Ապրելու Իմաստությունը
Ուզում եմ՝
բացես դարպասներդ
ու ինձ առնես գիրկդ։
Ես քայլեմ քո փողոցներով,
և արցունքներիս
ամեն մի կաթիլ,
ընկնելով քո հողի մեջ,
ծաղիկ դառնա։
Ծաղիկներ փնջելով
կգնամ
եղբայրական գերեզմանոց,
որտեղ կարոտը
կբռնի ձեռքս
ու բաց չի թողնի։
Հետո
ճանապարհը
ինձ կտանի
իմ հայրական տուն։
Մեր բակի տանձենին
մի հասած տանձ
կդնի ափիս մեջ:
Եվ մանկությունս
կառնի ինձ
իր տաք գրկի մեջ։
Հետո անձրև կգա,
ես կթրջվեմ,
ու թաց հագուստի տակ
կսարսռա մարմինս։
Մեր տան պատերը
բարձր կխոսեն։
Ես լուռ
կլսեմ։
Հետո կմտնեմ
իմ ննջասենյակ,
կպառկեմ
իմ անկողնում,
կուչ կգամ
տաք վերմակի տակ
և քուն կմտնեմ՝
երանությունը
ամուր սեղմած
գրկիս մեջ։
***
Բացարձակ ոչինչ չկա։
Արձակիր կոճակները,
Որ չխեղդվի
ազատության պարանոցը։
***
Ես երկար շրջեցի
իմաստունների մտքերի արահետներով,
հասկացա՝
բոլոր դառը ճշմարտությունները
մարդու մասին են։
***
Երջանկությունը
փախչում է աղմուկից։
Նրա իրական արժեքը
հասկանում ենք միայն այն ժամանակ,
երբ նա հեռանում է մեզանից։
Երկիր, քեզ կորցնելուց հետո
Աչքերս չեն ժպտում։
***
Ոչ մի աշխատանք
ամոթալի չէ։
Ամոթը
սկսած գործի մեջ
հոգի չդնելն է։
Իսկ հոգի չունեցողը
Նախ
դավաճանում է
ինքն իրեն։
***
Խիղճը
ամենաարդար դատավորն է։
Այն տեսնում է այնտեղ,
որտեղ օրենքը
կուրանում է։
Ես միշտ էլ թերահավատորեն եմ նայել
անզգացմունք բառերին։
Իսկ խիղճը
նույնիսկ գիշերն է արթուն։
***
Սերն ու ատելությունը,
որքան էլ
տարբեր լինեն,
երկուսն էլ
խանգարում են
արդար դատել։
***
Խելքը
չի փրկի նրան,
ով չի սովորել
լսել
իր սրտի ձայնը։
Ես՝
միայն խելքով ապրելով,
հաճախ
չեմ զգացել
կյանքի համը։
Ուրիշի սխալներից
դասեր քաղելը
անաղ հաց ուտելու
նման է։
***
Աշխարհը
չի սկսվում
և չի ավարտվում
մեր աչքերին ծանոթ սահմաններով։
Ամենաերկար ճանապարհները
անցնում են
մեր հոգու միջով։
***
Ես չեմ շտապում
խոսել։
Չեմ շտապում
դատել։
Ձգտում եմ
չատել։
Հավասարակշռությունը
ամենամեծ իմաստությունն է։
***
Եվ երբ հասնի
իմ կյանքի վերջին պահը,
տեսնես
ինչի՞ համար եմ
ափսոսալու…
***
Շատ հեշտ է լինել
բոլորի նման,
դժվարը՝
ինքդ քեզ նման լինելն է։
Ես մինչև հիմա
հեշտ ապրել
չսովորեցի։
***
Ամենավտանգավոր պատերազմը
աշխարհի դեմ մղվողը չէ,
այլ՝
հոգու խորքում սկսվածը։
Այդ պատերազմում
նույնիսկ հաղթանակը
պարտություն է։
***
Ես ինձնից խռով եմ․
ինքս ինձ
խոստացած
«հետոն»
այդպես էլ
չեկավ։
***
Երբեմն հենց սխալն է
տանում քեզ
քո ճանապարհով։
Իսկ ես
դեռ չեմ գտել
իմ ճանապարհը։
***
Եթե կարողանայի
ինձ ներել՝
քեզ ներելու համար,
գուցե
քեզ
ավելի շատ սիրեի։
Ալիսա Բաղդասարյան
Դիտումներ: 159
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։