Լեո Կոկլե՝ լատվիական բոհեմի պարագլուխը

Կիսվել:

Ի հեճուկս ծանր հիվանդության, ճակատագրի հարվածների, պատերազմի ու բազմատեսակ փորձությունների՝ լատվիացի նկարիչ Լեո Կոկլեի կյանքն ուժեղ կամքի և արվեստի հանդեպ հավատի հաղթանակի խոսուն օրինակ է։ Նրա աշխատանքները որևէ մեկի հետ չես շփոթի․ նրա ստեղծագործությանը, հատկապես դիմանկարներին հատուկ է առանձնակի շուքն ու նրբագեղությունը։ Մեղմ գույների վրձնախազերը, համեմատաբար թանձր գունավորման միջոցով դիտողի հայացքի կենտրոնացումը պատկերվողի դեմքին նրա կերտած դիմանկարներին յուրահատուկ ներդաշնակություն է հաղորդում։ Կոկլեն նախընտրում էր պատկերել ընկերներին ու մտերիմներին, բացահայտել նրանց ներքին աշխարհը։ Նրա բնորդներն են եղել բալետմայստեր Եվգենի Չանգան, երգչուհի Բելա Ռուդենկոն, շախմատիստ Միխայիլ Տալը, երգահան Ռայմոնդ Պաուլսը և նրա կինը՝ Լանան։ «Ստեղծելով բնության ամենահիասքանչ արարածին՝ մարդուն նվիրված պատկերներ, ես ջանում եմ արտահայտել իմ ժամանակակցի գեղեցկությունը, ուզում եմ բացահայտել մեր օրերի ճշմարտությունը, որպեսզի թողնեմ ժամանակաշրջանի մասին հիշվող տպավորություններ»,- նշում էր նկարիչը։

Հրճվանքով ու լույսով են լեցուն առողջական սահմանափակումներ ունեցող արվեստագետի բնանկարները։ Հակառակ կարծրատիպային պատկերացումների՝ Լատվիան առավելապես արևոտ երկիր է, և Կոկլեն թերևս բոլորից լավ է հաղորդում այդ հանգամանքը։ Ի տարբերություն բնապատկերների, երբեմն սառն են նրա վրձնած դիմանկարները․ այստեղ, թերևս, դեր է խաղացել թե՛ բնորդների խառնվածքը, թե՛ նրանց դիմանկարներին որոշ փայլ և հանդիսավորություն հաղորդելու մղումը։

 

Pardaugava

 

Ակներևաբար՝ Կոկլեն ավելին էր, քան սոսկ նկարիչը։ Նա բոհեմային հասարակության հոգին էր, տաղանդավոր երիտասարդներին ոգևորողն ու աջակցողը։ Մշտապես շրջապատված էր ստեղծագործող անհատներով ու հիասքանչ կանանցով։ Դեսպան Այվար Բաումանիսի բառերով՝ Կոկլեն «ֆենոմենալ անձնավորություն էր, որը մագնիսի պես ձգում էր մարդկանց»։ Ողնաշարի խնդիրների պատճառով նկարիչն ապրեց ընդամենը 40 տարի, բայց իր հետքը թողեց արվեստում։ Հիվանդությունը չկոտրեց նրա կամքը, չչարացրեց, ընդհակառակը՝ նա բարություն և կենսուրախություն էր ճառագում։ Խորհրդային իշխանությունները նրան կոչումներ չշնորհեցին, սակայն նա համարվում է իր ժամանակի տաղանդավոր գեղանկարիչներից մեկը, որի ժողովրդականությունն անժխտելի է։ «Ինչպես պայծառ երկնաքար, նա իրենից հետո թողեց մարդկության հանդեպ սերը և ճակատագրի ուղարկած փորձությունների դեմ ապստամբելու քաջությունը, գունային հրճվանքն ու անսահման լավատեսությունը՝ վեր կանգնելով բոլոր դառնություններից, դժվարություններից ու վիրավորանքներից», - գրել է արվեստաբան Իլզե Կոնստանտեն։

 

