողություն խնդրել: Ես կստիպեի նրանց ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ արեցին մեր հուշարձանի հետ։ Մի պահ պատկերացնո՞ւմ եք, որ երկրներից որևէ մեկում ամերիկյան հուշարձանն այդպես քանդվի։ Ի՞նչ կլիներ: Պատերազմ: Ամերիկացիները պատերազմ կսկսեին, և ես կասեի, որ նրանք իրավացի են։ Չէ որ  դա էստոնական ժողովուրդը չի արել, դա կառավարական մի խումբ է, որը հանկարծ ինչ-ինչ պատճառներով որոշել է, որ մենք պետք է թշնամիներ լինենք:

Նույնը վերաբերում է և Վրաստանին: Թբիլիսիի կեսը իմ ընկերներն են, շատ ընկերներ ունեմ Էստոնիայում։ Իսկ նրանց կառավարությունները մեզանից շահագործողներ են սաքրում...

 

Վ.Բ. -Ի՞նչ եք կարծում, այն, ինչ հիմա կատարվում է արվեստում և առհասարակ ռուսաստանյան կյանքում, ժամանակավո՞ր է:

 

Ա.Ա. -Իհարկե։ Մենք էվոլյուցիայի բնականոն ուղու վրա  ենք։ Բայց մեզ պարտադրում են ամերիկյան ճանապարհը։ Իսկ մեզ դա պետք չէ։ Մենք ուրիշ ազգ ենք, մենք այլ մարդիկ ենք, և մենք ունենք մեր ուղին։ Մենք արդեն ունեցել ենք մի շրջան, երբ բոլոր իշխանությունները ցրվեցին։ Հետո նրանք նորից սկսեցին հավաքվել մեկ բռունցքի մեջ։ Նորից ստեղծվեց Մեծ Ռուսաստանը. Մենք կրկին կգանք դրան։ Եվ երբ Էստոնիայի նման փոքրածավալ երկրները սկսում են բռունցք թափահարել մեզ վրա, ինչպե՞ս դա կարելի է ընդհանրապես լուրջ ընդունել: ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նրան, որ նրանք մեզ ստրկացնողներ են անվանում։ Ո՞ւմ ստրկացնել: Չորս խրճիթ և ամբողջ երկիրը: Մենք պետք է ավելի լավ ու ավելի լուրջ վերաբերվենք մեզ: Պետք է սկսեք սիրել մեզ, մեր երկիրը, մեր ժողովրդին: Պետք է հասկանանք, որ մենք մեծ, ուժեղ Ռուսաստան ենք, որում ոչ միայն Մոսկվան է, Սանկտ Պետերբուրգը և մի քանի այլ քաղաքներ։ Մենք Ռուսաստանն ենք։ Մենք պետք է սովորենք ճանաչել մեր սահմանները, և խփել նրանց ձեռքերին, ովքեր փորձում են խախտել դրանք, հպարտանալ մեր դրոշով, մեր օրհներգով և առանց պատճառի ներողություն չխնդրել բոլորից։

 

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Սեդա Հոգոցյանի

Դիտումներ: 28

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։