«Ֆոլիա»․ մարմնի, երաժշտության և լույսի տարերքը

Կիսվել:

«Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն 2-րդ փառատոնը բացվեց մի ներկայացմամբ, որն իր բնույթով արդեն իսկ սահմանների հաղթահարման փորձ է։

Մուրադ Մերզուկիի «Ֆոլիան» Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ բերեց հիփ-հոփ պարի, բարոկկո երաժշտության, ժամանակակից և դասական պլաստիկայի, ակրոբատիկայի, էլեկտրոնային երաժշտության ու բեմական տեսողական արվեստի միախառնումը՝ ստեղծելով մի աշխարհ, որտեղ տարբեր դարաշրջանների ու մշակույթների լեզուները ոչ թե հերթափոխում են միմյանց, այլ գոյակցում են նույն տարածության մեջ։

«Ֆոլիա» պարային ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 2018 թվականին Լիոնի «Ֆուրվիերի գիշերներ» փառատոնի շրջանակում՝ հին հռոմեական թատրոնի հսկայական տարածքում։ Այդ ցուցադրությունից անցել է ութ տարի, իսկ ներկայացումը շարունակում է շրջագայել տարբեր երկրներում՝ պահպանելով իր սկզբնական կառուցվածքային առանցքը՝ ամեն անգամ ներկայանալով առավել կատարելագործված եղանակով։ Երևանյան ցուցադրությունն այդ երկար ճանապարհի հերթական կանգառն է։

Իր բնույթով «Ֆոլիա»-ն մշակութային երկխոսության մասին ներկայացում է։

Ներկայացման հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին է, որի ստեղծագործական ճանապարհը վաղուց կառուցված է հիփ-հոփ այլ արվեստների և շարժման լեզուների հետ հարաբերելու սկզբունքով։

«Ֆոլիա»-ում այդ սկզբունքը ստանում է հատկապես լայն ընդգրկում։ Այստեղ հիփ-հոփը չի ներկայացվում որպես փակ ժանր, որն անհրաժեշտ է պահպանել իր սկզբնական սահմաններում։ Այն դառնում է շարժման բաց համակարգ, որը կարող է մտնել երկխոսության մեջ բարոկկոյի, դասական պարի, ժամանակակից պլաստիկայի, տարանտելայի, ակրոբատիկայի և նույնիսկ պտտվող դերվիշի շարժման հետ։

«Ֆոլիա» անվանումն ինքնին բացում է ներկայացման ներքին տրամաբանության առաջին դուռը։ Երաժշտության պատմության մեջ ֆոլիան կրկնվող երաժշտական կառուցվածք ունեցող ձև է, որը դարեր շարունակ բազմիցս վերամշակվել է տարբեր կոմպոզիտորների կողմից։ Սակայն այստեղ բառը միաժամանակ կապված է նաև խելագարության, անկառավարելիության, սահմանազանցության գաղափարի հետ։ Մերզուկին այդ երկակի իմաստը վերածում է բեմական սկզբունքի. ներկայացումը կառուցվում է որպես վերահսկվող «խելագարություն», որտեղ անընդհատ աճող ռիթմը, շարժման բազմազանությունը և տեսողական պատկերների փոփոխությունը հանդիսատեսին տեղափոխում են մի իրականությունից մյուսը։

