Խորհրդածում է Ռայնիսը

10:57 26.11.2026 · Գրական · Աշոտ Գրիգորյան
Կիսվել:

1865 թ․ Դաուգավա գետի մերձակա Վարսլավանի ագարակում ծնված Յանիս Պլիեկշանսի (գրական կեղծանունը՝ Ռայնիս) ստեղծագործությունն ահռելի նշանակություն է ունեցել լատվիական գրականության զարգացման և ազգային գիտակցության զարթոնքի համար․ այն ճանաչվել է երկրի մշակութային կանոնի բաղկացուցիչ մասը։ Հալածյալ ժողովրդական բանաստեղծի երկերը խորը ազդեցություն են ունեցել լատվիական գրական լեզվի վրա, իսկ նրա այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսին են «Կրակ և գիշեր» (1905) խորհրդապաշտական դրաման կամ «Փչիր, հովիկ» (1913) պիեսը, կարդացել ու սիրել են նաև օտար ընթերցողները։

Կարելի է ասել, որ Ռայնիսը ոչ միայն հայրենի մշակույթի կրողն էր, այլև առանցքային անձանցից մեկը, ով մարմնավորում էր այն։ Իր իսկ՝ Ռայնիսի բնորոշմամբ՝ «բանաստեղծը որպես իր անձնականը, արտահայտում է այն թաքուն, նուրբ զգացմունքները, որոնց մասին մարդիկ ամաչում են հայտնել միմյանց և նույնիսկ իրենք իրենց։ Բանաստեղծն արդարացնում է նրանց․ այնուամենայնիվ, կյանքում կա գեղեցկություն ու բարություն»։ Նա վստահ էր, որ նոր ժամանակների պոեզիան պետք է վեր հառնի, հասնի փիլիսոփայությանը ու կյանքում նշանակալի ուժ դառնա։ Ինչ-որ իմաստով դա նրան հաջողվեց․ մասնագետները (Ս․ Վիեսե, Կ․ Գրիգորյան և այլք) նշել են, որ նրա «լակոնիկ, պարզ ու աշխույժ ոճը» զուգադրում է ցնցող մարդկային նրբազգացությունը և փիլիսոփայական աշխարհընկալումը։ Արժեքավոր ու բնութագրական են Ռայնիսի մտորումներն ապրած դժվարին կյանքի, բանաստեղծի նախասահմանման, ժամանակի մշակութային ու քաղաքական անցուդարձի վերաբերյալ։ Երբեմն տուրք տալով խորհրդապաշտությանը՝ նա միաժամանակ սերտորեն կապված է մնացել ժողովրդական բանահյուսությանը ու մերձավոր եվրոպական երկրների գրական ավանդույթներին։ Ռայնիսի կարևորագույն կողմնորոշիչներից էր Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ստեղծագործությունը․ 1897 թ․ ավարտելով «Ֆաուստի» թարգմանությունը, դրանով իսկ Ռայնիսը հարստացրեց լատվիերեն լեզուն և ձևավորեց իր սեփական պիեսներին հատուկ փիլիսոփայական մոտեցումները։ Ռայնիսի վերջին շրջանի բանաստեղծական ժողովածուների կառուցվածքի վրա խորապես ազդել է հեգելյան դիալեկտիկան։

Գերմանացի ռոմանտիկներ Ֆրիդրիխ Շիլլերի և Հայնրիխ Հայնեի արծարծած ազատության, ապստամբության և քնարական հեգնանքի գաղափարները ևս արտացոլվել են Ռայնիսի վաղ և հեղափոխական պոեզիայում։

Լատվիական ազգային զարթոնքի ներկայացուցիչներ Աուսեկլիսի և Անդրեյս Պումպուրսի միջոցով նա խորապես հետաքրքրվել է լատվիական բանահյուսությամբ․ Պումպուրսի «Լաչպլեսիս» էպիկական պոեմը դարձավ Ռայնիսի «Կրակ և գիշերի» անմիջական աղբյուրը։

