Էջեր փակ գզրոցներից

Կիսվել:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը «ArtCollage»-ի ընթերցողներին ենք  ներկայացնում մի հատված Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» գրքից: Մեծ բանաստեղծուհու հուշագրության այս դրվագները պատմում են թե ինչպիսի արգելքների հետ էին կապված Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումները Խորհրդային Միությունում և վերստին հիշեցնում են ցեղասպանության հանցանքը  երբևէ չմոռանալու նրա պատգամը:

 

***

 

Կյանքում ամեն մի երևույթ, ամեն գործ ու քայլ պետք է դիտել իր ժամանակի և տարածության մեջ, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում։ Այլապես ամեն բան կխառնվի իրար, կզրկվի իրական գնահատության չափանիշներից, կդառնա մոլորվելու և մոլորեցնելու միջոց։ Օրինակ, այսօր յուրաքանչյուր ապրիլի 24-ի խաղաղորեն ու անարգել դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող մարդկանցից ամե՞նքը գիտեն, թե ինչ ճիգ, ջանք, սպառում, դիմադրական կարողություն, ունեցած դիրքն ու գործը կորցնելու ռիսկ է պահանջվել՝ մեր մեռյալներին սգալու իրավունքը ձեռք բերելու համար: Հիշում եմ, 1965   թվականին Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի առանձնասենյակում ընդունելություններից մեկի ժամանակ նա պատմեց, թե ինչպիսի դժվարությամբ, մոսկովյան բարձրագույն պաշտոնյաների մոտ, կաբինետից կաբինետ մտնելով, Մեծ եղեռնի ջարդերն ու տեղահանությունները պատկերող լուսանկարներից հատուկ այդ նպատակի համար կազմված ալբոմներն ու փաստաթղթերը ցույց տալով, պատմելով, հորդորելով, համոզելով իրեն հաջողվել է ստանալ ցեղասպանության հիսնամյակը նշելու, այնուհետև Ծիծեռնակաբերդում այժմյան հուշարձանը կառուցելու թույլտվությունը։

 

Այդ թույլտվությունը ստանալուց, ապրիլի 24-ը քիչ թե շատ պաշտոնականացնելուց հետո էլ արգելքները շարունակվեցին։ Ամեն տարի ապրիլի 24-ի նախօրյակին լարվում էին բոլորը՝ Կենտկոմի քարտուղարներից ու աշխատակիցներից սկսած մինչև խմբագիրները, հիմնարկների պետերը: Ինչպե՞ս, ի՞նչ տարողությամբ նշեն, ի՞նչ սահմաններում, ինչպե՞ս դրանց կվերաբերվեն «ամենավերևները»: Եվ եթե կենտրոնական մամուլում, «Պրավդա»-ում, «Իզվեստիա»-ում, «Լիտերատուրնայա գազետա»-ում հաջողվում էր մի նախադասություն, մի համառոտ ակնարկ տպագրել տալ 1915 թվականի մասին, համարվում էր հաղթանակ։

 

Արգելքները գնալով ավելի զգալի դարձան: Այնպես պատահեց, որ ես 1966  ու 67 թվականի ապրիլի 24-ի օրերին Մոսկվայում էի։ Եվ եթե 66-ի Մեծ եղեռնի օրը Մոսկվայի հայերը, հավաքված հայկական գերեզմանատանը, քիչ թե շատ անարգել նշեցին ցեղասպանության տարեդարձը, ապա 67-ին իրադրությունը նույնը չէր այլևս: Ինչպես միշտ և ամենուր, Մոսկվայում էլ առանձնապես ակտիվ էին բարձրագույն հաստատություններում սովորող հայ երիտասարդները: Դեռ նախօրյակին Մոսկվայի պետական համալսարանի դահլիճներից մեկում տեղի ունեցավ այդ մեծ ողբերգությանը նվիրված երեկո: խոսք ասացին մոսկովյան հայ համայնքի մարդիկ, նշանավորներից՝ ակադեմիկոս Էզրաս Հասրաթյանը, հայտնի դիվանագետ- տնտեսագետ, Կանադայում խորհրդային Միության նախկին դեսպան Համո Հարությունյանը: Իմ խոսքից հիշում եմ հետևյալը.

 

-1915-ի ցեղասպանությունը հայ ժողովրդի մշտապես մխացող վերքն է, մեր սրտերում բոցավառվող անշիջանելի հրդեհը: Իսկ հրդեհը քամու թույլ հոսանքով չես հանգցնի, ավելի կբորբոքես: Ուստի պետք չէ արգելքներ դնել այդ դժբախտ եղելության ոգեկոչման վրա, պետք չէ ցեղասպանության պատմությունը միայն հատուկենտ տողերով, փոքրիկ հոդվածներով ակնարկել ու անցնել, միևնույն է, հրդեհը չի հանգչի։ Հարկավոր է ի լուր աշխարհի խոսել այդ մասին, դատապարտել…

Ամբողջ երեկոյի ընթացքում, ձայնարկիչից թև առած, բոլորի վրա թևածում էր հոգևոր երաժշտությունը, մղկտում էր դուդուկը...

 

Մյուս օրը՝ ապրիլի 24-ին, առավոտ շուտ գնգաց հեռախոսը: Զանգահարողը միութենական Գրողների միության կազմակերպչական գծով քարտուղար Յուրի Նիկոլաևիչ Վերչենկոն էր: Հազար ու մի ներողություն խնդրելով առավոտ շուտ անհանգստացնելու համար՝ մեղմ- միամիտ տոնով հայտնեց, որ ժամը ուզիղ 10-ին լինեմ Կենտկոմում՝ պրոպագանդայի բաժնի վարիչ Մելենտևի մոտ...

