Կուզիկ Դավուդը

13:24 09.06.2026 · Գրական · Սադեղ Հեդայաթ
Կիսվել:

«Չէ՛, չէ՛, ես երբեք այդ բանի հետևից չեմ գնա։ Պետք է լրիվ հրաժարվել։ Ուրիշներին ուրախություն է պատճառում, բայց ինձ համար լի է ցավով ու տանջանքով։ Երբե՛ք, երբե՛ք…»։ Դավուդը, քթի տակ մրմնջալով, դեղին կարճ ձեռնափայտը գետնին խփելով դժվարությամբ քայլում էր, ու թվում էր, թե հավասարակշռությունը հազիվ է պահում։ Նրա խոշոր դեմքը ուռած, կրծոսկրի վրա՝ փոս էր ընկած նեղ ուսերի միջև։ Դիմացից չոր ու կոպիտ տպավորություն էր թողնում․ բարակ ու իրար սեղմված շուրթեր, աղեղնաձև բարակ հոնքեր, կախ ընկած թարթիչներ, դեղնած գույն, ոսկրոտ դուրս ցցված այտոսկրեր։ Հեռվից նրան նայելիս՝ վեր բարձրացրած մեջքը, բարակ սպիտակ բաճկոնակը, անհամապատասխան երկար ձեռքերը, գլխին հուպ տված լայն գլխարկը, ընդունած լուրջ կերպարանքն ու դժվարությամբ գետնին խփող ձեռնափայտը նրան ավելի ծիծաղելի էր դարձնում։

 

Նա Փահլավի փողոցից մտել էր քաղաքից դուրս գտնվող փողոցն ու քայլում էր դեպի Դարվազե Դովլաթ։ Մի քիչ շոգ երեկո էր։ Ձախ կողմում՝ երեկոյի մարող լույսի մեջ կավե ու աղյուսե պատեր էին լռության ներքո գետնին բարձրացել։ Աջ կողմում՝ նոր լցրած փոս ու երկար խանդակն էր, որի եզերքին իրարից կարճ տարածությամբ աղյուսաշեն կիսավարտ տներ էին երևում։ Այստեղ համեմատաբար լուռ վայր էր, որտեղից երբեմն  մեքենա կամ կառք էր անցնում, ու թեև փողոցը ջրած էր, բայց դրանով հանդերձ՝ չնչին փոշի էր բարձրացնում։ Փողոցի երկու կողմում, առուների եզրին նոր տունկեր էին դրել։

 

Նա մտածում ու տեսնում էր, որ վաղ մանկությունից մինչև այժմ միշտ օտարների ծաղրի առարկա է եղել։ Հիշեց, որ առաջին անգամ, երբ պատմության ուսուցիչն ասաց՝ Սպարտայի բնակիչները սպանում էին տձև ու խեղանդամ մանուկներին, աշակերտները շրջվեցին ու իրեն նայեցին, ինչից ինքը տարօրինակ տրամադրությամբ համակվեց։ Բայց հիմա ցանկանում էր, որ ամբողջ աշխարհում կիրառվի այդ օրենքը, կամ՝ գոնե շատ տեղերի օրինակով արգելեն խեղանդամ անձանց ամուսնությունը, որովհետև գիտեր, որ այդ ամենն իր հոր մեղքն է։ Աչքի առջևով անցավ հոր մահանալիս՝ գունատ դեմքը, ոսկրոտ այտերը, փոս ընկած ու կապտուկներով պատած աչքի խոռոչներն ու կիսաբաց բերանը։ Ցավագար, ծեր հայրը երիտասարդ կին էր առել, ու բոլոր զավակները կույր ու անդամալույծ էին ծնվել։ Եղբայրներից մեկն էլ, որ առողջ էր մնացել, համր ու խելապակաս էր։ Երկու տարի առաջ մեռավ։ Ինքն իրեն ասում էր․ «Գուցե բախտավոր էին նրանք»։

 

Բայց նա ողջ էր մնացել՝ ինքն իրենից ու օտարներից բեզարած, ու բոլորն էլ իրենից փախչում էին։ Եվ նա, մասամբ ,սովորել էր առանձնակի կյանքով ապրելուն։ Փոքր տարիքից դպրոցում անմասն էր մնացել մարզանքից, կատակներից, վազվզելուց, գնդակախաղից, իծաշարուկ, բռնոցի խաղալուց ու բոլոր այն բաներից, որոնցով հասակակիցներն իրենց երջանիկ էին զգում։ Խաղերի պահին դպրոցի բակի անկյունում կուչ էր գալիս, գիրքը պահում դեմքի առաջ ու գրքի հետևից թաքուն հետևում էր երեխաներին, բայց երբեմն էլ լրջորեն աշխատում էր և ուզում գոնե լավ սովորելով մյուսներից առաջ լինել։ Օր ու գիշեր աշխատում էր, այդ պատճառով էլ մի երկու ծույլ աշակերտ ջերմացել էին իր հետ, որպեսզի նրա վճռած մաթեմատիկայի խնդիրներն ու հանձնարարություններն  արտագրեն։ Բայց ինքը գիտեր, որ նրանց ընկերությունը շինծու է՝ շահագործման միտումով, այն պարագայում, երբ տեսնում էր, որ աշակերտների մեծ մասը ջանում էր ընկերանալ Հասան խանի հետ, որ գեղեցիկ ու բարեկազմ էր ու լավ հագուստներ էր հագնում։ Ուսուցիչներից մեկ-երկուսն էին, որ իր վիճակը տեսնելով ուշադրություն էին դարձնում իրեն, այն էլ՝ ոչ թե իր ջանասիրության պատճառով, այլ ուղղակի խղճում էին։ Այնպես ստացվեց, որ հետագայում կրած բոլոր տանջանքներով ու նեղություններով հանդերձ չկարողացավ գործն ավարտել։

