Եվ դարձյալ Սարոյան. «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից»

Կիսվել:

Երևանում դարձյալ Սարոյանական օրեր են, ու Սարոյանն ամենուր է՝ և՛ Գրքի երևանյան միջազգային փառատոնում, և՛ թանգարաններում, և՛ թատրոններում և իհարկե՝ ընթերցողական լսարանում: Սարոյանական օրերին ընդառաջ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել իր սարոյանական մատենաշարի նոր՝ 13-րդ գիրքը՝ «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն: Այդ առիթով զրուցել ենք մատենաշարի մտահղացման հեղինակ, թարգմանիչ և խմբագիր Զավեն Բոյաջյանի հետ: 

 

Նունե Ալեքսանյան - «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն ընդամենը օրեր առաջ է  հրատարակվել, բայց Դուք տարբեր առիթներով խոսել եք ժողովածուի բացառիկության մասին: Ինչո՞վ է բացառիկ այս նոր հատորը:  

 

Զավեն Բոյաջյան - Այո, մեր մատենաշարի վերջին հրատարակությունն է և որոշակի իմաստով սա բացառիկ ժողովածու է, որովհետև ներառում է այն գործերը, որոնք երբևէ սարոյանական որևէ ժողովածուի մեջ չեն ընդգրկվել, այսինքն դուրս են մնացել բոլոր անգլերեն հրատարակություններից և լույս են տեսել միայն ամերիկյան տարբեր պարբերականներում, պարզապես գործեր են, որոնք մնացել են ամերիկյան մամուլի էջերում և այդ առումով մոռացված են ու հիմա արդեն ներկայացվում են մեկ ամբողջական թարգմանական ժողովածուով: Դե գիտեք որ Սարոյանն ամբողջ կյանքի ընթացքում համագործակցել է մամուլի հետ և պարբերաբար իր գործերը տպագրել է շատ հայտնի, ասենք՝ «Փլեյբոյ», «Սաթըրդեյ Իվնինգ Փոսթ» և այդ կարգի պարբերականներում, շաբաթահանդեսներում և թերթերում: Կուզենայի հատուկ շեշտել, որ «22 անտիպ պատմվածք» ժողովածուն, որը լույս տեսավ անցյալ տարի, և «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն, ըստ էության, այո բացառիկ հրատարակություններ են, որովհետև գոյություն ունեն միայն հայերեն։ Սրանց անալոգները անգլերենում չկան:

 

Ն.Ա. - Այս ժողովածուի մասին խոսվում էր դեռ 2 տարի առաջ՝ «Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի երևանյան այցի ժամանակ: Ինչպե՞ս կազմվեց նոր ժողովածուն և գրողի ո՞ր գործերն է ներկայացնում:

 

Զ.Բ. - Նախաձեռնողը «Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանն է, որն ընտրել և տպագրության է պատրաստել անտիպ գործերը,  ինձ էլ բաժին է ընկել թարգմանչի դերը: Այս ժողովածուն ընդգրկում է 30-ականների կեսերից, ավելի ճշգրիտ՝ 1933-ից մինչև 1976 թվականը ստեղծված գործերը, այսինքն ավելի քան 40 տարվա ժամանակահատված  է ներկայացնում:    18 գործ է՝ մեծ մասամբ պատմվածքներ և ընդամենը մի տեքստ, որը ծագումով մամուլից չէ, այլ մի լուսանկարչական ալբոմի առաջաբան է և այնպիսի գեղարվեստական շնչով է գրված, որ շատ հանգիստ կարող է որպես պատմվածք ընթերցվել: Նաև մի փոքրիկ նամակ է ընդգրկված՝ «Փլեյբոյ», հանդեսից, որով  մերժվում է Սարոյանի հերթական պատմվածքը: Հետագայում, իհարկե, այդ պատմվածքը հրատարակվել է այլ պարբերականում։ Բայց մերժման պատճառները բավական հումորիստական շնչով կարելի է ընկալել և այդ առումով ասես շատ հետաքրքիր փոքրիկ մի փաստաթուղթ է, որը նույնպես կազմողի կողմից ընդգրկվել է ժողովածուի մեջ:

 

Ն.Ա. - Եվ քանի  որ խոսում ենք հայալեզու ընթերցողներին անհայտ գործերի մասին, այդ առումով մեզ ի՞նչ սարոյանական նոր որակներ կամ բացահայտումներ է խոստանում «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» ժողովածուն:

 

