Լիջիա-Վերգին Քեշիշյան. բանաստեղծություններ
Լիջիա-Վերգին Քեշիշյանը ռումինահայ բանաստեղծ է, Ռումինիայի «PEN Club» գրական խմբակի անդամ։ Նա երեք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է՝ «Փոքր երկրաշարժեր», «Միսս Հուդինի» և «Ջրային վագրի տարին»։
Երիտասարդ գրողների գալայի շրջանակում Քեշիշյանի վերջին ժողովածուն նրան 2023 թվականի «Տարվա երիտասարդ գրող» մրցանակն է բերել, իսկ ժողովածուն արժանացել է «ARCCA» մրցանակին՝ որպես 2023-ի լավագույն բանաստեղծական գիրք, Քեշիշյանը նաև Նիկոլաե Լաբիշի անվան մրցանակն է ստացել:
2024 թվականին Լիջիա-Վերգին Քեշիշյանը մասնակցել է Տիմիշոարայի Contrasens ծրագրին, իսկ 2025 թվականին ստացել է Cărturești-ի կրթաթոշակն իր նոր գրքի համար։
Լիջիա Քեշիշյանը մասնակցել է մի շարք փառատոնների ընթերցումների և փերֆորմանսների, այդ թվում նաև Բուխարեստի պոեզիայի միջազգային փառատոնին, Ռումինական պոեզիայի օրերին՝ Քիշնևում, FILIT, FILIT Քիշնև, Poezia e la Bistrița, Jazz TM - Strada Fără Nume, JazzX, Weekend Sessions, Swords և այլն։
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, հունգարերեն, թուրքերեն և տպագրվել են միջազգային անթոլոգիաներում և ամսագրերում: Լիջիա-Վերգին Քեշիշյանի բանաստեղծությունները մեր ընցերցողներին ենք ներկայացնում Մարիամ Գևորգյանի թարգմանությամբ:
***
Ջրային վագրի տարին
Դու ծնվել ես Ջրային վագրի տարում,
երբ Մարիլինի հոգին լքում էր մթնոլորտը
քառասուն օր անց,
և նոր էին հայտնագործել դիոդը`
այն բառերից մեկը,
որ քո շուրթերից հնչում էր այնպես,
ասես խոսքը հազարավոր լուսատարի հեռուներում գտնվող
թափանցիկ էակների մասին էր:
Կուզեի լինել այն մանկաբարձը,
որն այս աշխարհ բերեց քեզ,
հրճվել քո առողջ ճիչով
քեզ բարուրել բամբակյա փաթույթի մեջ,
և ավելի ուշ՝ յոթ տարի Երկրի վրա բոլորելուց հետո,
քեզ սովորեցնել բազմապատկման աղյուսակը
և բաժանումն ընդունելը
քո մոր փոխարեն։
Որոշ կանայք իրենք են ընտրում ուղին
և մայրամուտները,
իսկ մյուսները…
այդպես էլ չես իմանում` ինչ պատահեց:
Ավելի ուշ՝ ամեն կիրակի,
ժամը տասներկուսին, ինչպես հաղորդություն,
Չահլըուի հրուշակատանը մրգերի երազով
մի երեխա՝ մեծահասակի մարմնի մեջ,
և մի մեծահասակ՝ երեխայի մարմնի մեջ,
փնտրում է մի բան,
որին կարելի է հավատալ։
… և սրճարանները՝ խեղդված ծխից, և քո
սառը մեկսենյականոցը՝
յոթանասունականների ու իննսունականների երաժշտությամբ,
և զրույցները մահից հետո լինելիքի մասին,
մեր ծնվելուց առաջ եղածի մասին,
և կյանքն ինքնին՝
առանց որևէ հենակի
… տղաները մեծանում են առանց մոր,
աղջիկները՝ առանց հոր,
ոսկորներում՝ որոտներ,
և քնքշություն՝ շիկացած ասֆալտի հանդեպ,
որ մոխրացնում է նրանց առջևի օդը։
Ասում են՝ Ջրային Վագրի տարին լարված էր,
մարդկությունը՝ միջուկային պատերազմից մեկ քայլի վրա։
Ոչինչ չեն ասում
այդ տարում ծնվածների մասին,
գուցե միայն այն,
որ նրանք երբեք իրենց դուստրերին
ծով չեն տարել,
չեն տեսել հարսանեկան զգեստով,
երբեք չեն պարել նրանց հետ
և այս աշխարհում
ոչնչից չեն փրկել։
Կուզեի, որ քեզ ես աշխարհ բերած լինեի,
գուցե այդպես մի օր դու էլ կարողանայիր
դպրոցի համար հագուստներս դասավորել,
ինձ տեսնել՝ հարս և մայր,
և երբևէ իմանալ,
թե ինչ պատահեց ինձ …
***
Օրը, երբ ամեն ինչ լավ ընթացավ
(Պապիկիս՝ Գարբիսին)
Ահա և այն փողոցները,
Ուր ոտք դնել չհասցրիր…
Ես հիշում եմ քո խոսքերը՝
գեթ մեկ անգամ…
