Դիանան
Նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) կյանքի անբաժան ուղեկիցն ու մուսան՝ Դիանա Ուկլեբա-Գրիգորյանն՝ իր մարդկային կերպարով և ստեղծագործական ժառանգությամբ, հատկանշական է մի քանի առումներով։ Նա երկար տարիներ գրում էր բանաստեղծություններ, բայց առաջին ժողովածուն տպագրեց, երբ յոթանասունն անց էր։ Կերպարվեստով զբաղվեց միայն ամուսնու մահվանից հետո ու սա այն հազվագյուտ դեպքն էր, երբ թոշակառուն սկսում է նկարել ու հաջողության է հասնում (նման թերևս ամենահայտնի դեպքն ամերիկուհի Մոզես տատիկն է): Նա նաև հայ նկարիչների այն սակավաթիվ կանանցից էր, որ հանրային նկատելի դերակատարում ուներ, մասնակցում էր հանդիպումների ու քննարկումների, հայտնվում մամուլի հրապարակումներում ու հուշագրություններում։ Բայց այդ ամենից վեր՝ Ջոտտոյի և Դիանայի մեծախորհուրդ սերն էր, որ նրանց կյանքի օրոք իսկ առասպելի էր վերածվել։ Եթե տարեց հասակում ստեղծագործողները որպես կանոն ջանում են լցնել իրենց հոգում ձևավորված բացը, ինքնահաստատվել որպես անհատականություն, ապա Դիանայի ստեղծագործության առանցքը նույնիսկ Ջոտտոյի մահվանից հետո կապն էր նրա հետ, նվիրումն ու սերը, և մինչև իսկ գեղարվեստում նա եղավ ամուսնու ժառանգության ոճական շարունակողը։ Ամուսիններին դեռ Թբիլիսիից ճանաչած սարատովցի դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լև Գորելիկն իր «Առյուծի բաժին» հիշողությունների գրքում պատմում է․ «Գրիգորյանի մուսան ու հավատարիմ նեցուկը կինն էր՝ Դիանա Ուկլեբան։ Գևորգի հետ ամուսնանալուց հետո նա որոշեց թողնել Գեղարվեստի ակադեմիան՝ ամուսնուն համարելով առավել օժտված նկարիչ։ Նա աշխատասեր գյուղացի աղջիկ էր և իր ապրուստը վաստակում էր՝ չխրտնելով որևէ սևագործ աշխատանք կատարելուց։ Իրենց համատեղ կյանքի հիսուն (պետք է լինի քառասուն․- Ա․Գ․) տարիների ընթացքում նա ոչ մի անգամ վրձին չի վերցրել: Միայն թաքուն բանաստեղծություններ էր գրում։ Երբ Գրիգորյանը հեռացավ կյանքից, Դիանան, հուղարկավորելով նրան, վերադարձավ գերեզմանոցից, մոտեցավ նկարակալին, որի վրա տեղադրված էր աշխատելու համար պատրաստ կտավը, վերցրեց ամուսնու ներկապնակը՝ դեռ չչորացած ներկերով, և սկսեց նկարել։ Երեք տարի էլ չէր անցել, երբ տեղի ունեցավ նրա անհատական ցուցահանդեսը (այդ ընթացքում նա նկարեց շուրջ 70 աշխատանք)։ Մի քանի տարի անց նա դարձավ Հայաստանի նկարիչների միության անդամ, տպագրվեցին նրա բանաստեղծությունները և լույս տեսավ նրա մասին պատմող վիպակ… Թեև դա կարող է սենտիմենտալ հնչել, բայց պիտի ասեմ, որ Դիանայի ստեղծագործությունները լի էին Գրիգորյանին խորապես հոգեհարազատ պոետիկայով։ Նրա անկեղծ-միամիտ նկարներում շողում էր և ամուսնու հոգին»։
Ինքը՝ Ջոտտոն ըստ արժանվույն գնահատել է կնոջ նվիրվածությունն ու սերը, զարմացել է, թե ինչպե՞ս են ուրիշները նկարում՝ չունենալով իրենց կողքին Դիանային։ Կյանքի վերջում ՝ իր ռուսերեն նամակներից մեկում նկարիչը գրել է․ «․․․չէ՞ որ ես հիվանդ եմ, ինձ Դիանան փայփայում է իր երկու ձեռքերով ու բակում ման է տալիս»:
Միևնույն ժամանակ՝ Ջոտտոն խանդով է վերաբերվել կնոջ ստեղծագործական մղումներին, մինչդեռ Դիանան կարողացել է զբաղվել թե՛ ամուսնու խնամքով ու ընտանեկան գործերով, թե՛ թղթին հանձնել իրենց սիրուց ներշնչված տողերը։
Լրագրող Ֆենիքս Սարդարյանին («Գարուն» ամսագիր) տված հարցազրույցում Ջոտտոն խոստովանել է․ «Միակ մարդը, որ կարողացավ ինձ հետ դիմանալ բոլոր փորձություններին ամբողջ քառասուն տարի, Դիանան էր»: Իսկ Ռուբեն Զարյանին նա պատմել է․ «Աստված հարստության փոխարեն Դիանային ուղարկեց ինձ։ ․․․Նա չլիներ՝ չէի լինի ես։ Տասնվեց տարեկան էր, որ հանդիպեցի։ Նա թողեց ամեն ինչ, զոհ բերեց իր նկարչական զբաղմունքը, կյանքը կապեց ինձ հետ, իմանալով, որ ոչինչ չունեմ, բացի նկարներից։ Իսկ այն ժամանակ ո՜վ էր իմ նկարներն առնում։ Նա հավատում էր, որ կգա մի օր, երբ ես կգնահատվեմ։ Այդ հավատն ինձ ուժ էր ներշնչում։ Օրեր են եղել, որ տանը հացից բացի բան չի եղել։ Միշտ ասել է՝ «Ոչինչ, դիմացիր, լավ օրեր կգան։ Դու նկարիր, միայն նկարիր»։ Ինչքա՞ն քաղցած օրեր ենք անցկացրել։ Չեմ հիշում, որ մի օր գանգատված լինի։ Հրեշտակ, իսկական հրեշտակ»։ Հատկանշական է, որ նրանց ջերմ, սիրառատ հարաբերություններին ականատես-հոդվածագիրները դեռ նկարչի կյանքի օրոք են անդրադարձել։ Այսպես, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում (№12, 1973 թ․) Կ․ Պետրոսյանի տպագրած «Դիանայի մասին» հոդվածում կարդում ենք․ «Մի անգամ, շատ տարիներ առաջ Դիանան սիրել է նրան, հավատացել նրա տաղանդին և այդ ժամանակից սկսած նրա կյանքի յուրաքանչյուր օրը համբերատար, հանդարտ, ինքնամոռաց նվիրում է նկարչին, արվեստին»:
Ժամանակակիցների կարծիքով՝ արտաքնապես ամուսիններն անհամապատասխան էին, սակայն իրական, մեծ սիրո կողքին խամրում է ամեն խոչընդոտ։ Իր կյանքում շատ բան տեսած բանաստեղծ Միխայիլ Դուդինը հիացել է նրանց սիրով ու 1977 թվականին դրան անդրադարձել «Առաջաբանով նամակ» ակնարկով․ «Նա իր կնոջից ցածրահասակ էր և, ըստ երևույթին, ավելի տարեց, որովհետև կինն ինչ-որ դյութիչ սրտառուչությամբ էր թևից բռնած զգուշորեն տանում նրան, կարծես մի թանկագին գավաթ՝ վախենալով հեղել թե՛ նրա, թե՛ իր ճակատագրի կենդանի ջուրը»։ Իսկ կենսաֆիզիկոս Սերգեյ Մարտիրոսովն իր «Ջոտտոն ու Դիանան» ակնարկում պատմում է․ «Ջոտտոն և Դիանան զարմանալի զույգ էին։ Խայթիչ, կտրուկ հայը և համբերատար ու բարի վրացուհին։ Անհնար էր առանց խանդաղատանքի հետևել նրանց։ Ջոտտոյի ներկայությամբ Դիանան իրեն միշտ ստվերում էր պահում։ Միայն Ջոտտոյի մահից հետո մենք իմացանք, թե ինչ հուզիչ բանաստեղծություններ էր Դիանան գրում և որքան լավ էր վրձնին տիրապետում»։