Լեո Կոկլեն ծնվել է լատվիական Ալուկսնե քաղաքի մերձակա գյուղերից մեկում՝ 1924 թվականի մարտի 3-ին։ Նա հողազուրկ գյուղացի Թեոդոր Բիկովի երկվորյակ որդիներից մեկն էր։ Ցավոք, ծնողների հինգ զավակներից ողջ մնացին միայն Լեոն և նրա քույր Այնան։ Ինը ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց մայրաքաղաք Ռիգա, սակայն հայրենի բնության գունեղ պատկերներն ամբողջ կյանքում նրա համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել։ Երկու տարեկանում Լեոն ընկնում է աստիճանից և վնասում ողնաշարը։ Սկիզբ առած ոսկրախտի պատճառով տուժում են մարմնի ձախ կողմի օրգանները, շուրջ յոթ տարի նա անց է կացնում հիվանդանոցներում և առողջարաններում։ Մոր ջանքերով, մարմնական ցավերը մոռանալու համար տղան հրապուրվում է նկարչությամբ և ինտելեկտուալ զբաղմունքներով։ Բացի այդ՝ որպեսզի անկողնուն գամված որդին իրեն մենակ չզգա՝ մայրը տուն էր հրավիրում նրա ընկերներին ու ուրախ տոներ կազմակերպում։ Նկարչական տաղանդ ցուցաբերող նպատակասլաց և համառ տղան խոսք է տալիս ոտքի կանգնել ու իրականացնում է դա։ Դպրոցում իրեն հիանալի է դրսևորում․ անվերջ կարդում է ու նկարում, զբաղվում է երաժշտությամբ, մասնակցում թատերական ներկայացումների, խաղում շախմատ և սեղանի թենիս։ Չնայած փխրուն առողջությանը՝ ընկերական լայն շրջապատ ուներ, նրան սիրում էին ու հետը հաշվի նստում։ Նա բուժվում է նշանավոր բժիշկ պրոֆեսոր Ստրադինշի հիվանդանոցում և սովորում դրան կից բացված հաշմանդամ երեխաների փորձարարական դպրոցում։ Ընդունվում է առևտրի ուսումնարան, որը չի ավարտում․ վրա է հասնում համաշխարհային պատերազմը, և երիտասարդը լքում է ուսումնարանը։ Հանրապետական նկարչական մրցույթում արժանանալով առաջին մրցանակին՝ որոշում է մասնագիտանալ գեղարվեստի ասպարեզում։ 1942–1944 թթ․ նկարչություն է սովորում Յանիս Տիլբերգսի արվեստանոցում, որտեղ տիրապետում է ֆիգուրատիվ և դիմանկարային գեղանկարչությանը, ապա՝ 1944-1947 թթ․՝ Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում, որը չի ավարտում առողջական խնդիրների (այլ տվյալներով՝ «ազատամտության և ֆորմալիստական միտումների») պատճառով։ Հայտնի է, որ այդ ընթացքում նկարչի հայրը խորհրդային վարչակարգի կողմից աքսորվել է Սիբիր, որտեղ էլ մահացել է։ Այդ դժվարին պահին Լեոյին օգնության է հասնում ավագ ընկերը՝ նկարիչ Յանիս Պաուլյուկսը, որի ցուցումներով Կոկլեն խորացնում է մասնագիտական ունակությունները։ 1948-1952 թթ․ որպես նկարիչ աշխատում է Ստրադինշի հիմնադրած Բժշկության պատմության թանգարանում, որտեղ ստեղծում է «Համաշխարհային բժշկության հանճարները» 8 մետրանոց կտավը։ Նկարիչը մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների, պետական պատվերով ստեղծում թեմատիկ գործեր։

 

1952 թվականին նա դառնում է Նկարիչների միության անդամ, ապա նաև՝  վարչության անդամ և երիտասարդ նկարիչների սեկցիայի ղեկավար․ այդ կարգավիճակում նա պաշտպանում էր սկսնակ արվեստագետների ստեղծագործական ինքնարտահայտման իրավունքը, նրանց աշխատանքների ցուցահանդեսների նախաձեռնողներից էր, հանդես էր գալիս քննադատական հոդվածներով։

 

Raymond Pauls

 

