Ի պաշտպանություն լվացքատների
Երբ լույս տեսավ իմ գրքերից մեկը, մի քննադատ թեթեւակի թփթփացրեց ուսիս` նշելով, որ ես հեռացել եմ աղքատ մարդկանց միջավայրից, որ իմ գրքերը զերծ են լվացքատների բույրից եւ սոցիալական քննադատությունից: Այս գովասանքն ինձ հղվեց այն ժամանակ, երբ նոր էր հայտնի դարձել, որ մարդկության երկու երրորդը սովամահ է լինում, որ Բրազիլիայում մահանում են երեխաներ, որոնք երբեք չգիտեին, թե ինչ համ ունի կաթը. սա տեղի ունեցավ մի աշխարհում, որը տքնում է շահագործումից, որտեղ աղքատությունն այլեւս դասակարգային պայքարի թատերաբեմ կամ միստիկ հայրենիք չէ, այլ պարզապես մի տեսակ բորոտություն, որից պետք է զգուշանալ, եւ որի համար հեղինակին քննադատում են`իր ստեղծագործության թեմա ընտրելու համար, առանց պարզելու ջանքերի, թե արդյո՞ք ձեւն ու բովանդակությունը համապատասխանում են:
Անձամբ ինձ վրա այդ նախատինքը հազիվ թե ազդի. ես ավելի էական եմ համարում նման բառապաշարի երկիմաստությունը, քանի որ եթե «լվացքատունը» գրականությանն արժանի վայր չէ, ապա որո՞նք են գրականությանն արժանի վայրերը, որտե՞ղ պետք է տեղակայվի գրականությունը, ինչի մասին այդքան գեղեցիկ եւ անորոշ ձեւով հայտարարում են: Սիդլ. ով ուզում է այնտեղ հաստատվել շինարարական ընկերության օգնությամբ, պետք է օգտվի հարկային բոլոր արտոնություններից:
Այն ուրվականը, որից վախենում են նման մտավորականները, տգեղ անուն ունի` մանր բուրժուա: Ի՞նչ էր նշանակում այս բառը դեռեւս այն ժամանակներում, երբ թագավորներն իրենց ավելի շատ էին մանր բուրժուայի պես պահում, քան մեր պապերը, երբ մարշալներն իրենց փողկապները կապում էին այնպես, որ հաճոյանան փողոցում հանդիպող մարդուն: Յուրաքանչյուր ոք, նույնիսկ ամենամոլեռանդ ոչ կոնֆորմիստը, անհամբեր սպասում է իր լսարանին. ի՞նչն է այդքան զզվելի լվացքատանը, ի՞նչ կլիներ, եթե թոշակի անցած գեներալները դառնային խոշոր լվացքատների գովազդային մենեջերներ:
Տարօրինակ է, բայց չեմ հիշում, որ իմ պատմվածքներից կամ վեպերից որեւէ մեկում երբեւէ նկարագրած կամ նույնիսկ հիշատակած լինեմ լվացքատունը. գրեթե պարտավորված եմ զգում այն ներառել հաջորդ գրքում: Գուցե վեպ գրեմ լվացքատան մասին, բայց նրա գործողությունները կծավալվեն Չինաստանում կամ Մերձավոր Արեւելքում: Այդ ժամանակ, սակայն, ինձ հասանելի չէին մանրամասները, քանի որ դրանց մասին լսել էի կնոջիցս: Կինս գիտի, որ այն փոքրիկ քաղաքում, որտեղ ծնվել էր իմ տատիկը (պատահաբար իմ տատիկը նույնպես այդ քաղաքից էր, ուստի ես կարողացա ամեն ինչ պատկերավոր նկարագրել), լվացքատան օրը հատուկ տոն էր: Մեր տատիկների ժամանակներում, այդ փոքրիկ քաղաքում, որը կոչվում է Դյուրեն, լվացքի օրը դեռեւս նշվում էր որպես տոն: Այն ժամանակներում, երբ սպիտակեղենի արկղերը լցվում էին, ամիսը մեկ անգամ էին լվացք անում` լվանալով մի ամբողջ կույտ, ապա մեքենայով մեկնում էին Ռուրի մարգագետիններ, որտեղ լվացքը սպիտակեցնում էին, իսկ այդ ընթացքում գարեջրի տակառները, խոզապուխտը, հացը եւ կարագի փոքր կտորները բեռնաթափվում էին ձիաքարշ կառքերից: Լվացքատան աղջիկներին միանում էին այն ժամանակվա անգործ երիտասարդները, պարում էին, խմում եւ խաղում. երեկոյան սպիտակեցված լվացքը, դատարկ տակառներն ու զամբյուղները բեռնում էին կառքերին, եւ սկսվում էր տունդարձի ճանապարհը: Լվացք անելը զվարճալի զբաղմունք էր, եւ ես ցավում եմ, որ մինչեւ հիմա բաց եմ թողել այդ դրվագները:
Իհարկե, մայրս նույնպես լվացք էր անում (ինչպիսի՜ նվաստացուցիչ վիճակ). նա դա անում էր լոգարանում, հիմնականում` երկուշաբթի առավոտյան: Ամբողջ աշխարհում, երկուշաբթի առավոտյան, լվացքի պարաններին լսվել է վերնաշապիկների եւ սավանների, թաշկինակների տխուր ճռճռոցը, եւ այդ տեսարանն ինձ երբեք չի ընկճել, այլ ընդհակառակը` մխիթարել է, քանի որ ցույց է տվել մարդկության` կեղտից ազատվելու անխոնջ էներգիան: Եվ Հռենոսի բեռնանավերը, որոնց ես ծանոթ եմ մանկությունից մինչև այսօր, միշտ լվացքատան դրոշ են քարշ տալիս Հռենոսով վեր ու վար: Ես վատ չեմ վերաբերվում հագուստ լվանալուն կամ լվացքատանը. պարզապես դրանք լվացքի մեքենաների դարաշրջանում հազվադեպ են հանդիպում, եւ մի օր կարող ենք տեսնել հայրենական պատմության թանգարաններում: Լվացքատուն, մանր բուրժուական կենցաղ, 20-րդ դարի սկիզբ:
Ես կարող էի պատկերացնել լվացքատանը խաղացվող դրամա. չէ՞ որ այնքան շատ դրամաներ են խաղացվում ամրոցներում, դրամաներ, որոնց երկխոսությունը բաղկացած է չորսժամյա պարզունակ մտքերի փոխանակումից: Ես թեթեւ սրտով պաշտպանում եմ լվացքատունը, որը երբեք չեմ նկարագրել: Երբ ես վառելիք եւ բրիկետներ բերեցի մորս լվացքատուն, ավելի ուշ նվաստացած ստրուկի պես վարվեցի եւ փորձեցի վառարանը վառել: Հետո ես լսեցի խելամիտ խոսքեր, ինձ շատ բան պատմեցին:
Քանի՞ եզ մորթեցին տոնակատարության ժամանակ, ինչպե՞ս մարդիկ շաբաթ երեկոյան, իրենց փողերը գոգնոցների մեջ փաթաթած, պանդոկներից հյուրասենյակ տարան, ինչպե՞ս որոշ մարդիկ կառավարության ճեպընթաց գնացքով մեկնեցին Քյոլն`«Քյոլն» թերթը կարդալու (այդպես էին անվանում այն), ինչպե՞ս իմ նախնիներից մեկն անձնատուր եղավ խմիչքին, մինչեւ որ (ես դա տեսա), իր վերջին վերնաշապիկը տվեց մի քանի բաժակ գարեջրի դիմաց:
Ինչ վերաբերում է աղքատ մարդկանց միջավայրին, ապա ես վաղուց մտածում էի, թե ինչպիսի այլ միջավայրեր գոյություն ունեն`բարձր խավի միջավայր, գեղեցիկ խավի միջավայր, ցածր խավի միջավայր (ըստ կարգախոսի`աղքատ, բայց լավ դաստիարակված) բարձր խավի միջավայր: Բարձր խավի միջավայրն ինձ խնայել է ժամանակակից գովազդի հմտության շնորհիվ. աշխարհի մեծերը կրում են Rolex ժամացույցներ: Ուրիշ ի՞նչ կարող եմ փոխանցել: Փոքր մարդի՞կ: Ես կույր եմ մեծ տարածքների նկատմամբ, ինչպես որ մարդը կույր է լինում գույների նկատմամբ: Ես կույր եմ սոցիալական միջավայրի նկատմամբ եւ փորձում եմ նախապաշարմունք չունենալ, ինչը հաճախ շփոթում են դատողության պակասի հետ: Չափը մի հասկացություն է, որը կախված չէ սոցիալական դիրքից, ինչպես ցավն ու ուրախությունն անկախ են սոցիալական վիճակից: Նույնիսկ լվացքատներում մարդիկ ժամերով մանրուքներ են փոխանակում, եւ գուցե աշխարհի մեծերի մեջ իսկապես կան մեծություններ, եկեք նրանց շանս տանք: Դոստոեւսկու որոշ վեպեր սարսափելի տհաճ վերնագրեր ունեն`«Խեղճ մարդիկ», «Նվաստացածներն ու անարգվածները», եւ երբ նայում ես այն միջավայրին, որում գործում է ոմն Ռոդիոն Ռասկոլնիկով, կամ նույնիսկ Միշկին անունով իշխանը, դա իսկապես սարսափելի է: Նրանց բոլորին պետք էր Rolex ժամացույցներ նվիրել, որպեսզի իրենց իսկապես կարեւոր զգային, իսկ Դոստոեւսկուն պետք էր ասել, որ վերջապես գործի ավելի սեղմ շրջանակներում. նրան հետմահու պետք էր հարցնել, թե արդյո՞ք իր ժամանակ մարդկության երկու երրորդից ավելին սովամահ էր լինում:
Կար ժամանակ, երբ այն ամենն, ինչն ազնվական չէր, համարվում էր գրականության համար ոչ պիտանի. այն միտքը, որ վաճառականն արժանի է բանաստեղծի գրչին, համարվում էր հեղափոխական: Հետո եկան այնպիսի հանցագործներ, որոնք նույնիսկ աշխատավորին դարձրեցին գրականության, արվեստի արժանի հերոս: Մինչդեռ կան արվեստի տեսություններ, որոնք գրականությանն անարժան են համարում այն ամենն, ինչը չի վերաբերում բանվոր դասակարգին: Մեր օրհնված հասարակության մեջ պե՞տք է ի հայտ գա հակընդդեմ տեսություն: Դա մանրամասն վերլուծության համար կլիներ իսկապես հետաքրքիր, խորաթափանց եւ արժանի տեսություն:
1959
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
Դիտումներ: 129
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։