Դիանա Ուկլեբա-Գրիգորյանը ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 25-ին՝ Վրաստանի Տղիբուլի շրջանի Կուրսեբի գյուղում: Հայրը՝ Նեստորը քարագործ վարպետ էր, փորագրում էր զարդանախշեր։ Ե՛վ հայրը, և՛ մայրը՝ գերմանական արմատներով խստաբարո Պելագեան ինքնուրույն սովորել էին գծագրել ու նկարել, սիրում էին երաժշտություն: Նրանց յոթ երեխաներն էլ նվագում էին երաժշտական գործիքներ և նկարում: Փոքրիկ Դիանան հաճախ է պապի հետ եկեղեցի այցելել, այնտեղ հիացել սրբապատկերներով։ Դժվարությամբ մատիտներ է հայթայթել, որպեսզի նկարի։ Միջնակարգ դպրոց Դիանան չի գնացել․ կարդալ-գրել մայրն է սովորեցրել, զբաղվել է նաև ինքնակրթությամբ։ Ընտանիքի հետ տեղափոխվելով Քութայիս՝ 1926 թվականից Դիանան աշխատանքի է անցել իգական մասնագիտացված դպրոցում՝ որպես նկարչության և գծագրության ուսուցչուհի: Միաժամանակ ավարտել է մետաքսագործության յոթամսյա դասընթացը։ 1932 թվականին, որպես երիտասարդ և տաղանդավոր ակտիվիստ՝ ուղարկվել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու։ Ընդունվել է գեղանկարչության բաժին, սակայն ներկեր, կտավ և այլն գնելու միջոցներ չունենալու պատճառով մեկ տարի անց տեղափոխվել է գրաֆիկայի բաժին։ Նրա ուսուցիչներից են եղել Հենրիկ Հրինևսկին և Իոսիֆ Շառլեմանը, սովորել է Արփենիկ Նալբանդյանի, Հռիփսիմե Սիմոնյանի, Մկրտիչ Քամալյանի և այլոց հետ։
Ոսկեծամ, գեղադեմ աղջնակին Ջոտտոն առաջին անգամ հանդիպել է 1926 թ․՝ Քութայիսում, որտեղ էլ վրձնել է նրա առաջին դիմանկարը։ Ուղիղ տասը տարի անց նրանք կրկին հանդիպել են Թբիլիսիում, սիրել միմյանց ու չնայած տարիքային տարբերությանը՝ որոշել ամուսնանալ։ Իր բառերով՝ Դիանան սկզբում սիրահարվել է Ջոտտոյի նկարներին, հետո միայն՝ նկարչին։ Ի վերջո, թողել է ուսումն ակադեմիայում ու իրեն ամբողջովին նվիրել ամուսնուն (որի հետ նույն օրն էր ծնվել) ու նրա արվեստին։ Այդ անսովոր ուժի ու ինքնազոհողության սերն է, որ օգնել է նրանց վերապրել ստալինյան տարիների մղձավանջը։ Դիանան անձնվիրաբար հոգացել է ընտանիքի կարիքների մեծ մասը, բացի այդ՝ ոչնչացումից փրկել ամուսնու ստեղծագործությունները, նրա համար ստվարաթղթի կտորներ հայթայթել, ոգևորել ու ոգեշնչել նրան։ Դիանան եղել է Ջոտտոյի հիմնական բնորդը, տարբեր տարիքներում անմահացել նրա բազմաթիվ կտավներում և գծանկարներում։
Պատերազմի տարիներից սկսած Դիանան աշխատել է արվեստի տրեստում որպես գեղագիր՝ զարդարելով տուն-թանգարաններ և ասեղնագործելով մարտական դրոշներ։ Բացի այդ, ինչպես պատմեց նկարչուհի Նոնա Գաբրիելյանը՝ «Դիանան միշտ տանը հյուսում էր՝ դեռ պատերազմին նախորդող տարիներից, գործածը տանում էր բազար ու կրպակի մոտ կանգնած վաճառում էր»։
1962 թվականին ամուսինները մշտական բնակության են տեղափոխվում Երևան և Ջոտտոն ավելի լայն ճանաչում է ստանում։ Բացվում է նրա արվեստանոցը։ Պատմում են, որ Դիանան ոչ միայն օգնել է ամուսնուն շրջանակավորել նկարները, տեղափոխել ու ցուցադրել դրանք, այլև հյուրասեր տանտիրուհի է եղել, վարպետորեն պատրաստել է վրացական ճաշատեսակներ ու խաչապուրի։ Ազատ պահերին կատարել է գրքերի ձևավորման էսքիզներ, ստեղծել նախշեր ասեղնագործության համար։
Ամուսնու մահվանից հետո նրա մասին հիշողություններն անբաժան էին Դիանայից։ Եվ ահա, օրերից մի օր մոտեցել է նրա մոլբերտին և․․․ նկարել նրա դիմանկարը, որն անվանել է «Վերջին հայացքը»։ Նույն՝ 1977 թվականից մասնակցել է հանրապետական ցուցահանդեսների։
