Ազատագրում կարծրացած բարդույթներից

Կիսվել:

Հատված «Հողանցում» անտիպ վեպից

 

Հրայրը հրամանատարի օգնությամբ ձևակերպել էր անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Գևորգի ռեստորանը վերակառուցելու և աշխատեցնելու իրավունքները փոխանցվում էին Անժիկին և Մարիետին։  Երբ փլուզված պատերը բարձրացրել էին ու կապել տանիքը, հայտնվել էին ինչ-որ լավ տղերք՝ մորքուրներին կռիշավատ անելու «լուրջ» առաջարկով․ կօգնենք ավարտել շինարարությունը, ռեստորանի համար Երևանից դելիկատեսներ կբերենք, առաջվա պես կաշխատեք, շատ հաճախորդներ կունենաք, վերևների հետ բոլոր հարցերը մենք կլուծենք, փոխարենը՝ եկամուտի հիսուն տոկոսը կտաք մեզ։ Անժիկն ու Մարիետը հրաժարվել էին դրանց հետ որևէ գործարքից և հայտարարել, որ ռեստորանն ունի մի տեր՝ Գևորգի որդի Հրայրը, որ իրենք, նրանից բացի, ուրիշ մեկի հետ քննարկելու հարցեր չունեն:

Արցախցի կանանց կտրուկ պատասխանը դուր չէր եկել աֆտարիտետնի տղերքին, սպառնացել էին, որ ստիպված կլինեն հաշվի նստել իրենց հետ, հակառակ դեպքում՝ ռեստորանը չի բացվի։

Հետո սկսել էին զարտուղի ճանապարհներ փնտրել, տեղի իշխանություններին կաշառել՝ իրենց ուզածին հասնելու համար: Լուրը հասել էր Հրայրին:

 

***

Պատերազմից հետո Հրայրն առաջին անգամն էր գնում Արցախ։ Ծանր էր տեսնել ավերածությունների թարմ հետքերը երբեմնի ծաղկուն, խնամված Արցախ աշխարհում, հաղթահարել բազմաթիվ անցակետերի արգելքներն ու երկար-բարակ բացատրություններ տալ Արցախ գնալու նպատակի մասին։ Նրա հետ էր Գարոն, որը մինչ այդ երբեք չէր եղել Արցախում։ Նա նույնպես ցնցված էր իր առջև բացված դաժան պատկերներից, բայց և հիացած իր չճանաչած, չիմացած Արցախի հրաշք բնապատկերներով։ Հրայրը Գարոյին հասկացրել էր, որ ո՛չ նա, ո՛չ ինքը Արցախում ռեստորան աշխատեցնելու հնարավորություն չունեն, որ իրենց հոր գործը լավագույնս կարող են շարունակել Անժիկն ու Մարիետը, որոնք Գևորգի կենդանության օրոք արդեն իսկ անում էին այդ, ու որ ռեստորանը նրանց ձեռքը տալու որոշումը կայացրել է ոչ այնքան իրենց ժառանգությունը փրկելու, որքան այդ կանանց գործով ապահովելու, հետպատերազմական ծանր պայմաններում հաց վաստակելու հնարավորություն ընձեռելու համար: Գարոն, ի զարմանս Հրայրի, ամեն բանում համաձայնել էր իր հետ: Հիմա միասին, որպես Գևորգի ժառանգներ, գնում էին՝ տեղում կարգավորելու բոլոր հարցերն ու զսպելու ռեստորանն իրենցով անելու հավակնողների ախորժակը։  

Երեք օր Արցախում էին Հրայրն ու Գարոն։ Նրանց աչքի առջև ու նրանց մասնակցությամբ նորոգվում, վերականգնվում էր Գևորգի ռեստորանը։ Անժիկն ու Մարիետը՝ իրենց ընտանիքներով, ժրաջան մեղվի պես լծվել էին գործի, իսկ կարճատև դադարի պահերին ցավը սրտներում վերհիշում էին այդտեղ անցկացրած երջանիկ, խաղաղ ժամանակները, մղկտում Արցախի ծանր ներկայի և անորոշ ապագայի համար։

