Անիրազեկ կյանքի առեղծվածը
Գյուղը բոլորից լավ գիտի, թե ինքն ինչ ունի և ինչ չունի: Իր ունեցածով ծածկում է իր չունեցածը, եղածը պաշար է դարձնում, չեղածին սպասում է խառնում: Հետին մտքերի համար ժամանակ չկա. տարին պտտվում է, մինչև առաջին ձյունը դեռ պիտի հասցնի աշնան վերջին արևներից մի պուճուր եռանդ առնել, կիսատն ավարտել, չասվածն ասել, գնացածին ետ կանչել…
Վայոց ձորի Խաչիկ գյուղ գնալու համար պիտի հասնես մինչև երկնքի տանիքը: Վեր մագլցող ոլորան ճանապարհը կարմիր սարերի արյունատար անոթն է: Մասրենու արդեն տերևազուրկ թփերը կարմիր հետագիծ են թողել քննախույզ աչքերի համար: Գնում-գնում ես ու վերջը չի երևում: Իսկ հետո մեքենան կարգելակի Սրվանսի աղբյուրի մոտ, որ մի փոքր դադարին մի փոքր էլ զարմանք խառնես:
- Սրվանսն ո՞վ է:
- Եսիմ…
Ջուրը սառն է: Անունն էլ կա: Մնացածը՝ իր հոսքով: Այս կողմերում ամեն բան անուն ունի՝ ջուրը, հանդամասը, սահմանային դիրքը, անտառակը, թաղը, ժայռը, փողոցը, մատուռը, ծառը…
Անունը պատմություն է:
* * *
Ծառերի տակ թափվել է ընկույզը ու հետո ծածկվել աշնանային տերևների գույներով: Կռացած հավաքում ենք պինդ պտուղները, փոքրիկ շեղջը մեծ ուրախություն է դառնում…
Գյուղի ընկույզ թափ տվողը Մոմիկն է: Առանց Մոմիկի ընկույզը կմնա ճյուղի վրա՝ աչքը Մոմիկի ճամփին: Ամեն գյուղացի կարող է իր բերքը թափ տալ, բայց չի անում, Մոմիկին է սպասում: Սովորություն է, խախտել չի լինի:
Մոմիկը գիտի իր արտակարգ կարևորությունը: Կարող է գալ, բարձրանալ ծառը, թափ տալ ճյուղերից մեկը, հետո ցած իջնել ու ասել, որ այլևս ցանկություն չունի գործ անելու, հոգնել է:
Մոմիկից նեղանալ չկա: Դե, Մոմիկն է, էլի…
* * *
Երկիրն այնքան չգիտի գյուղի մասին, որքան գյուղը գիտի երկրի վիճակը: Ընկել է գործով ու մոռացել է: Բայց գյուղն արդեն նրա մոռանալուց չի նեղանում: Սովորել է: Ինքը պիտի վերջին հերթին լինի, պիտի հեռու լինի, պիտի եղածով բավարարվի, որ այդ եղածն էլ ձեռքից չառնեն:
Գյուղում պարի խումբ կա: Ամենատարեց մասնակիցը 67 տարեկան է, կրտսերը՝ դպրոցական: Պարում են իրենք իրենց համար: Ոչ մեծ բեմեր են երազում, ոչ ազդագրեր, ոչ շրջագայություններ, ոչ համբավ: Պարզապես պարում են: Ինքնաբուխ, ոտքը գետնին խփելով, ծափ տալով, մերթ լուրջ, մերթ ժպիտով:
Ուրեմն մարդը դեռ կարող է ինչ-որ բան անել սոսկ սրտաբուխ բավականության համար, առանց ցուցադրումների… Իր պարն ու ինքը: Իր մենապարը:
* * *
Խաչիկցին սիրում է իր գյուղը: Սիրում է ու հեռանում է: Քաղաք է գնում ու քաղաքից կարոտում է: Դպրոցում դասարան կա, ուր 2-3 աշակերտ են մնացել:
Գյուղապետի աշխատասենյակում գյուղի խորհրդային տարիների քարտեզն է կախած: Սիրուն հիշողություն է՝ ուղիղ փողոցներ, հավասար տներ ու այգիներ:
Ապահով բան է հին քարտեզը: Բայց քարտեզի վրա դիրքերն ու խրամատները չես նկարի, զինվոր ու սպա չես նկարի, ժայռի գագաթին ծածանվող եռագույն դրոշը չես նկարի: Ու ոչ էլ ճանապարհի այն հատվածը կնկարես, որ ծածկված է բարձր մետաղյա թիթեղով.
