Չարենցը նման բան չի արել
Տևական ժամանակ շրջանառվում է մի պատմություն այն մասին, թե Երևանի Կապույտ մզկիթի փրկության և պահպանման համար մենք պարտական ենք բանաստեղծ Եղիշե Չարենցին: Համաձայն այդ պատմության, ժամանակի իշխանությունները որոշել են քանդել Երևանի սարդար Հուսեյն-Ալի խանի՝ 1766 թվականին կառուցած մզկիթը, բայց Չարենցը ոչ միայն ընդդիմացել է այդ որոշմանը, այլև առաջարկել է պահպանման իր տարբերակը, այն է՝ մզկիթը դարձնել Երևանի պատմության թանգարան:
Ե՞րբ է Չարենցն այդ մասին խոսել, որտե՞ղ, Ի՞նչ առիթով, ո՞ր վավերագրերում է դա արձանագրված, ո՞վ է նման տեղեկություն շրջանառության մեջ դրել: Սրանք անպատասխան հարցեր են: Գոնե ինձ նման աղբյուր հայտնի չէ: Փոխարենը հիշյալ պատմությունն այնքան մեծ տարածում է ձեռք բերել, որ նույնիսկ դարձել է դիվանագիտական հարաբերությունների անկյունաքար, պարսիկ պետական այրերի հետ շփման պարտադիր բաղկացուցիչ: Բայց արդյո՞ք Չարենցն իսկապես որևէ մասնակցություն է ունեցել այդ գործընթացին:
Դառնանք փաստերին: Նախ սկսենք հետևյալ հարցից. իսկ որևէ մեկը երբևէ ցանկացե՞լ է քանդել Կապույտ մզկիթը, բոլշևիկների իշխանության գալուց ի վեր եղե՞լ է նման առաջարկ կամ որոշում, որ Չարենցն էլ ընդդիմանար դրան և կամ էլ փրկության ելքեր որոներ: Թերթեք այդ օրերի վավերագրերը, մամուլը, տարատեսակ աղբյուրներ՝ նման բան չեք տեսնի: Փոխարենը կհանդիպեք ճիշտ հակառակը վկայող տեղեկությունների: Օրինակ, «Խորհրդային Հայաստան» թերթի 1925 թ. հոկտեմբերի 7-ի համարում գրված է. «Երևանի «Գյոյ մեջիթ» կոչվող հայտնի մզկիթն իր ճարտարապետական հնությամբ և գեղեցկությամբ քաղաքի հնություններից առաջինը կարելի է համարել: Այդ շենքը քայքայումից ազատելու նպատակով մզկիթի կոմիսիան դիմել էր Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ ընկ. Լուկաշինին և խնդրել էր նյութական աջակցություն մզկիթի վերանորոգման համար, որովհետև մզկիթը եկամուտներից զրկված լինելով՝ այդ հնարավորությունը չուներ»: Իշխանության արձագանքը չի ուշանում. Լուկաշինի կարգադրությամբ տրամադրվում է 600 ռուբլի, իսկ վերանորոգման գործը հանձնարարվում է հայտնի ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանին: Վերանորոգման աշխատանքները տևել են շուրջ երեք ամիս: Ի՞նչ է ստացվում. բոլշևիկները շինում էին այն, ինչը պատրաստվում էին քանդե՞լ: Որտե՞ղ է տրամաբանությունը…
Առաջ անցնենք: Ահա ևս մի վկայություն: 1929 թվականի ամռանը մի խումբ գրողների հետ ճանաչողական այցով Երևան է գալիս նաև վրաց նշանավոր գրող և հրապարակախոս Գրիգոլ Ռոբակիձեն: Որոշ ժամանակ մեր երկրում մնալուց հետո նա վերադառնում է իր հայրենիք և այնտեղ հրապարակում է հայաստանյան տպավորությունները: Այդ շարադրանքում մի գլուխ նվիրված է Կապույտ մզկիթին: Ռոբակիձեն նկարագրում է շինության առանձնահատկությունները, խոսում է նրա դիրքի և գեղեցկության մասին, սակայն մենք կշրջանցենք մանրամասները և կմեջբերենք ընդամենը մի փոքրիկ հատված այդ ակնարկից. «Նոր Երևանում մի քանի շենքեր մնալու են անձեռնմխելի: Այդպիսի շենքերից է մեջիթը՝ կառուցված սրանից 180 տարի առաջ»: Ինչպես տեսնում ենք, վրացի հյուրը հատուկ շեշտել է «անձեռնմխելի» բառը, իսկ նման պնդում նա չէր անի, եթե տեղում չստանար դրա հավաստիացումը:
1935-ին հնագետ, պատմաբան Սեդրակ Բարխուդարյանի հեղինակությամբ լույս ընծայված «Խորհրդային Հայաստանի նյութական կուլտուրայի հուշարձանները» գրքում մզկիթը ներառված է իբրև հաշվառված և պահպանվող կառույց: Բայց այս գրքում արդեն իսկ կա մի հետաքրքիր գրառում.