Բացի այդ՝ Դիանայի անդուլ ջանքերի շնորհիվ բացվել է Ջոտտոյի արվեստանոց-թանգարանը, որի առաջին վարիչն ու տանտիրուհին եղավ նվիրյալ կինը, որ ամբողջությամբ պետությանը նվիրաբերեց ամուսնու վիթխարի նկարչական ժառանգությունը։ Սիլվա Կապուտիկյանը նրան անվանել է «հրացանավոր զինվոր», որը «տարիներ պահել-պաշտպանել է Ջոտտոյին և նրա արվեստը», իսկ Կարեն Սմբատյանը գրել է․ «Դիանան Ջոտտոյի համար եղել է շատ ավելին, քան լավ կինը, նա նրա կյանքի շարունակությունն է»։
1979 թվականից Դիաննայի անհատական ցուցահանդեսները կազմակերպվեցին Երևանում (բազմիցս), Ջոտտոյի աշխատանքների հետ միասին՝ Թբիլիսիում, Նովոսիբիրսկում, Տոմսկում, Քութայիսում, Տղիբուլում, Մոսկվայում։ 1984-ին՝ դիտելով Հայաստանի գրողների միությունում ներկայացված Դիանայի 25 աշխատանքները՝ կինոդրամատուրգ և քննադատ Լեոնիդ Գուրևիչը գրեց․ «Կարծում եմ, որ Դիանա Ուկլեբայի պարգևի ցնցող «ուշ վերելքի» հիմնապատճառն, իհարկե, նրա վսեմ ճակատագիրն է»։ 1986 թ․ Գուրևիչի սցենարով ռեժիսոր Լ․ Բաքրաձեն նկարահանեց «Սեր» վավերագրական ֆիլմը Դիանայի և Ջոտտոյի մասին։ 1987թ․ ֆիլմն արժանացավ Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի Գրան պրիին, իսկ դրա սցենարը հրատարակվեց «Կինոսցենարիի» ալմանախում (№2, 1987)․

«Ջոտտոյի կտավները շրջապատում են նրան ու ջերմացնում․ նա միայնակ չէ:
Այդ ո՞վ է նայում անցյալից: Միգուցե երիտասարդ Դիանա՞ն` սիրո նարնջագույն-կարմիր երանգների անդրադարձերում...
Տարեց կինն անցյալից իր հայացքին նայում է հանգիստ, առանց ափսոսանքի և վախի: Նա չի հանձնվում»։
1984 թվականին Դիանան դարձավ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1988 թ․ Մոսկվայի կինեմատոգրաֆիստների կենտրոնական տանը կայացած ցուցահանդեսից հետո արվեստաբան Ստանիսլավ Այդինյանը միութենական «Ռաբոտնիցա» ամսագրի համար հոդված գրեց Դիանայի մասին․ «Իրապես, նրա աշխատանքներում շատ կյանք կա։ Նա հաջող նատյուրմորտներ է ստեղծում․ դրանք տառացիորեն վերափոխվում են ծաղիկների, օդի, լույսի»։ Իսկ Դիանայի բանաստեղծությունները նա բնորոշեց որպես «բնության հետ միաձուլման երաժշտություն»։ Մշակութաբան Մարինա Կացևան ցուցահանդեսի տպավորություններով գրեց․ «Աստվա՛ծ իմ, ի՜նչ երջանկություն է, որ աշխարհում այսպիսի լուսավոր հոգիներ են ապրում։ Դա հույս է տալիս, որ բանականությունն ու բարին կհաղթանակեն»։ Գեղեցիկ ժեստերի սիրահար Սերգեյ Փարաջանովը ցուցահանդես այցելեց վարդակակաչների վիթխարի փնջով։

Դիանա Ուկլեբա-Գրիգորյանը ստեղծել է հոր և մոր, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Աննա Ախմատովայի, Սերգեյ Եսենինի, Հովհաննես Շիրազի, Ռուբեն Զարյանի, Դավիթ Հովհաննեսի և ուրիշների դիմանկարները, մեծաթիվ նատյուրմորտներ, որոնք լի են խորհրդանիշերով, այլաբանական նշաններով (նուռ, աղավնի, պատուհան և այլն)։ Արվեստաբան Մ․ Ավետիսյանի վկայությամբ՝ «նկարչուհու նատյուրմորտներն էլ յուրատեսակ դիմանկարներ են, ուր ուշադրությունը կենտրոնացվում է պատկերված առարկայի էության վրա, ստեղծվում է հոգեբանական մթնոլորտ, գեղանկարչական լարում»։
