Հիշելու բան էլ չկա

08:11 23.06.2026 · Գրական · Հովիկ Աֆյան
Կիսվել:

Ինչ ինձ հիշում եմ՝ պապան ասում է՝ «Տուն եմ կառուցելու», մաման ասում է՝ «Ինչո՞վ», ու պապան լռում է: Առանձնապես չեմ էլ հասկանում, թե ինչ մի կարևոր է այդ տունը. իմ ամենաուրախ ժամերն անցնում էին տնից դուրս, երբ պապայի հետ վաղ առավոտյան դուրս էինք գալիս տնից՝ նա աշխատանքի, ես՝ դպրոց, ու ճանապարհին կանգնում էինք քաղաքում ամենաշուտը բացվող՝ բաց կապույտ հովանոցներով սրճարանի մոտ և պապան ասում էր.

-Կապ չունի՝ ինչքան ես շտապում, միշտ ամենասկզբում ժամ գտիր միայն քեզ համար:

Սուրճ էինք խմում: Ես էլ: Պապան նաև ծխում էր՝ երեք հատ:

Մամայի հետ երջանկությունը քաղաքի շուկան էր: Ոչ թե որովհետև այնտեղ ամեն ինչ վաճառվում է, այլ քանի որ այնտեղ ավելի շատ գույներ կան, քան պատկերասրահում: Մաման սովորություն ուներ՝ ամբողջ շուկան պտտվում էր, նոր միայն սկսում առևտուրը: Դա ինձ հաճույք էր պատճառում, քանի որ գույների բացահայտումը դեռ այն ժամանակից հոգնեցուցիչ չի եղել ինձ համար, այն էլ այնպիսի գույների, որոնք առանձնահատուկ բույր ունեն ու նույնիսկ համ: Իհարկե չգիտեի, որ մաման այդպես էր անում, քանի որ ընտրում էր ամենաէժան ապրանքը: Պապան համոզված էր, որ ուտելիքի հարցում չպետք է տնտեսել: Իսկապես՝ այդպես էլ չհասկացա, թե ինչ մի կարևոր բան է տունը:

Քույրս ավելի փոքր ու բնականաբար անհամեմատ ավելի սիրուն է: Երկար մազեր ուներ, որոնք մաման հավաքում էր ու բարձր երկու հատ պոչիկ անում: Ուշ երեկոյան, երբ մեզ դեռ կարելի էր արթուն լինել, պապան գրկում էր քրոջս ու քանդում էր մազերը՝ դրանք մեջքին թափելով ու անընդհատ քրոջս ճակատը համբուրելով: Քույրս նրա գրկում էր քնում, ես՝ նրանց նայելով: Մաման վերջում պաչում էր՝ երկուսիս էլ:

Հետո վրա էր հասնում աղոտ լռության ժամը: Ես էի հորինել լռության այդ տեսակը, երբ մի տեսակ աղմուկ չկա, ոչ ոք չի խոսում, բայց աղոտ լսվում է միացված հեռուստացույցի ձայնը, որն էկրանից բխող ու մեր սենյակի կիսաբաց դռան արանքից ներս մտնող մուգ կապույտի ֆոնին որոշակի տագնապ էր ներշնչում: Մինչև հիմա չեմ հասկանում՝ երեխաներն ավելի հանգիստ քնում են՝ իմանալով, որ ծնողները քնա՞ծ են, թե՞ զգալով, որ արթուն են: Ես ամեն դեպքում քնում էի, երբ մարում էր մուգ կապույտը ու վրա էր հասնում քար լռությունը:

Ավելի մեծ տարիքում իմացանք, որ տունը, որտեղ ապրում ենք, մերը չէ: Ընդ որում՝ քույրս առաջինն էր իմացել ու ինձ հենց էդպես էլ ասաց՝ զեյթուն աչքերով.