Հրայրն Արցախում եղած օրերին այդպես էլ չտեսավ Անժիկին ու Մարիետին այցելած գործնականներին։ Ո՛չ եկան, ո՛չ երևացին, կարծես չէին էլ եղել։ Հրայրն ասաց, որ եթե հայտնվեն, փոխանցեն նրանց, որ ռեստորանի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել՝ առանց Գևորգի ժառանգների իմացության և համաձայնության, իսկ իրենք արդեն ամեն բան որոշել-վերջացրել են։    

 

          ***

Երևան վերաառնալուց մի քանի օր անց Հրայրին զանգահարեցին Արցախից։

-Ախպերս, ինչքան փող տանք, որ ձեռ քաշես ռեստորանից: Մենք ղարաբաղցի տղերք ենք, չենք ուզում քո հոր օբյեկտն անտեր-անտիրական մնա: Թող աշխատցընենք, դու էլ երբ գաս, մեր գլխի վրա տեղ ունես,- հնչեց ինքնավստահ, առարկություն չհանդուրժող առաջարկը:

-Ինձ ձեր փողը պետք չէ,- հանգիստ պատասխանեց Հրայրը,- իմ հոր ռեստորանն էլ անտեր-անտիրական չէ, հուսալի մարդկանց ձեռքերում է և շատ շուտով կսկսի գործել:

-Ա՛յ ախպեր, էդ էրկու մորքուրներն ի՞նչ կարան անեն: Մենք՝ ես ու ընգերս, ըստեղի տղերք ենք, ոտի կհանենք մեր շրջապատը, սաղ թուղթ-թամասուն կսարքենք, դու ըսկի չես էլ թաթախվի էդ գլխացավանքի մեջ:

-Ես գլխացավանքից չեմ վախենում, մանավանդ որ ռեստորանի մասով ոչ մի գլխացավանք չկա: Էնտեղ հիմա աշխատում են բնիկ արցախցիներ, շրջապատից էլ չեն դժգոհում: Իրենք ամեն բան կանեն լավագույն ձևով: Համ էլ՝ դու ի՞նչ արցախցի: Արցախցին քեզ պես չի խոսում։

-Դե, ես Հայաստան եմ ծառայել, դրա համար էլ հետդ քո լեզվով եմ խոսում:

-Իմ լեզվո՞վ: Դա իմ լեզուն չէ, դա քուչի հայերենն է, որին ես էնքան էլ լավ չեմ տիրապետում: Ինչևէ, կարևոր չէ: Որ լեզվով էլ խոսես, իմ պատասխանը նույնն է լինելու: Ու ոչ թե խնդրում, այլ պահանջում-զգուշացնում եմ՝ չանհանգստացնեք ռեստորանում աշխատողներին: Սա վերջնագիր է:

-Ախպեր, մենք ուզում էինք լավով լուծվի էս հարցը, բայց եթե դու ըտենց, մենք էլ մերը կասենք: Հլը կխոսանք:

Մի քանի օրից՝ կրկին զանգ, արդեն՝ հայաստանյան համարից։ Խոսողն ուրիշ էր, բայց նույն տոնն էր, նույն պահանջատիրությունը։ Հրայրը դուրս եկավ հունից, կոպտորեն ընդհատեց զրուցակցին ու ևս մեկ անգամ կրկնեց նախորդ խոսակցության ժամանակ ասածը։

-Ա՛յ ախպեր, սաղին առանք, դաժե մինիստրին առանք, քեզ չենք կարենալո՞ւ առնենք,- լսվեց կիսահեգնական արձագանքը:

-Դե՜, ես մինիստրի նման աղքատ չեմ, որ ինձ առնեք: Հարուստ մարդ եմ, չեմ վաճառվում,- չորեց Հրայրն ու ավարտեց խոսակցությունը:   

 

***

Հրայրը կապվել էր հրամանատարի հետ, պատմել ամեն բան, խնդրել երկու ուժեղ տղամարդ ուղարկել՝ Անժիկի, Մարիետի կողքին լինելու, որ էդ քուչի գյադեքը չհամարձակվեն անհանգստացնել նրանց: Հրամանատարը ոչ միայն էնտեղ մշտապես հերթապահող լուրջ տղերք էր կարգել, այլև անձամբ մի քանի անգամ գնացել, երևացել էր ռեստորանի տարածքում։ Դրանից հետո առյուծ կտրածներն իսպառ չքացել էին տեսադաշտից։

 

