Չարենցը թարգմանե՞լ է Ռեմարկին
Եղիշե Չարենցի ստեղծագործական ժառանգության մի կարևոր հատված են կազմում նրա կատարած թարգմանությունները: Դրանք բազմաթիվ են ու բազմաբնույթ, բայց այժմ անհրաժեշտություն կա խոսելու այդ գործերից մեկի՝ գերմանացի նշանավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպի Չարենցի թարգմանության մասին, քանի որ հիշյալ գրքի հետ կապված որոշ հանգամանքներ առայսօր մնում են չբացահայտված:
1932 թվականին Պետհրատը լույս ընծայեց Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպը: Գրքի տիտղոսաթերթին գրված էր. «Թարգմ.՝ Ե. Չ.»: Հետագա տարիներին Ռեմարկի այս ստեղծագործությունը գրեթե միշտ ներառվել է Չարենցի արած թարգմանությունների ցանկերում, ինչը միանգամայն բնական էր, եթե հաշվի առնենք, թե դրա ուղղակի արձանագրումը և թե այն փաստը, որ այլ «հավակնորդներ» չեն եղել:
Սակայն ավելի ուշ ի հայտ եկան որոշակի կասկածներ: Կարծիքներ հնչեցին այն մասին, որ թարգմանության հեղինակն ամենևին էլ Չարենցը չէ և, որ խնդիրը պահանջում է փաստերի առավել մանրակրկիտ դիտարկում, հատկապես որ Չարենցը սովորաբար արձակ գործեր չէր թարգմանում, և այդ առումով էլ սա բացառիկ դեպք էր: Ու քանի որ ծուխն անկրակ չի լինում, փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Դիտարկենք պատկերը ժամանակագրական կարգով:
Պետհրատի 1930 թվականի գեղարվեստական գրականության հրատարակչական պլանը ներկայացնելիս այն տարիներին Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցն իր մի հարցազրույցում ասում է. «Միջազգային հեղափոխական գրականությունից հրատարակվելու են հետևյալ լավագույն գործերը. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է», Բրունո Յասենսկու «Ես այրում եմ Փարիզը» և Բելլա Իլլեշի «Տիսան այրվում է» վեպերը» (Գրական դիրքերում, 1930, թիվ 6):
Ի դեպ, նկատենք, որ Բելլա Իլլեշն ու Բրունո Յասենսկին 1929 թվականի հոկտեմբերին մի խումբ հեղափոխական գրողների հետ Երևան էին այցելել, և թերևս հենց այդ հանգամանքն էլ խթանիչ գործոն էր դարձել նրանց գրքերը թարգմանելու համար: Ինչ վերաբերում է Ռեմարկի վեպին, ապա դրա հեղինակն այն լույս էր ընծայել 1929-ին, նույն տարին ռուսերեն էր թարգմանվել ու տպագրվել էր Մոսկվայում, և ամենայն հավանականությամբ հայերեն թարգմանության համար հենց այդ գիրքն էլ պիտի օգտագործվեր իբրև սկզբնաղբյուր (Ремарк Э. М. На Западном фронте без перемен / пер. с нем. С. Мятежного и П. Черевина , под ред. Дм. Уманского/, -М. ; Земля и фабрика, 1929. (Дешёвая библиотека ЗИФа):
Մեկ տարի անց՝ 1931-ին, Յասենսկու և Իլլեշի խոստացված գրքերն արդեն ընթերցողի սեղանին էին: Ռեմարկի վեպը լույս ընծայվեց 1932-ին: Սակայն այստեղ մի կարևոր լրացում կատարելու անհրաժեշտություն կա: Բանն այն է, որ մինչև ամբողջական վեպի հրատարակումը, 1930 թվականին «Կարմիր զինվոր» թերթի գեղարվեստական հավելվածի 6-րդ պրակում տպագրվեց մի փոքրիկ հատված Ռեմարկի վեպից: Գրքույկի տիտղոսաթերթին գրված էր «Էրիխ Մարիա Ռեմարկ- «Նա տպագրիչ էր»: Հատված «Արևմուտքում անփոփոխ» վեպից»: Թարգմանիչը Գրաբիոսն էր: Առաջաբանում ասվում էր. «Նա տպագրիչ էր» հատվածի հրատարակությունը հնարավորություն կտա մեր ընթերցողներին մոտավոր պատկերացում ունենալ Ռեմարկի «Արևմուտքում անփոփոխ» աշխատության մասին, մինչև լույս կտեսնի նրա հայերեն լիակատար հրատարակությունը»:
Եկեք խոստովանենք, որ սա առնվազն տարօրինակ քայլ էր, որովհետև եթե գիրքն արդեն թարգմանվում էր, կարելի էր ուղղակի դրանից վերցնել նշված հատվածը և տպագրել, հատկապես որ վերոհիշյալ գրքույկն ամբողջական վեպի անոնսն էր: Ի՞նչ իմաստ կար այդ գործը հանձնարարել մեկ այլ թարգմանչի:
Բայց սա դեռ տարօրինակություններից վերջինը չէր: 1930 թվականի սկզբին Լենինականում լույս տեսնող «Բանվոր» թերթում հրապարակվում է հետևյալ ծանուցումը.