-Գիտե՞ս, մենք տուն չունենք:

Ես խնդացի: Մինչև հիմա, երբ որևէ բան չեմ հասկանում, խնդում եմ:

-Պապան էլ իսկական տղամարդ չի,-շարունակեց քույրս, ու ես միանգամից հասկացա, թե ինչու են նրա պոչիկներն այդ օրն այդքան ձիգ:

Երբեմն աղոտ լռության ժամ չէր լինում: Այդ օրերին խոհանոցից լսվում էր ծորակի ձայնը, ինչը ես մինչև հիմա, երբ բազմաթիվ ծովեր ու նույնիսկ օվկիանոս եմ տեսել՝ չհաշված ամռան կեսի անձրևները, չեմ շփոթում այն ջրի ձայնի հետ: Ծորակի ձայնը գրեթե միշտ լինում է ափսեների ձայնի հետ: Սա մուգ կապույտ ֆոնից պակաս տագնապալի չէ: Մաման ասել էր, որ պառկենք, քանի որ պապան ուշ է գալու: Մենք էլ պառկել էինք՝ քույրս լացելով, քանի որ սիրում էր, երբ պապան արձակում էր նրա մազերը: Երբ անջատվեց ծորակը, լսվեց տան դռան ձայնը: Հետո ես պատկերացրեցի, թե ինչպես է պապան հանում մուգ շագանակագույն կոշիկները՝ ընդ որում առանց ձեռքով միջանցքի պատին հենվելու. «Հենց զգաս, որ չես կարողանում ուղիղ կանգնած կոշիկներդ հանել, ուրեմն ծերացել ես»,-մի անգամ ասել էր: Տանը ոչ մի լույս չէր վառվում, ու ես ամաչեցի, որ պապային, փաստորեն, ոչ մեկս չենք սպասել: Ինքն էլ չվառեց: Ես լսում էի՝ ինչպես են նրա ոտքերը հպվում մեր տան, որը պարզվում է՝ մեր տունը չէ, հատակին, ու նա խոհանոց մտավ: Այնտեղ էլ լվացվեց: Մաման մի անգամ ապտակել էր ինձ, երբ ես խոհանոցում էի լվացվել: Լույս, այնուամենայնիվ, վառեց: Բացեց սառնարանը, հանեց ուտելիք, ու ես պատեկարցնում էի, թե ինչպես է պապան ուտում: Նա միշտ դանդաղ էր ուտում և քանի որ բավականին ուշ էր վերադառնում տուն՝ մենակ: Ճիշտ է, ես հաճախ գնում-նստում էի նրա կողքին, սեղանի շուրջ, ու այդ դեպքերում նա հանկարծ ձախ ձեռքով շոյում էր գլուխս.

-Օրդ լա՞վ է անցել,-ասում էր:

-Լավ, քո՞նը,-ասում էի:

Լռում էր: Նայում էի:

Ես լսեցի, թե ինչպես է բացվում ծնողներիս ննջասենյակի դուռը: Մաման խոհանոց գնաց: Ես անհամբեր սպասում էի, որ շուտով պապան պետք է նրան հարցնի՝ «Օրդ լա՞վ է անցել», ու նա պետք է պատասխանի. «Լավ, քո՞նը», բայց պապան ոչինչ չասաց: Մաման միայն մեկ բառ ասաց: Ես դեռ չգիտեի, որ բառեր կան, որոնք ամբողջ կյանքումդ ես հիշում, հատկապես, երբ չես հասկանում, թե ինչու են դրանք հնչում:

-Չքվիր,-սա ասաց մաման ու ես լսեցի, թե ինչպես նորից փակվեց ննջասենյակի դուռը:

Առավոտյան պապային չտեսանք: Երեկոյան էլ, հաջորդ առավոտ էլ, մի ամբողջ գարուն և ամառ...

-Գիտե՞ս պապան ինչո՞ւ է գնացել,-ասացի քրոջս:

Նա ինձ նայեց ու ես շարունակեցի.

-Որովհետև գիշերը հաց է կերել ու մաման ջղայնացել է:

Քույրս խնդաց: Խնդաց, բայց ասաց.