Ռայնիսի կինը՝ լատվիացի նշանավոր բանաստեղծուհի և դրամատուրգ Ասպազիան (Էլզա Ռոզենբերգա) ևս հսկայական ստեղծագործական և գաղափարական ազդեցություն է ունեցել նրա վրա. նրանք միասին թարգմանել են համաշխարհային դասականներին, խմբագրել միմյանց ստեղծագործությունները և հաստատել երկարատև ստեղծագործական երկխոսություն։

Թարգմանելով Շեքսպիրի, Իբսենի, Բայրոնի, Պուշկինի, Հաուպտմանի երկերը՝ Ռայնիսը զարգացրել է սեփական դրամատիկական մեթոդը՝ պատմական կամ դիցաբանական սյուժեները համատեղելով ժամանակակից հոգեբանական և սոցիալական կոնֆլիկտների հետ։

Ռայնիսի աշխարհընկալման հիմքում աշխատանքն է, որը նրա և շատ ուրիշների կարծիքով երջանկացնում է մարդուն։ Իսկ ամեն ինչ շարժման մեջ դնողը, առաջ մղողը արևն է, սա է բանաստեղծի հավատամքը․ «Արևը շարժում է ամեն ինչ, վերափոխում է ամեն ինչ, ոչնչացնում է ամենաուժեղին, զորացնում է ամենաթույլին»։ Այդուհանդերձ, Ռայնիսի կարծիքով՝ մարդը պետք է ձգտի ոչ թե երջանկության, այլ վեհության, իսկ ուժեղ մարդու նպատակը պիտի լինի մեծությունը։ Մարդը չպետք է հավերժ տառապի․ «Մենք երկիրը կարող ենք այնպես կարգի բերել, ինչպես մեր տունը։ Բայց դա ինքներս պիտի անենք։ Իսկ զենքը՝ ոգին է»։ Նույն կերպ՝ «ցանկացած պայքար հաղթանակ կարձանագրի միայն այն ժամանակ, երբ հույսդ դնում ես ոչ թե բարեկամների վրա, այլ ինքդ ես այդ պայքարը մղում»։

Ռայնիսի բանաստեղծություններում արտահայտված պայքարի մղումը, հեղափոխական տրամադրությունը, իհարկե, որոշակիորեն կրում են ռոմանտիզմի, ինչպես նաև ժամանակաշրջանի (հատկապես 1905 թ․ հեղափոխական իրադարձությունների) կնիքը։ Ազատության, ընկերային արդարության հարցերում Ռայնիսն անզիջում է, նրա բանաստեղծությունների վերնագրերն ինքնին խոսուն են՝ «Մայրն ուղեկցում է վրիժառուին», «Մարտում սպանվածի հոգին», «Դեպ վճռական մարտ»․․․ Առանց ըմբոստ պայքարի կամ ստեղծագործական ոգեշնչման նրա համար ամեն ինչ ունայն է դառնում․

 

Երազային հիասքանչ իդեալները,

Կապվածությունը, սերը և հին սկզբունքները—

Ամենը փոշիացել է, ինչպես ցորենը՝

Գորշ առօրյայի ջրաղացի մեջ։

 

1897-ին՝ որպես «Նոր հոսանք» հեղափոխական կազմակերպության անդամ՝ Ռայնիսը ձերբակալվել է և աքսորվել նախ՝ Պսկով, ապա՝ Վյատկայի նահանգ։ Դրանից հետո ավելի քան 14 տարի կնոջ՝ Ասպազիայի հետ անցկացրել է շվեյցարական Լուգանոյի գեղատեսիլ Կաստանյոլա թաղամասում։

