Գոդոյի սիրտը Արմեն Սարգսյանի «Բացակայություններ» գրքում
Բեքեթի ճանապարհի եզրին կանգնած ծառը դեռ տեղում է։ Վլադիմիրն ու Էստրագոնը սպասում են։ Գոդոն չի գալիս։ Մենք սովորել ենք նրա անունը լսել սպասողների բերանից։ Արմեն Սարգսյանի «Բացակայություններում» հանկարծ հայտնվում ենք ուրիշ տեղում։
կարճ է կյանքը օրվա:
Ո՞ւմ պատմեմ սպասումը,
որ լցնում է Գոդոյի սիրտը:
Ե՞րբ ես գալու:
Գոդոն, փաստորեն, սիրտ ունի։ Սպասում է։ Բեքեթի բեմից բացակայողը ստացել է ներքին կյանք, և վերջին հարցից հետո այլևս այնքան էլ պարզ չէ՝ ով ում չի հասնում։
Գրքի «Ապրումներ», «Քաղաքներ», «Սերեր», «Բառեր» բաժիններով անցնում ենք վերջին տասը տարիների միջով, բայց անցածը հնազանդորեն իր ժամանակում չի մնում։ Մի բանաստեղծությունում երկու անգամ կրկնվում է՝ «մենք սովորեցինք ապրել առանց»։ Առանց ո՞ւմ։ Տողը չի ավարտվում։ Հաջորդը նույնպես։ Կորուստը մտել է նախադասության մեջ ու իր հետ տարել շարունակությունը։
Այս լեզուն հիշում է դպրոցական քերականությունը։ «Քամելը ներգործակա՞ն է»։ Հաջորդ հարցը՝ կրավորականի մասին, դեռ կարելի է հանձնել ուսուցչին։ Բայց երբ մարդը խնդրում է՝ «Իսկ կարելի՞ է քամվել / պարզապես չեզոք», արդեն դասարանում չենք։ Կանոնն իր տեղում է, մարդը չի տեղավորվում կանոնի մեջ։
Սակավաբառությունը հեշտ է շփոթել փոքրության հետ։ «Բացակայություններում» մի քանի տողով բանաստեղծության շուրջը մնացած բաց թուղթը ստիպում է ուշացնել էջը շրջող ձեռքը։ Հետո հայտնվում ենք երկար, խոսակցական տեքստերի մեջ՝ անուններ, պատվաստման գնացող երեխա, լիմոնադ, գնացքի տոմս։ Ընթերցման արագությունը փոխվում է։
«Գնդակին հակառակ»-ում երկու ամսական Ռոբերտը ձեռքերով աշխարհն է ճանաչում։ Ձեռքով խփում է հոր դեմքին, հետո՝ իրենին։ Հայրն էլ ձեռքերն իր դեմքին է տանում։ Եսային լուսանկարում է՝ «չրը՛խկ»։ Կինոմոսկվայի աթոռները փոշոտ են ու ջարդված, Կասկադում հատապտղային լիմոնադը համով է, իսկ երեխային պատվաստման տանող հայրը վախենում է։ Խոսքի առօրյա «ա»-երով այդ օրը պատմվում է գրեթե մեր կողքին, մինչև կարդում ենք.
Էս տեքստը, որքան էլ տարօրինակ ա,
բայց պատերազմի մասին ա։
Հետ եմ գնում։ Երեխայի ձեռքը, լիմոնադը, լուսանկարվող դեմքը նորից իրենց տեղերում են։ Միայն թե հիմա պատերազմը մտել է այն օրվա մեջ, որը կուզենայիր անվնաս պահել։ «Չրը՛խկ»-ը պահ առ պահ կտրում է օրվա ընթացքը, բայց լուսանկարելն էլ դեռ պահելու երաշխիք չէ։ Վերջում խոսողը հարցնում է՝ թվային ֆոտոն ինչպե՞ս պահել, իսկ պահե՞լ։ Վերջին «չրը՛խկ»-ից հետո մնում է հարցը՝ «ստացվե՞ց մի բան, Եսայի»։
Այս ընթացքը հիշեցնում է Ֆրենկ Օ’Հարայի «The Day Lady Died»-ը։ Նյույորքյան օրվա գնումների, գրքերի, ծխախոտի միջով հասնում ենք Բիլլի Հոլիդեյի լուսանկարով թերթին, նրա երգեցողության հիշողությանը։ Առօրյան թեթև էր շարժվում, իսկ վերջում շունչը կանգ է առնում։ Օ’Հարայի հիշողության մեջ վերադառնում է մահացած երգչուհու ձայնը։ Արմենի լուսանկարվող մարդը դեռ այստեղ է․ նրան պահելու մտահոգության տեղում։
Օ’Հարան չի ասում՝ ինչ երգ էր։ Միացնենք «I’ll Be Seeing You»-ն։ Հոլիդեյի ձայնի հետևից ծանոթ վայրերով ենք անցնում, ամեն տեղ մեկին փնտրում։ Մեր ճանապարհին Կասկադն է։ Մի օր գուցե նույն լիմոնադը պատվիրենք, ու համի հետ ամբողջ օրը վերադառնա՝ երեխայի ձեռքը, պատվաստման վախը, Եսայու «չրը՛խկ»-ը։ Դեռ բաժակը չենք դրել սեղանին, արդեն ուզում ենք լուսանկարը գտնել։
