«Ապակե գազանանոց»-ը հասարակական գիտակցության նորոգման միջոց

Կիսվել:

Ամերիկյան թատերգությունը որպես համաշխարհային նշանակության երևույթ իր զարգացման կարևորագույն էջն է բացել 20-րդ դարի 20-40-ական թվականներին։ Այս շրջափուլի կարևորագույն երկու անուններն են՝ Յուջին Օ՜Նիլը և Թենեսի Ուիլյամսը։ Հենց նրանք ձևավորեցին ազգային թատերգության ավանդույթները։ Յուջին Օ՜Նիլի գործերը դարձան ամերիկյան  թատրոնի յուրատեսակ չափանիշ, «լուրջ» դրամայի օրինակ։ Նա հող նախապատրաստեց, որ հանդիսատեսը պատրաստ լինի ընկալելու Թենեսի Ուիլյամսի բարդ թատերգությունը։

Թենեսի Ուիլյամսը (Թոմաս Լանիրի Ուիլյամս) առաջին մեծ հաջողությունն ունեցել է 1945 թվականին, երբ բեմադրվել է նրա վաղ շրջանի լավագույն պիեսը՝ «Ապակե գազանանոցը»։ Սա Ուիլյամսի ինքնատիպ դրամատուրգիական գեղագիտության առաջին պտուղն է։ Գործի նախաբանում հեղինակը ներկայացնում է «նոր պլաստիկ թատրոնի  գաղափարը, որը պետք է փոխարինի արտաքին ճշմարտացիության՝ իրեն սպառած միջոցին»։ «Ապակե գազանանոց»-ի կենցաղային պատկերը Ուինգֆիլդների ընտանիքի «հողեղեն» կացարանն է։ Այլ է պիեսի պլաստիկ պատկերը, որը խոսում է աշխարհի վեհության և գեղեցկության մասին կերպար-խորհրդանիշների հիշողությունների և երազանքների  լեզվով։ Ուինգֆիլդների ընտանիքի յուրաքանչյուր անդամ բացի այս ընտանիքում ֆիզիկական լինելիությունից, ունի նաև իր ուրույն աշխարհը։ Ընտանիքի մոր՝ Ամանդայի հայելային աշխարհն իր անցյալում է, ուր նա երիտասարդ է, գեղեցիկ, երկրպագուներով շրջապատված։ Նա հաճախ հետահայաց ճամփորդություն է կատարում այդ տարիներ և վստահաբար փոքր-ինչ չափազանցված, պատմում իր երեխաներին պատմություններ, որ լսել են արդեն հազար ու մի անգամ։  Ամանդայի որդին՝ Թոմը, երկակի կյանքով է ապրում հենց ներկայում․ ցերեկը նա կոշիկի խանութի խորհրդատու-վաճառող է, գիշերը՝ պոետ։ Նա ունի նաև մտովի կառուցած ավազե դղյակներ՝ ինչ-որ մի տեղ՝ ապագայում՝ մորից ու քրոջից հեռու։ Լաուրան՝ Ամանդայի դուստրն իր խորհրդավոր, այլաբանական աշխարհն է ստեղծել՝ ապակե գազանիկների հավաքածուն։ Նրա հոգին կոլեկցիոների հպարտությամբ է համակվում, երբ  դրանք մաքրում, խնամում և դասավորում է։ Սա նրա այլաբանական ներկայությունն է աշխարհում, իսկ նյութեղեն իրողությունը չափազանց անհարմար տիրույթ է՝ իր ֆիզիկական թերության պատճառով։