-Ինչ միամիտ ես:

Ինքն ինձնից երեք տարով է փոքր: Ես այդ ժամանակ 15 տարեկան էի, ու քաղաքի ամենասիրուն աղջիկը մեր դասարանի Անուշն էր:

Անցան տարիներ: Ես ու քույրս գիշերները հաց չէինք ուտում: Իհարկե հարցրեցի մամային, էլի գիշերվա ժամի, էլի խոհանոցում, էլի ծորակի ձայնն անջատվելուց հետո:

-Ինչո՞ւ ասացիր պապային՝ չքվիր:

Նա չգիտեր, որ ես լսել եմ: Նա չէր ուզի, որ ես դա լսած լինեի: Թեքվեց դեպի ինձ ու ասաց.

-Ասենք թե ասել եմ, հետո ի՞նչ...,-ասաց ու գնաց խոհանոցից՝ իրենց ննջասենյակ:

Ոչինչ չէի հասկանում: Նաև այն, թե ինչու Անուշն ուրիշ դպրոց գնաց ու էլ չի զանգում: Շատ էի խնդում:

Պապան վերադարձավ առաջին ձյան հետ ու ինձ շախմատ խաղալ սովորեցրեց:

-Հիշի՛ր,-ասաց,-ամենակարևորը թագավորը չէ, որին ընդամենը պետք է պաշտպանես, ձի՛ն է, որի հարվածը կարող ես փակել կա՛մ արքայիդ տեղաշարժելով, կա՛մ նրան ուտելով: Ձին միակն է, որ այդպիսինն է:

Մաման համով բան էր սարքել: Արդեն չեմ հիշում՝ ինչ: Արդեն տեսքերն ու անունները չեմ հիշում, միայն համերը:

Քույրս արդեն մեծ աղջիկ էր դարձել ու էլ չէր նստում հորս գիրկը: Փոխարենը մենք ավելի հաճախ էինք շախմատ խաղում:

-Գոնե մեկ-մեկ պարտվիր, որ ոգևորվի,-մաման էր ասում:

-Մեկ-մեկը տղամարդու բառ չէ. մի՛շտ թող իմանա, որ առաջ գնալու տեղ ունի:

Հաջորդ ձմռան վերջին հաղթեցի: Առաջին ու վերջին անգամ: Ձախ ձեռքով շոյեց գլուխս ու ասաց.

-Էլ չեմ խաղա հետդ: Մինչև հիմա պարտավոր էի, սրանից հետո դու էլ պարտավոր չես:

Տխրեցի: Նա մոտեցավ պատուհանին, բացեց, վառեց սիգարետն ու ասաց.

-Որ ծխես, միշտ լավ սիգարետ ծխիր: Ամենալա՛վը:

Գարունը չտեսավ պապան, նաև այն, որ քույրս իր հարսանիքին երկար մազերն արձակել էր:

Ավելի շատ տարիներ անցան: Քույրս հիմա իր դստեր մազերն է բարձր պոչիկներ անում, ու ես ամեն երեկո տեսակապով տեսնում եմ, թե աշխարհի մյուս մասում նրանք ինչպես են նետվում օվկիանոսի գիրկը: Ես տուն եմ կառուցել ու ամեն գիշերից հետո և առավոտից առաջ բացում եմ պատուհանն ու ծխում եմ ամենալավ սիգարետը: Այդ պահին ես լեզվիս զգում եմ «Չքվիր» բառի դառնահամը ու տագնապով վայելում տանս քար լռությունը: Տանը հաց չեմ ուտում, որ ափսեները չլվամ: Իհարկե հարցրեցի մորս: Մի տարի, երբ աշունը բաց պատկերասրահ էր դարձրել քաղաքը, ես մտա ծնողներիս ննջասենյակ, մոտեցա մահճակալին արդեն պառկած մորս ու հարցրեցի.

-Ինչի՞ պապան չէր ասում, թե ինչո՞վ է տուն կառուցելու:

Եւ մաման ասաց.

-Իսկ ո՞վ ասաց, որ չէր ասում:

-Ասո՞ւմ էր,-ես իսկապես զարմացա:

-Ասո՛ւմ էր: Մի՛շտ էր ասում: Ասում էր՝ ամպերից:

Հետո ես փակեցի մամայի աչքերը, որ էլ ոչ մի բան չհիշի:

Եւ խնդացի:

 

 

Հովիկ Աֆյան

 

Դիտումներ: 261

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։