Ջենովայից Վենետիկ սլացող գնացքում իտալական գետերին ու կայարաններին խառնվում են ծնողների հարսանիքը, Տիգրան Մեծը, Գյոթեն, Փինք Ֆլոյդը։ «Հորիզոնը կարճում է լայն աշխարհը» կրկնվող տողը վագոնի ընթացքի պես հավաքում է անհամատեղելի ժամանակները։ Կարգավարը կարող է սովորեցնել ուղետոմսը կարդալ, բայց չի կարող ստուգել՝ ինչ ես բերել քեզ հետ։ Գնացքը «գնում, գնում, գնում» է, իսկ վերջում բացվում են հրանոթները՝ «մարտի՛, մարտի՛, մարտի՛»։ Շարժման ռիթմին փոխարինում է հրամանինը։ Այս բանաստեղծության վերջից դուրս գալու համար պիտի մի անգամ էլ անցնես նրա միջով։
Գինի խմող ու հորինող խոսողի՝ «Բոլոր ժամանակներում / տղամարդկանց մտքերը նույնն են» ընդհանրացման մեջ ինքնահեգնանք կա։ Սկզբի հին ու նոր հայտնագործությունների, հասարակությունների կողքին տղամարդու անփոփոխությունը ծիծաղելի է հնչում։ Սակայն այդ հակադրությունն ինձ չափազանց արագ է տալիս իր ամբողջ արդյունքը․ վերջին տողը կարծես սպառում է նախորդներին վերադառնալու առիթը։ Գրքի սակավաբառության վտանգն այստեղ է՝ դիպուկ վերջաբանով բավարարվելը։
Մալմոյում ամեն ինչ իր տեղում է, բացի ներսից։ Մաքուր արահետները տուն չեն տանում։ Իսկ Արամին ու Նորոյին նվիրված բանաստեղծության մեջ տունը հանկարծ ստանում է իր ամենապարզ, գրեթե վիրավորական պահանջները՝ պատեր ու տանիք։ Մարդիկ ուզում էին իրենց տանն ապրել, նրանց բացատրել են, որ տունը հայրենիքն է։ Այդպիսի բացատրությունից հետո կարելի է շատ հուզվել և շարունակել բնակարան փնտրել։ «Հայրենիք» ասելով՝ զրուցակցին թվում է, թե պատասխանել է։ Մեծ բառի տակ բաց է մնացել մարդու ապրելու տեղը։
Այդ տեղը փնտրում են նաև մարմնի մեջ։
Ձեռքդ սահեցրու մարմնիս վրայով,
որ իմանամ
ներսիս դատարկ տարածությունների տեղը:
Մորիս Մերլո-Պոնտին ուշադրություն է դարձնում մարմնի երկակիությանը․տեսնողն ինքն էլ տեսանելի է, շոշափողը՝ շոշափելի։ Այդ տեսանկյունից Ռոբերտի խաղն ուրիշ ընդգծում է ստանում։ Հայրը երեխայի համար ճանաչելիք աշխարհի մի մասն է, և քիչ անց ինքն էլ է ձեռքերը տանում դեմքին։ Սիրային եռատողի «որ իմանամ»-ը մի ամբողջ տող է զբաղեցնու․ իր ներսը ճանաչելու համար խոսողը պիտի դիմի սիրելիին։

Վերնատուն, Երևան, 2026, 176 էջ
Ու մեկ այլ էջում կարդում ենք՝ «Ես չեմ կարող գրկել քեզ. / դու բանաստեղծություն ես»։ Ձեռքը կանգ է առնում։
Այդուհանդերձ, գրիչը գետնին գցելը հեշտ չէ։ Մի բանաստեղծությունում հեղինակը պատկերացնում է այդ հնարավորությունը․ոչ մի ընթերցող չի կարոտի գիրքը, տպարանում ոչ մի թուղթ չի սպասի։ Կարելի է շարունակել ապրել, նույնիսկ Բորխես չկարդացած։ Ապա՝ «Միայն թե դու չես լինի այլևս»։ Հիմա գրելուց կախված է մեկի գոյությունը, որի անունը չենք իմանում։
Գրքի վերջին բանաստեղծությունը զգուշացնում է, որ բանաստեղծության մասին գրելիս փակ շրջանից մեռնում է բանաստեղծությունը։ Եվ ավարտից հետո վերադառնում եմ առաջին էջերին՝ որդուն ուղղված տողերին.
Ու թեև չգրեցի քո մասին,
փոխարենը գրեցի քեզ
համար...
Գուցե Ռոբերտն էլ միացնի Հոլիդեյին՝ «Քեզ տեսնելու եմ»։ Ու հոր բառերով հիշի իր չհիշածը։
«Մասին»-ից «համար» այս փոքր անցման մեջ փակ շրջանն է բացվում։ Նվիրումը որդու ապագայի մեջ մի տեղ է խնդրում հոր ապրածի համար։ Երբ Ռոբերտը կարդա այս գիրքը, այդ էջում դեռ երկու ամսական է լինելու։ Ձեռքը մեկնելու է հոր դեմքին։
Սեգեյ Մկրտչյան
Դիտումներ: 81
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։