«Ապակե գազանանոց»-ը Թենեսի Ուիլյամսի ամենաթարգմանված և բեմադրված ստեղծագործություններից է, թերևս իր համաշխարհային համբավով զիջում է միայն «Տրամվայ Ցանկություն» պիեսին։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս պիեսն էր ընտրել որպես 161-րդ թատերաշրջանի բացման գրական հիմք։ Իսկ նյութը բեմական իրադրությունում կյանքի կոչելու նպատակով հրավիրվել էր Մհեր Մկրտչյանի անվան «Արիստական» թատրոնի գեղարվեստական ղեկավար Տաթևիկ Մելքոնյանը։ Ներկայացումը բեմադրված է դուբլորային սկզբունքով, բացի Լաուրայի դերակատար Սոֆյա Սարգսյանից, մյուս երեք կերպարներն ունեն երկու մեկնաբան, արդյունքում նրբերանգային տարբերությամբ երկու բեմադրություն է հայտնվել խաղացանկում։

 

 

Տաթևիկ Մելքոնյանը արդի հայ թատրոնում ուրույն ձեռագիր և էսթետիկական նկարագիր ունեցող արտիստ է։ Նրա շնորհիվ «Արտիստական» թատրոնն այսօր մոխրից վեր հառնող փյունիկ է դարձել, սակայն դերասանուհու ռեժիսորական պրպտումներում նկատվում է հիմքում գոյություն ունեցող այն բացը, որը փոքր ու դժվար քայլերով լրացվում է «ռեժիսուրա» մասնագիտության քառամյա դասընթացների ուսումնառության ամեն օրվա ընթացքում։ 

Ի՞նչ եմ անում, ինչո՞ւ և ինչպե՞ս․․․ Դերասանը կերպարի կառուցման ամբողջ ընթացքում այս հարցերի պատասխաններ գտնելու բանալիները պիտի ստանա ռեժիսորի առաջադրած յուրաքանչյուր  խնդրում, ռեժիսուրայի հիմնաքար այս գործընթացը կենտրոնացված է միայն «ինչպես»-ի շուրջ, մյուս երկու հարցերի պատասխանները  մնում են օդում կախված ներկայացման ամեն երկրորդ տեսարանում։ Ենթադրաբար դերասանները ինքնագործունեությամբ են փորձում շտկել իրավիճակը, ինչի արդյունքում էլ տուժում է անսամբլայնությունը։