Այդ «խելագարությունը», սակայն, քաոս չէ։ Դրա հիմքում չափազանց ճշգրիտ կառուցվածք կա։ Բեմում պարողներն ու երաժիշտները գործում են մի ընդհանուր բեմական մեխանիզմի մեջ, որտեղ յուրաքանչյուր շարժում, մուտք ու ելք, խմբային դասավորություն կամ տարածական փոփոխություն ունի իր տեղը։ Ներկայացման բեմադրական մտածողության կարևոր առանձնահատկությունն այն է, որ երաժիշտները չեն առանձնացվում պարողներից որպես երաժշտական ուղեկիցներ։ Նրանք դառնում են բեմական գործողության մասնակիցներ, իսկ երբեմն նրանց ներկայությունն անմիջականորեն ազդում է պարային կոմպոզիցիայի վրա։ Այս լուծումը հատկապես կարևոր է «Ֆոլիա»-ի ամբողջական ընկալման համար։ Բեմի մի հատվածում բարոկկո երաժիշտները կարող են թվալ պատմական անցյալից հայտնված կերպարներ, իսկ մի քանի վայրկյան անց նույն տարածքը դառնում է հիփ-հոփի արագ, գրեթե պայթյունավտանգ շարժման կենտրոն։ Դարերի միջև տարբերությունն այդ պահին ոչ թե վերանում է, այլ դառնում է տեսանելի։ Հանդիսատեսը միաժամանակ տեսնում է, թե որքան տարբեր են այդ աշխարհների շարժման ու երաժշտության լեզուները, և թե որքան բնական կարող է լինել նրանց հանդիպումը։

 

 

Երաժշտական կոմպոզիցիան ներկայացման ամենաուժեղ կառուցվածքային շերտերից է։ Ֆրանկ-Էմանուել Կոնտիի երաժշտական հայեցակարգում միավորվում են XVII-XVIII դարերի բարոկկո ստեղծագործությունները, իտալական և հարավամերիկյան ժողովրդական ռիթմերը, նեապոլիտանական տարանտելաները, ֆոլիայի տարբեր մշակումները և Գրեգուար Դյուրանդի էլեկտրոնային երաժշտությունը։ Նույն ծրագրում հայտնվում են Վիվալդիի ստեղծագործություններն ու տարանտելային ռիթմերը, ինչի շնորհիվ երաժշտական նյութը դառնում է ոչ թե պատմական վերականգնում, այլ ժամանակակից բեմական տարածքի կենդանի մասնակից։

Այստեղ հատկապես հետաքրքիր է ռիթմի դերը։ Բարոկկոյի որոշ երաժշտական ձևերի կրկնվող օրինաչափությունը և հիփ-հոփի սկզբունքը ունեն կառուցվածքային ընդհանրություն։ Երաժշտությունը կրկնվում է, բայց յուրաքանչյուր կրկնության ընթացքում շարժումը փոխվում է։ Նույն ռիթմը կարող է առաջացնել տարբեր պլաստիկ պատկերներ, իսկ նույն շարժումը՝ այլ կերպ հնչել երաժշտական մեկ ուրիշ շերտի ներքո։ Այդ պատճառով «Ֆոլիա»-ում երաժշտությունը ոչ թե ուղեկցում է պարը, այլ որոշում նրա հետագա շարունակական բնույթը։

 

 

Էլեկտրոնային հնչյունների ներմուծումը ևս զուտ ժամանակակից էֆեկտ չէ։ Այն բարոկկո երաժշտության մեջ հայտնաբերում է պուլսացիա, որը կարող է անմիջականորեն կապվել հիփ-հոփի մարմնական ռիթմի հետ։ Այդպես երկու երաժշտական աշխարհներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ անհամատեղելի, աստիճանաբար հայտնաբերում են ընդհանուր հիմք։

Երաժշտությանը զուգահեռ կարևոր է նաև մարմնի աշխատանքը։ Մերզուկիի պարողները չեն սահմանափակվում հիփ-հոփի տեխնիկական պաշարով։ Նրանց շարժման մեջ հայտնվում են դասական պարի նրբագեղությունը, ժամանակակից պարի ազատությունը, breakdance-ի էներգիան, ակրոբատիկայի ֆիզիկական վտանգը, արագ պտույտները և խմբային համաժամացումը։ Երկու դասական բալերինաների ներկայությունը և պտտվող դերվիշի կերպարը հատկապես ընդգծում են այս բազմաշերտությունը։ Այս տարբեր շարժողական լեզուները չեն ներկայացվում առանձին համարների սկզբունքով։ Դրանք ներթափանցում են մեկը մյուսի մեջ։ Այդ պատճառով «Ֆոլիա»-ի պլաստիկան ավելի ճիշտ է դիտարկել որպես մարմնի հնարավորությունների ցուցադրում, քան որպես պարային տարբեր ոճերի հաջորդականություն։ Պարողը այստեղ կարող է մի պահ աշխատել հիփ-հոփի կտրուկ ու ծանր ընդգծմամբ, իսկ հաջորդ պահին մարմինը վերածել դասական պարի երկարատև ընթացքի։ Այս փոփոխությունը ոչ միայն տեխնիկական ճկունություն է պահանջում, այլև ամբողջովին փոխում է կերպարի ներկայությունը բեմում։

