Բարքագրական մտքերի ծոցատետրից

08:16 01.07.2026 · Գրական · Հովիկ Չարխչյան
Կիսվել:

Մի անգամ գրախանութ էի մտել: Աչքիս ընկավ մի ծոցատետր, որի շապիկի վրա գրված էր. «Հանճարեղ մտքերի համար»: Նման հավակնոտ պնդումն արդեն իսկ զվարճալի էր, իսկը մեծամտության նախապայման: Որոշեցի անպայման գնել՝ իբրև մխիթարություն այն մարդուն, որը մտածել է նման բան արտադրել: Ոչ ոք երբեք և նախապես չի կարող իմանալ, որ իր գրառած որևէ միտք հանճարեղ է: Այդ բանը պիտի փաստվի  հետո, որևէ երկրորդ անձի միջոցով, և դեռ այդ պարագայում էլ պնդումը կմնա վիճարկելի ու հարաբերական: Այնպես որ կատարվածի մեջ վտանգ չկար, և ես նոր ծոցատետրը հարմար տեղավորեցի գրասեղանիս մի անկյունում ու դրա էջերում ժամանակ առ ժամանակ առանձին գրառումներ էի անում, որոնք իրար հետ որևէ ընդհանուր բան չունեին, իսկ եթե ընդհանրություն էլ կար, ապա դա մեկն էր՝ գրում էի, որ չմոռանամ: Ահա այսպես էջերը լցվեցին, ծոցատետրը մաշվեց ու գունաթափվեց, չմոռանալու համար արված նշումների մի մասը մոռացվեց, և մի օր՝ երեկոյան, երբ պարզապես նստել էի ու որոշում էի հետագա անելիքս, ինքնաբերաբար ձեռքս մեկնեցի դեպի ծոցատետրը և սկսեցի թերթել: Պատմեմ մի քանի գրառումների մասին:

 

* * *

Ֆորմալիստների մի աֆորիզմի՝ «Թռչունն ավելի թռչունի է նման, քան շան» և ոմն Անժելայի հեռախոսահամարի միջանկյալ տողում գրել էի. «Էվկլիդեսյան ապացույցներ»: Հիշեցի, որ գրածս հույն մաթեմատիկոսի հետ որևէ առնչություն չուներ: եվ անմիջապես էլ մտաբերեցի, թե ինչ առիթով եմ այդ բառերը գրել: Ծանոթ մեկը  մեկնում էր երկրից: Ընտանիքի հետ: Ընդմիշտ: Երկար-բարակ բացատրում էր, թե ինչու էին նման որոշում կայացրել:  Վերջում ասաց. «Մի անգամ ենք ապրում...»:

Ինչքան հաճախ եմ ես լսում այդ նույն բառերը: Ամեն անգամ, երբ սպառվում են փաստարկները, հերթապահ և առարկություններ չընդունող այդ «Էվկլիդեսի աքսիոմը» ի հայտ է գալիս՝ սրբելու համար վիճարկման բոլոր հիմքերը... Մեկը շռայլ գնումներ է անում ու ինքնագոհ ժպտում է. «Մի անգամ ենք ապրում»: Մյուսը չափից ավելի թեթևամիտ կյանքով է ապրում ու հանդիմանանքին ծիծաղով է արձագանքում. «Ի՞նչ է եղել, որ... Մի անգամ ենք ապրում»: Երրորդն ընդհանրապես ոչինչ չի անում և չի էլ ուզում անել, քանի որ «մի անգամ ենք ապրում...»:

Իսկ ծանոթս մեկնեց: Վաղուց նրանից լուր չկա: Բայց երբեմն այնպես ուզում եմ հետաքրքրվել, իմանալ գտնվելու վայրը և գրել նրան ընդամենը մեկ տող. «Հը՞, ինչպե՞ս ես, դեռ ապրո՞ւմ ես քո մի անգամը...»: 

 

* * *

 

Էջերից մեկի վրա գրել էի. «Մեռնելուց առաջ նախապես ընտրիր սգացողներին»:

Հրաշալի հիշում եմ գրության օրն ու մտքերս: Մի հեռու ազգական էր մահացել: Տարեց մարդ էր: Գնացինք հոգեհանգստին: Հավաքվածները, բնականաբար, վշտահար դեմքեր ունեին, բայց օդի մեջ ինչ-որ անսովոր տագնապ ու սպասում կար, և դա անհնար էր չնկատել-չզգալ:

Քիչ անց ամեն ինչ պարզ դարձավ: Հոգեհանգստի վայր եկավ մի բարձրաստիճան պաշտոնյա, որը ազգականիս որդու ծանոթն էր: Ու շրջապատը միանգամից վերածվեց խլրտացող փեթակի: Պաշտոնյային ընդունեցին՝ ինչպես հարկն է: Սեփական անձի կարևորությունը զգացող այս սուբյեկտն իր հայտնությամբ անմիջապես մոռացման տվեց հանգուցյալի գոյությունը: Ծերունու մահն այլևս երկրորդական հանգամանք էր, քանի որ նա այստեղ էր:

Եկավ, մի քիչ կանգնեց, ծանրումեծ մի քանի բառ փոխանակեց, հավանաբար նաև ցավակցեց ու գնաց…

Երբ պաշտոնյան գնաց, բոլորը թեթևացած շունչ քաշեցին, իջավ խորին հանգստություն ու նույնիսկ մի տեսակ բավարարված և ուրախ էին: Մարդկանց հայացքները կարծես ասում էին. «Տեսա՞ք՝ ինչ լավ եղավ, որ պապը մեռավ: Չէ՞ որ անձամբ Նա եկավ մեզ ցավակցելու…»:

 

 

* * *

 

Ծոցատետրի հերթական էջն եմ բացում: Ահա մի տող, որ առանձնանում է. «Ես նա եմ, որը դու չես»:

Թոռնիկս եկել էր մանկապարտեզից ու հարցնում էր.

-Պապի, հակաճառելն ի՞նչ է: Ընկեր Գոհարն ասաց` մի հակաճառիր:

-Բայց դու հակաճառո՞ւմ էիր:

-Հա, հակաճառում էի: Բայց հակաճառելն ի՞նչ է…

Անել և չգիտակցել, թե ինչ ես անում: Գիտակցել, թե ինչ ես անում, բայց չիմանալ դրա որակումը: Իմանալ արարքի որակման մասին, բայց շարունակել անել նույնը: Եվ, վերջապես, անել այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում, որովհետև մենք նույնը չենք, տարբեր ենք ու տարբեր են մեր պատկերացման աշխարհները: Դրա համար էլ գրեցի.

-Ո՞վ ես դու:

-Այսպես պատասխանեմ. ես նա եմ, որը դու չես

 

 

* * *

 

Էջի ամենաներքևում, այն էլ կանաչ թանաքով (տեսնես որտեղի՞ց էի կանաչով գրող գրիչ ձեռք գցել) գրված է. «էմիլ Վերհարն- վերջին խոսք»: Սա, իհարկե, հորինվածք է, Վերհրանը վերջին խոսք չի արտասանել: Ռուանի կայարանում սայթաքել, ընկել Է ընթացող գնացքի անիվների տակ ու տեղնուտեղը հոգին ավանդել է: Բայց մարդիկ գրողի վերջին վայրկյանները համարել են անավարտ ու կցել են իրենց հորինած լեգենդն այն մասին, թե Վերհարնը վերջին շնչում հասցրել է արտասանել երկու բառ. «Հայրենիքս, կինս»: Ասել է, թե՝ իր երկու մեծագույն սերերը:

Հայրենիք և կին: Երկու բան, ինչի համար արժե ապրել:

 

 

* * *

 

Մի քանի հասցեներ են, որտեղ հավանաբար պիտի գնայի կամ գնացել եմ: Հետո քառանիշ թվերի գումարում է (տեսնես ի՞նչ եմ հաշվել): Եվ ապա այս երկու բառերն են. «Դյուրերի մելամաղձը»: Սա հիշում եմ, թե ինչու եմ գրել, բայց ուշադրություն գրավեց մեկ այլ գրառում՝ ամենաներքևի տողի վրա. «Չափդ ճանաչիր»: Սա ես ինձ եմ ասել: Իսկ պատմությունն այսպիսին էր:

Հագուստի խանութ էի գնացել: Ուզում էի պիջակ գնել: Վաճառողուհին ինձնից ավելի շատ էր ուզում, որ ես պիջակ գնեի: Մեկը մյուսի հետևից ուսերիս էր գցում հերթական հագուստն ու անմիջապես ասում էր. 