 

Այժմ դատարկաձեռն էր մնացել, ու բոլորը փախչում էին նրանից։ Ընկերներն ամաչում էին նրա հետ քայլել։ Կանայք ասում էին՝ «Կուզիկի՛ն տես», ինչը նրան ավելի էր ափերից հանում։ Քանի տարի առաջ երկու անգամ աղջկա ձեռք էր խնդրել, ու երկու անգամն էլ կանայք ծաղրել էին նրան։ Ի դեպ՝ նրանցից մեկը՝ Զիբանդեն, հենց այս մոտակայքում ՝ Ֆիշերաբադում էր ապրում։ Քանի անգամ միմյանց հանդիպել էին, նույնիսկ նրա հետ զրույցի էր բռնվել։ Երեկոները, երբ դպրոցից վերադառնում էր, այստեղ էր գալիս, որ նրան տեսնի։ Միայն հիշում էր, որ նրա շրթունքի պռնկին խալ կար։ Հետո, երբ մորաքրոջը խնամախոս ուղարկեց, նույն աղջիկը նրան ծաղրել ու ասել էր․ «Մի՞թե մարդու սով է, որ կուզիկի կին դառնամ»։ Որքան էլ  հայրն ու մայրը  նրան ծեծել էին, չէր ընդունել ու ասել էր․ «Մի՞թե մարդու սով է»։ Բայց Դավուդը դեռ սիրում էր նրան, և դա նրա երիտասարդության ամենալավ հիշողությունն էր։ Հիմա էլ դիտավորյալ կամ ակամա քայլերը հաճախ այստեղ էին բերում նրան, և անցյալի հուշերը թարմանում էին։ Նա ամեն ինչից հիասթափված էր։ Մեծ մասամբ մենակ էր պտույտի գնում ու բազմությունից հեռու էր պահում իրեն։ Որովհետև ով որ ծիծաղում կամ ընկերոջ հետ կամացուկ զրուցում էր, նա մտածում էր, թե իր մասին են խոսում ու ձեռք առնում: Բաց-սրճագույն աչքերով ու դժվարաշարժ վիճակով վիզն ու մարմնի կեսը շրջում էր, աչքի տակով հեգնանքով նայում ու հեռանում էր։ Ճամփին ամբողջ ուշադրությունը սևեռում էր օտարների վրա, դեմքի բոլոր մկանները ձգվում էին և ցանկանում որսալ օտարների կարծիքն իր մասին։

 

Առվի եզերքով հանդարտ անցնում ու երբեմն ձեռնափայտի ծայրով ճեղքում էր ջուրը։ Նրա մտքերն այլայլված էին։ Երկար սպիտակ մազերով մի շուն տեսավ… Ձեռնափայտը քարին դիպչելու ձայնից գլուխը բարձրացրեց ու նայեց նրան։ Հիվանդ կամ մահամերձ էր թվում, չկարողացավ տեղից շարժվել, ու նորից գլուխը գետնին ընկավ։ Նա դժվարությամբ կռացավ։ Լուսնի լույսի տակ նրանց հայացքներն իրար հանդիպեցին։ Տարօրինակ մտքեր ծագեցին նրա մոտ։ Զգաց, որ դա առաջին պարզ ու շիտակ նայվածքն էր՝ ուղղված իրեն, որ իրենք երկուսն էլ դժբախտ են ու թափոնի՝ դեն նետված ավելորդության պես մարդկային հասարակությունից վռնդվածներ։ Ցանկանում էր նստել այդ շան կողքին ու գրկել նրան, որն իր դժբախտությունները քարշ էր տվել քաղաքից դուրս ու մարդկանց աչքերից թաքցրել, նրա գլուխը սեղմել իր ուռած կրծքին։ Բայց հանկարծ մտածեց, որ եթե մեկն այդտեղով անցներ ու տեսներ իրեն, ավելի կծաղրեր… Ուշ երեկո էր։ Յուսեֆաբադի դարպասի մոտով անցավ, նայեց լուսնի փայլատակող բոլորակին, որն այս վաղ գիշերային անդորրի մեջ տխրամած ու սրտառուչ կերպով բարձրանում էր երկնքի փեշից։ Նայեց կիսավարտ տներին, իրար վրա թափված աղյուսների կույտերին, քաղաքի քնկոտ հեռանկարին, ծառերին, տների թիթեղյա տանիքներին, կապտավուն լեռանը։ Աչքերի առջևով անցնում էին իրար խառնված մոխրագույն վարագույրներ։ Հեռվում ու մոտակայքում ոչ ոք չէր երևում։ Խանդակի մյուս կողմից լսվում էր «Աբու Աթա» երգի հեռու ու խուլ ձայնը։ Գլուխը դժվարությամբ բարձրացրեց։ Հոգնած էր, տխրությամբ լցված ու այրվող աչքերով։ Ասես գլուխը մարմնի վրա ծանրություն էր անում։ Դավուդը ձեռնափայտը թողեց առվի կողքին, վրայով անցավ ու ինքնաբերաբար գնաց ու նստեց ճամփի կողքի քարերին։ Հանկարծ նկատեց, որ ծածկոցավոր մի կին է նստած առվի եզրին՝ իրենից ոչ հեռու։ Սրտի բաբախյունն ուժգնացավ։ Կինը դեմքը նրա կողմ շրջեց ու առանց նախաբանի՝ ժպտալով ասաց․ «Հուշա՛նգ, ո՞ւր էիր մինչև հիմա»։

