Արդարություն
Կառքի ձին ընկած էր մի լայն առվի մեջ, և նրա սրունքն ու ծնկոսկրը ջարդվել էին։ Պարզ երևում էր, որ նրա մեկ ոտքի սրունքի ոսկորը մաշկի տակ տեղից դուրս էր եկել, և արյուն էր հոսում նրանից։ Մյուս ոտքի ծնկոսկրը ամբողջովին պոկվել էր իր տեղից, և միայն մի քանի ջլեր ու թելեր էին մնացել, որոնք, մինչև վերջ հավատարիմ մնալով մարմնին, դեռ չէին պոկվել։ Մի ոտքի սմբակը, որը կոտրված սրունքի պատճառով շրջվել էր դեպի դուրս, տեսանելի էր․ նրա վրա երևում էր փայլուն, մաշված պայտը, որը երեք մեխեր էին պահում։
Ջուրը սառցակալել էր, և միայն ձիու մարմնի ջերմությունն էր նրա շուրջ եղած սառույցը հալեցնում։ Նրա ամբողջ մարմինն ընկած էր ցեխոտ ու արյունոտ ջրի մեջ։ Նա շնչում էր կտրուկ ու կրկնվող հևոցներով։ Քթանցքները բացվում ու փակվում էին, իսկ լեզվի կեսը դուրս էր կախվել սեղմված ատամների արանքից։ Բերանի շուրջը արյունախառն փրփուր էր երևում։ Մանեն տխուր կերպով ընկած էր նրա ճակատին, և երկու փեղեցի մաքրարար ու մի անցորդ բանվոր, որը հագել էր ուսադիրներից զուրկ զինվորական համազգեստ և գլխին ուներ արևապաշտպան եզր չունեցող ծառայողական գլխարկ, փորձում էին նրան դուրս բերել առվից։
Մաքրարարներից մեկը, որի ձեռքը ուժեղ հինայով էր ներկված, ասաց. «Ես պոչից կբռնեմ, Դուք էլ ամեն մեկդ մի ոտքից բռնեք, ու միանգամից գետնից բարձրացնենք։ Այդ դեպքում՝ ոչ թե այն է, որ կենդանին ցավին չի դիմանում, այլ չի կարողանում ձեռքերը հողի վրա դնել, ու հանկարծ այն վեր է թռնում: Այդ դեպքում դուք շուտ բաց թողեք նրա ոտքերը, ես էլ պոչը բաց կթողնեմ։ Երեք ոտքն էլ կբավականացնի, որ կանգնի. մի ոտքը շատ էլ չի կոտրվել։ Ինչպես հավը երկու ոտքով կանգնում է, սա էլ չի՞ կարող երեք ոտքով կանգնել»։
Մի պարոն, որը թևի տակ դարչնագույն կաշվե պայուսակ ուներ և գունավոր ակնոց էր կրում, ասաց․ «Հնարավո՞ր է կենդանուն այդպես դուրս բերել։ Դուք պետք է մի քանի հոգի լինեք, ամբողջ մարմինը բարձրացնեք ու դնեք մայթին»։
Դիտողներից մեկը, որը բռնել էր փոքրիկ երեխայի ձեռքը, բողոքելով ասաց․ «Բավական է, էդ կենդանին էլ իր տիրոջը պետք չէ։ Պետք է մի գնդակով վերջը տալ»։
Հետո նա շրջվեց դեպի մի խեղճ ոստիկան, որը կանգնած էր մայթեզրին ու գինի էր խմում, և ասաց․ «Ախպե՛ր ոստիկան, ատրճանակ ունեք, ինչո՞ւ սրան վերջ չեք տալիս։ Կենդանին շատ է տանջվում»։