Որևէ անհատի, առավել ևս բանաստեղծի բնորոշող կարևորագույն հատկություններից է խիղճն ու կարեկցանքը։ Ռայնիսը քանիցս մեծ ու առանձնահատուկ համերաշխությամբ ու համակրանքով է արտահայտվել ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր անկյուններում ապաստանած արևմտահայ գաղթականների մասին։ Աքսորյալի կարգավիճակում Կաստանյոլայում անցկացրած տարիները 1928 թ․ համանուն հուշագրությունում նա անվանել է «ամեն դեպքում երջանիկ», ու միանգամից հիշել, թե որքան ավելի դժվար է հալածական հայերի կյանքը․ «Հայերը տարագրության մեծ գիտակներ են, հիմա իսկ հայ ժողովուրդը հայրենիք չունի, հիմա իսկ նա տարագրյալ ժողովուրդ է»։ Ցավոք, նրա այս ստեղծագործությունը դեռևս հայերեն չի թարգմանվել։ Իսկ որքան խորաթափանց են հայերին նվիրված նրա ծավալուն հոդվածի հետևյալ տողերը․ «Հայաստանի մեծագույն դժբախտությունների պատճառն այն է, որ նա դարպասապահ է Ասիայի ու Եվրոպայի ժողովուրդների միջև, տրանզիտային մի երկիր, որի վրայով իրար հետևից անցնում են ժողովուրդներ, իսկ հայերն ուզում են մնալ ինքնուրույն ժողովուրդ իրենց լեզվով ու հոգով, չեն ուզում իրենց դարպասի բանալին տալ ուրիշի, ուզում են լինել ոչ թե անցուղի, այլ գիտակից միջնորդ»։

Բանաստեղծի խոստովանությամբ՝ իր տարագրությունը մեղմացրել են պոեզիան ու ոգեշնչող բնությունը։ Միայն 1920-ին է նա հնարավորություն ստացել վերադառնալ անկախացած Լատվիա։ Հայրենակիցները ջերմ ընդունելության են արժանացրել նրան և Ասպազիային, Ռայնիսն ընտրվել է երկրի խորհրդարանի անդամ, ապա պաշտոնավարել որպես կրթության նախարար։ Իր իսկ բառերով՝ նա քաղաքականությամբ է զբաղվել որպես բանաստեղծ․ «Մեր գաղափարը՝ փոխել, ստեղծել նոր խառնվածք ու ժողովուրդ, բանաստեղծական ու մարդկային գաղափար է»։ Իր ժամանակի լատվիացիներին համարելով ապագայի ժողովուրդ՝ բանաստեղծը նշել է, որ նրան կարող են վերափոխել Իբսենն ու Բյոռնսոնը։ Ռայնիսի իդեալն ապագայի ժողովուրդն է, որը կազմող անհատները կրթված են  ու մասնակցում են հանրային գործունեությանը՝ պասիվ բարությանը հակադրելով ակտիվ գործողությունը։ Մեկ այլ տեղում՝ խորհելով ապագայի մասին, նա գրել է․ «Ոգին հաղթահարում է ամեն մի ֆիզիկական կամ մեխանիկական իշխանություն, ու անպատկերացնելի է, որ երբևէ այլ կերպ կլինի։ Այլապես ոչ մի մշակույթ, ոչ մի առաջընթաց հնարավոր չեն լինի։ Եվ ապրելը կկորցնի իր իմաստը»։ Ինչ խոսք, Ռայնիսը երբեմն հանդես է եկել որպես իդեալիստ, տոգորվել ազնիվ ու բարձր, իսկ որոշ դեպքերում՝ դժվար իրագործելի գաղափարներով, բայց մեծ հաշվով կարելի է համաձայնել Կամսար Գրիգորյանի այն եզրակացության հետ, թե նա երիտասարդ հասակում իսկ «տուրք չի տվել նաիվ պատկերացումներին, չի տարվել իլյուզիաներով»։

Պոեզիան Ռայնիսը համեմատել է գոյություն ունեցող ամեն ինչին կյանք տվող արևի, խորհրդածությունը՝ ամեն բան հանդարտորեն կարգավորող լուսնի, իսկ աֆորիզմը՝ ամեն բան լուսավորող կայծակի հետ։ Տասնամյակներ շարունակ նա մտահղացել ու գրի է առել աֆորիզմներ․ դրանցում վեր է հառնում Ոգեղեն անհատը, հանուն հայրենիքի ազատության աննկուն մարտիկն ու գաղափարական առաջնորդը․ «Ճանաչել մարդկանց՝ նշանակում է ամեն ինչ ներել, իմանալ ինքդ քեզ՝ նշանակում է ոչինչ չներել»։ Բանաստեղծը վստահ էր, որ հաղթում է ոգին, ոչ թե զենքը․ «Դոնաթելլոյի Դավիթը Գողիաթի դեմ է ուղղվում անզեն ձեռքերով»։