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոցը» պիես-հիշողություն է։ Գործողությունները երկշերտ են՝ պատմում   է ընտանիքի որդին ՝ Թոմը  և զուգահեռաբար ներկայացվում։ Տաթևիկ Մելքոնյանի ընթերցմամբ՝ իրադարձությունները տեղի են ունենում այստեղ և հիմա։ Իհարկե, ռեժիսորն ազատ է նմանատիպ փոփոխություններ կիրառել, բայց, երբ կա հիշող ու պատմող, լեզվամտածողությունը տեսարանակարգի խտացում է ենթադրում։ Նրա չեղարկման դեպքում գործողությունների հերթականության տրամաբանությունը խախտվում է։ Հաջորդ կարևորագույն խնդիրը գլխավոր հերոսուհու ստվերում մնալն էր, եթե ներկայացման պաստառի վրա Լաուրայի դերակատար Սոֆյա Սարգսյանը պատկերված չլիներ, հանդիսատեսը չէր էլ ենթադրի, որ այս ներկայացման առանցքում ոչ թե Ամանդան է՝ տան տիրուհին, այլ ընտանիքի դուստրն է, իր փխրուն, բազմաշերտ ներաշխարհով, ինչի խորհրդանիշն էլ հենց ստեղծագործության խորագիրն է՝ ապակե գազանիկների հավաքածուն։ Եթե պիեսում շատ դիպուկ է ներկայացվում այս գազանիկների խորհրդանշական նշանակությունը, միաեղջյուրի կոտրվելն ու Լաուրայի երազանքների իմաստազրկվելը, ապա բեմում  ի միջի այլոց շպրտված խոսքից, և բեմի խորքում փոքրիկ անխոս դրվագից, ավելի հեռուն չի գնում։ Փոխարենը «Ապակե գազանանոց»-ի է վերածված բեմական տարածությունը. Միկա Վաթինյանը ապակին որպես բեմանկարչական նյութ է օգտագործել՝ թափանցիկ պատերով առանձնացված սենյակներ, որոնք ենթադրաբար պիտի ծառայեին, որպես այլընտրանքային խորհրդանիշ։ Հետաքրքիր և խորհրդանշական է  այն, որ տեսնում ենք Լաուրայի և Ամանդայի ննջասենյակները, իսկ Թոմինը՝ ոչ, սա ազդակ է հանդիսատեսի ենթագիտակցությանը, որ Թոմը հեռանալու է։ Ապակե վանդակները բարձրանում ու ազատագրում են տարածքը, կուլմինացիոն տեսարանում, երբ Լաուրան համբուրվում է իր մանկության և ամբողջ կյանքի սիրո հետ, և վերադառնում են տղայի նշանադրված լինելու մասին խոստովանությունից անմիջապես հետո։ Միաեղջյուրի փոխարեն հենց Լուիզա - Ս∙Սարգսյանն է  Ջիմի գրկում և հենց նա է «փշրվում» բառի բուն և փոխաբերական իմաստով։  Բեմանկարչական լուծումը հետաքրքիր է, բայց նաև անհարմարություն է առաջացնում, երբ դերասանները խոսում են ապակու հակառակ կողմից, խոսքը դժվարությամբ է լսվում։ Իրադրությունը փրկում է կամերային ձևաչափը՝ հանդիսատեսը նստած է բեմին՝ դերակատարներին շատ մոտ, սա ունի իր տրամաբանական բացատրությունը։ Ներկայացումը կոնկրետ ուսումնադաստիարակչական շեշտադրություն ունի, այն է ներառականության գաղափարի ամրապնդումը հասարակական գիտակցության լայն շրջանակներում։ Այսպիսով հանդիսատեսը ոչ թե պասիվ դիտող էր, այլ մասնակից։ Սական ֆիզիկապես մոտ լինելը ներգրավվածության խնդիրը լիարժեք չի լուծում, քանի որ բեմի լայնությունն օգտագործված էր ամբողջությամբ, և մի կողմում կատարվող գործողությունները դժվար տեսանելի էին հակառակ ծայրին նստած հանդիսատեսի համար։ Ի հավելումն սրան բեմադրված էին նաև զուգահեռ գործողություններ բեմի տարբեր մասերում և միաժամանակ հետևելն անհնար էր։

 

 

Ներքին անհամաձայնություն է առաջացնում եզրափակիչ տեսարանը։ Ե՞րբ, ինչպե՞ս հասունացավ հերոսուհու գլխում ինքնասպան լինելու վճիռը։ Պատճառահետևանքային կապի տրամաբանական հանգույցը բացակայում է, այդ պատճառով էլ հանդիսատեսը չի խղճում, կարեկցում ու ապրումակցում նրան։  

Եթե ԽՍՀՄ ժամանակաշրջանում տարբերվող երեխաներն ուղղորդվում էին հատուկ դպրոցներ և մեկուսացվում էին հասարակության լայն շերտից, ապա այսօրվա  կրթական և մշակութային քաղաքականության դրույթներից է ներառականության գաղափարի հաստատումը։ Այսօրվա դպրոցականն այլևս զարմանքով ու զգուշավորությամբ լի հայացքով չի թեքվում դեպի ֆիզիկական, կամ մտավոր խնդիր ունեցող անձը։ Այլ է ավագ սերնդի վերադաստիարակման խնդիրը, քանի որ նրանց հայացքները ձևավորված են այլ դոգմաների գերակայությամբ։ Այստեղ է օգնության հասնում արվեստն իր հասարակական գործառույթով։

«Հրաշագործը», «Խավարի առաքյալները» և «Ապակե գազանանոցը» ներկայացումները գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկի վերջին տարիների ներառականության թեմայի անդրադարձն են։ Բեմարվեստի լեզվով թատրոնը խոսում է իր հանդիսատեսի հետ, փորձում հարթեցնել սուր մերժողական հայացքները և ձևավորել ավելի առողջ հանրային գիտակցություն։

 

Վանուհի Սեթոյան

Դիտումներ: 210

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։