Ոստիկանը, որի մի կողմի այտը ուռել էր բերանում եղած ճակնդեղից, նույն կերպ պատասխանեց․ «Զաքի՛, ախպե՛ր ջան։ Առաջին գնդակը ձիու համար չի, գողի համար է։ Երկրորդն էլ՝ հիմա եթե մենք սրան Ձեր ասածի պես սատկացնենք, վաղը պետությանը ի՞նչ պատասխան տամ։ Չէ՞ որ ինձ չեն հարցնի՝ քո գնդակը ի՞նչ արեցիր»։
Մի սեյիդ, որի գլխին չալմա կար փաթաթված և ուսերին՝ մաշված մուշտակ, ասաց. «Է՜, այ մարդ, խեղճ կենդանին ի՞նչ մեղք ունի։ Աստված չի հավանի՝ սպանեք սրան։ Վաղը կլավանա։ Դեղը մի պնդուկի չափ ափիոն է»։
Թերթը ձեռքին նոր հասած մի հանդիսատես հարցրեց․ «Բա ի՞նչ է պատահել»։
Չիբուխ ծխող մի մարդ պատասխանեց․ «Վալլահ, ես էս կողմերի մարդ չեմ։ Անցորդ եմ»։
Լիմոն վաճառողը, բռնակ չունեցող իր դանակով հաճախորդի համար լիմոն կեղևազատելիս, պատասխանեց․ «Ոչ մի բան․ ավտոն է խփել՝ սատկել է։ Էդ անխոս կենդանին առավոտից էստեղ ընկած է ջրի մեջ, հոգեվարքի մեջ է։ Ոչ մեկի մտքով էլ չի անցնում։ Էս…»
Հետո խոսքը կտրեց ու մի հաճախորդի նայելով ասաց․ «Մեկ ղուրուշ»։ Հետո գոռաց․ «Քվոտայից դուրս շաքա՜ր ունեմ։ Մի կիլոգրամը մի ղուրուշ եմ տալիս»։
Թերթը ձեռքին նույն պարոնը նորից հարցրեց․ «Հիմա սրա տերը չկա՞»։
Կաշվե բաճկոնով մի թիկնեղ, կոպիտ մարդ, վարորդներին բնորոշ տեսքով ու վզին կանաչ շարֆ կապած, պատասխանեց. «Ինչպե՞ս թե տեր չունի։ Հո առանց տիրոջ չի՞ լինում։ Էսի հո անտեր չի՞․ մենակ կաշին էլ նվազագույնը տասնհինգ թուման արժի: Կառքի վարորդը քիչ առաջ էստեղ էր, գնաց՝ կառքը թողնի ու հետ կգա»։
Այդ տղամարդու ձեռքը բռնած փոքրիկ տղան գլուխը բարձրացրեց ու հարցրեց․ «Բաբա՛ ջան, կառքի վարորդը կառքը ո՞նց է տարել, որ հասցնի, հո նրա ձին չի՞ սատկել»։ Ակնոցավոր, կոկիկ հագնված մի պարոն հարցրեց․ «Միայն ձեռքե՞րն են ջարդվել»։
Կաշվե բաճկոնով, վարորդի տեսք ունեցող կոպիտ ու թիկնեղ մարդը, վզին կանաչ շարֆ կապած, պատասխանեց․ «Կառքի վարորդն ասում էր՝ կողոսկրերն էլ են ջարդված»։
Ձիու քթանցքներից բարակ գոլորշի էր ելնում։ Նրա ամբողջ մարմնից գոլորշի էր բարձրանում։ Կողոսկրերը մաշկի տակից պարզ երևում էին։ Կռնակի վրա հինգ մատների հետքը չորացած ցեխով էր դրոշմված՝ կարծես այրվածք լիներ։ Վզի վրա ու մարմնի մի քանի այլ մասերում էլ ցեխ էր կպած։
Մաշկը երբեմն ցնցվում էր։ Նա ուժգին դողում էր, բայց ոչ մի ձայն չէր հանում, կարծես ներսից էր ցավում։ Դեմքը հանգիստ էր ու առանց աղերսի․ առողջ ձիու դեմք էր։ Լայն բացված, արցունքազուրկ աչքերով նայում էր մարդկանց։
Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի
Դիտումներ: 7
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։