-Իսկը քո վրայով է:

Իր ասած «իմ վրայով»-ի մեջ երեք հատ ես կտեղավորվեի: Բայց այնքան համոզված էր ասում ու այնքան սրտանց, որ ծիծաղս արդեն չէր գալիս: Այսպես շարունակվեց այնքան երկար, որ, ի վերջո, ես տուն վերադարձա առանց պիջակի:

Շատ ցավալի էր, որ իմ և վաճառողուհու պատկերացումները բախվեցին անհամապատասխանության հողի վրա: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե երկուսս քաղաքական տարաձայնություններ ունենայինք: Չէ՞ որ դա միակ դաշտն է, որտեղ բոլոր հագուստներն առաձգական են ,և ոչ ոք ուշադրություն չի դարձնում չափսերին: Իսկ այստեղ՝ այս պարզ-կենցաղային-պրոզայիկ հարթության վրա չափի ու չափսերի զգացողությունը կենսական անհրաժեշտություն է:

 

 

* * *

 

Մի քիչ էլ եմ թերթում: Ահա այստեղ գրել եմ. «Տիրամոր մազափունջը», բայց չհիշեցի, թե ինչն էր առիթ եղել: Դրանից ներքև մի ուրիշ գրառում է. «Դու հավանական ես»: Սա էլ վերհիշել չկարողացա: Իսկ ահա հաջորդն անմիջապես ինձ տարավ դեպի միտքը: Գրված էր. «Briller par son absence»: Սա ֆրանսերեն է: Ես ֆրանսերեն չգիտեմ ու երբեք չեմ իմացել: Արտագրել եմ նույնությամբ, որ ունենամ բնագիրը: Իսկ հայերեն այդ տողը կթարգմանվի մոտավորապես այսպես. ««Փայլում է իր բացակայությամբ»: Այս սարկաստիկ միտքը նրանց մասին է, ովքեր պիտի ներկա լինեին, սակայն գալ չեն կարողացել, և բոլորն ուրախ են նրանց բացակայությամբ:

 

Հիմա պատմեմ եղածը: Գրառումը կատարելու նախորդ օրը հրավիրված էի մի երեկոյի: Դե, հասկանում եք, այն հավաքներից մեկն էր, որտեղ ներկա լինելն ավելի շատ թելադրված է պատշաճությամբ, քան ցանկությամբ: Ծրագրում տարատեսակ ելույթներից զատ կար նաև մի հայտնի անձի բանախոսություն: Եվ ահա, երբ հերթը նրան պիտի հասներ, հանդիսավարը բեմից հայտարարեց, որ սույն պարոնը հարգելի պատճառով ներկա լինել չի կարողացել: Ու հանկարծ դահլիճում հավաքվածները սկսեցին… ծափահարել: Ծափ տվեցին, հետո կարծես հասկացան իրավիճակի երկիմաստությունը, և այս անգամ ծափերին հաջորդեց համընդհանուր ծիծաղը…

Ասածս ինչ է՝ խորին հարգանքս բոլոր նրանց, ովքեր կարող են և փայլում են իրենց բացակայությյամբ: 

 

 

* * *

 

Նորից պիտի գրախանութ գնամ: Նոր ծոցատետր եմ ուզում: Նախընտրելի է, որ շապիկին ոչինչ էլ գրված չլինի: Իսկ եթե վերստին տրվեմ սադրանքին ու վերցնեմ հերթական հնարամիտ խայծը, ապա ցանկալի է, որ կազմի վրա դրոշմված լինեն այս բառերը. «Մոռացված մտքերի համար»:

Կբերեմ, կդնեմ գրասեղանիս վրա և ոչինչ էլ չեմ գրի ծոցատետրի մեջ: Թող այդ մեկն ամբողջովին դատարկ մնա:

 

 

Հովիկ Չարխչյան

Դիտումներ: 372

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։