Որպես նկարիչ՝ նա սկզբնական շրջանում կրել է գեղանկարչության դասական ավանդույթների, և հատկապես իր անմիջական ուսուցիչների՝ Տիլբերգսի և Պաուլյուկսի ազդեցությունը, միաժամանակ փորձելով կիրառել նորարարական տեխնիկա՝ մածկում։ Այդ շրջանի նրա ամենահաջողված գործերից է «Ինքնանկարը» (1943)։ Նրա նկարչական ոճը վերջնականապես ձևավորվել է 1950-ականների վերջերին։ Աստիճանաբար նկարչի շուրջը հավաքվել է ընկեր-բարեկամների մի հոծ խումբ․ Լեոն մարդկանց համախմբելու ձիրքով էր օժտված, հետաքրքիր ու բանիմաց պատմող էր, այցելուներն իրենց սպասված հյուրեր էին զգում։ Նա սիրում էր նկարել արագ՝ մարդկանց ներկայությամբ, մենակությունից խուսափում էր․ ընդ որում, ամեն մեկը կարող էր անել՝ ինչ ուզում է, զրուցել արվեստի մասին, զբաղվել շախմատով, թղթախաղով, նվագել կամ խմբով դուրս գալ գիշերային քաղաք՝ զբոսանքի։ Դաուգավա գետի ափին գտնվող նրա արվեստանոցը բոհեմի սիրտն էր, իսկ փոքրամարմին սապատավոր Լեոն՝ անսակարկ հեղինակություն։ Նրա արվեստանոցի դռները օրուգիշեր բաց էին, այնտեղ հյուրընկալվում էին երիտասարդ նկարիչներ, ռեժիսորներ, դերասաններ, պարողներ, երաժիշտներ, լրագրողներ, ճարտարապետներ, մարզիկներ, այդ թվում՝ նկարիչ Պաուլյուկսը, գրաֆիկ Գունար Կիրկեն, նկարիչ և գրող Ուլդիս Զեմզարիսը, մարզիկ Վիլնիս Ստրաումեն, պարուհի Այա Բաումանեն, Ռայմոնդ Պաուլսը և այլք։ Նրանցից բացի՝ պարզ մարդիկ, ուսանողներ, բանվորներ, պատահական հյուրեր, և այդ միջավայրում բոլորը հավասար էին։ Ռայմոնդ Պաուլսի վկայությամբ՝ «կարևոր չէր՝ առավոտ է, թե երեկո, փող ունես, թե ոչ։ Լեոն մարդկանց կարիքն ուներ և ինչ-որ կերպ կարողանում էր իր շուրջը հավաքել ժամանակի ստեղծագործ մարդկանց։ Ո՛վ ասես չկար այնտեղ»։ Իսկ երգահանի կինը՝ Լանան նկատել է, որ նկարիչը խիստ արտիստիկ տեսք ուներ՝ ինչպես Թուլուզ-Լոտրեկը։ Ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստի հետ Լեոյին հաճախ են համեմատել․․․ «Ես կենսուրախ աղջիկ էի, բայց ուրիշները չէին հասկանում իմ ներքին աշխարհը։ Ես շատ ծանր ժամանակներ էի ապրում, և Լեոն ինձ համար եղբոր պես էր. դժվարին պահերին կարող էի ողջագուրվել նրա հետ և վստահել նրան»,- պատմել է Կոկլեի համար բնորդուհի հանդիսացած Բենիտա Բաումանեն։ Մասնագիտությունը նկարչի համար կենսակերպ էր, ընկերներից Զեմզարիսի բնորոշմամբ՝ «արվեստը նրա համար բարձրագույն գեղեցկություն և սրբություն էր, որ ցանկությունների աշխարհում մթագնում էր ամեն բան»։

«Ես միշտ աշխատել եմ բնորդում որսալ նրա հոգու՝ ինձ համահունչ շարժը։ Իսկ ինձ դուր են գալիս նրբանկատ, դյուրազգաց, անկեղծ, իրենց ապրումներն արտահայտելիս նույնիսկ ամաչկոտ մարդիկ»,- պատմել է նկարիչը։ Կոկլեի ստեղծած արտիստական մթնոլորտը գրավում ու զգաստացնում էր ներկաներին, այդ թվում՝ Պաուլսին, չէր թողնում ամբողջությամբ տարվել խմիչքով։ Հենց նկարչի արվեստանոցում էլ Պաուլսը խոստացել է այլևս երբեք չհարբել ու չծխել, ու մինչև օրս պահում է իր խոստումը։ Լեոն սիրով ու հիացմունքով է ընդունել Պաուլսի նորապսակ կնոջը՝ օդեսուհի Լանային, ստեղծել նրա դիմանկարները։ Բանաստեղծ Յանիս Պետերսը այսպես է նկարագրում դրանցից մեկը․ «Լանայի դիմանկարը ստացվել է կենսալի, ճշմարտացի։ Դրանից բխում է մոխրա-արծաթագույն լատվիական սկիզբը, մենք տեսնում ենք երիտասարդ, ոգեշնչված կնոջը, որը անսպասելի՝ իբրև ճակատագիր, հարավային ծովի ափերից հայտնվեց այս ամպամած հյուսիսային երկնքի ներքո»։