Կատարողների աշխատանքի կարևոր առանձնահատկությունը խմբային շարժման մեջ անհատական ներկայությունը պահպանելն է։ «Ֆոլիա»-ի զանգվածային տեսարաններում մարմինները հաճախ դառնում են մեկ ընդհանուր օրգանիզմ, սակայն խմբային միասնությունը չի թաքցնում կատարողական տարբերությունները։ Յուրաքանչյուր պարողի շարժման մեջ պահպանվում է սեփական էներգիան, արագությունը, ֆիզիկական արտահայտչականությունը։ Այդ պատճառով մեծ խմբային կոմպոզիցիաները ոչ միայն հետաքրքիր են տեսողական առումով, այլև ստեղծում են միահյուսված մարմինների տպավորություն։

Ներկայացման կատարողական աշխարհը միայն պարողներով չի սահմանափակվում։ Բեմում գործող երաժիշտներն ու սոպրանոն նույնպես դառնում են բեմական կերպարներ։ Սոպրանոյի ներկայությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ձայնն այստեղ միայն երաժշտական գործառույթի մաս չէ։ Երգչուհին մտնում է բեմական գործողության մեջ, տեղաշարժվում է նույն տարածության մեջ, ինչ պարողները, և որոշ դրվագներում նույնիսկ դառնում է գործողության կենտրոնական մասնակից։ Այդպիսով մարդկային ձայնը միանում է մարմնի շարժմանը՝ ստեղծելով երրորդ արտահայտչական շերտ։

Բենժաման Լըբրըտոնի բեմանկարչությունը ներկայացման կարևորագույն արտահայտչամիջոցներից մեկն է։ Տարածությունը կառուցված է ոչ թե որպես պարզունակ դեկորացիա, այլ որպես շարժվող աշխարհի մոդել։ Տարբեր չափերի գնդաձև օբյեկտները բեմը վերածում են մի տեսակ տիեզերական տարածության։ Դրանք կարող են հիշեցնել մոլորակներ, աստղեր կամ անհայտ երկնային մարմիններ, բայց միաժամանակ դառնում են պարողների հետ փոխազդող առարկաներ։ Այսպիսով՝ դեկորը ոչ թե կազմում է ֆոնային մաս, այլ ներգրավվում է խորեոգրաֆիայի մեջ։ Գնդերի միջոցով ներկայացման տարածական լեզուն ձեռք է բերում նաև խորհրդանշական շերտ։ Բեմում մարդը բառացիորեն ձեռքերի մեջ է պահում աշխարհը։ Նա այն շարժում է, փոխանցում, բարձրացնում, հրում, նետում։ Աշխարհը դառնում է խաղի առարկա, բայց այդ խաղի տակ աստիճանաբար երևում է ավելի լուրջ ենթատեքստ՝ մարդու հարաբերությունը իր միջավայրի և մոլորակի հետ։ Սկզբում թեթև ու խաղային թվացող գործողությունները կարող են վերածվել անհանգստացնող տեսարանների։ Այդ անցումը հատկապես ուժեղ է այն պատճառով, որ ներկայացումը երբեք ամբողջությամբ չի վերածվում քարոզչության․ գաղափարը ծնվում է հենց ֆիզիկական գործողությունից։

 

 