Վրացական մամուլը ժամանակ առ ժամանակ գրել է Դիանայի մասին։ «Զարյա Վոստոկա» թերթի 1983 թ․ №140-ում Նանա Դոլիձեի «Հայաստանի և Վրաստանի ներկապնակը» հոդվածում, մասնավորապես, կարդում ենք․ «Վրաստանի պետական պատկերասրահում բացվեց հայտնի հայ նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) և Դիանա Ուկլեբա-Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպել են Վրացական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ մշակույթի նախարարությունները, Վրաստանի նկարիչների միությունը և Գևորգ Գրիգորյանի արվեստանոց-թանգարանը Երևանում։ Ցուցասրահներում ներկայացված է Գրիգորյանի շուրջ 80 և նրա տիկնոջ՝ Ուկլեբա-Գրիգորյանի 70 աշխատանք։ ․․․Դիանա Ուկլեբա-Գրիգորյանի արվեստի մասին խոսելիս անհնար է չհիշատակել այն սերտ կապերի մասին, որոնք այդ կնոջը միավորում են հարազատ Վրաստանի, նրա կենցաղի ու ավանդույթների հետ։ Սա հստակ երևում է նատյուրմորտներում, որոնց հատուկ է զարմանալի պատկերավորությունը և գունագեղությունը։ Դրանք բոլորը արված են գունային խիստ գամմայում և տարբերվում են նուրբ վրձնահարվածներով։ Ցուցահանդեսում ներկայացված է նատյուրմորտների մի ամբողջ շարք։

Սրահներից մեկում ցուցադրվում է գործվածքների համար վարպետին բնորոշ ճաշակով կատարված կոմպոզիցիաների շարք։ Դրանով է զարդարված նաև «Քարթուլի պոեզիա» գրքի անվանաթերթը»։
Նույն թերթի 1988 թ․ №192-ում տպագրված Գուրամ Լիպարտելիանիի «Սիրո ուժն անչափելի է» հոդվածում ասված էր․ «Կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան այցելուները, ոտք դնելով Դիանա Ուկլեբայի աշխատանքների ցուցահանդեսը, չէին թաքցնում իրենց հիացմունքը։ Եվ ինչպես կարելի էր չհիանալ, դիտելով այնպիսի նկարներ, ինչպիսիք են «Հայրը», «Մայրս և ես», «Դրախտի խնձորները», «Նռերը կարմիր շալի վրա», «Լուկա պապիկը», «Նարնջագույն ծաղկամանը» և շատ այլ կտավներ, որոնք հեղինակը ստեղծել է 68 տարեկանում, չնայած որ իր ողջ կյանքն ապրել է գեղանկարչության աշխարհում։ Դժվար է հավատալ, բայց դա փաստ է։

Սկզբում նա ստեղծել է նատյուրմորտներ, ապա դիմել է դիմանկարի դժվարին ժանրին, հավանաբար այն պատճառով, որ պարտավորված է եղել նկարել իր ամուսնու՝ Գևորգ Գրիգորյանի դիմանկարը։ Դ. Ուկլեբայի նկարները պետք է տեսնել, քանզի անհնար է բառերով փոխանցել գույների խելահեղությունն ու համադրությունը, արտասովոր կոմպոզիցիոն լուծումը, թեմայի և կերպարների յուրատեսակ բացահայտումը։
Սրա մասին էին խոսում նաև ցուցահանդեսի քննարկման ժամանակ, որը վարում էր մեր հայրենակից, մոսկվացի նկարիչ Սամուիլ Տուլկեսը։ Թե՛ մասնագետները, թե՛ կերպարվեստի սիրահարները ցուցահանդեսի գործելու օրերին դարձան Դ․ Ուկլեբայի աշխատանքների երկրպագուները։ Եվ Դ. Ուկլեբային ուղղված երախտագիտության խոսքերը, նրան նվիրված բանաստեղծություններն անկեղծ էին հնչում»։
