«Այդ փառապանծ շղթայի վերջին օղակ մըն ենք մենք…»
Զահրատի, Ռոպեր Հատտեճյանի և Իգնա Սարըասլանի հիշատակին
1997 թվականի մարտի 13-ին լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակը, և ՀՀ կառավարության որոշմամբ տարին հռչակվեց Չարենցյան: Հոբելյանական այդ տարվա հրաշալի ակորդը եղավ 1997 թվականի հոկտեմբերի 26-ին: Այդ օրը Հայաստանի գրողների միությունից չարենցասերների մեծ բազմությունը պետք է քայլերթով գնար մեծ բանաստեղծի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին, իսկ երեկոյան ներկա գտնվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հոբելյանական երեկոյին:
Եվ երթը ձգվեց. երթևեկությունը կանգ առավ. հոծ բազմության առջևից, «հեզաճկուն» պարելով, գնում էին «նաիրյան աղջիկները», հետո աշակերտներ, ուսանողներ, հետո ժողովուրդը՝ «մեծով ու փոքրով, մեծավորով ու փոքրավորով, հասուով ու տհասով1»: Երթը գլխավորում էին Լիբանանից, Արգենտինայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից հյուր եկած հայ և օտարազգի հայտնի բանաստեղծներ ու թարգմանիչներ. նրանց շարքում, սակայն, իր պատկառելի, գեղեցիկ ներկայությամբ առանձնանում էր պոլսահայ գրողների փաղանգը՝ Զահրատը, Ռոպեր Հատտեճյանը, Իգնա Սարըասլանը:
Եվ Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանը, որ ընդգծված բացառիկ ջերմ վերաբերմունք ուներ Պոլսից ժամանած հյուրերի հանդեպ, մեզ առաջարկեց հոկտեմբերի 29-ին «պոլսահայ ընտրանու» (իր խոսքով. Կ.Մ.) հետ հանդիպում կազմակերպել գրողների միության մեծ դահլիճում: Ինչքան կարողացա, գրառեցի այդ երեկոն: Ահավասիկ.
«Զահրատ, Ռոպեր Հատտեճյան, Իգնա Սարըասլան. վաղուց անչափ սիրելի անուններ ոչ միայն գրական շրջանակներում:
Զահրատին առաջին անգամ տեսանք Չարենցյան այս օրերին: Սակայն ես նրան «տեսել եմ» վաղուց: Մի ժամանակ նրա «Մեծ քաղաքն» իմ սեղանի գիրքն էր: Քանիցս միության մեծ դահլիճում կազմակերպել ենք զահրատյան պոեզիային նվիրված գրական երեկոներ, վայելել նրա սքանչելի «Տարեդարձը», «Բարևը», «Անհաշիվը», Կիկոյին նվիրված շարքը, «Լուն», և վերջապես «Երկու հատ մոմն» ու «Չար բաները», երբ դահլիճն ասես համրանում էր ասմունքողներ Մարի Պահուտյանի, Կամո Տեր-Պետրոսյանի և Համբարձում Սահակյանի արևմտահայերեն փայլուն կատարումներից:
Իսկ Ռոպեր Հատտեճյանին առաջին անգամ տեսանք անցյալ աշնանը՝ նոյեմբերին. միության հյուրն էր, մեզ ծանոթ էր և շատ սիրելի, իր հետ հանդիպումը հետաքրքիր էր:
Իգնա Սարըասլանի հետ էլ «ծանոթացանք» տարիներ առաջ. 80-90-ականներին նրա «Լօ» և «Քառասմբակ սերերով» հատորների ինքնատիպ, սքանչելի բանաստեղծությունները հնչում էին ազգային ռադիոյով ոչ միայն դերասան ասմունքողների կատարմամբ, այլև Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ուսանողուհիների: Սփյուռքահայ գրականության նրանց դասախոս Սուրեն Դանիելյանը Պոլսում ապրող և ստեղծագործող բանաստեղծի հանդեպ իր սիրով վարակել էր ոչ միայն իր ուսանողներին, այլև այդ սերը փոխանցվել էր մեզ՝ ուկնդիրներիս, և մեզ համար նրան դարձրել սիրելի, իսկ բանաստեղծությունները՝ փնտրվող:
Եվ ահա նրանք՝ երեքով մեր թանկագին հյուրերն են և Հրանտ Մաթևոսյանի հետ բեմում են: Դահլիճը նորից լեփ-լեցուն է: Ասեղ գցելու տեղ չկար անգամ վերնահարկում: Բացման խոսքն, իհարկե, Մաթևոսյանինն էր:
– Շատ գեղեցիկ է, որ Չարենցի հոբելյանի առթիվ լավագույն պատվիրակությունը ժամանեց Պոլսից: Առիթը փորձում ենք օգտագործել, որ ծանոթանանք մեր մշակութային երկնքի ամենապայծառ աստղերին… Իր համեստության պատճառով իմացա, որ մայիսին լրացել է Զահրատի 73-ամյակը… – և գրողների միության կողմից նկար նվիրեց Զահրատին, ինչպես նաև բոլորին Չարենցի՝ իր կազմած «Ընտիր երկերը», իսկ նրանց կանանց՝ Թումանյանի և Տերյանի բանաստեղծությունների օբսիդիանե կազմով գրքեր: Զահրատին նվիրելիս ասաց.