Զ.Բ. - Էսպես ասեմ, որպեսզի չափազանցության գիրկը չընկնենք, և՛ նախորդ գիրքը, և՛ այս գիրքը ինչ-որ դարակազմիկ հայտնություններ չեն ներկայացնում։ Էստեղ մենք չենք հանդիպի Սարոյանի, որին ընդհանրապես չգիտենք, որն անծանոթ է մեզ կամ նորովի է ներկայանում: Բայց հանդիպում ենք մեզ շատ հոգեհարազատ և ծանոթ Սարոյանի, որը շատ սիրելի է մեր սրտին, և այդ Սարոյանը, բնականաբար, ջերմացնում է մեր հոգիները: Այդ առումով ես շատ կարևորում եմ այս գրքերը: Եվ, ընդհանրապես, Սարոյանի անտիպ ժառանգության շուրջ ավելի շատ առասպելներ են տարածված, իսկ այս գրքերն ավելի կոնկրետ, որոշակի պատկերացում են տալիս, թե ի՞նչ գործերի մասին է խոսքը, ի՞նչ թեմաներ են դրանք ներկայացնում, ինչպե՞ս է Սարոյանը այդ գործերում հանդես գալիս, մանավանդ որ գործերը ներկայացված են այդպիսի երկար տարիների, տասնամյակների կտրվածքով: Ուշադիր ընթերցողը կարող է նաև հետևել, տեսնել, ուշադրություն դարձնել, թե Սարոյանի ոճը, հետաքրքրությունները ինչպիսի զարգացում են ապրել տարիների ընթացքում։ Դե հիմնականում, իհարկե, նա մնացել է նույնը, բայց երբեմն նաև էական ինչ-ինչ փոփոխություններ կան, որոնք զգալիորեն նկատելի են: Եվ այդպես նա տարբերվում է, ենթադրենք, 30-ական, 40-ական թվականներին հրատարակված կամ գրված գործերում և ավելի ուշ, ասենք 60-ական, 70-ական թվականներին  արդեն ինչ-ինչ նոր մոտեցումներ կան, թե ինչպե՞ս էր գրում Սարոյանը, ինչի՞ն էր ավելի ուշադրություն դարձնում, երբ արդեն շատ հմուտ գրող էր, երբ գրելը հասցրել էր կատարյալ պրոֆեսիոնալ մակարդակի:

 

Ն.Ա. - Սարոյանի դեպքում երբևէ չսպառվող թեմա է  նրա ինքնության երկվության խնդիրը: Այս ժողովածուն կարո՞ղ ենք դիտարկել նաև այդ տեսանկյունից:

 

Զ.Բ. - Ե՛վ ես, և՛ կազմողը ջանք ենք թափել, որպեսզի ընդգրկված լինեն Սարոյանի ինքնության և՛ ամերիկյան կողմը, և՛ հայկական կողմը ներկայացնող գործեր, որովհետև Սարոյանին վերագրել միայն հայկականություն կամ միայն ամերիկանիզմ, դա նշանակում է նրան շատ թերի պատկերացնել և ընկալել: Սարոյանը լիարժեք է իր ամբողջ երկատվածությամբ ներկայացնելու դեպքում, այդ պատճառով ընտրված գործերը անդրադառնում են և՛ տիպիկ ամերիկյան թեմաների, ամերիկացի հերոսներ են և այլն, և՛ հայկական շատ հետաքրքիր մոտիվներ կան, որոնք Սարոյանը պարբերաբար իր տարբեր գործերում արծարծել է։ Հայ հերոսներ են, որոնց ուղեկցում է սարոյանական հումորը՝ իր անմոռանալի և անշփոթելի դրոշմով։ Մի խոսքով, հետաքրքիր ժողովածու է, և ինձ թվում է, որ Սարոյանի սիրահարների համար լավ նվեր է։ Եվ վերադառնալով նորահայտ անտիպներին, պետք է ասեմ, որ ընդհանրապես, սարոյանական անտիպ գործերի ժողովածուներ շատ քիչ կան, տարիներ առաջ մի երկու-երեք պիեսներից կազմված ժողովածու անգլերեն տպագրվեց, բայց Սարոյանի անգլերեն տպագրությունը, պիտի ասեմ, որ բավական անմխիթար վիճակում է։

 

Ն.Ա. - Չնայած սարոյանական մատենաշարի աշխատանքի ահռելի ծավալին, Դուք տևական ժամանակ է, որ խոսում եք մի քանի առաջնային թարգմանությունների մասին, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն մեր ընթերցողներին:

 