…գեթ մեկ անգամ տեսնեմ ես քեզ, իմ Հայաստան -
նռան գինին,
քո վանքերը, ուր քեզ համար մոմ է վառվում,
և ժայռի մեջ կուլ գնացած աղբյուրները։
Քեզ սպասեցին փողոցները,
Ու առանց քեզ հասունացավ սերկևիլը,
…հողը ներեց։
Այսօր
տուն դարձած օտար մի քաղաքում
ինչ-որ բան փոխվեց։
Մայիսյան մի կեսօրին
մենք բոլորս այդ զգացինք…
Մի նավ ճեղքեց մշուշը,
մշուշ, որի միջով երկար քայլում էինք,
և ահա մի քանի ժամով
մենք այլևս մոլորված չէինք։
Սուգը նստեց սեղանի շուրջ,
ուրախությունը լցրեց երկրորդ բաժակը,
մի պառավ մեղմորեն երգ մրմնջաց՝
հին երկրի երգերից մեկը,
ասես հիշողությունն
օրորոցային էր և ոչ թե վերք…
Իսկ մենք՝
արևից խանձված այտերով որբեր՝
գրկված մի օտարի կողմից,
ով մեզ թթի օղի լցրեց
և իր երեխաները կոչեց,
նայեցինք միմյանց
և աչքերով հարցրինք՝
մի՞թե սա է երջանկությունը,
այն, որ զգում են միայն նրանք,
ովքեր արդեն չափազանց շատ են կորցրել,
-փոխառված ինչպես հին մի հագուստ,
որի գրպանից գտնում ես
մի անծանոթ ընտանիքի լուսանկար։
Գյումրիի պանդոկի մեր Հայրիկը
մեզ տեսագրություն ցույց տվեց՝
զինվորներն Արցախում 1992-ին.
պարում էին՝ համոզված`
հաղթել են։
-Կարծում էին՝ հողը
ետ են վերցրել,-
ասաց նա։
Պարում էին,
ինչպես կրակը,
որի մեջ օղի ես լցնում։
Մինչև ամռան վերջը
բոլորը մահացան։
Իսկ հողը հանձնվեց…
Բայց այդ կեսօրին
լույսը մի քնքուշ շարժումով
ճեղքեց ամպերը։
Մեր դեմքերը՝ լացից ու պարից կարմրած,
հառել էինք երկինք:
Մեր Հայրիկը
մեզ նորից գինի լցրեց։
Արևը մարում է,
գինին`նոսրանում,
և շուտով ստիպված ենք գնալ
պանդոկից,
քաղաքից,
այն երկրից, որ մեր տունն է,
արևի տակ պարից,
այս մայիսյան կեսօրից,
երբ բոլորս մեզ լի զգացինք,
և այս անծանոթ երջանկությունից,
որ շուտով կանէանա:
***
Որտեղի՞ց եք
Հայացքով չափում է ինձ և հարցնում.
-Որտեղի՞ց եք։
Սեղմում եմ ավտոբուսի սառը ձողը.
-Եփրատի ափից,
այնտեղից, ուր ապուպապս կռվել է
մինչև վերջին փամփուշտը,
հետո ցրել է իր փայլուն ուղեղը:
Ուրալի հովիտներից,
որտեղ մեծ պապս բուժվել է խոլերայից
հինգ կիլոգրամ բալով,
եղբոր հետ ճանապարհ ընկել դեպի Սև ծով,
հետո՝ վեր, դեպի Մոլդովա,
որպեսզի ծնվեմ ես
յոթանասուներեք տարի անց՝
կապտած դեմքով, կտրված շնչով
և ապագայով՝ կաթսաներ ու կուժեր՝
մինչև պռունկը լի մոխրով։
Դանուբի ափից,
որտեղ նավը, իր հետ մեծ տատիս զգեստներն առած,
այրվում էր՝ հոսանքի վրա օրորվելով,
ինչպես սյուրռեալիստի երազում։
Մոլդովայի ափից,
որտեղ կամրջակը քանդվում էր ամեն ամառ,
իսկ հորձանուտները պահանջում էին զոհեր՝
երիտասարդ ու զվարթ մարմիններ։
Այն գնացքից,
որով հայրս յոթ տարեկանում փախել էր տնից, հեռու այն վայրից,
որտեղ մայրը լքել էր նրան։
Կայարանի նստարանից,
որտեղ օրեր շարունակ գիշերել էր,
որպեսզի ամբողջ տան մեջ այլևս
մոր հոտը չառներ։
Մանկության այն տնից,
ուր այլևս մուտք չունեմ,
որի շեմին փլվում եմ
գիշեր առ գիշեր,
քանզի նրանք չեն հասկանում
այս աշխարհը, որտեղից գալիս եմ։
-Որտեղի՞ց եք,- հարցնում է նորից,
ասես առաջին անգամ չէի լսել։
-Դառը բալենիների ստվերներից, կարծես թե մի կղզուց։
Ճանապարհի փոշուց՝ ինչպես հիշողությունից։
Այն ամենից, ինչ չգիտեի,
ինչ վաղուց մոռացել էի,
և այն հիմա իմ
ձայնն է ուզում։
Թարգմանությունը ռումիներենից՝ Մարիամ Գևորգյանի
Դիտումներ: 169
Մեկնաբանություններ
Margaret Derants
17:05 18.08.2026
Ընտիր, տարբերվող։ Եվ տողերից հոսում է հայի հազարամյա անցյալի քարացած արցունքները։