- Էստեղ վտանգավոր հատված է, - կբացատրեն անտեղյակիդ:
Ու հենց սա է Խաչիկի իրական քարտեզը: Եվ դարպասները, որ ծածկված են, բայց փակ չեն, և բակերից ելնող մշուշանման ծուխը, և ծառերից կախված բերքը, որ վաղը չիր ու խմիչք պիտի դառնա, և այն տղան, որ բանաստեղծություններ է գրում ու ամաչում է դրա համար, և այն հողե պատը, որ մի օր փլվեց ու արցունք քամեց նրա աչքից, ով այդ պատերի ներսում էր ծնվել, և այն ցախը, որ պիտի կոտրատվի ու կրակ տա մրսողին, և բացական, որ ապրելը դարձնում է գոյություն ու լինելը զրկում է գույներից:
Գյուղի փոստատարն անմիջապես թոթափում է իմ տագնապները.
- Թե որ մի բան չի լինում, գյուղացիք Temu-ով պատվիրում են: Ամեն օր մի քանի պարկ պատվեր եմ բաժանում…
Temu-ի փաթեթները կբերեն անհրաժեշտը, իսկ այն, ինչը չես փաթեթավորի ու չես առաքի, պիտի գար ուրիշ մի ճամփով: Բայց դեռ չի եկել:
* * *
Արմինեն կանգնել է խորանի դիմաց ու երգում է.
Գովամ քումպեթ բանձըր սարեն,
Լուս կը բխա մարմար քարեն,
Էն է մըզի փրկի չարեն,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:
Ձայնը հպվում է Տիրամոր պատկերին, հետո լողում, դռնից դուրս է ելնում ու լցվում է գյուղի խաղաղության մեջ: Գյուղը երգի բեկորները պահ է տալիս հիշողության ծալքերում, որովհետև դա ամենամեծ տեղն է, որ նա ունի:
Ոչ ոք չգիտի, թե ինչ էր անցել այն առաջին խաչիկցու մտքով, որ բարձրացավ աշխարհից մոռացված այս հողակտորի վրա ու որոշեց այնտեղ գյուղ հիմնել: Ախր ապրելու համար ամենաքիչը պիտի ջուր լիներ, իսկ ջրերը մնացել էին ներքևում: Բայց մարդու համար հայրենիքը մենակ ջրի ակունքը չի: Հայրենիքը ինքն է ու իր չարչարանքը, ինքն է ու իր կարոտը, ինքն է ու իր դատարկ գրպանը, ինքն է ու իր հետին խելքը, ինքն է ու իր բողոքն ինքն իրենից: Եվ խաչիկցին ընտրեց այդ Հայրենիքը:
* * *
Երկնքի քղանցքը թողած ներքև ենք իջնում, ու Խաչիկն արդեն մեզ վերևից է նայում:
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում փոքրիկ տղան մոմ է վառում, հետո դառնում է կողքին կանգնած հորն ու հարցնում է.
- Ինչ որ ուզեցի՝ կկատարվի՞:
Հայրը չգիտի, թե ինչ պատասխանի տղային: Ստիպված մոմը ձեռքն առած՝ շշնջում է նրա ականջին.
- Սուս, եկեղեցում չեն խոսում:
Ոչ ոք չգիտի, թե արդյո՞ք կկատարվի այն, ինչ ուզեցինք: Ոչ Տեր Հովհաննեսը, որ ներսում օրհնանք է բաժանում, ոչ եկեղեցու բակում խմբված չինացի զբոսաշրջիկները, ոչ երեխան, որին քիչ առաջ մկրտեցին, ոչ տապանաքարերից ապշահար աշխարհին նայող հեծյալներն ու աշուղները, ոչ ծաղիկները, որ միամտաբար ժպտում են անցածի ու գալիքի միջակայքում… Ոչ ոք չգիտի, թե մեր ցանկացածին ինչ ճակատագիր կվիճակվի…
Անիրազեկ կյանքի առեղծվածը մեզ ասում է. «Նայիր վաղվա աչքերի մեջ»: Իրազեկ հիշողությունը թաքուն շշնջում է. «Ոտքերիդ տակ նայիր…»:
Հովիկ Չարխչյան
Դիտումներ: 65
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։