– Մինչև այժմ եղած հրատարակությունների մեջ լավագույնն ու ընտիրն է, որովհետև ես եմ կազմել: Շքեղ է ու գեղեցիկ: Ո՞ր էջը բացեմ քեզ համար, – և պատահական մի էջ բացեց.
– «Ստամբոլ»… ա՛յ քեզ բան…, – կարդաց մի քանի տող, գիրքը մեկնեց և խոսքը փոխանցեց Զահրատին2:
– Բանաստեղծությունը տաղաչափություն մը չէ, բառերի ու չափերի համադրություն մը չէ: Բանաստեղծություն գրելու համար պետք է մենակ տող մը ըլլա, մնացած աշխատասիրության արդյունք է: Առաջին ադ տողն Աստծո կողմէ տրված է, Աստծո շնորհն է, մնացյալն արդեն բանաստեղծի աշխատանքն է:
Հետո դարձավ հրաշալի բանաստեղծ Իգնա Սարըասլանին, որի բանաստեղծությունների շարքը՝ նվիրված Լոյին (նա նույնպես դահլիճում էր), շատ է հնչել ռադիոյով:
– Սքանչելի մեծ այս «Եղիշե Չարենցը», որ մինչ այժմ եղածների մեջ լավագույնն է, ես նվիրում եմ Իգնա Շիկահերյանին, և մենք միասին բարձրանալու ենք դեպի մեր պոեզիայի գագաթը՝ Արարատի գագաթը:
– Առաջաբանը փայլուն է, լավն է, – տեղից ասաց Ռոպեր Հատտեճյանը:
– Ախր ես եմ գրել, – ժպտաց:
Սիրելի է խոսելու իր ա՛յս ձևը, իր ա՛յս ոճը, «ի՛ր հայերենը», ինչպես գրել է իր մասին Անդրեյ Բիտովը «Հայաստանի դասերում»:
Կարճ և դիպուկ ներկայացրեց Ռոպեր Հատտեճյանին:
– Նա ավելի տեր եղավ Պոլսին, քան ուրիշները: Տեսնո՞ւմ եք, որ ասում էի, թե խոսքը տիրոջն է… Դու ավելին արեցիր, դու ավելի տեր եղար, քան ուրիշները, շնորհակալ եմ քեզ քո արածի համար, նաև անցած անգամ ինձ նվիրած Հակոբ Մնձուրու «Սիլա» պատմվածքի ձեռագիրի համար,– և գիրքը տալով նրան՝ ավելացրեց. – Առ գրականությունը, առ ներդիվանագիտությունը Ռոպեր Հատտեճյանի, – ապա դարձավ դահլիճին, – Պոլիսը խամրած էր, և նա կարողացավ ավերված Պոլիս արծարծել. մեր առաջին հայրենիքը ոչ լիովին է մեռած ու մարած…
Մասնագիտությամբ ֆիզիկոս, ասմունքող Մարի Պահուտյանը, որ հայրենադարձ է, արևմտահայերեն փայլուն կարդաց Զահրատի հրաշալի բանաստեղծություններից: Հետո, բեմ հրավիրելով բանաստեղծ, երգահան Վահրամ Թաթիկյանին, որը Զահրատի տեքստերով բազմաթիվ երգերի հեղինակ կատարող է, Մաթևոսյանը նորից դարձավ Զահրատին.
– Քո բանաստեղծությունը երգվում է: Դու ուզո՞ւմ ես, որ քո բանաստեղծությունը երգվի: Հրաշալի է, որ բանաստեղծի ներկայությամբ երգում են իր երգերը…
Վահրամի ելույթից հետո Ռոպեր Հատտեճյանը բարձրացավ տեղից.