 

Այնուհետև «էստաֆետը» ընդունեց Կենտկոմի հայաստանյան գործերի կուրատորը՝ հրահանգիչը, որ ավելի կոնկրետացրեց խոսակցությունը՝ շեշտելով ապրիլ 24-ի օրը Միության մայրաքաղաքում նշելու անհարմարությունը, քանի որ այնտեղ են բոլոր երկրների դեսպանատները, այդ թվում՝ Թուրքիայինը…  Նրանից հետո ինձ ուղեկցեցին բաժնի վարիչ Մելենտևի առանձնասենյակը: Սա, թեև ժամանակին եղել էր «Մոլոդայա գվարդիա» հրատարակչության խմբագիր և իմ բանաստեղծությունները հրատարակելու հանգամանքով ինձ լավ ծանոթ էր, սույն խոսակցության ընթացքում ավելի պաշտոնական էր, ավելի հարձակողական:

 

-Մինչև ե՞րբ մենք պետք է ամեն ապրիլի 24-ի դողանք, թե հանկարծ մի բան չպատահի:

«Այդ լավ է, որ մենք կարողանում ենք ինչ-որ տեղ ձեզ դողացնել»,- անցավ մտքովս, բայց իհարկե իրեն չասացի, այլ հանգիստ վրա բերի.

-Դողալու կարիք չկա… պետք է ուղղակի հասկանալ, որ հայ ժողովուրդը 1915 թվի ցեղասպանությունը չի կարող մոռանալ։ Դա մեր ազգային հիշողության անբաժան մասն է:

-Մենք չպետք է շեշտը դնենք ազգայինի վրա: Մենք՝ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներս, պետք է դառնանք մի սիրտ, մի բռունցք, ուժեղ, միասնական:

-Որպեսզի բռունցքը ուժեղ լինի, հարկավոր է, որ նրա մատները նույնպես ուժեղ լինեն, իրենց համահավասար զգան.. Դուք՝ մոսկովյան ղեկավարներդ, հայերիս իրավունքները չեք հարգում։ Գիտեք, որ մեզ հետ ինչպես էլ վարվեք, մենք ռուսներին բարեկամ ենք մնում: Դուք մեզ վերաբերվում եք այնպես, ինչպես հավատարիմ կնոջ հետ են վարվում, վստահ եք, որ ինչքան էլ դավաճանեք, հավատարիմ կինը չի հեռանա: Իսկ մյուս հանրապետությունները՝ նրանք գեղեցիկ ու քմահաճ սիրուհիներ են.  նրանց սիրաշահել է պետք, այլապես…

 

-Դուք գրող եք, դուք պետք է ինտերնացիոնալիզմ, ժողովուրդների եղբայրություն քարոզեք, դրա փոխարեն անօգուտ կրքեր եք բորբոքում... Գնացե՛ք, գնացե՛ք, Սիլվա Բարունակովնա, և շարունակեք պոեզիայով զբաղվել: Չէ՞ որ մենք ժամանակին Ձեր լիրիկայով ենք ոգևորված եղել…

 

Երեկոյան գնացի Համո Հարությունյանենց տուն: Արդեն ավանդույթ էր դարձել՝ ամեն տարի ապրիլի 24-ի երեկոյան Մոսկվայի նշանավոր հայերը հավաքվում էին նրանց տանը: Եվ ոչ միայն ապրիլի 24-ին։ Այն օրից, երբ մեր անվանի հայրենակիցը ամուսնացել էր Հովհաննես Թումանյանի թոռան՝ Անահիտի հետ, Կուտուզովի պողոտայի վրա գտնվող նրա ընդարձակ  բնակարանը դարձել էր մի տեսակ վերնատուն: Կարծես Անահիտը իր հանճարեղ պապի ավանդույթներն էր, որ շարունակում էր մոսկովյան պայմաններում: Ամեն հարմար առիթի այնտեղ ճոխ սեղան էր բացվում, սեղանապետն էր մեր շքեղ ու պերճաբան Սուրեն Քոչարյանը, սեղանակիցները՝ ամենատարբեր կարգի նշանավոր հայեր՝ Անաստաս և Արտյոմ Միկոյաններից, մարշալ Բաղրամյանից սկսած մինչև Էզրաս Հասրաթյան, Պավել Լիսիցյան, քանդակագործ Կոլյա Նիկողոսյան, Հայաստանից ժամանած ղեկավարներ, գրողներ, գիտնականներ:

 

Այդ օրն էլ ավանդույթը ուժի մեջ էր: Բաժակ՝ Եղեռնի զոհերի հիշատակին, հոտնկայս լռություն, հետո հայ ժողովրդի, Հայաստանի, հյուրերի ու տանտերերի կենացները։ Խոսքերի արանքում ես պատմեցի, թե որտեղ էի և ինչու էի: Չնայած իմ կատակախառն տեղեկատվությանը, Համո Հարությունյանի դեմքով ստվեր անցավ։ Արդեն բավական տարեց, զանազան դժնի թվականների բովով անցած՝ նա բնազդով զգաց, որ դրանից լավ հոտ չի գալիս:

 

 

Սիլվա Կապուտիկյան

Դիտումներ: 51

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։