Յոան Տիվոլիի լուսային լուծումները ևս կարևոր դեր են խաղում այս աշխարհը ձևավորելու համար։ Լույսը չի կատարում միայն տեսանելիությունն ապահովող գործառույթ։ Այն փոխում է բեմի մասշտաբը, առանձնացնում կամ միավորում կատարողներին, ընդգծում է խմբային կոմպոզիցիաները՝ յուրաքանչյուր տեսարանի համար ստեղծելով տարբեր հոգեբանական միջավայրեր։ Տիեզերական, գրեթե լուսնային պատկերները լույսի միջոցով ստանում են լրացուցիչ խորություն, իսկ արագ փոփոխվող պարային հատվածներում լուսային ռիթմը միանում է երաժշտական ռիթմին։ Այդ պատճառով «Ֆոլիա»-ի տեսողական աշխարհը չի կարելի առանձնացնել խորեոգրաֆիայից։ Լույսը, բեմական դեկորացիաները, երաժշտությունը և մարմինը միասին կազմում են ներկայացման ընդհանուր էությունը։ Երբ պարողները շարժվում են գնդերի շուրջ կամ դրանց հետ, տարածությունը փոխվում է։ Երբ երաժիշտները դուրս են գալիս իրենց սովորական դիրքից և հայտնվում պարային գործողության մեջ, բեմի կառուցվածքը փոխվում է։ Երբ երգչուհու ձայնը միանում է մարմնական գործողությանը, երաժշտական և թատերական տարածքների սահմանը կրկին խախտվում է։

 

 

Այս ամենի մեջ Մերզուկիի բեմադրական մտածողության գլխավոր առանձնահատկությունը կարելի է տեսնել հենց սահմանների մշտական շարժման մեջ։ Որտե՞ղ է ավարտվում երաժիշտը և սկսվում դերակատարը։ Որտե՞ղ է ավարտվում դեկորացիան և սկսվում պարային գործողությունը։ Որտե՞ղ է ավարտվում հիփ-հոփը և սկսվում դասական պարը։ «Ֆոլիա»-ն այդ հարցերին հստակ պատասխաններ չի տալիս, որովհետև դրա նպատակն ավելի շուտ սահմանները շարժման մեջ դնելն է։

Միևնույն ժամանակ ներկայացման բազմաշերտ բնույթը ստեղծում է նաև որոշակի ռիսկ։ Երբ բեմում միաժամանակ գործում են տասնյակ կատարողներ, երաժիշտներ, մեծածավալ առարկաներ, լուսային փոփոխություններ, տեսողական տարածքը կարող է հասնել հագեցվածության մի աստիճանի, երբ առանձին պարային լուծումները երբեմն կորցնում են իրենց ինքնուրույնությունը։ «Ֆոլիա»-ն փոքրածավալ, ինտիմ պարային ուսումնասիրություն չէ։ Այն ի սկզբանե ստեղծվել է մեծ տարածքի և մեծ հանդիսատեսի համար։ Լիոնի հին հռոմեական թատրոնի պայմանները պահանջում էին լայնամասշտաբ տեսողական մտածողություն, մեծ թվով կատարողներ և շարունակական ռիթմ, որպեսզի հեռավոր շարքերում նստած հանդիսատեսի հետ պահպանվեր կենդանի կապը։ Երևանյան թատրոնի բեմում այդ նույն կառուցվածքը ձեռք է բերում այլ մասշտաբ, սակայն շարունակում է պահպանել իր հիմնական տրամաբանությունը։

Այստեղ է, որ «Ֆոլիա»-ն հետաքրքիր է նաև որպես ժամանակակից կատարողական արվեստի օրինակ։ Այն չի փորձում վերականգնել անցյալը և չի փորձում ապացուցել, որ հնագույն երաժշտությունը կարող է պարզապես «համապատասխանել» նոր պարային էլեմենտներին։ Փոխարենը այն հարցնում է՝ ի՞նչ կարող է ծնվել դրանց հանդիպման արդյունքում։ Պատասխանը նոր լեզու է, որի մեջ բարոկկոյի երաժշտական կրկնությունը կարող է վերածվել հիփ-հոփի ռիթմիկ շարժիչ ուժի, էլեկտրոնային ձայնը՝ միանալ հին գործիքների ելևէջներին, իսկ դասական բալերինան ու breakdance կատարողը հայտնվել նույն բեմական գործողության ներսում։