Դավուդն այդ կնոջ պարզ խոսելաձևից զարմացավ, թե ինչպե՞ս է, որ նրան տեսնելով չշփոթվեց։ Ոնց-որ աշխարհը իրեն տված լինեին։ Հարց տալուց երևում  էր, որ զրուցելու տրամադրություն ունի, բայց գիշերվա այդ ժամին, այս վայրում ի՞նչ է անում։ Արդյո՞ք առաքինի է։ Միգուցե սիրահար է։ Ամեն դեպքում վախը մի կողմ դրեց ու ինքն իրեն ասաց․ «Ինչ լինում է, թող լինի, գոնե մի զրուցակից գտա, միգուցե դա՛ ինձ մխիթարի»։ Կարծես թե իր լեզվին չէր տիրապետում, ասաց. «Տիկի՛ն, Դուք մենա՞կ եք։ Ես էլ մենակ եմ։ Միշտ մենակ եմ, ամբողջ կյանքում մենակ եմ եղել»։

 

Խոսքը դեռ չէր ավարտել, երբ սև ակնոցով կինը դեմքը շրջեց և ասաց․ «Իսկ Դուք ո՞վ եք։ Ես մտածեցի Հուշանգն է։ Երբ նա գալիս է, ուզում է ինձ հետ կատակել»։

 

Դավուդը այդ վերջին խոսքից շատ բան չհասկացավ և կնոջ խոսքի իմաստը չկռահեց։ Բայց նման բանի չէր սպասում։ Երկար ժամանակ էր ոչ մի կին իր հետ չէր խոսել։ Նկատեց, որ այդ կինը գեղեցիկ է։ Սառը քրտինք էր սահում մարմնի վրայից, դժվարությամբ ասաց․ «Չէ՛, տիկի՛ն, ես Հուշանգը չեմ։ Իմ անունը Դավուդ է»։

Կինը ժպտալով պատասխանեց․ «Ես հո Ձեզ չե՛մ տեսնում ,աչքերս ցավում են, հա՜, Դավո՜ւդը, կուզիկ Դավո՜ւդը (շրթունքը կծեց) զգում էի, որ ծանոթ ձայն է, ես էլ Զիբանդեն եմ, ինձ ճանաչեցի՞ք»։

 

Նրա ոլորուն մազափունջը, որ ծածկել էր դեմքի կեսը, շարժվեց։ Դավուդը նրա շրթունքի սև խալը նկատեց։ Կրծքից մինչև կոկորդը սուր ծակոց զգաց, ճակատից քրտինքի կաթիլներ հոսեցին, շուրջը նայեց, ոչ ոք չկար։ «Աբու Աթա» երգի ձայնը մոտեցել էր, սիրտը բաբախում էր, այնքան ուժգին, որ շունչը դուրս չէր գալիս։ Առանց մի բառ ասելու՝ ամբողջ մարմնով դողալով տեղից վեր կացավ, փղձկոցը խեղդում էր կոկորդը, ձեռնափայտը վերցրեց, եկած ճամփով ծանրաքայլ, ընկնելով ու ելնելով վերադարձավ ու խռպոտ ձայնով քթի տակ ինքն իրեն մրմրջանց․ «Սա Զիբանդեն էր, ինձ չէր տեսնում… Միգուցե Հուշանգը նրա նշանածը կամ ամուսինն է եղել… Ո՞վ իմանա, Չէ՛… Երբե՛ք… Պետք է ընդմիշտ հրաժարվել… Չէ՛, ես այլևս չեմ կարող…»:

  

 

Թարգմանությունը պարսկերենից՝  Անի Հովսեփյանի

 

1. Իծաշարուկ – այժմ զավեշտով կոչվում է «էշ միլիցա»։

2. Աբու Աթա – իրանական ավանդական երաժշտական ժանրերից մեկը։

Դիտումներ: 332

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։