Կյանքը շարունակվում է մահից հետո

Կիսվել:

Տասը տարի առաջ կյանքից հեռացավ Աբբաս Քիառոստամին

 

Նա 77 տարեկան էր. պատկառելի տարիք, բայց նայելով այդ ուժեղ, գեղեցիկ տղամարդուն՝ բնավ չէիր մտածում ծերության մասին։ Կարող եմ դա վկայել՝ քանի որ երկու տարի առաջ շփվել եմ նրա հետ Անթալիայի կայացած փառատոնում։ Մենք միասին էքսկուրսիայի գնացինք, և նա բոլոր երիտասարդներից առաջ մագլցում էր   անտիկ ավերակների բարձրաբերձ քարերը։ Իսկ մինչև այդ հանդիպել էինք Կաննում, որտեղ նա ցուցադրեց «Իսկական կրկնօրինակ» ֆիլմը Ժյուլիետ Բինոշի հետ՝ Իրանի սահմաններից դուրս նկարահանված առաջին ֆիլմը։

Երկար ժամանակ Քիառոստամին իրանական կինոյի պաշտոնական հպարտությունն ու դեսպանն էր աշխարհում։ Եվ ահա նա հայտարարում է, որ այլևս չի նկարահանելու հայրենիքում։ Այդ իրադարձությունը կարելի է համարել երեք տասնամյակ շարունակված «իրանական հրաշքի»՝ իրանական մեծ կինոյի առասպելի ավարտը։ Դրա ակունքները հասնում են 1979 թվականի Իսլամական հեղափոխությանը, երբ Իրանում կազմալուծվեց կոմերցիոն, «բուրժուական կինոյի» հին համակարգը, և ի հայտ եկան նոր ռեժիսորներ՝ նախ և առաջ Աբբաս Քիառոստամին և Մոհսեն Մախմալբաֆը։

Տասնյակ միջազգային մրցանակներ նվաճած նրանց ֆիլմերը համշախարհային  քննադատական միտքը որակեց որպես «լավատեսական քարոզչություն», բայց առանց քարոզչությանը բնորոշ ապուշության։ Նրանց անվանում էին իրանական կինոյի պոետներ՝ մեր ժամանակների Ֆիրդուսի և Խայամ։ Իրանական կինոն զբաղեցրեց նախկինում խորհրդային հալոցքի շրջանի կինոյի տեղը։ Քիառոստամիի գլխավոր թեմաներն են երեխաները, բնությունը և հոգևոր որոնումները։ Ինչպես նաև «կինոն կինոյում»՝ մտորումներ իրականության երկվության և դրա արտացոլումների խաբուսիկության մասին:

Քիառոստամին նկարահանել է բազմաթիվ կրթա-դաստիարակչական ֆիլմեր։ Այդ պատվիրված աշխատանքներում դիդակտիկան դարձել է գեղարվեստական ​​միջոց։ Սակայն, ստեղծագործող լինելով, նա ինչ-որ մի պահի անխուսափելիորեն բախվեց ռեժիմին։ Այդպես է եղել կինեմատոգրաֆի պատմության բոլոր ժամանակներում, որոնք համընկել են տոտալիտարիզմի դարաշրջանի հետ. հիշենք, օրինակ, Էյզենշտեյնին։

1992 թվականին Քիառոստամին Կաննում արժանացավ Ռոբերտո Ռոսելինիի հիշատակի մրցանակին՝ ռեժիսոր, որը նրան օրինակ է ծառայել և որի հետ նրան հաճախ էին համեմատում։ Իսկ երկու տարի անց նույն այդ Կաննում նա սրտի կաթված ստացավ, երբ «Ձիթապտուղների միջով» ֆիլմը (Քիառոստամիի մեծագույն գլուխգործոցներից մեկը) քննադատների կողմից ճանաչվեց լավագույնը մրցույթում, իսկ ժյուրին անտեսեց այն։ Ռեժիսորն ընկավ հենց Կրուազեթի փառատոնային դահլիճում և միայն Ալլահը գիտի, թե ինչ դեր է խաղացել դրանում պատվախնդրությունը և ինչ դեր՝ դժվար, գաղտնի դիմակայությամբ լեցուն կյանքը։ 1997 թվականին «Բալի համը» վերջապես իրանական կինոյին և նրա լավագույն ռեժիսորին բերեց առաջին «Ոսկե արմավենու ճյուղը»։ Սակայն այն նաև խնդիրներ առաջացրեց գրաքննության հետ, որի հավանությանը չարժանացավ  ինքնասպանության մոտիվը, որն անընդունելի էր իսլամի խիստ հետևորդների համար։

Մինչդեռ եզակի են կյանքի երգիչները, որպիսին Քիառոստամին է: Նրա գնահատմամբ, իդեալական ֆիլմը պետք է «Կյանքը շարունակվում է» խորագրով  անվերջանալի սերիալ լինի: Կյանքը, որ հաղթահարում է իր մասին ցանկացած վերացական պատկերացումներ, հենց դա է «Իսկական կրկնօրինակ» ֆիլմի գլխավոր թեման։ Ավելին, կյանքը կրկնօրինակում է կինոն, և հակառակը։

Հեղինակավոր ֆրանսիացի աստղ Բինոշը բուռն ստեղծագործական  ​սիրավեպ ունեցավ իրանցի գլխավոր ռեժիսորի հետ. բավական էր միայն տեսնել, թե որքան սիրահարված էր Քիառոստամին նայում նրան դահլիճից, երբ նա Կաննի մրցանակն էր ստանում այս դերի համար: «Իսկական կրկնօրինակ»-ը Ռոբերտո Ռոսելլինիի «Ճանապարհորդություն դեպի Իտալիա» ֆիլմի մի տեսակ հեղինակային հակառիմեյքն է: Իտալացի դասականը շվեդուհի Ինգրիդ Բերգմանին Հոլիվուդից իր հայրենիք բերեց, մինչդեռ իրանցի դասականը մեկնեց Իտալիա՝ այնտեղ իր մուսային հանդիպելու համար:

Բինոշը փառատոնային բեմից կոչ հղեց ի պաշտպանություն ռեժիսոր Ջաֆար Փանահիի: Եվ Քիառոսթամին, և նրա աշակերտ Փանահին և նրա մրցակից Մախմալբաֆը նկարահանել են  հրաշալի ֆիլմեր, որոնք Իրանը պատկերում են որպես բարի, մարդասեր երկիր, որը բնակեցված է հրաշալի մարդկանցով: Եվ հանդիսատեսը հավատաց նրանց: Բայց ահա չգիտես ինչու Փանահին հայտնվում է բանտում, Մախմալբաֆը և նրա ընտանիքը՝ քաղաքական տարագիրներ և բազմաթիվ մահափորձերի զոհեր են: Եվ Քիառոստամին իր կյանքն ու կարիերան ավարտեց հայրենիքից հեռու, որը շարունակում է պայքարել կես դար առաջ տեղի ունեցած բուռն իրադարձությունների հետևանքների դեմ: Եվ խորհրդանշական է, որ նրա մահվան տասներորդ տարելիցը համընկնում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը:

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Սեդա Հոգոցյանի

Դիտումներ: 176

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։