Եվս մի զրույց Հրանտ Մաթևոսյանի հետ

Կիսվել:

Այս պատառիկը հատված է Հրանտ Մաթևոսյանի հետ աշխատանքային տարբեր տարիների իմ օրագրային գրառումներից, որ արվել են մեծ գրողի՝ Հայաստանի գրողների միության նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից (1996-2001):

 

17 սեպտեմբերի, չորեքշաբթի, 1997 թ.

 

Նորից աշխատանքային օր է: Աշխատում ենք Չարենցի տեքստերի վրա1: Ամբողջը նայել է. հոգնությունը երևի դրանից է: Հիմա վերջին շտկումներն են, արդեն պետք է ուղարկվի տպարան, և դրանից առաջ նորից է նայում, որ կասկածները փարատվեն. ինչքա՜ն բծախնդիր է, ինչքա՜ն պատասխանատու… Իմացածը նորից ճշտել է տալիս:

1926 թվականի «Ռուբայիներ»-ում հանդիպել է «նորք» բառը:

-Այդպե՞ս է:

-Այո՛, «նորք» է, ք-ն գրաբարյան հոգնակիակերտն է:

-Այո՛, նորություններ իմաստն է: Ըհը՛: Գիրքը չնայե՞նք:

-Նայենք, - ու բացելով՝ ցույց տվեցի: Համոզվեց: Հետո ասաց՝ կազմենք գրքի առաջին մասը, որը հաստատապես կոչվելու է «Բանաստեղծություններ», անպայման բնաբան է ունենալու (հավանաբար իմ ընտրածներից), և հանձնարարեց կազմել շարքերի ցանկը «երկու տարբերակով», այսինքն՝ որ շարքից ինչ է ընտրվել: Առաջինը՝ ըստ 55-ի հրատարակության2, իսկ երկրորդը՝ ըստ Անահիտ Չարենցի3: Չի հավանում 55-ի «Խառն բանաստեղծություններ» վերնագիրը, ուզում է փոխել: Ասաց՝ պետք է մտածի, ու ես իջա մեր սենյակ հանձնարարությունը կատարելու:

 

Համարյա օրվա վերջն էր, երբ տարա: Բաժակ կար ձեռքին՝սառույցով: Նայեց կատարածս աշխատանքը, ընդունեց երկու ձևն էլ և մտածում է՝ ո՞րն ընտրի (ուզում է՝ գրքի աջ կողքին նաև շարքի անունը գրվի): Ու հանկարծ հարցրեց.

-Ի՞նչ է նշանակում ուղխ:

-Առվով հոսող ջուրը:

-Որտեղի՞ց գիտես, նայե՞լ ես:

-Դե՛, «Դանթեական4»-ից, հետո պապիկս էլ էր այդպես ասում:

-Պապի՞կդ, - զարմացավ:

-Կյանքի վերջին տարիներին մեր գյուղի ջրվորն էր, հաճախ եմ իրենից լսել ուղխ, նաև արխ:

-Ա՛յ քեզ բան, ահա թե որտեղից որտեղ ինչեր կարող են լինել, - նորից զարմացավ:

-Պապիկս Բակունցի աշակերտն է եղել:

-Լորո՜ւմ5, - ժպիտը ողողել է ողջ դեմքը, հնարավոր չէ բառերով նկարագրել: - Երանելի՜ բան… Հիշո՞ւմ էր Ակսելին:

Պատմեցի մեր տանն այնքան լսած, անգիր արած սիրելի պատմությունը, երբ առաջին դասարանում ոտքերի ինչ-որ հիվանդության պատճառով պապիկս քայլել չի կարողացել, բացակայել է դասերից, Բակունցը մի շաբաթ՝ ամեն առավոտ, եկել է մեր տուն և նրան շալակած՝ տարել է դասի ու հետ՝ տուն բերել…

-Կա՞ այդ փաստը «Խոնարհ աղջկա» մեջ:

-Չկա: Բայց շատ եմ լսել իրենից: Ասում էր՝ իրենց գրել-կարդալ էր սովորեցնում, իսկ գյուղացիներն էլ միշտ խորհուրդներ էին հարցնում, թեև իրենցից փոքր էր: Նրանք Բակունցին շա՜տ, սրբի պես էին սիրում, դե, սուրբ վայրից էր եկել. Գևորգյան ճեմարանը փակվել էր գաղթականների պատճառով:

-Տունը որտե՞ղ է, ճանապարհի տա՞կ՝ եկեղեցու կողքի՞ն6:

-Այո՛, ճանապարհի տակ՝ հենց եկեղեցու կողքին: Այդտեղով՝ գյուղական նեղ ոլոր-մոլոր ճանապարհով է Բակունցն ամեն առավոտ գնացել դպրոց: Իշխանյանի գիրքը7 հիշո՞ւմ եք, որ գնացել է նրա հետքերով:

Երբ լույս տեսավ այդ գիրքը, Մորուսը8 չընդունեց, նրա մի բացահայտումը սխալ էր համարում: Ես Մորուսին սիրում էի, մե՜ծ գիտնական էր: Երկու տարի մանկավարժականում սովորելուց հոգնեցի, և մի օր գնացի համալսարան: Հրաչիկը9 համալսարանում էր, քթի տակ ոգևորված Համոյից10 արտասանում էր ու ինձ համոզում, որ ես էլ գնամ, ոգևորված Մորուսի մասին էր պատմում: Գնացի այն ժամանակ, երբ քենիս դիպլոմային աշխատանք պաշտպանեց. այն ժամանակների համար հետաքրքիր թեզ էր՝ «Արտաշես թագավորը բոլոր միալեզու տարրերը միացրեց»: Պինդ, ամուր աղջիկ էր, շատ խելացի. դրանից երեք օր հետո դանակի տակ մնաց: Ջահել մահացավ: Մորուսը շատ էր հավանել նրա աշխատանքը, ինձ տեսնելով՝ զարմացավ. «Դու ի՞նչ գործ ունես էստեղ»: «Քենիս է», - ասացի:

Լռեց մի պահ ու հետո.

 

-Հա՛, Մորուսը զարմացավ,-նորից լռեց: 

Զգացի՝ շարունակել է ուզում խոսակցությունը: Վեր կացավ տեղից, մոտեցավ դիմացի պատուհանին, մի հայացք գցեց դուրս և հետ դառնալով՝  կանգնած շարունակեց.

-Հետաքրքիր մարդ էր Մորուսը: Գիտե՞ս՝ ինչեր է արել մեր երկրի համար. տիտանական աշխատանք, մի հսկա ինստիտուտի աշխատանք. բուհերը՝ համալսարան, մանկավարժականը չհաշված, դասավանդել է նաև Բեյրութում: Ուսուցիչները՝ Մառ, Օրբելի, Աբեղյան ու Աճառյան, Մանանդյան. նրանց շնորհիվ խորացել է հայագիտության մեջ: Է՛լ Մատենադարան, է՛լ պատմության թանգարան. դրանց տնօրենն էր՝ մեծ կազմակերպիչ, է՛լ հնագիտական պեղումներ քո ծննդավայրում, Արցախում, Կարմիր բլուրում, Հայաստանի տարբեր տեղերում, է՛լ կապերի ամրապնդում սփյուռքի բոլոր գաղթօջախների հետ, է՛լ ցուցահանդեսներ արտասահմանում…

 

-Ի՜նչ զարմանալի է, - ասացի, - այդքանը չգիտեի, բայց մեր գյուղում, հատկապես Լորում՝ պապիկիս տանը, շատ եմ լսել իր անունը: Նաև այն տարիներին, երբ գյուղում էինք ապրում, հայրս ասում էր, թե Վարդան Մամիկոնյանի գերեզմանը նա է հայտնաբերել Անգեղակոթում11, և հնագիտական աշխատանքներ են կատարվում, և ամեն տարի՝ հուլիսի վերջերին, ուխտագնացության օր էր լինում այնտեղ, ու Սիսիանի տարբեր գյուղերից, նաև ուրիշ տեղերից միշտ շատ մարդիկ էին գալիս: Մեկ էլ, երբ Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված տոնակատարության օրերին համերգներով մեր գյուղ երաժշտական խմբեր էին գալիս, ասում էին՝ Մորուս Հասրաթյանն է Սայաթ-Նովայի երգերը վերծանել: Իսկ մայրս ասում էր, որ կիսով լորեցի է:

-Ըհը՛, Մորուսն ինքն է թարգմանել Սայաթ-Նովայի վրացերեն և թուրքերեն խաղերը, լավ գիտեր էդ լեզուները, մեծ աշխատանքի արդյունք էր էդ գործը: Նաև Երևանի ծննդյան 2750-ամյակի ակունքում էր ինքը. գաղափարն իրենն էր, որ մեծ շուքով, հրաշալի իրականացրեց էս անգամ իր քրոջ տղան՝ Գրիգոր Հասրաթյանը12՝ էսօրվա լեզվով՝ Երևանի քաղաքապետն էր: Նա էլ մեծ գործեր արեց քաղաքի համար 60-70-ականներին. ծաղկեցրեց, բառի բուն իմաստով ծաղիկներով լցրեց քաղաքը, տեսքի բերեց, գույն տվեց Երևանին: Ի՜նչ տարիներ էին 60-ականները: Բայց ինչքա՜ն պարկեշտ, ազնիվ, համեստագույն մարդ էր Մորուսը, հնարավոր չէր իրեն չսիրել, Չարենցի ու Բակունցի ընկերն էր, 37-ին բանտարկվել ու հրաշքով դուրս էր պրծել էդ դժոխքից: Մի անգամ իրեն հարցրի, թե Հայաստանի ամենալավ ժողովուրդը ո՞րն է: Առաջինն իմոնց ասաց13, երկրորդը՝ Իջևան, երրորդը՝ Շիրակ-Էրզրում՝ իրենց երգերով, չորրորդը՝ Եղեգնաձորի կողմը: Ասի՝ բա քոնո՞նք: Ասաց՝ իմո՞նք, դե՛, Սիսիանը՝ ոչինչ, ասաց, բայց ա՛յ, Գորիսն ուրիշ է. էնտեղ եզակի մի մարդ կար: Եվ էդ մարդը ո՞վ լինի, - դադար տվեց և շարունակեց այնքան սիրով ու դեմքի ողողուն ժպիտով. - Բակունցը: Էդպես էր ասում Մորուսը… Ես սիսիանցիներին հավանում եմ՝ ամուր են, կարծր, աշխատող: Լրիվ ուրիշ է Ղափանը, բոլորովին տարբեր: Ի՞նչ կխմես:

-Ոչ մի բան, - ժպտացի, - հետաքրքիր էր, դրանք էլ  չգիտեի, ինչ լավ է, որ խանգարող չեղավ:

-Ըհը՛, գոնե կոնյակ խմիր: Մեկ-մեկ կարելի է, դեղ է, ասել եմ: Իմ կոնյակն ամենալավն է, ամենաընտիրը, Արցախից են ուղարկել, - և պահարանից բերեց բաժակի հետ: - Ա՛յ, դու քեզ համար լցրու, իսկ ես իմ վիսկին կխմեմ…

Թեև չէի կարող, բայց անհարմար զգալուց մի փոքր լցրի, ինքն էլ փոքր սենյակից բերեց իր վիսկին:

-Խմե՞լ ես արդեն:

-Ո՛չ, - ժպտացի՝ վերցնելով բաժակը:

Ու զրնգոցով խփեցինք մեր բաժակները: Մի կում, այնուամենայնիվ, խմեցի, բայց հենց այդ պահին ներս մտավ իրավաբանը:

Հրանտ Մաթևոսյանը ժպտաց.

-Տեսա՞ր՝ խանգարեցին:

-Շնորհակալություն անչափ հետաքրքիր պատմության համար, - ասացի ու դուրս եկա:

Այնքա՜ն լցված էի: Այնքան հաճելի հուշ արթնացավ, բայց անհարմար զգացի պատմել, թե ինչպես մի ժամանակ՝ այն հեռավոր վաթսունականներին, երբ առաջի՞ն, թե՞ երկրորդ դասարանի աշակերտ էի, Լոր գնալիս փոքրիկ ավտոբուսի առաջին շարքում մի կերպ տեղ գտած՝ նստած էի մորս գրկին, երբ լեփ-լեցուն ավտոբուս բարձրացան շատ գեղեցիկ հագնված մի կին ու տղամարդ և կանգնեցին մեր գլխավերևում: Մայրս իսկույն վեր կացավ: Սակայն տղամարդը ոչ մի կերպ թույլ չտվեց: Նրանք, մեր գլխավերևում կանգնած, ողջ ճանապարհին կամացուկ խոսում էին: Եվ Լորի եկեղեցու բակում մեզ հետ իրենք էլ իջան ավտոբուսից: Մինչ մայրս տանը կասեր, պապիկս հայտնեց ուրախալի նորությունը.

-Մորուսը եկել է…

 

 

1 1997 թ. Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ Հրանտ Մաթևոսյանը տպագրության էր պատրաստում Եղիշե Չարենցի «Ընտիր երկեր»-ը:

2 Եղիշե Չարենց, Ընտիր երկեր, Ե., «Հայպետհրատ»,1955:

3 Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Ե., «Սովետական գրող», 1986-1987:

4 Եղիշե Չարենց, Ընտիր երկեր, Ե., «Նաիրի», 1997, էջ 50:

5 Գյուղ Սյունիքի շրջանում:

6 Հրանտ Մաթևոսյանը 1984 թ. հուլիսին ներկա է գտնվել Լորում Համո Սահյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությանը:

7 Ռաֆայել Իշխանյան, Բակունցի կյանքն ու արվեստը, Ե., «Հայաստան», 1974:

8 Մորուս Հասրաթյան(1903-1979), պատմաբան, բանասեր:

9 Հրաչյա Մաթևոսյան(1937-2016), արձակագիր, Հրանտ Մաթևոսյանի եղբայրը:

10 Համո Սահյան (1914-1993), բանաստեղծ:

11 Գյուղ Սյունիքում:

12 Գրիգոր Հասրաթյան(1918-2001), խորհրդային հայ պետական և հասարակական գործիչ:

13 Լոռին:

 

   

Կարինե Մեսրոպյան

Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու,

թարգմանչուհի

Դիտումներ: 187

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։