 

Lana

 

Ռայմոնդ Պաուլսի դիմանկարը Կոկլեի ամենահայտնի աշխատանքներից է․ մեծադիր այդ կտավը ցուցադրվում է Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանում։ Գույների ժլատ ընտրությամբ ստեղծված այս գործը ուշադրություն է գրավում երիտասարդ երգահան-երաժշտի ներքին դրամատիզմով ու կենտրոնացմամբ, ինչպես նաև սոսկ ձեռքերի միջոցով ողջ կերպարին դինամիզմով ու կենսականությամբ օժտելու հմտությամբ։

Նույն թանգարանում պահվող մեկ այլ՝ Բենիտա Բաումանեի դիմանկարում (1963) չենք տեսնում կնոջ ձեռքերը, մինչդեռ ինքնին արտահայտիչ են նրա գլխի դիրքը, դեմքը և հատկապես աչքերը։ Հատուկենտ, այն էլ՝ ոչ վառ գույներով Կոկլեն վրձնել է քնարական դիմապատկերի տպավորիչ օրինակ։ Շախմատի աշխարհի չեմպիոն, իր համաքաղաքացի Միխայիլ Տալին Կոկլեն նկարել է մի քանի անգամ․ վերստին օգտվելով փոքրաթիվ գույներից, հիմնականում մուգ երանգներով նա փոխանցել է շախմատային հանճարի դիվական հմայքը, ներքին լարումը։ Ի դեպ, հետևելով 1950-1960-ականներին տարածված երևույթին, Կոկլեն ևս ստեղծել է շախմատային ծաղրանկար, որում դրսևորել է գծանկարչի տաղանդ։ Պահպանվել են նաև նրա հեղինակած ջրանկարները և մատիտանկարները, սակայն ակնհայտ է, որ Կոկլեի հիմնական կոչումը գեղանկարչությունն էր։

 

Tall

 

Արվեստաբանները նշում էին, որ չնայած 1960-ականների սկիզբը պոստմոդեռնիզմի ժամանակաշրջան էր, Կոկլեն «պատկանում էր մոդեռնիստական թևին»՝ շարունակելով մնալ ճշմարիտ արվեստագետի չափանիշ։ Արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին նկարչական այն ոճը, որի հետևորդները քիչ ուշադրություն էին դարձնում մանրամասների պատկերմանը, անվանեց «խստաշունչ ոճ». Կոկլեն համարվում է դրա առաջամարտիկներից, սակայն դա էլ լոկ մասամբ է բնորոշում նրա ոճը։ Նկարչական համագումարներից մեկի ժամանակ նա այսպես է արտահայտվել․ «Արվեստագետը՝ ստեղծագործող մարդը, նաև նորարար է, որը միշտ թշնամաբար է տրամադրված իր անհատականությունը սահմանափակող շրջանակների նկատմամբ…»։

Հատկանշական է, որ սովորության համաձայն նկարիչներին ըստ տարբեր ուղղությունների դասող արվեստաբանները որպես կանոն չեն շտապում նույնը անել Կոկլեի դեպքում, քանզի նա նախընտրում էր մնալ ինքնին նորաձև, ասես նրա հավատամքը հենց ոճն է՝ իր մաքրությամբ ու գրավչությամբ։ Սրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ նկարիչն ամենից առաջ հաջողված կանացի դիմանկարների հեղինակ է։ Նա հիանում էր գեղեցիկ կանանցով, սիրում էր շրջել շքեղ հագնված տիկնանց հետ՝ դեկորատիվ շարֆը վզին, որպեսզի իր վրա ուշադրություն դարձնեն։ Կյանքի վերջին ութ տարիներին նկարչի կողքին էր Թերեզեն՝ նրա կինն ու մուսան։ Նրանք ծանոթացել են հիվանդանոցում, Կոկլեն առաջարկել է ստեղծել աղջնակի դիմանկարը․ «Մինչ նա ինձ նկարում էր, մենք ավելի լավ ճանաչեցինք միմյանց։ Լեոն հիասքանչ զրուցակից էր»։