«Մեծ նորություն
Դուք լսե՞լ եք ամբողջ աշխարհում մեծ անուն հանած Ռեմարկի «Արևմուտքում անփոփոխ է»
վեպի մասին: Մարտից սկսած «Բանվորը» շարունակաբար տպելու է այդ վեպը: Շտապեք բաժանորդագրվել»:
Եվ իսկապես, մարտի 6-ից մինչև հունիսի 26-ը «Բանվոր» օրաթերթում սկսում են հրապարակվել վեպի հատվածները՝ որոշակի ընդհատումներով, 55 հատվածներով: Ի՞նչն էր այստեղ ամենազարմանալին: Թերթը որևէ անգամ չէր հիշատակում թարգմանչի անունը: Եվ միանգամից նշենք, որ դա այն թարգմանությունը չէր, որ 1932-ին պիտի ներկայացվեր ամբողջական գրքի տեսքով: Այլ կերպ ասած, 1930-ին Հայաստանում Ռեմարկի վեպն արդեն թարգմանված էր, սակայն Պետհրատը նախապատվությունը պիտի տար այլ տարբերակի՝ իր հետ բերելով թարգմանիչների հետ կապված խճճված հարցը, որն առայսօր պատասխան է փնտրում: Հետագա տարիները (թե Չարենցի կենդանության օրոք և թե նրա մահից հետո) այս խնդրին այդպես էլ հավելյալ հստակություն չհաղորդեցին:
1957 թվականին լույս տեսավ Եղիշե Չարենցի բիբլիոգրաֆիան: «Չարենցի կատարած թարգմանությունները» բաժնում Ռեմարկի վեպը բացակայում էր: Մի ամբողջ վեպ դուրս էր մնացել մատենագիրների ուշադրությունից: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Իսկ գուցե նրա՞նք էլ ունեցել էին նույն կասկածները (կամ ավելին, քան կասկածն է):
1962 թվականին Հայպետհրատն ընթերցողներին տեղեկացնում է. «Այս տարվա թարգմանական գրականության մեջ միանգամայն ուրույն տեղ կգրավի Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպը, և ոչ միայն այն պատճառով, որ ընթերցողը մայրենի լեզվով կծանոթանա այդ տաղանդավոր ստեղծագործությանը, այլև նրա համար, որ Ռեմարկի թարգմանիչն է Ե. Չարենցը»:
Հայպետհրատը խոստացավ և… չտպագրեց վեպը: Ինչո՞ւ: Ո՞րն էր պատճառը: Գուցե այս դեպքում էլ վերջին պահին վճռորոշ դեր էին խաղացել թարգմանչի շուրջ առկա տարակարծությունները: Փոխարենը հաջորդ տարի լույս ընծայվեց Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը Գևորգ Էմինի թարգմանությամբ: Ներքին անվստահության թանձրացումը մի օր պիտի ունենար իր դրսևորումը: Եվ դա ի վերջո կատարվեց: Ու եթե տևական ժամանակ թեման սոսկ մեկուսի խոսքուզրույցից այն կողմ չէր անցնում, ապա նշանավոր գրականագետ Սուրեն Աղաբաբայանը թերևս առաջինն էր, որ բարձրաձայնեց իր տարակուսանքի մասին՝ «Սովետական գրականություն» ամսագրում գրելով. «Նրա (Չարենցի- Հ. Չ.) թարգմանությունների ցանկում են դնում նաև Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է…» գիրքը, բայց դա, ըստ երևույթին, Չարենցի թարգմանությունը չէ» (Սովետական գրականություն» 1976թ, թիվ 12): Գրականագետն իր առարկությունը հիմնավորում էր նաև հետևյալ կարծիքով. «…Որովհետև այս թարգմանությունը չունի Չարենցի ուժեղ ոճի կիրքը»:
Աղաբաբյանի տեսակետն ամրագրեց Չարենցի ընկերն ու համախոհը՝ գրող Գուրգեն Մահարին: Վերջինս գրականագետի հետ զրույցում «ասաց, որ Ռեմարկին թարգմանել է մեկ ուրիշը, բայց ինչ-ինչ նկատառումներով թարգմանությունը լույս է տեսել Չարենցի անունով»:
Նման պնդումներն արդեն առանցքայնորեն փոխում էին իրերի վիճակը: Հազիվ թե Մահարին ասեր մի բան, ինչը վստահաբար չգիտեր: Անհասկանալի է մնում այն, թե ինչո՞ւ Չարենցը պիտի «յուրացներ» մեկ ուրիշի աշխատանքը, և այդ ի՞նչ նկատառումների մասին է ակնարկել Մահարին, որոնք այդչափ վճռորոշ էին եղել: Ի վերջո, ո՞վ էր այդ մեկ ուրիշը:
Իսկ հետո առանձին զրույցներում պիտի վերջապես հնչեցվեր այն մարդու անունը, ում համարում էին Ռեմարկի վեպի իրական թարգմանիչ: Խոսքը հայ նշանավոր օպերային երգիչ, ռազմական գործիչ, գրող Վահան Տեր-Առաքելյանի մասին է:
Նրա անվան շրջանառումը պատահական չէր: Վ. Տեր-Առաքելյանը (1889-1941) այն տարիներին իսկապես թարգմանչական լայն գործունեություն էր ծավալում: 60-ից ավելի գործերի թարգմանիչն էր, այդ թվում՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա», Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», Բորիս Գորբատովի «Բջիջը», Յոհաննես Բեխերի «Լյուզիտ կամ միակ արդարացի պատերազմը», Դմիտրի Ֆուրմանովի «Խռովությունը», Ֆիլիպ Կնյազևի «Վազքի ընթացքում» և այլն։ Թարգմանություններ է կատարել նաև ռուսական պոեզիայից (Պուշկին, Գորկի, Եսենին, Մայակովսկի)։ Հանրահայտ էր նրա մտերմությունը Ե. Չարենցի հետ (ասում են՝ Տեր-Առաքելյանը նույնիսկ երգել է Չարենցի հարսանիքին): Բանաստեղծը նաև բարձր էր գնահատում թարգմանչի պրոֆեսիոնալիզմը:
Կարո՞ղ էր Ռեմարկի վեպը ևս վստահվել Տեր-Առաքելյանին: Մենք դա միանգամայն հնարավոր ենք համարում՝ հաշվի առնելով նաև հետևյալ փաստը: Ինչպես վերևում արդեն նշել էինք, 1930 թ. հրատարակչական պլանը ներկայացնելիս Չարենցը ասել էր, որ միջազգային հեղափոխական գրականությունից հրատարակվելու են երեք գործեր՝ Բրունո Յասենսկու «Ես այրում եմ Փարիզը», Բելլա Իլլեշի «Տիսան այրվում է» և Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպերը: Թվարկվածներից առաջին երկուսը շատ շուտով լույս են տեսնում և, ի՞նչ եք կարծում, ո՞վ էր դրանց թարգմանիչը: Այո, Վահան Տեր-Առաքելյանը: Հետևաբար միանգամայն տրամաբանական պիտի լիներ, որ Չարենցի հիշատակած գրքերի եռյակն ի սկզբանե, ինչպես ասում են՝ «փաթեթով» հանձնվեր հենց Տեր-Առաքելյանին, իսկ վերջինս մեկը մյուսի հետևից հանձնել է իր ստանձնած աշխատանքը մինչև այն պահը, երբ ինչ-որ մի «ֆորս մաժորային» իրավիճակ չէր ստիպի խմբագրումներ կատարել վաղօրոք գծագրված ծրագրերում:
Թե հատկապես ինչ է կատարվել, այդ մասին մենք չգիտենք: Գիտենք միայն, որ Ռեմարկի վեպի թարգմանությունը ոմանք վերագրում են Եղիշե Չարենցին, ոմանք՝ Վահան Տեր-Առաքելյանին: Իսկ նման տարակարծությունը չի կարող լինել պարզապես անհատական քմահաճույքի արդյունք, քանի որ դրա մասին արտահայտվում են մարդիկ, որոնց կարծիքն ու խոսքը ծանրակշիռ են՝ հիմնված փաստերի ու հավաստի տեղեկությունների վրա:
Օրինակ, հանրահայտ օպերային երգիչ, երաժշտագետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարլոս Մարկոսյանը, որ հիմնավորապես ուսումնասիրել էր Տեր-Առաքելյանի կյանքն ու գործունեությունը, իր հրապարակումներից մեկում գրում է. «Լև Տոլստոյի «Աննա Կարենինա», Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները», Ռեմարկի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» և ուրիշ գործերի հայ ընթերցողն առաջին անգամ ծանոթանում է Վահան Տեր-Առաքելյանի թարգմանությամբ» («Սովետական արվեստ», 1989, թիվ 1):
Սա է իրերի իրական վիճակը, ինչը թույլ չի տալիս տարատեսակ ենթադրություններ անել կամ վարկածներ առաջ քաշել, որոնք որևէ աղերս չեն ունենա ճշմարտության հետ: Հետևաբար ներկա պահին չկա անհրաժեշտություն շտապողականություն հանդես բերել և Ռեմարկի գործի թարգմանությունը վերագրել Չարենցին: Միայն հավելյալ և անառարկելի փաստերի առկայության պարագայում մենք կարող ենք գալ վերջնական եզրահանգման:
Հովիկ Չարխչյան
Դիտումներ: 218
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։