Զ.Բ. - Այո, թեև մենք բավականին աշխուժորեն ամեն տարի ներկայացնում ենք սարոյանական նորանոր գրքեր, նոր գործեր, նաև վերախմբագրված հրատարակել ենք նախկինում արդեն տպագրված գործերը, բայց քանի որ  Սարոյանը շատ մեծ ժառանգություն է թողել, որի մի մասն էլ անտիպ է, իսկ տպագրվածն էլ արդեն մի ամբողջ օվկիանոս է, ապա սարոյանական լավագույն գործերը հայ ընթերցողին ներկայացնելու համար բավական մեծ ջանքերի կարիք է զգացվում և հսկայական ծավալի աշխատանքի կարիք կա: Հուսով եմ, որ մենք չենք բավարարվի այս 13 գրքերով, և նոր հրատարակություններն ավելի մեծ քանակ կկազմեն: Մանավանդ, եթե նկատի առնենք, որ սարոյանական մի շարք կարևոր գործեր դեռևս հայերեն չկան, կամ դրանց թարգմանություններն արդեն հնացած են ու ժամանակավրեպ, ուստի պիտի նորովի ներկայացվեն: Անձամբ ես, օրինակ, մտքումս հինգ-վեց գրքի մտահղացում ունեմ: Չգիտեմ հետագա կյանքիս ընթացքում ինձ կհաջողվի՞ դրանք իրականացնել, թե չէ։ Կուզենայի, օրինակ, «Ծիծաղելի մի բան»՝ վեպը կամ վիպակը թարգմանել, որը հայերեն երբևէ չի թարգմանվել: Նաև մի քանի կարևոր պիեսներ կան, օրինակ, «Գեղեցիկ մարդիկ», «Գետնուղու կրկեսը», «Սիրո հին քաղցր երգը». սրանք շատ կարևոր պիեսներ են, որոնք հայերեն երբևէ չեն թարգմանվել և կուզենայի, որ  անպայման թարգմանվեին: Ի դեպ, կենսագրական բնույթի սարոյանական գործեր կան, որոնք շատ կարևոր են նրան որպես գրողի, որպես մարդու, որպես անհատի ընկալելու համար. ինչքանո՞վ էր, ասենք, հայկականությունը նրա ինքնության կարևոր մասը, ինչքանո՞վ է դա արտացոլվել նրա գրականության մեջ և այլն։

 

Ն.Ա. - Սարոյանի գրական ժառանգությունը կտակված է Սթենֆորդի  համալսարանին, որը տնօրինում է Սարոյանի գործերի տպագրության հեղինակային իրավունքը: Եվ այնտեղ ուսումնասիրության ահռելի նյութ կա: Մենք երբևէ հասանելիություն կունենա՞նք այդ  արխիվներին:

 

ԶԲ - Կարծում եմ, որ մենք հասանելիություն չենք ունենա նրա ժառանգությանը, մինչև որ հեղինակային իրավունքի ժամկետը չսպառվի, այսինքն՝ մինչև որ Սարոյանի մահից չանցնի 70 տարի, և մինչև նրա տպագիր և անտիպ ժառանգությունը հանրային սեփականություն չդառնա: Այդ ժամանակ գուցե  մուտքն այդ արխիվ և ուսումնասիրություններն ավելի մատչելի դառնան, իսկ հիմա, փաստորեն, այն առումով է բարդ, որ պիտի հեղինակային իրավունք ստանալ, ինչպես օրինակ այս և նախորդ ժողովածուների մեջ մտնող գործերի համար մենք հատ-հատ հեղինակային իրավունք ենք ստացել, մի խոսքով ամեն ինչ օրինական սկզբունքներով ենք արել: Պարզապես, Սքոթ Սեդրակյանի միջնորդությամբ գործն ավելի հեշտացել է, քանի որ արդեն գործ ունենք «Սարոյան» հիմնադրամի հետ, իսկ հիմնադրամը շատ լավ հարաբերություններ ունի Սարոյանի ժառանգորդների հետ, հեղինակային իրավունքի տերերի հետ: Եվ քանի որ  իսկապես շատ կարևոր է, որպեսզի մենք ամբողջական պատկերացում ունենանք Սարոյան գրողի մասին, և շատերն էլ համարում են, որ Սարոյանը եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասամբ հայերեն թարգմանված է, ապա պետք է նշեմ որ ամենևին այդպես չէ, իրապես հավատացեք, որ բնավ այդպես չէ, և սարոյանական շատ կարևոր գործեր կան, որոնք սպասում են իրենց հայերեն թարգմանության ժամին, իրենց հայ թարգմանչին։ Եվ շատ լավ կլիներ, որ մենք կարողանայինք օգտվելով այս որոշակիորեն նկատելի սարոյանական բումից, այս ծաղկունքից, Սարոյանի հանդեպ հետաքրքրության արթնացումից և այդ գրքերը թարգմանեինք ու ներկայացնեինք մեր ընթերցողի գնահատմանը:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի

 

Դիտումներ: 323

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։