«Առօրյա կյանքում ես նկարում եմ ամեն ինչ՝ բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ։ Բնությունը վերարտադրելիս ես հանգիստ եմ առնում, մինչ դիմանկարներն առավելագույն լարում են պահանջում։ Ես չեմ ուզում նվազեցնել բնանկարիչների տաղանդի չափն ու արժեքը, բայց մարդը և նրա հոգեբանական աշխարհն, այդուհանդերձ, շատ ավելի բարդ են, ու դրանց մեջ ներթափանցելը շատ ավելի դժվար և պատասխանատու խնդիր է»,- ասում էր նկարիչը։

Կոկլեն կարողանում է առանձնահատուկ փայլ հաղորդել գույներին։ Նրա դիմանկարներում նույնիսկ մոխրագույնն է լուսարձակում․ այսպես, Բայբայի դիմանկարում (1960) գույների չափազանց ասկետիկ ընտրությունը չի խանգարում դիտողին տեսնել ու զգալ բնորդի ներսում բաբախող կյանքը, ակնթարթի հանդիսավորությունն ու շուքը։ Նրա դիմանկարներում խոսուն են և՛ ձեռքերը, և՛ իրերը՝ լինի դա ձեռքի ժամացույց, թե՛ վզնոց, և՛ հատկապես՝ աչքերը։ Դիմանկարներում գույներն ընտրելիս նկարիչը հիմնականում շռայլ չէ, և դա նրան թույլ է տալիս առավել խորությամբ արտահայտել կերպարի ներքին ուժը, ապրումները, բնավորության գծերը։

Պետք է նշել, որ Կոկլեն վրձնել է նաև գունեղ դիմանկարներ, հատկապես, երբ դրանք համատեղել է բնանկարների հետ․ նման հաջող փորձ է Թերեզեի դիմանկարը (1964)՝ թավուտի ետնապատկերին։ Կինը պատմում է, որ աշխատանքը նկարվել է, երբ իրենք վիճել են նկարչի կենսակերպի պատճառով․ «Ես ասացի. «Բավական է, այսպես ապրել անհնարին է»։ Այդ ժամանակ Լեոն նկարեց իմ դիմանկարը։ Ետին պլանում մանուշակագույն սգո ծաղիկներ էին։ Երբ մենք հաշտվեցինք, նա հարցրեց, թե ինչպես փոխել ֆոնը, և ես պատասխանեցի. «Նկարիր կեչիներ»։ Եվ նա նկարեց»։ Կնոջ դիմանկարը, որ ստեղծել է կյանքի վերջում՝ չնայած վառ գույներին՝ մռայլ է, դեմքին ասես դրոշմված է անելանելիության ու մոտալուտ բաժանման զգացումը։ Ի դեպ, Կոկլեն որոշ դեպքերում փոխակերպել է բնորդների զգեստները՝ ըստ նրանց տրամադրության կամ զբաղմունքի։ Ուրիշ աշխատանքներում խոսուն են ու յուրահատուկ ինքնին պատկերվողների դիրքերը («Առավոտյան արևին», 1960; «Քնածը», 1962; և այլն)։

 

Terezia

 