***

Կարճ ժամանակ անց Անժիկն ու Մարիետը վերաբացեցին Գևորգի ռեստորանը՝ արցախյան համադամներով ծանրաբեռնված սեղաններ գցելով թե՛ ներսում, թե՛ բակում:   

Հրավիրված էին Հրայրը, Գարոն, Սաթենը, Մարոն: Եղբայրները եկել էին երկուսով, քանի որ ճանապարհներն անվտանգ չէին։ Բացի այդ, նախկին Արցախը տեսած կանանց համար մեծ ցնցում կլիներ պատերազմական ավերածությունների, անցակետերում տիրաբար իրենց պահող օտարազգի հսկիչների անբարտավանության հետ առերեսվելը։

Եկել էր նաև հրամանատարը:

Սեղանի շուրջ Հրայրին էր մոտեցել մի անծանոթ ու ինչ-որ բան շշնջացել ականջին: Հրայրը վեր էր կացել, գնացել դուրս: Սա չէր վրիպել հրամանատարի աչքից: 

Հաստ վզներին շողշողացող հաստ ոսկյա շղթաներով երկու հոգի իջել էին ջիպից, մոտեցել Հրայրին, սեղմել ձեռքը:

-Ախպե՛ր,- կմկմացել էր դրանցից մեկը,- կներես մեզ, որ զանգել-անհանգստացրել ենք ռեստորանի պահով: Դու կարգին տղա ես էրևում: Ու մենք էկել ենք պակլոնի: Ուզում ենք ասենք՝ մեր մեջ թեմա չկա: Սաղ տոչնի ա: Մորքուրներին ասա՝ հանգիստ աշխըտեն: Թե խաթրներին կպնող էղավ, իմացի՝ մենք կողքները կայնած ենք:

-Մենք էլ ենք կանգնած, կարող եք չանհանգստանալ,- հեգնել էր Հրայրը։

-Հա՛, գիտենք, հարազա՛տ։ Գևորգ ամին կարգին տղերք ա մեծացրել։ Ախպերդ էլ քո նման ճիշտ տղա ա: Իրա հետ էլ մի հայտարարի չեկանք: Հալալ ա ձեզ: Ասեց՝ կապ չունի, որ մեծ տղեն ես եմ: Էդ հարցերում որոշողը ախպերս ա: Ոնց կասի, ըտենց էլ կըլնի: 

Հրայրի համար սա մեծ ու հաճելի անակնկալ էր: Ի՞նչ է ստացվում, Գարոն իրականում էնքան էլ անհուսալի տեսակ չէ, հա՞: Գուցե ինքնապաշտպանական բնա՞զդն է հուշում եսասեր ու շահամոլ խաղալ աշխարհի առաջ: Ի՞նչ իմանաս: Ամեն դեպքում, Հրայրի ուրախությանը չափ չկար, որ առաջին անգամ ինքն ստիպված չէր հարթել Գարոյի ստեղծած անհարթությունները, ավելին՝ կարող էր հպարտանալ, իրեն ապահով զգալ օտարների առաջ՝ էդպիսի եղբայր ունենալու համար:

Ակնհայտ էր մի բան՝ Գարոյի մեջ հաղթահարվում էին տասնամյակների կարծրացած բարդույթները, որոնք խանգարել էին նրան ու նրա հետ հարաբերվողներին։ Բացառված չէ, որ Գարոն սկսում էր դառնալ այն մարդը, որին կուզենային տեսնել Գևորգը, Մարոն, Սաթենը և, իհարկե, ինքը:

Մինչ Հրայրն ինչ-որ բան կպատասխաներ, սրանք, խոսքները կիսատ թողած, խուճապահար նետվել էին մեքենան ու արագ հեռացել: Հրայրը շրջվել էր, տեսել ռեստորանի մուտքի առջև կանգնած հրամանատարին ու հասկացել, որ մորքուրներին չանհանգստացնելու հավաստագրի կնիքը դնողը հենց հրամանատարն է եղել։ Պանյատներով ապրող էս կարգի խաժամուժի կյանքում հարցերը լուծվում են աֆտարիտետների մակարդակով։ Ու, փա՛ռք Աստծո, որ էս դեպքում աֆտարիտետն իրոք Հեղինակություն էր։

 

Կարինե Ռաֆայելյան

Դիտումներ: 58

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։