– Մեզի համար անհավատալի էր, որ օր մը մենք մի դահլիճում կհանդիպինք Մարո Մարգարյանին, Սիլվա Կապուտիկյանին, Գևորգ Էմինին, Հրանտ Մաթևոսյանին, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանին: Հավատացե՛ք, աս մթնոլորտ, որ տեսանք հոս, մենք շատ կկարոտնանք, Պոլիս լցվեցավ Երևանով և Չարենցով…
– Ինձի համար Չարենցը սուրբ ու լուսավոր անուն է, այսօր մենք քով քովի, սիրտ սրտի ենք այս երդիկին տակ Չարենցի շնորհիվ, – ասաց Իգնա Սարըասլանը:
– «Քառասմբակ սերերով» (իր բանաստեղծությունների ժողովածուներից մեկի վերնագիրը) կողջունեմ ձեզի այն քաղաքեն, որ ծննդավայրը եղավ Զոհրապի, Զարիֆյանի: Այդ փառապանծ շղթայի վերջին օղակ մըն ենք մենք, և այս օղակը կգանք հաստատուն և անքակտելի կերպով միացնել մայր շղթային և ապագա սերունդներուն համար ապաստարան ստեղծել…
Եվ կարդաց երկու բանաստեղծություն, որ դահլիճը երկար ծափահարեց:
– Իսկ հիմա խոսքը տանք ասմունքի նահապետին՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորը, որի ներկայության համար շատ շնորհակալ ենք, – ազդարարեց Մաթևոսյանը:
Քիչ է ասել, թե Կամոն փայլուն կարդաց և՛ Զահրատի, և՛ Իգնա Սարըասլանի և՛ արևմտահայ մյուս բանաստեղծների ստեղծագործություններից. երկար ժամանակ դահլիճը թնդում էր ծափերից, թույլ չէին տալիս՝ հեռանա. ուզում էին՝ էլի կարդա… Առինքնող է Կամոյի ասմունքը: Եվ կարդաց երկար. անհնար է պատկերացնել մեկ այլ ասմունքողի, որ նման վարպետությամբ ներկայացնի մեծարենցյան «Տո՜ւր Ինծի, Տե՜րն…» ու Վարուժանի «Անդաստանը»: «Երկուսն էլ փայլեցին», – այդպես բնորոշեց երեկոյի ավարտին միության նախագահը՝ գոհունակություն հայտնելով երեկոյի, դահլիճում թևածող ջերմության համար:
Հազվադեպ են նման երեկոները, երբ հյուր եկած գրողներն այդքան սպասված են, սիրելի են ու սրտաբաց, երբ ամեն ինչ այդքան ներդաշնակ է, երբ Հրանտ Մաթևոսյանն այդքան անմիջական, հումորով ու ջերմությամբ է վարում, երբ դահլիճը լսում է այդքան մագնիսացած և բաբախում է՝ ասես դարձած մեկ սիրտ ու մեկ հոգի: Քիչ է ասել՝ հրաշալի օր էր… Անմոռանալի էր…»:
Հետգրություն: 2002 թ. հունիսի 16-23-ը Երևանում տեղի ունեցած գրողների համահայկական առաջին համաժողովին մասնակցելու համար արտերկրից ժամանած մի խումբ գրողների հետ էին նաև Զահրատը և Ռոպեր Հատտեճյանը: Այդ օրերին «Կանչը3» հանդիպել է պոլսահայ անվանի գրող ու խմբագիր Ռոպեր Հատտեճյանին: Զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, լրագրողի դիտարկմանը, թե «Այս անգամ, ցավոք, այնպես եղավ, որ հնարավորություն չունեցաք հանդիպելու Հրանտ Մաթեւոսյանին: Անշուշտ, նրա բացակայությունը նույնպես զգացվեց խորհրդաժողովի ընթացքում», Հատտեճյանը պատասխանել է. «Ցավ զգացի, հատկապես անոր համար, երբ լսեցի, որ վատառողջ է: Հրանտ Մաթեւոսյանը անուն է մեր գրականության մեջ, թերեւս պիտի ուզեի ըսել՝ հուշարձան մը: Եվ ես զինքը սիրելու երկու գլխավոր պատճառ ունիմ: Նախ՝ իր արարած գրականությունն է պատճառը եւ երկրորդ (շատ տարօրինակ բան պիտի ըսեմ) այն պաշտամունքին համար, որ նա ունի Հակոբ Մնձուրու նկատմամբ: Մեկը, որ Հակոբ Մնձուրին կըսիրե, ինձ համար կրկնակի մտավորական է: Այցելություններես մեկին Հրանտ Մաթեւոսյանի հետ հանդիպմանը նրան նվիրեցի Հակոբ Մնձուրիի պատմվածքներեն մեկուն ձեռագիրը, որը կըպահեի որպես մասունք: Անչափ հուզվեցավ եւ ինձ համար միանգամայն անսպասելի անգիր արտասանեց այդ պատմվածքին վերջին պարբերությունը: Ես, որ Մնձուրիին պաշտամունքը ունեցողներեն մեկն եմ, մեկ տող իսկ գիտեմ անգիր: Հրանտ Մաթեւոսյան գրագետը իմ աչքիս կրկին անգամ բարձրացավ: Առողջություն մաղթենք իրեն և շուտ ապաքինում»:
1 Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Ե., 2004, էջ 90:
2 Միայն մի քանի տարի անց Հրանտ Մաթևոսյանը Զահրատի ծննդյան 75-ամյակին նվիրված բանաստեղծական շարքի համար գրելու էր «Ահա Զահրատը» նախաբան խոսքը. «Հիանալի է, որ Հայ գրականության դադրած ու դադարած սիրտը, Պոլիս, շարունակեց բաբախել Զահրատի ջերմ շնչի ներքո, հիանալի է, որ Հայոց լեզուն նորօրյա բանաստեղծության անդաստանում չպապանձվեց-խոսեց, հասկանալի ու սիրելի եղավ Զահրատով»: Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Ե., «Հայագիտակ», 2004:
3 «Կանչի» խմբագիր Հմայակ Պետրոսյանը և լրագրող Լիանա Չիչակյանը:
Կարինե Մեսրոպյան
Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու, թարգմանչուհի
Դիտումներ: 238
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։