Ողջո՛ւյն, Բեռլիոզ

10:15 11.06.2026 · Գրական · Հովիկ Աֆյան
Կիսվել:

Բոլորը մնացին ետևում: Երբ կաթնագույն Նիսանի բավականին ճկուն ղեկը ձախ թեքեց՝ անհետաքրքիր համարելով ուղիղ ճանապարհը, ապա աջ արեց՝ առաջին իսկ խաչմերուկից՝ նկատելով, որ բացվող ճանապարհի շուրջբոլորը ոչինչ չկա, իսկ ոչինչը հենց այն է, ինչը միշտ կա:

Դեռ հիշում էր: Նրանց, ովքեր մնացին ետևում: Կային, որոնց նույնիսկ հագուստի գույնն էր հիշում ու հայացքի նշանակությունը: Կային, որոնց հիշելիս նույնիսկ ժպտում էր. նրանցից էր հեռանում: Իրականում՝ բոլորից, նրանցից, որոնց երբևէ տեսել է, որոնք միշտ շատ ուրախ էին՝ իրեն տեսնելիս, նույնիսկ գրկում էին, գինի խմելու կանչում, պատին նայելով ժպտում՝ իր ասածներից հետո, որ հանկարծ չթռչի ինքը՝ ժպիտից ուժ առած. թռչել չի կարելի: Ժպտում էին ու կորչում: Անտանելի էին ժպտում: Հիմա ինքը նրանցից հեռու է՝ ճանապարհին, որի շուրջբոլորը ոչինչ չկա, որտեղ իրեն ոչ ոք չի սպասում, և ինքը ոչ մեկին չի սպասելու: Այլևս:

 

Ու ի՜նչ հրաշալի են մեքենայի լույսերը, տեսնես ո՞վ է հորինել (ամեն ինչն են նախ և առաջ հորինում), դրանք թերևս լավագույնն են պատասխանում հետո՞ հարցին՝ լուսավորելով ճանապարհը անհայտություն տանող: Դու գիտե՞ս  ո՞ւր ես գնում ամեն առավոտ՝ երեկվա աղբիդ տոպրակը բռնած: Հասկանալի է՝ գործի, բայց ո՞ւր: Գուցե՝ երեկոյան Մասսոլիտի նիստի՞, իսկ ինչո՞ւ անունդ Բեռլիոզ չէ: Կա՞ բան, որ հաստատ գիտես, օրինակ գլխիդ հետ կապված... Իսկապես հրաշալի են մեքենայի լույսերը. իրենք ասում են՝ այսպես, բայց չեն ասում՝ ինչու:

Եւ ոչ մի սարսափ՝ դեպի անհայտություն տանող այդ գիշերային ճանապարհին: Ինքը վաղուց գիտեր, որ հավերժը ոչինչն է, իսկ սարսափելին չի կարող հավերժ լինել: Ուզում էր փոքրիկ գրություն թողնել՝ պապական տան սեղանին, որի շուրջ հաց են կերել իր հայրը, պապը, գուցե նաև նրա հայրը, նույնիսկ գիտեր, թե ինչ է պետք գրել. «Ներողություն անպետք ներկայությանս համար», բայց հետո, ամենայն հավանականությամբ՝ վերջին պահին, երբ արդեն նստել-ծխել էր ճամպրուկի վրա, որի մեջ հավաքել էր առաջին անհրաժեշտության իրերը, որոշեց, որ իր բառերին արժանի չեն նրանք, որոնց թողնում է իր ետևում: Գիշերվա երկուսն էր: Տանը քնած էին բոլոր նրանք, որոնց ամենաշատն էր սիրում, նրանց մասին ծխեց:

 

Հիմա բոլորը ետևում են: Քնածներն ու արթունները, տներն ու փողոցները, բացօթյա սրճարաններն ու նկուղային պարահրապարակները, այգիների նստարաններն ու դրանց վերևում դիտմամբ փչացող լապտերները, սիրելի փողոցն ու չբացվող վարագույրը՝ այդ փողոցին նայող պատուհանի, աշխատավարձի օրերը՝ ամենակարճ, ուրբաթները, աշխարհի բոլոր ուրբաթները... Գրողի ծոցը: Եւ մեռելները՝ իրենց կանչող աչքերով, որ աստղերի պես բոցկլտում են անքուն գիշերվա խավարում, մանավանդ ողջերը, որ իրենց արյունոտ բերաններով մարդասիրության մասին են խոսում՝ հրապարակներում, սրճարաններում, լսարաններում, ականջիդ... Ետևում են: Բայց ճիշտ չէ բառը, որովհետև եթե բոլորը ետևում են, ուրեմն ինքը առջևում է, իսկ ինքը հեռվում է՝ բոլորից:

Փակեց ոչ միայն տան դուռը՝ բանալին դնելով դռան դիմացի շորի տակ՝ չուզենալով ծանրացնել հագուստը դրանով: Փակեց նաև սոցիալական բոլոր էջերը: Հետաքրքիր չէր, նախ և առաջ՝ ինքն իրեն՝ կապ չունի մարդուն բան էր ասում, թե պարզապես սուրճ էր խմում: Որտեղի՞ց գիտեմ, ի՛նքն է պատմել, պատմել է ու ասել. «Ոչ մի հետաքրքիր բան»: Ասել է նաև, թե ինչու է ուզում հեռանալ, ինչից հետո, կոնկրետ որ բառից, բայց ես դա չեմ պատմի. ինքը չի ասել՝ «Չգրես», ուղղակի նայել է աչքերիս մեջ՝ դա ասելիս, ոչ թե պատին:

 

Հիմա նա կանգնեցնում է կաթնագույն Նիսանը՝ խոստումերով աչքի չընկնող ազնիվ ճանապարհին հանկարծ բուսնած փոքրիկ լճի մոտ: Նա էլ ոչինչ չի ուզում՝ մեքենայից: Խավարում երկար մնալը բացում է աչքերը, ու նա տեսնում է, որ քիչ հեռվում նույնիսկ սար կա, լիճն էլ մի խումբ ծառերի է գայթակղել այնքան, որ խեղճերը կռացել են դեպի նրան՝ թրջվելու հույսով, գուցե թռչելո՞ւ: Զգում է, որ հասել է ու որպես հաստատման նշան՝ հրում է մեքենան դեպի լիճը:

Այստեղ և հիմա: Այստեղ և միշտ:

Ծիծաղելի բառ է «միշտը». այստեղ և հեռո՛ւ: Երեկվա պես հեռու: Ճիշտ է խարխուլ, բայց տնակ էլ կա՝ ծառերի գրկում: Գուցե ինչ-որ անտառապահ է այստեղ ժամանակին ապրել, հետո հեռացել՝ զգալով, որ ծառերը թեքվում են դեպի լիճը, չկարողանալով կանխել բնական շարժումն այդ, հասկանալով, որ ինքն այլևս պետք չէ՝ ծառերին, ուրեմն իր աշխարհին:

Լավ է. պտղատու թփեր էլ կան. դա գոնե առաջին շրջանում կլուծի քաղցի հարցը: Հետո՞... Ողջո՛ւյն, Բեռլիոզ:

 

Ապակիները կոտրված են տնակի, հատակի տախտակները՝ դուրս պրծած, ոչ մի մահճակալ, կահույքի որևէ նշան, միայն մի մաշված հաստ ծածկոց՝ հատակին կուչ եկած՝ այստեղ եկող մարդկանց պես, այստեղ եկող մարդկանց տաքացնելու: Հերթն իրենն է: Ծածկոցը նույնիսկ գարշահոտ չունի, այնքան ջերմացնող է՝ չնայած գուցե իրեն է այդպես թվում, ամեն դեպքում մարդը միշտ ընտրում է թվացյալը՝ իրականությունից, եթե այն ավելի երջանկացնող է, եթե այն անհրաժեշտ է իրականությունը ևս երջանկացնող դարձնելու համար:

Պարզվեց՝ ահագին հոգնած է, պարզվեց նաև, որ ճամպրուկը՝ առաջին անհրաժեշտության իրերով, հիմա լճի գրկում է: «Լավ է,- ժպտաց աչքերը փակ,-գոնե նրանց գրկող կա»:

Իսկ առավոտյան սուրճ չկա, սա միշտ աղետ է, համաշխարհային պատերազմ սկսելու հիմնավոր առիթ: «Պետք է սովորել նոր իրականությանը,-ինքն իրեն ասաց,-կամ գուցե պարզապես իրականությանը»: Բայց հանկարծ արագիլի գծանկար տեսավ դիմացի պատին ու ժպտաց. «Պետք է սովորել՝ հրաժարվել «պետք է» բառից. ոչինչ պետք չէ»:

Բայց ինչ-որ բան պետք է անել: Փորձել հասկանալ, թե ով և ինչու է պատին գծանկարել արագիլը անել չէ, մեքենան՝ առաջին անհրաժեշտության իրերով լի ճամպրուկով, լճի տակից հանելը անել է, բայց ցանկալի չէ: Ու պետք է մի բան ուտել: Կրակը հեշտ է: Կրակը միշտ իր հետ է, որքան էլ մարեն՝ ավելորդ-անցանկալի հրդեհներից խուսափելու համար: Պետք է մի բան գտնել ու ուտել: Արագիլի պատը բավականին արգասաբեր էր: Հենց դրա մոտ մի քանի կարտոֆիլ գտավ ու նախկինում էմալե, փոքր կաթսա: «Այստեղ հաստատ ապրել են»,-հասկացավ ու բոլորովին չմտածեց նրանց հնարավոր վերադարձի մասին. ինքը հիմա պատրաստվում է կարտոֆիլ ուտել ու թքած, թե ինչ կլինի հետո: Կարտոֆիլ ուտելն անե՞լ է, կրակ վառելը հաստատ անել է:

Արագիլը դույլ էլ ուներ՝ մուգ կանաչ ու միանգամայն ամուր: Լճից ջուր բերելիս էլ լուծեց տղամարդու անլուծելի թվացող խնդիրը՝ ի՞նչ անել: Ջուր կբերի: Ամեն օր կվերցնի դույլը, կգնա լիճ ու այնտեղից ջուր կբերի, օրական մի քանի անգամ կբերի, դույլը չպետք է անջուր մնա, ինքը քանի այստեղ է, դույլը չպետք է անջուր մնա:

Ինքն այստեղ է:

 

Հովիկ Աֆյան

Դիտումներ: 107

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։