1987, 1989 և 1997թթ․ հաջորդաբար լույս տեսան Դիանայի բանաստեղծական ժողովածուները՝ վրացերեն, ապա՝ հայերեն և ռուսերեն թարգմանությամբ։ Հայերեն «Մեր սերը՝ անմար կանթեղ» ժողովածուն (թարգմանիչ՝ Նանսեն Միքայելյան) նվիրված էր Ջոտտոյի հիշատակին։ Դրանում այսպիսի տողեր կան․
Ինձ մխիթարել
Դյուրին չէ հիմա,
Խոսքով ետ չի գա իմ կորուստը մեծ։
Մի ամբո՜ղջ ամառ արեգակն անգամ
Սև գլխաշորիս գույնը չփոխեց։
Դավիթ Հովհաննեսի խոսքերով՝ «կարճ ժամանակամիջոցում Դիանա Ուկլեբա-Գրիգորյանը ստեղծեց իր բանաստեղծական աշխարհը, որը կրում է հեղինակի սեփական մտածելակերպի, սեփական ձեռագրի կնիքը։ Այդ աշխարհի գուներանգները զրնգուն են, երգեցիկ, միևնույն ժամանակ՝ լուսավոր թախիծով, մորմոքուն կարոտանքով շաղախված․․․ Դա կարոտանք է ոչ միայն Ջոտտոյի հանդեպ, ում հետ Դիանան կիսել է կյանքի բոլոր դժվարությունները, ապրել նրա արվեստի հաստատման դառնություններն ու հաջողությունները․․․ Դա կարոտանք է նաև մանկության երջանիկ, անհոգ օրերի, կորցրած երեք եղբայրների և քրոջ, քարտաշ հոր հանդեպ, մոր հանդեպ, կարոտ՝ բնության հավերժական հրաշք գեղեցկության գաղտնիքի հանդեպ․․․»։ Վետա Գրիգորյանի բառերով՝ «նրա բանաստեղծություններում իրականությունը հնչում է նույնքան պոետիկ ու լիակատար, որքան ճապոնական թանկաներում և հին չինական պոեզիայում»։
1997թ․ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրամանագրով Դիանան պարգևատրվեց Պատվո շքանշանով։ Առաջացած տարիքում նա տեղափոխվեց Վրաստան՝ իր հարազատների մոտ։ Ինչպես 1990-ականներին՝ «ցուրտ ու մութ» Երևանում, այնտեղ էլ Վրաստանում հեշտ չեղավ նրա կյանքը, առողջական բարդություններին հավելվեցին բնակարանային խնդիրները։ Տեսողության վատթարացման պատճառով Դիանան դժվարանում էր նկարել։ 2000 թվականի վերջին՝ նրա 90-ամյա հոբելյանի առիթով, Թբիլիսիի պատմության թանգարանում՝ «Քարվասլա»-ում, Վրաստանի նկարիչների միությունը կազմակերպեց նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ Դիանայի աշխատանքների հետ մեկտեղ ներկայացվեցին Ջոտտոյի մի քանի կտավներ։ 2001թ․ Դիանան հեռացավ կյանքից։
Նրա մահվանից հետո վրացական «Սվոբոդնայա Գրուզիա» թերթը գրեց․ «Նրանք չեն բաժանվի և մահից հետո։ Դիանայի կտակի համաձայն նկարչուհին կհանգչի ամուսնու կողքին՝ Երևանում՝ հայ հասարակական գործիչների պանթեոնում։
Դիանայի և Ջոտտոյի կյանքը՝ որպես ստեղծագործական համագործակցության և սիրո վեհ օրինակ, կմնա շատ մարդկանց հիշողության մեջ՝ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում։
«Հանուն մեր գեղեցիկ սիրո»․ այսպես էր կոչվում Դիանա Ուկլեբայի բանաստեղծական ժողովածուներից մեկը։ Եվ սրանք միայն խոսքեր չէին...»։

Աշոտ Գրիգորյան
Պատկերներ․
1․ Դիանան և Ջոտտոն, լուսանկարը՝ Արթուր Չոլաքյանի
2․ «Դաշտային ծաղիկներ»
3․ «Տեսարան Հաղպատի վանքից», 1981, Ա․ Թարխնիշվիլիի ընտանիքի հավաքածու
4․ «Ցիտրուսային նատյուրմորտ»
5․ «Նատյուրմորտ», 1990, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտտո) արվեստանոց-թանգարան
6․ «Ինքնադիմանկար»
Դիտումներ: 145
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։