Նկարչի թեմատիկ աշխատանքներից են սոխով, կժով և կաթի շշով նատյուրմորտները։

1964 թ․ Ռիգայի նկարչի տանը բացվեց Կոկլեի առաջին անհատական ցուցահանդեսը, որին ներկայացված էր շուրջ 150 աշխատանք։ Այն ընկալվեց որպես նշանակալի իրադարձություն, շատերը հիացած էին, բայց ոմանք էլ խստորեն քննադատեցին հեղինակին ֆորմալիստական մոտեցումների համար։ Նրա երբեմնի ընկերներից մեկն ազդեցիկ «Ցինյա» պաշտոնաթերթում վատաբանող հոդված հրատարակեց, որում պնդում էր, թե Կոկլեն իր ստեղծագործությամբ չի դաստիարակում մարդկանց։ Նյարդային և ֆիզիկական գերծանրաբեռնվածության պատճառով նկարչի առողջությունը վատացավ, նա հազվադեպ էր տնից դուրս գալիս։ «Հիմա ինձ չափազանց վատ եմ զգում՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, ուստի չեմ կարող ստեղծագործել։ Նյութական առումով ես մինչ այժմ փակուղու մեջ եմ, ու եթե Թերեզեն չհոգար իմ գոյությունը, ես բառացիորեն ստիպված կլինեի դուրս գալ փողոց և նստել՝ գլխարկս առջևս բռնած։ Վաղվա օրվա համար էլ որևէ հեռանկար չեմ տեսնում»,- իր վերջին նամակներից մեկում գրում էր Կոկլեն։ Նա մահացավ սրտի տագնապից՝ 1964 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նկարչի տանը կայացած հոգեհանգստյան բազմամարդ արարողության ժամանակ Ռայմոնդ Պաուլսը նվագում էր «Վաթերլո կամուրջը» ֆիլմից հրաժեշտի վալսը՝ Լեոյի սիրելի մեղեդին։ Նկարչի աճյունն ամփոփվեց Ռիգայի անտառային երկրորդ գերեզմանոցում․ գերեզմանաքարը ստեղծվել է Մաքսիմ Գորկու «Դանկոյի սիրտը» ռոմանտիկ լեգենդի մոտիվներով:

Հետագա տարիներին լատվիական մի շարք քաղաքներում ներկայացվեցին նկարչի անհատական ցուցահանդեսները, Ալուկսնեի թանգարանում բացվեց նրա աշխատանքների մշտական ցուցադրությունը․ հենց այնտեղ էլ ամեն տարի ընկերները և հարազատները նշում էին Կոկլեի տարեդարձը։ Ռայմոնդ Պաուլսը ստեղծեց ընկերոջը նվիրված «Լեո․ վերջին բոհեմը» մյուզիքլը, որը 2010 թ․ բեմադրվեց Լատվիայի ազգային թատրոնում։ Նկարչի հարյուրամյակին Ռիգայում կայացավ նրա մեծ ցուցահանդեսը։

Lեո Կոկլեի ստեղծագործությունների հիմքում նկարչի ուրույն կենսափիլիսոփայությունն է․ ուշադրություն չդարձնելով ֆիզիկական խնդրին՝ ստեղծագործել որպես անհատ, որին բոլորի պես կյանք է շնորհվել և որն այլ արվեստագետներին ոչնչով չպետք է զիջի։ «Ես ունեմ ձեռքեր և գլուխ, ուստի ոչնչով չեմ տարբերվում ուրիշներից», - ասում էր Կոկլեն։ Այս կենսահաստատ մոտեցումը առանձին գրավչություն է հաղորդում նրա ստեղծագործությանը, տալիս դրան այլ խորք ու բովանդակություն։

 

 

Akuraters

 

 

Աշոտ Գրիգորյան

 

 

Պատկերներ․

1. Լեո Կոկլեն (ձախից երկրորդը) իր արվեստանոցում՝ ընկերների հետ, 1964 թ․։ Աջ կողմում՝ փողկապով՝ Ռայմոնդ Պաուլսն է։ Նկարչի կողքին նրա կինն ու մայրն են։  

2․ «Պարդաուգավա», կտավ, յուղաներկ, 1956 թ․, 31×41 սմ

3․ «Նվագում է Ռայմոնդ Պաուլսը», կտավ, յուղաներկ, 1963 թ․, 100×130 սմ

4․ «Միխայիլ Տալ և Ալեքսանդր Կոբլենց», թուղթ, մատիտ, 1960 թ․, 20,5×28,5 սմ

5․ «Լանա», ստվարաթուղթ, յուղաներկ, 1962 թ․, 90×65 սմ

5․ «Թերեզե», կտավ, յուղաներկ, 1964 թ․, 72×92 սմ

6․ Դերասան Վ․ Ակուրատերսի դիմանկարը, կտավ, յուղաներկ, 1963 թ․, 100×73 սմ

Դիտումներ: 41

Մեկնաբանություններ

Դեռ մեկնաբանություններ չկան։