«Վերադաս օրգանների որոշմամբ Երևանի այդ մզկիթը վեր է ածվելու արևելյան թանգարանի»:
Եվ իսկապես, շուտով՝ «Խորհրդային Հայաստան» թերթի 1935 թ. հունիսի 20-ի համարում, տպագրվում է հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը. «Երևանի Գյոյ մեջիդը տրամադրված է կոմունալ թանգարանին: Մզկիթը ներկայումս վերանորոգվում է: Կոմունալ թանգարանը կտեղափոխվի այնտեղ»:
Ի դեպ, ճիշտ նույն օրերին, դարձյալ Երևանի քաղաքային խորհրդի նախագահության որոշմամբ, նախկին Փանախանի պալատը հանձնվում է ճարտարապետական և հնագիտական թանգարանին: Ասվածին էլ կարող ենք հավելել տեղեկությունն այն մասին, որ դրանից մի քանի տարի առաջ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն Սարդարի պալատի տարածքում գտնվող մզկիթին «տեխնիկական օժանդակություն էր ցուցաբերել» և դեռ «պահպանության վրա հսկելու համար հատուկ պահակ էր նշանակել»:
Մզկիթը թանգարանի վերածելու աշխատանքները որոշակի ժամանակ էին պահանջում: Վերանորոգումից և անհրաժեշտ հարմարություններ ստեղծելուց հետո սկսվում է ցուցանմուշների տեղափոխումն ու տեղադրումը:
Կապույտ մզկիթում կոմունալ թանգարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1937 թ. մայիսի 18-ին: Հավելենք, որ մզկիթին կից աղոթարանն էլ այդ նույն օրերին տրամադրվել է քանդակագործ Արա Սարգսյանին, որը շինությունը վերածել է արվեստանոցի:
Հիմա վերադառնանք այս իրավիճակում Չարենցի կարծեցյալ դերակատարությանը: Ինչպես դժվար չէ կռահել, այդ տարիներին Հայաստանում որևէ պատմական հուշարձանի պահպանության հարցը երբեք հանրային քննարկման չի դրվել, որոշումները կայացվել են վերին օղակներում և համապատասխան կառույցների կողմից: Փոխարենը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ որևէ հուշարձան ավերվել ու ոչնչացվել է նույնիսկ այն դեպքում, երբ մասնագետները բարձրաձայնել են դրա կարևորության մասին: Հետևաբար ոչ Չարենցը, ոչ որևէ մեկ ուրիշ հեղինակավոր անձ չուներ որոշիչ ձայնի իրավունք:
Ավելին ասենք: Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ օրերին կազմակերպվեր բաց քննարկում մզկիթի հետագա ճակատագրի հարցի շուրջ, ապա Չարենցն այդ քննարկմանը մասնակցել չէր կարող այն պարզ պատճառով, որ 1935-ի մարտի 7-ին հեռացվել էր Հայպետհրատում զբաղեցրած պաշտոնից, իսկ մարտի 13-ին՝ Հայաստանի գրողների միության շարքերից: Նրան հարցաքննում էին, նա այսուհետ տնային կալանքի տակ գտնվող անցանկալի անձ էր, և հետևաբար նրան հրավեր չէր արվի որևէ հավաքի մասնակցելու համար, էլ ուր մնաց թե հաշվի նստեին բանաստեղծի կարծիքի հետ:
Բոլոր դեպքերում, հիշյալ պատմությունն իր նախասկիզբն ունի, և որպեսզի պատկերն առավել ամբողջական դառնա, անհրաժեշտ ենք համարում մեջբերել ևս մի փաստ՝ հարցը վերջնականապես փակված համարելու համար:
Առաջին անգամ թանգարանի և թանգարանը որևէ պատմական շենքում տեղակայելու մասին բարձրաձայնել է պետական գործիչ, այն տարիներին Անդրկենտգործկոմի նախագահ Սարգիս Խանոյանը: Դեռևս 1929 թվականի հոկտեմբերին, այսինքն մզկիթը թանգարանի վերածելուց շուրջ 6 տարի առաջ, Խանոյանը մամուլում հանդես եկավ ընդարձակ հրապարակմամբ, որտեղ ի մասնավորի գրում էր. «Պնդում ենք և գտնում անհրաժեշտ Երևանի մուզեումի գոյությունը… Մեզ հասած տեղեկություններից իմանում ենք, որ քաղաքային խորհուրդն ինքն է նախաձեռնող հանդիսանում՝ գործի սկիզբը դնելուն: Ավելի լավ: Գործը դրանով հեշտանում է»: Այնուհետև Խանոյանը բերում է Թիֆլիսի օրինակը, որտեղ թանգարան էր դարձել նախկին ռուսական մատուռը և հույս է հայտնում, որ Երևանը նույնպես կարող է հետևել այդ օրինակին՝ բաց անելով քաղաքային թանգարան «իր արևելյան բովանդակությամբ, գուցե և արևելյան ճաշակի մի հատուկ շենքում»:
Ահա բարձրաստիճան չինովնիկի առաջարկը, ինչը հետագայում նույնությամբ կատարվեց:
Իսկ Չարենցը՞: Չարենցը հավելագրումների կարիք չունի: Եվ հարկ չկա նրա կենսագրության էջերը «զարդարել» այնպիսի տեղեկություններով, որոնք հեռու են ճշմարտությունից: Չարենցն այդ բանը բոլորովին չէր սիրում:
Հովիկ Չարխչյան
Դիտումներ: 287
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։