Այս համադրության մեջ հատկապես կարևոր է այն, որ տարբերությունները չեն վերանում։ Բարոկկոն մնում է բարոկկո, հիփ-հոփը՝ հիփ-հոփ, դասական պարը՝ դասական, իսկ ժամանակակից պլաստիկան՝ ժամանակակից։ Նրանց արժեքը հենց փոխադարձ ազդեցության մեջ է։ Յուրաքանչյուր լեզու փոխվում է մյուսի ներկայությունից, բայց չի դադարում ինքնուրույն  լինել։

Այդ պատճառով «Ֆոլիա»-ն  կարելի է ընկալել որպես մշակութային երկխոսության ոչ թե տեսական, այլ մարմնական փորձ։ Մշակույթներն այստեղ չեն «խոսում» բառերով։ Նրանք խոսում են ռիթմով, շարժումով, ձայնով, տարածությամբ։ Եվ այդ երկխոսության ամենաուժեղ պահերը հենց այն հատվածներն են, երբ հանդիսատեսը սկսում է այլևս չմտածել՝ սա բարոկկո՞ է, հիփ-հո՞փ, ժամանակակի՞ց, թե՞ դասական։ Բոլոր այդ անվանումները մի պահ կորցնում են իրենց առաջնային նշանակությունը, և մնում է շարժվող մարմինը։

 

 

«Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի բացման համար ընտրված այս աշխատանքը միաժամանակ ներկայացնում է ֆրանսիական ժամանակակից խորեոգրաֆիայի մի ուղղություն, որում ի ցույց է դրվում, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ ազգային կամ ժանրային սահմանները դադարում են լինել փակ համակարգեր։ Փառատոնի ֆրանկոֆոն բնույթն այստեղ ստանում է ավելի լայն մշակութային նշանակություն. ֆրանսիական բեմադրական մտածողությունը միանում է իտալական, հարավամերիկյան և եվրոպական երաժշտական ավանդույթներին, իսկ հիփ-հոփի շարժման լեզուն դառնում է այդ հանդիպման ընդհանուր մարմինը։

«Ֆոլիա»-ն, ի վերջո, ոչ այնքան պատմություն է պատմում, որքան ստեղծում է մի աշխարհ, որտեղ ամեն ինչ գտնվում է շարժման մեջ։ Շարժվում են մարմինները, գնդերը, լույսը, երաժշտությունը, ժամանակաշրջանները և նույնիսկ արվեստի մասին մեր պատկերացումները։ Այդ աշխարհում խելագարությունը դառնում է ստեղծագործական սկզբունք, կրկնությունը՝ փոփոխության հնարավորություն, իսկ տարբերությունը՝ երկխոսության հիմք։

Մուրադ Մերզուկիի «Ֆոլիա» պարային ներկայացման ամենակարևոր ձեռքբերումը հենց այդ հանդիպման հնարավորությունն է։ Ներկայացումը չի փորձում որոշել, թե որ արվեստն է գերակա։ Այն առաջարկում է դիտել, թե ինչ է կատարվում, երբ արվեստները դադարում են խուսափել միմյանցից և պարզապես սկսում են հարաբերվել միմյանց հետ։ Այդ պահին բարոկկոյի ռիթմերը կարող են հնչել ժամանակակից քաղաքի զարկերակի պես, հիփ-հոփի շարժումը կարող է բացահայտել դասական պարի էլեմենտ, իսկ բեմի վրա շարժվող գունդը կարող է հիշեցնել, որ աշխարհի հետ մարդու հարաբերությունը նույնպես մի այլ տեսակի պար է՝ երբեմն խաղային, երբեմն վտանգավոր, բայց միշտ պատասխանատու։

Եվ գուցե հենց այստեղ է թաքնված «Ֆոլիա»վերնագրի ամենահետաքրքիր իմաստը. խելագարությունը երբեմն ոչ թե այն է, որ անհնարին թվացող բաներն իրար են միանում, այլ այն, որ մենք շարունակում ենք հավատալ՝ դրանք երբեք չեն կարող հանդիպել։

 

 

Հասմիկ Ավետիսյան

Դիտումներ: 174

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։