Չարենց և Ուայլդ. անհետացած ձեռագիրը

Կիսվել:

Գրող, դրամատուրգ և գրաքննադատ Օսկար Ուայլդը (1854- 1900)  իր նշանավոր պոեմներից մեկը՝ «Ռեդինգյան բանտի բալլադը» գրեց բանտից ազատվելուց հետո, 1897-ին: Այս ստեղծագործությունը հայ ընթերցողին առաջին անգամ մատուցվեց 1966 թվականին՝ Սողոմոն Տարոնցու թարգմանությամբ: Մի քանի տարի առաջ էլ Ուայլդի «Բալլադի» երկրորդ «հայկական» տարբերակը ներկայացրեց բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը:

Իսկ եղե՞լ է երրորդը: Ըստ ամենայնի՝ այո (համենայն դեպս, եղած վկայությունները նման համոզմունք են ձևավորում): Եվ այդ թարգմանության հեղինակն է Եղիշե Չարենցը:

 

Ազգային արխիվում (ՀԱԱ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 87) պահպանվում է գրող Մկրտիչ Արմենի նամակը՝ հասցեագրված Գուրգեն Մահարուն: Նամակը գրվել է 1959 թ. մարտի 25-ին: Երկու գրողները վիճաբանում են մի քանի գործերի թարգմանության շուրջ: Եվ ահա, այդ առիթով Մ. Արմենը գրում է.

«… Ճիշտ այդպես էլ, երբ դրանից ոչ շատ ժամանակ անց ես ու Չարենցը որոշեցինք թարգմանել Ուայլդի «Ռեդինգյան բանտի բալլադը», դու քո մասնակցությունը մեր նախնական աշխատանքին բերեցիր նրանով, որ սարքեցիր մի շատ սրամիտ ու ծիծաղելի «թարգմանություն» Ուայլդի երկու տողի.


Հարգեց, հարգեց,

Դարձավ զարկեց…


Ես և Չարենցը սկսեցինք վարիանտավորել դա.

 

Ում որ հարգեց՝ 

Էնոր զարկեց…

 

Որին հարգեց՝

Էնոր զարկեց…

 

Ընչի՞ հարգեց,

Ընչի՞ զարկեց…

Եվ այլն…»։

 

Մկրտիչ Արմենի հիշատակած դրվագն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 1927-ի ամռանը, երբ Չարենցն ինքն էլ նոր էր ազատվել Ուղղիչ տնից և նրա հոգեվիճակն ու տրամադրությունները խիստ համահունչ էին Ուայլդի խոհերի հակվածությանը:

 

Դատելով վերը շարադրվածից, Չարենցը ոչ միայն մտադրվել, այլև իրագործել է թարգմանական աշխատանքը («մեր նախնական աշխատանքին»), որովհետև եթե չլիներ շարունակությունը, անիմաստ էր խոսել նախնական աշխատանքի մասին: Այլ խնդիր է, թե ի՞նչ պատճառով Ուայլդի «Բալլադի» չարենցյան տարբերակն այդպես էլ հրապարակ չի հանվել:

 

Այս հարցին եթե ոչ մասնակիորեն, ապա գոնե անուղղակի կերպով կարող է պատասխան դառնալ մեկ այլ վկայություն: Խոսքը գրող Խաչիկ Դաշտենցի հուշագրության մեջ տեղ գտած հետևյալ հատվածն է.

 

«1933 թ. աշխատում էի «Ավանգարդ» թերթի խմբագրատանը՝ գրական բաժնում: Մի օր Չարենցը ինձ իր մոտ կանչեց: Նա ապրում էր «Ինտուրիստ» հյուրանոցում…

 

-Գիտե՞ս քեզ ինչու եմ կանչել,- ասաց Չարենցը նստելով:

-Չգիտեմ,- ասացի:

-Այ տղա, Շեքսպիրը մեծ է, Բայրոնը մեծ է, բայց շատ ինքնատիպ բանաստեղծ է Օսկար Ուայլդը: Արդյոք լավ չէ՞ր լինի նրանից մի բան թարգմանել ու հրատարակել հայերեն…  Ամենահարմարը, իմ կարծիքով, «Ռեդինգ բանտի բալլադն» է: Դու կատարիր տողացի թարգմանությունը, իսկ ես կվերածեմ չափածոյի: Շատ եմ սիրում այդ պոեմը: Կարդացել եմ ռուսերեն թարգմանությունը և հիացած եմ…»:

 

Այնուհետև Դաշտենցը գրում է, որ իր ընկերներից մեկի հետ կատարել են տողացի թարգմանությունը և տարել, հանձնել են Չարենցին (Հուշեր Եղիշե Չարենցի մասին, Երևան, 1986 թ, էջ 297-298):

 

Այդ տարիներին Չարենցը Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչն էր: Անկասկած, նաև այս հանգամանքն է դեր խաղացել՝ օգտվել պատեհությունից և իրագործել իր վաղեմի երազանքը: Շուրջ 6 տարիների դադարից հետո կրկին նույն գործին ձեռք մեկնելը լավագույն ապացույցն է այն բանի, որ Չարենցը ոչ միայն ծանոթ էր Ուայլդի գրականությանը, այլև առանձնակի վերաբերմունք էր հանդես բերում նրա գործերի նկատմամբ: Այդ ժամանակ հրապարակի վրա էին «Ռեդինգյան բանտի բալլադի» ռուսերեն երկու թարգմանությունները՝ Բրյուսովինը և Բալմոնտինը: Այս տարբերակները պիտի նրա համար ծառայեին իբրև սկզբնաղբյուր: Չենք բացառում, որ նախապես միջնորդ լեզվից՝ ռուսերենից կատարված թարգմանությունը չի բավարարել Չարենցին և հետագայում նա փորձել է այդ բացը շտկել՝ օգտվելով բնագրային տողացիներից, ինչը նրան թույլ կտար ավելի մոտ լինել ստեղծագործության էությանը:

 

Օսկար Ուայլդի «Ռեդինգյան բանտի բալլադի» չարենցյան թարգմանությունը չի տպագրվել: Ձեռագիր նույնպես չկա: Մենք չենք բացառում, որ կարող էր նաև չլինել ամբողջական ու վերջնական թարգմանություն: Բայց շատ ավելի հավանական ենք համարում, որ կամ բնագիրն արժանացել է նույն ճակատագրին, ինչին արժանացան բանաստեղծի բազմաթիվ ստեղծագործություններ՝ ոչնչացվելով ու փոշիանալով, կամ այն առ այսօր չի գտնվել, սակայն մի գեղեցիկ օր ի հայտ կգա՝ լրացնելու Չարենցի թարգմանական հարուստ ժառանգությունը:

 

 

Հովիկ Չարխչյան

Դիտումներ: 245

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։