1911-ին, երբ Ռայնիսի երիտասարդությունն այլևս անցյալում էր, նա եզրակացրել է, որ տարիների ընթացքում կյանքն աստիճանաբար անէանում է, մնում է արվեստը, սակայն հավերժության մեջ անհետանում է և արվեստը, իսկ վերջում՝ անդորրն է։ Ըստ բանաստեղծի՝ ծիծաղելի է, երբ երիտասարդներն ասում են. «Աշխարհն ինձ է պատկանում», և գարշելի է, երբ դա ասում է ավագ սերունդը․ «Մինչդեռ աշխարհը կերակրում է բոլոր սերունդներին ու ոչ մեկին չի մնում, ամենին օգտագործում է ու ավելի կատարյալ դառնում»։

Առաջին համաշխարհային պատերազմի ահարկու ժամանակներում Ռայնիսն անհողդողդ էր․ «Լսում եմ, թե ինչպես են վկայակոչում Աստծո պատիժը, սակայն Աստված միայն այնժամ է պատժում, երբ գտնում է իր պատիժը կատարել պատրաստ մարդուն»։ Շուրջ երկու տարի անց նա հավելել է, որ թե՛ մարդը, թե՛ ժողովուրդը ոչինչ չեն կարող կորցնել՝ բացի իրենց ինքնությունից, ասել է թե՝ իմաստից։

Չնայած իր  ժողովրդականությանն ու համընդհանուր ճանաչմանը՝ Ռայնիսի կյանքի վերջին տարիներն էլ հեշտ չեն անցել։ Լատվիայի համալսարանը մերժել է գրողների ընկերակցության ու հրատարակիչների հայտը՝ բանաստեղծին ներկայացնելու գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի։ 1925 թ․ նա առաջադրվել է Լատվիայի նախագահի պաշտոնում և առաջին փուլում ստացել առավելագույն թվով  ձայներ, սակայն սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունը հետ է կանչել նրա թեկնածությունը։ Վատացել էին հարաբերությունները ոչ միայն կուսակիցների, այլև կնոջ հետ։ Իր վերջին ծննդյան օրը նա անցկացրել է միայնության մեջ՝ աշնանային Յուրմալայում, երբ հանգստացողներն արդեն լքել էին այն։ Հենց տարեդարձի օրը՝ երեկոյան, ծովափին շրջելիս կորցրել է գիտակցությունը, հետո ուշքի գալով հազիվհազ հասել տուն։

Հեռախոսը չէր աշխատում, Ռայնիսին այդպես էլ ոչ ոք չի շնորհավորել։ «Չէ՞ որ ընդամենը չորս տարի առաջ այս օրը ամբողջ Լատվիան նրան օծեց ծաղիկներով, գնահատանքի խոսքերով, նվերներով, նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերով, ուժասպառ արեց ձեռքսեղմումներով և ելույթներով: Եվ ոչ միայն Լատվիան... ․․․«Մոլորակի վրա ոչ մի կենդանի հոգի իմ կարիքը չունի՞: Լա՛վ: Ի՜նչ լավ է: Վերջապե՛ս: Ես ոչ մեկին ոչինչ պարտական ​​չեմ և ոչ էլ ինձ են պարտական»»,-գրել է բանաստեղծի կենսագիր Ռոալդ Դոբրովենսկին։

Հաջորդ օրը Ռայնիսը շնչարգելություն է ունենում, իսկ երբ վերջապես տեղ է հասնում բժիշկը, որի ազգանունը բախտի հեգնանքով Ֆաուստ էր, ամեն ինչ ավարտված էր․․․ Թե ինչ է մտածել Ռայնիսն իր կյանքի վերջին ակնթարթներին, մենք չգիտենք, բայց նա հազիվ թե իր հանրահայտ բանաստեղծության քնարական հերոսի պես կարող էր մահվանից առաջ եզրակացնել, թե «գործ ու հոգսեր ապարդյուն անցան»։ Ի վերջո, ժամանակն էլ հակառակն ապացուցեց։

 

Աշոտ Գրիգորյան

Դիտումներ: 182

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։