Ջրաշուշան
1911 թվականին Կահիրեի բուսաբանական այգում Մարտիրոս Սարյանը տեսավ լճակի վրա լողացող ծաղիկներ: «Հայելու պես հարթ ու թափանցիկ ջրի վրա նրանց սպիտակ բաժակները չափազանց գեղեցիկ էին: Նույնիսկ մտածեցի պոկել (գողանալ) մեկը նկարելու համար, բայց ինչպե՞ս անեի, որ չնկատեին: Մի օր էլ գողեգող մոտեցա լճակին, կռացա, ձեռքս մեկնեցի, որ գործս տեսնեմ՝ լսեցի ահարկու մի բացականչություն։ Պահակն էր: Անմիջապես ետ քաշվեցի ու շտապով դուրս եկա այգուց»,- հետագայում վերհիշել է նկարիչը:
Ոչ քարեղեն-լեռնացած բուրգերը, ոչ սֆինքսի առեղծվածային հայացքը, ոչ Նեղոսի հարատև հոսքը, ոչ շիկացած անապատն՝ իր միրաժային հորիզոնով, այլ փոքրիկ ծաղիկները, որ լողում էին ջրերի վրա, ինչպես վաղանցուկ պատրանք… Մնացյալը պիտի պատմություն դառնար, և միայն ծաղիկները պիտի մնային նկարչի անձկության շերտերում ու կտավի վրա:
* * *
-Ուզում եմ ջրաշուշան տեսնել:
-Հիմա դեռ շուտ է: Դրանք հուլիսի սկզբին են ծաղկում…
Հուլիսը եկավ: Ու մենք ճանապարհ ենք ընկնում դեպի Ջրաշուշանների լիճ: Զգացողությունները տարբեր են: Շատերի հետ ու շատ ճանապահներ եմ անցել, բայց առաջին դեպքն է, երբ գնում ենք ծաղիկ տեսնելու: Դուք երբևէ կտրե՞լ եք երկար ճանապարհ միայն այն բանի համար, որ ծաղիկ տեսնեք: Ախր հենց միայն այդ միտքն արդեն ծաղկի չափ սիրուն է: Եվ դու մենակ չես: Քեզ հետ էլի կան մարդիկ, որոնք պատրաստ են մի կողմ թողնել առտնին հոգսերը, հանապազ եռուզեռը, ժամանակի սղությունը, դյուրափոփոխ հույզերը և հասնել այնտեղ, որտեղ ծաղկում է ջրահարսի ծաղիկը, զննել նրան իր խաղաղ փթթումի ժամին, լինել նրա կողքին, շունչը՝ շնչին, աչքն՝ անաղարտության վրա:
* * *
Մայրուղուց ձախ ենք թեքվում, և սկսում է մի ոլորուն գիծ դեպի լճերը: Ճամփան անհարթ է, ընթացքը՝ դանդաղ: Գնում ենք:
Ու հանկարծ… Մեքենաներն արգելակում են: Բոլորը դուրս են նետվում: Դիմացը լիճն է՝ ծածկված դեղին ծաղիկների ու կանաչ թավիշի անձեռակերտ գորգով: Ագնեսը չի համբերում, հանում է կոշիկներն ու մտնում է ջուրը:
-Ես կարո՞ղ եմ գոնե շոշափել,- հարցնում է թախանձանքի նման: Թվում է՝ մեզ չի հարցնում, այլ նրան՝ ամենաեզրի այն դեղներանգ քնքշությանը, որն՝ իր գեղեցկությանն անիրազեկ, պարզապես կա, ինչպես որ կա ամեն ցանկալի բան, երբ մենք նրան շատ ենք մոտենում:
* * *
Մյուս լճակը փոքր-ինչ ներքև է, խճուղուց հեռու: Իջնում ենք մեքենաներից ու քայլում ենք անողորկ դաշտով: Գնում ենք այնքան, մինչև որ դարավանդը նահանջում է՝ բացելով իր կապտականաչ սիրտը: Եղեգնուտներից այն կողմ փռված ջրերը սպիտակ ջրաշուշանների տիրույթն են: Ծաղիկները ցրված են լճի հայելու վրա, ասես մոմակերտ պնակներ լինեն: Ճերմակ կատարելություն է՝ արարչագործության նախավկա ու անհերքելի փաստարկ: Անքթիթ ու վեհ, ինչպես բարձրաշխարիկ տիկնոջ հայացքը: Պատրաստ ես կանգնել ափին ու անվերջ նայել նրանց, ինչպես որ նրանք են քեզ նայում: Լճափին երկար ենք մնում: Մնում ենք՝ ոչինչ չանելով: Ուղղակի դիտում ենք: Մենք գտել ենք նրանց, և նրանք այս պահին մերն են՝ մեր հայեցումի բաժինը: Օրը թեքվում է: Վեր ենք կենում ու քայլում ենք ետ:
-Ինչ հետաքրքիր է: Դեպի լիճ գնալիս ճանապարհն ավելի կարճ թվաց, քան հիմա, երբ վերադառնում ենք:
Կարծես թե հակառակը պիտի լիներ: Բայց հակառակը չէր:
-Դա նրանից էր, որ գնալիս շտապում էինք,- բացատրություն է գտնում Անուշը: Անհամբերությունը ջնջում է տարածությունը: Մղումը զեղչում է դիմադրությունը: Խոստացված հանդիպումը բազմապատկում է ջանքը: Միշտ և ամենուր…
Հիացրու ինձ, դյութիր, զարմացրու, կախարդիր քո գեղեցկությամբ, խոստացիր, որ պիտի լինես անկրկնելի ու նրբին, մաքրենի ու եզակի: Դեպի քեզ բերող ճանապարհի վրա ուրիշ շատ ծաղիկներ էլ կհանդիպեն, նույնպես գունեղ ու սիրուն, կախարդիչ ու առինքնող: Բայց ես կընտրեմ դեպի քեզ եկող ուղին, որովհետև դու այն ես, ինչ ես ուզում էի: Դու ջրաշուշան ես:
* * *
Ասում են՝ Կլոդ Մոնեն փարիզամերձ Ժիվերնիում հիմնեց իր այգին՝ գողտրիկ մի լճակով և այդ լիճը ծածկեց ջրաշուշաններով: Աշխարհում պատերազմ էր: Երբեմն առանձնատան բաց պատուհանից լսվում էին ոչ հեռվում պայթող ռումբերի որոտները: Բայց նա շարունակում էր ջրաշուշաններ նկարել օրվա բոլոր ժամերին: Մոնեն ջրաշուշաններ պատկերող 250 կտավ ստեղծեց: Մոնեն այդպես էր իր կռիվը տալիս արհավիրքի դեմ: Եվ նա հաղթեց:
Մոնեից հետո եկավ նրա հայրենակիցը՝ երեսառած միստիֆիկատոր Բորիս Վիանը, որը սառը ջուր լցրեց ծերուկ նկարչի տաք վրձնահարվածների վրա՝ իր գրքում ջրաշուշանը հռչակելով իբրև չարի ծաղիկ ու թոքերում բնակվող ախտ: Մոնեի երանգներն ու Վիանի էջերը շարունակում են ապրել մեզ հետ իբրև երկու անժխտելի բևեռներ, երկու իրեղեն ճշմարտություններ: Մնացյալը որոշում ենք մենք, թե որ կողմը պիտի թեքվենք:
* * *
Առավոտյան ժամը 6-ին Արմանն ինձ արթնացնում է.
-Գնալու ժամանակն է:
Մենք վերցնում ենք ձկնորսական պարագաներն ու դուրս ենք գալիս: Քայլում ենք դեպի դիմացի անտառակը: Բարձր խոտերի վրա լուսաբացի ցողն է: Իսկ ծառերից այն կողմ լճակն է: Օրվա առաջին լույսը՝ ծառերի, լռության և ջրերի մեջ: Ջրաշուշանները դեռ փակ են: Նոր պիտի արթնանան: Նետում ենք կարթերը, անշարժանում ենք ափի քարերի վրա ու սպասում ենք:
Արեգակը բարձրանում է, օդը ջերմանում է: Եվ ջրաշուշանները սկսում են մեկը մյուսի ետից բացվել: Էլի մի փոքր ու լիճը լցվում է քնատ ծաղիկների զարթոնքի ժպիտով, տաքացած թերթերն ազատվում են կաշկանդումից, գույնը խտանում է, կենդանանում են տերևները՝ հարթ, կանաչ տերևներն, իբրև սկուտեղներ, որոնց վրա պիտի մատուցվի լուսաբացի արբեցման թուրմը: Եվ ի՞նչ է պետք այդ ամենի համար: Ընդամենը սպասում ու ջերմություն:
-Տես, ինչ շքեղ է:
Ես տեսնում եմ: Ուրեմն կամ:
* * *
Տարիներ առաջ հնագետները գտան մի եզակի ոսկեդրամ: Դրամի վրա Կիլիկիո արքա Լևոն Առաջինն էր՝ գահին բազմած, ձախ ձեռքին՝ ջրաշուշան, իսկ աջին՝ խաչ: Ինչպիսի արքայավայել ընտրություն…
* * *
Հեշտ է ծաղկել, երբ արմատներդ խրված են ամուր հողի մեջ: Իսկ դու կարո՞ղ ես ծաղիկ դառնալ այնտեղ, որտեղ ամեն բան տատանվում ու հոսում է: Կարո՞ղ ես ծաղկել ջրերի վրա: Տես, նա կարողացել է:
Եթե դու ցանկանաս ծաղկել, եթե դու շատ-շատ ցանկանաս ծաղկել, ապա մի օր քո թերթերն էլ կբացվեն, ինչպես ջրաշուշան:
Եվ դա կլինի գեղեցիկ: Անսահման գեղեցիկ: Արևածագից մինչև մայրամուտ:
Հովիկ Չարխչյան
Դիտումներ: 312
Մեկնաբանություններ
Դեռ մեկնաբանություններ չկան։